«Հայրենիքը իմ աչքերով» հայրենաճանաչողական ծրագրին մասնակցելու հրավեր

ԵՊՀ ԻՄ

Սիրով տեղեկացնում ենք, որ մեր գործընկեր «Մունետիկ» հասարակական-մշակութային կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ մեկնարկում է «Հայրենիքը իմ աչքերով» հայրենաճանաչողական ծրագիրը, որի իրականացման վայր է ընտրվել Տավուշի մարզը: Բուն միջոցառումների մեկնարկը կտրվի 2024 թ. սեպտեմբերի 5-ին և կտևի 20 օր՝ երկու հերթափոխային խմբով, յուրաքանչյուր խմբում 9-ական մասնակից:

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ տարբեր մարզերի, ինչպես նաև Արցախից տեղահանված 16-30 տարեկան երիտասարդներ:

Այն կազմված է երեք փուլից՝ նախապատրաստական, բուն միջոցառումների իրականացման և ավարտական: Ծրագրի ընթացքում կլինեն կերպարվեստի 2 վարպետաց դասեր, որոնք կիրականացնեն տեղացի և Երևանից հրավիրված անվանի մասնագետներ, կլինեն այցեր պատմամշակութային վայրեր: Ծրագրի մասնակիցների գիշերակացի և սննդի ծախսերը կհոգա «Մունետիկ» հասարակական-մշակութային կազմակերպությունը:

Ծրագիրը կամփոփվի միջոցառումների ընթացքում արված գեղանկարչական, բատիկի և կերպարվեստի այլ աշխատանքների ավարտական ցուցահանդեսով, որը կկայանա Իջևանում:

«Հայրենիքը իմ աչքերով» ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թ. սեպտեմբերի 5-ը munetik_hj@yahoo.com էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակներ:

Ստորև կարող եք ծանոթանալ իրականացված նախորդ նմանատիպ ծրագրի տեսանյութին (https://studio.youtube.com/video/Tj9TjYjRqsg/edit):

ԵՊՀ ԻՄ-ում տոնական միջոցառմամբ ազդարարվեց նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկը

 1. գլխավոր

2024 թ. սեպտեմբերի 3-ին առկա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ ընդունված 182 առաջին կուրսեցիներին դիմավորելու և նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարելու համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում, որը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և Երևանի պետական համալսարանի հիմնով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորական ուղերձ ու բարեմաղթանքներ հղեց բոլոր համալսարանականներին և մասնավորապես առաջին կուրսեցիներին (տնօրենի ուղերձը տե՛ս այստեղ:

Այնուհետև հաճելի անակնկալ մատուցվեց 2024-25 ուստարում ԵՊՀ ԻՄ վճարովի հիմունքներով ընդունված այն 5 դիմորդներին, ովքեր ընդունելության քննություններին հավաքել էին ամենաբարձր միավորներ:

Ուսման վճարի լրիվ փոխհատուցման հավաստագրերի արժանացան «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանող Արտեմ Վահրամի Թամրազյանը, «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Ռուզաննա Գուրգենի Մնացականյանը, «Պատմություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Արտակի Ջանվելյանը, «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Լենա Գարիկի Մատինյանը, «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Ջուլիետա Հակոբի Գրիգորյանը:

Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին արդեն 2-րդ տարին անցկացվող ԵՊՀ ԻՄ-ում «Դասավանդման գերազանցության մրցանակ» և «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթների այս տարվա հաղթողները:

Պարոն Մակարյանը «Դասավանդման գերազանցության մրցանակ-2024» մրցույթում հաղթող ճանաչվելու համար հավաստագիր հանձնեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանին, մրցույթի «Բնական գիտություններ» մասնագիտությունների անվանակարգում հաղթող ճանաչվելու համար՝ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցետ, ֆ.մ.գ.թ. Սերգեյ Ազարյանին:

«Տարվա ուսանող-2024» մրցույթում հաղթելու համար ԵՊՀ ԻՄ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Սահակ Գեղամի Գուլակյանը պարգևատրվեց արծաթե մեդալով և հավաստագրով, «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Գարիկի Եսայանը ստացավ հաղթողի հավակնորդի հավաստագիր:

Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ալեքսանյանը և Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Աբազյանը:

Մասնաճյուղի այս տարվա ամենաբարձր միավորներ հավաքած դիմորդը՝ «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Մերի Կարենի Զաքարյանը, ներկայացրեց առաջին կուրսեցու երդումը:

Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ գիտելիքի բանալին 4-րդ կուրսի ուսանող Սահակ Գուլակյանը փոխանցեց առաջին կուրսի ուսանողուհի Մերի Զաքարյանին:

Տոնական միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական գողտրիկ կատարումներով՝ մասնաճյուղի շնորհալի ուսանողների մասնակցությամբ:

Միջոցառումից հետո Ուսանողական խորհրդի անդամներն ուսանողներին (մասնավորապես՝ առաջին կուրսեցիներին) ուղեկցեցին լսարաններ, որտեղ մեկնարկեցին նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա դասերը:

Տնօրենության նիստ

1

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Մակարյանի նախագահությամբ:

Տնօրենության անդամների կողմից առաջարկված փոփոխություններով հանդերձ՝ նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ տնօրենության տարեկան աշխատանքային պլանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետի գրասենյակի վարչարարության մասնագետի պաշտոնի անձնագիրը:

Քննարկվեցին նոր՝ 2024-2025 ուստարվա նախապատրաստական աշխատանքներին, 2024-25 ուստարվա առկա ուսուցման ընդունելության արդյունքներին և խնդիրներին, 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփմանը, 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակների տրամադրմանը (Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան) վերաբերող հարցեր:

Նոր՝ 2024-2025 ուստարվա նախապատրաստական աշխատանքների առնչությամբ ներկայացվեց, որ կատարվել են անհրաժեշտ աշխատանքներ՝ պրոֆեսորադասախոսական կազմի անհատական բեռնվածության, դասացուցակների, դասամատյանների, ըստ կուրսերի և խմբերի՝ լսարանային ֆոնդի բաշխման և այլնի հետ կապված: Հաստատված դասացուցակները տեղադրվել են ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջում: Տնօրենը հանձնարարեց նաև հետևել, որ դրանք ուղարկված լինեն դասախոսների էլեկտրոնային հասցեներին: Ըստ այդմ՝ նշվեց, որ մասնաճյուղը պատրաստ է նոր ուսումնական տարվան:

2024-25 ուստարվա  առկա ուսուցման ընդունելության արդյունքների և խնդիրների հարցի մասին նշվեց, որ տվյալ ուստարում մասնաճյուղ է դիմել 216 դիմորդ, որոնցից ընդունվել է 182-ը (1-ին փուլի մրցույթի արդյունքների համաձայն՝ 176, թափուր մրցույթի արդյունքների համաձայն՝ 6 դիմորդ): Նախորդ տարվա համեմատ մոտ 14%-ով ավելացել է մասնաճյուղ ընդունված դիմորդների թիվը (160 / 182 դիմորդ): Բոլոր անվճար տեղերը համալրվել են: Ընդհանուր առմամբ նկատելի է դրական դինամիկա: Ընդունելության ամենաբարձր ցուցանիշներըը գրանցվել են «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» (35 դիմորդ), «Անգլերեն լեզու և գրականություն» (27), «Պատմություն» (20) կրթական ծրագրերում: Ցուցանիշները մտահոգիչ են «Հոգեբանություն» (7 դիմորդ), «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» (6 դիմորդ), «Հայոց լեզու և գրականություն» (5 դիմորդ) կրթական ծրագրերում:

2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանն ամփոփելիս նշվեց, որ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանին մասնակցել են առկա ուսուցման 481 և հեռակա ուսուցման 365 ուսանողներ: Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ մասնաճյուղից հեռացվում է 14 ուսանող (առկա ուսուցման համակարգի 1 և հեռակա ուսուցման 13): Մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր է կուտակել 42 ուսանող (1-ը՝ առկա, 41-ը՝ հեռակա ուսուցմամբ սովորող): Դասընթացի կրկնություն է անցնելու 18 ուսանող (առկա ուսուցման 6 և հեռակա ուսուցման 12):  

2024-25 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակների տրամադրման (Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան) հարցի կապակցությամբ ֆակուլտետների կողմից առաջարկված թեկնածություններից «Վազգեն Սարգսյան» անվանական կրթաթոշակի համար հավանության արժանացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Հարությունի Դարբինյանի թեկնածությունը, իսկ «Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակի համար՝ Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Մեսրոպի Շահնազարյանի թեկնածությունը:

Ընթացիկ հարցերից էր 2024 թ. մայիսի 4-ին ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի որոշմամբ հաստատված ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոններում (նոր խմբագրությամբ) աշխատողների աշխատաժամանակին առնչվող հարցը: Շեշտվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և գիտական աշխատողների աշխատաժամանակը սահմանվում է 9.15-19.00-ն ընկած ժամանակահատվածում՝ պահպանելով օրվա ծանրաբեռնվածությունը: Մասնաճյուղի մյուս աշխատողների աշխատանքային օրվա սկիզբը երեքշաբթիից ուրբաթ օրերին սահմանվում է 9.00-ին, ավարտը՝ 16.45-ին, իսկ շաբաթ օրվա սկիզբը սահմանվում է 9.00-ին, ավարտը՝ 16.30-ին: Ընդմիջման ժամ է սահմանվում 13.00-13.30-ն ընկած ժամանակահատվածը:

Նիստի վերջում ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը համալսարանականներին շնորհավորեց նոր ուստարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով հաջող և արդյունավետ ուսումնական տարի:

 

ԵՊՀ ԻՄ տնօրենի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ

1

Սիրելի՛ համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա, նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ցանկանում եմ մասնագիտական ձեռքբերումներ և առաջընթաց, ուսանողներին՝ մեծ կամք և նպատակասլացություն գիտելիքների ամբարման ճանապարհին, դասախոսներին՝ անսպառ եռանդ և հետևողականություն ուսուցման գործընթացում:

Այսօր մեծ տոն է բոլոր համալսարանականներիս՝ դասախոսների և ուսանողների, ուսուցիչների և աշակերտների, կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատողների և հատկապես առաջին դասարանցիների ու կուրսեցիների համար, ովքեր նոր են ձեռք բերելու կրթության՝ բոլոր դռները բացող բանալին, նոր են մուտք գործելու կրթական հաստատություն:

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, բարի գալուստ մեր հարազատ կրթօջախ՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, թո՛ղ բարի լինի ձեր մուտքը և ուսումնառության հետագա ամբողջ ընթացքը մեր համալսարանում, եղե՛ք ուսումնատենչ, նախաձեռնող ու նպատակասլաց….

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հասարակություն առաջընթաց է ապրում ու զարգանում գերազանցապես ձե՛ր՝ երիտասարդների շնորհիվ: Ինչպես գրավոր լեզվի միջոցով մարդկությունը հաղորդակցվում է իրենից առաջ կերտված պատմությանն ու մշակույթին և հետագա սերունդներին փոխանցում իր ստեղծած մշակույթն ու արժեքները, այնպես էլ կրթության, գիտության, ազգային ինքնաճանաչողության միջոցով երիտասարդ սերունդը, հանդես գալով որպես անցյալը, ներկան ու ապագան իրար կապող կարևորագույն օղակ, ապահովում է հասարակության առաջխաղացումը….  Ուրեմն, սիրելի՛ ուսանողներ, եղեք ջերմեռանդ կրողն ու տարածողը նորարար գաղափարների ու հետաքրքիր մտահղացումների և իհարկե շարունակողն ու պահպանողը ձևավորված լավագույն ավանդույթների, ազգային և համամարդկային արժեքների:

Վստահեցնում եմ ձեզ (շուտով առաջին կուրսեցիներն էլ դրանում կհամոզվեն), որ մեր հեղինակավոր բուհում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, որակյալ կրթություն ստանալու, բարձր մրցունակությամբ և աշխատաշուկայում պահանջված մասնագետներ դառնալու համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ ու միջավայր՝ առաջնակարգ պրոֆեսորադասախոսական, պատասխանատու և հոգատար ուսումնաօժանդակ և վարչական կազմերով, ուսանողակենտրոն միջավայրով, նյութատեխնիկական ռեսուրսներով և կահավորմամբ:

Դարձյալ շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ մաղթելով բարի ուսումնական տարի, բեղուն և արդյունավետ գործունեություն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,

ֆիզ.մաթ. գիտ. թեկն., դոցենտ Անուշավան Մակարյան

ԿԳՄՍՆ երաշխավորությամբ ԵՊՀ ԻՄ-ը կիրականացնի ուսուցիչների վերապատրաստումներ

Վերապ. նկ.

Հարգելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդգրկվել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների և ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման ծրագրերի ու վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում:
Մասնաճյուղը հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար կազմակերպելու է վերապատրաստումներ երկրորդ (ձեռնահասություն) մակարդակի բոլոր՝ 11 բաժիններով.
1. դասընթացների և դասերի պլանավորում,
2. դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և ներառակայական կապեր,
3. ռեսուրսների կառավարում,
4.տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում,
5. 21-րդ դարի հմտությունների խթանում,
6. սովորողների կարիքների բացահայտում,
7. ուսումնառության գնահատում,
8.ուսումնական գործընթացի համընդհանուր ներառականությունն ու մասնակցությունն ապահովող կարողություններ,
9. մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում,
10. կրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի իմացություն,
11. մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն:

Առարկայական պարտադիր վերապատրաստումը նախատեսված է միայն առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող և նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար:
Այն կիրականացվի հետևյալ առարկաներից՝
1. հայոց լեզու,
2. ֆրանսերեն,
3. ռուսերեն,
4. անգլերեն,
5. հայ գրականություն,
6. պատմություն,
7. աշխարհագրություն,
8. քիմիա,
9. ֆիզիկա,
10. կենսաբանություն,
11. մաթեմատիկա,
12. տարրական դասարաններ,
13. ինֆորմատիկա,
14. ՆԶՊ (նախնական զինվորական պատրաստականություն),
15. կերպարվեստ,
16. ֆիզկուլտուրա,
17. հասարակագիտություն,
18. տեխնոլոգիա:

Վերապատրաստումներին առնչվող այլ մանրամասների վերաբերյալ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով լրացուցիչ կտեղեկացնենք: