Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառում

1. գլխավոր. IMG_6229 ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում ս.թ. դեկտեմբերի 17-ին կայացավ արդեն ավանդույթ դարձած տարեվերջյան միջոցառումը՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին: Միջոցառումը կազմակերպել էր Օտար լեզուների ամբիոնը՝ ի դեմս վարիչի պաշտոնակատար բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանի, բ.գ.թ., ասիստենտ Ա.Կարապետյանի և դասախոս Ռ.Հարությունյանի:

Ամանորյա միջոցառման լեզուն անգլերենն էր, մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները:

Միջոցառման ընթացքում առաջին կուրսեցիները ներկայացրին տարբեր երկրներում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Պորտուգալիա, Հայաստան) Ամանորի և Սուրբ Ծննդյան ավանդույթները, տոնի ծագումը, ամանորյա խորհրդանիշները և նվերների տեսակները: Հնչեցին Նոր տարվան նվիրված երգեր և բանաստեղծություններ:

Ուսանողները նաև խաղացին «Գաղտնի Սանտան» ամանորյա խաղը, որի ընթացքում իրար նվերներ տվեցին:

Միջոցառման վերջում ուսանողների համար կազմակերպվել էր կինոդիտում: 

Կայացավ «Հայ քաղցրահունչ բարբառները» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառումը

1. գլխավոր. IMG_7914 2022թ. դեկտեմբերի 16-ին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Հայ քաղցրահունչ բարբառները» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառումը, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լ.Թումանյանը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի անձնակազմը, մասնաճյուղի այլ աշխատակիցներ, ուսանողներ, հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Լ.Թումանյանը` մասնավորապես նշելով, որ հայ բարբառները ազգային, պատմական ու ժառանգաբար մեզ հասած արժեք են, որոնք առաջին հերթին գոյություն ունեն ազգային ավանդույթներին հավատարիմ մնալու և հայրենասիրության, ծննդավայրի նկատմամբ ունեցած սիրո շնորհիվ:

Այնուհետև միջոցառմանը մասնակցող շնորհալի ուսանողները հանդես եկան տարբեր ճյուղերի բարբառների մասին ակնարկային տեղեկություններով, ասմունքով: Նրանք տարբեր բարբառներով ներկայացրին խաղիկներ, հանելուկներ, անեկդոտներ, Համշենի, Վանի, Ղարաբաղի բարբառներով երգեր («Գարմի», «Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն», «Ինձ ասում են նախշուն բաջի»):

Միջոցառմանը յուրահատուկ երանգ հաղորդեցին ուսանողների, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի թատերական խմբակի ներկայացուցիչների կողմից կատարված երգիծական, դրամատիկական, հեքիաթային փոքրիկ բեմականացումները, որտեղ հերոսներն ու կերպարները խոսում էին Արարատյան կամ Երևանի, Կարնո, Պոլսի, Թիֆլիսի, Ղարաբաղի բարբառներով:

«Հայ քաղցրահունչ բարբառները» խորագրով միջոցառումը գեղարվեստորեն հաստատեց լեզվաբանների այն կարծիքը, որ մեր բարբառները գանձ են, որ հարստացնում են մեր ոսկեղենիկ հայերենը, և դրանք դեռ երկար ուսումնասիրության նյութ կլինեն, քանզի երբեք չեն մոռացվում, այլ փոփոխվում են, մոռացված հներն են բացահայտվում՝ պահելով բառի ու խոսքի համն ու հոտը:

Միջոցառման վերջում ելույթ ունեցան Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը, ամբիոնի դասախոսները՝ իրենց հիացմունքն ու գոհունակությունն արտահայտելով բարձր մակարդակով ու մեծ գեղարվեստականությամբ աչքի ընկնող միջոցառման կապակցությամբ, շնորհակալություն հայտնելով կազմակերպչին՝ տիկին Լուսինե Թումանյանին, բոլոր մասնակիցներին:

 

Հոգեբանական հետազոտություններ «Կառավարման հոգեբանություն» դասընթացի շրջանակներում

1. գլխավորԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները «Կառավարման հոգեբանություն» դասընթացի շրջանակներում իրականացրել են հետազոտություններ Ենոքավանի «Ապագա ռեզորթ»-ում և «Yell  Extreme Park»-ում:

Նրանց ուղեկցել է Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Պողոսյանը:

Հետազոտության նպատակն էր ծանոթանալ կազմակերպությունների կառուցվածքին, կորպորատիվ մշակույթին, արժեքներին, խրախուսման մեթոդներին:

Ուսանողներն ուսումնասիրել են աշխատակիցների պաշտոնական պարտականությունները, մոտիվացիան աշխատանքում, անձնային առանձնահատկությունները և այլն:

Նրանք հնարավորություն են ունեցել գործնականում կիրառելու տեսական գիտելիքները և հոգեբանական հետազոտության մեթոդների կիրառության միջոցով յուրացրել են կառավարման հոգեբանության դերն ու նշանակությունը կազմակերպություններում:

Պրոֆեսոր Լ. Ս. Չիկիլևան մեր ուսանողների համար կարդաց դասախոսություն

1. գլխավոր ԵՊՀ իջևանի մասնաճյուղի ուսանողների համար ս.թ. դեկտեմբերի 10-ին “Learn to speak in public” («Սովորեք խոսել հրապարակայնորեն») թեմայով առցանց դասախոսություն կարդաց Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի անգլերենի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Սերգեևնա Չիկիլևան:

Դասախոսությունն իրականացվել է Ֆինանսական համալսարանի և ԵՊՀ-ի համագործակցության շրջանակներում, կազմակերպվել է ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ք.Հարությունյանի և նույն ամբիոնի պրոֆեսոր Ս.Մինասյանի կողմից:

Պրոֆեսոր Չիկիլևան դասախոսության ընթացքում ներկայացրեց իր հեղինակած «Անգլերենը հանրային խոսքում» (“English for Public Speaking”) դասագիրքը, որը հասցեագրված է բոլորին, ովքեր խոսում են անգլերեն և ցանկանում են սովորել հրապարակային խոսքի արվեստը:

Բանախոսն ընդգծեց, որ մասնագիտական հաջողությունը մեծապես կախված է հրապարակայնորեն խոսելու և ասվածը քննադատաբար ընկալելու կարողությունից: Յուրաքանչյուրի կյանքում լինում են պահեր, երբ պետք է խոսել հրապարակավ: Գլոբալիզացիայի դարաշրջանում աճում է հանրության առաջ անգլերենով խոսելու անհրաժեշտությունը, քանի որ վերջինս միջազգային հաղորդակցության լեզու է:

Լ. Ս. Չիկիլևան նշեց, որ անգլախոս երկրներում կան հանրային խոսքի դասավանդման դարավոր ավանդույթներ: Ռուսաստանում շատ միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններ իրականացնում են անգլերենով հրապարակախոսության մրցույթներ: Ակումբներ են ի հայտ գալիս, որոնք նպատակ ունեն զարգացնելու իրենց անդամների հաղորդակցման, հրապարակային խոսքի և առաջնորդության հմտությունները:

Դասախոսությունն ուղեկցվում էր պատկերազարդ տեսանյութերով, որոնք զգալի հետաքրքրություն էին ներկայացնում ուսանողների համար:

Լ. Ս. Չիկիլևան ունկնդիր ուսանողներին ներկայացրեց հռետորության գաղտնիքները՝ դրդելով նրանց ուսումնասիրելու և տիրապետելու հանրային խոսքի հմտություններին:

Ք․Հարությունյանը վերջում շնորհակալություն հայտնեց Լ. Ս. Չիկիլևային՝ հետաքրքիր և բովանդակալից դասախոսության համար և հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական:

«Հայ քաղցրահունչ բարբառները» խորագրով միջոցառմանը մասնակցելու հրավեր

Միջոց. հայտ. նկ. 2022թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:10-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 51 լսարանում տեղի կունենա «Հայ քաղցրահունչ բարբառները» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառում, որը կազմակերպել է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լ.Թումանյանը:

Միջոցառման ընթացքում «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները կներկայացնեն ակնարկներ հայ բարբառների մասին, բարբառային ընթերցումներ, երգեր, ինչպես նաև կբեմադրվեն թատերական փոքրիկ ներկայացումներ տարբեր բարբառներով:

Սիրով հրավիրում ենք: