Համալսարանականները Իջևանի վարժարանում իրականացրին «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը

1. glxavor 2023 թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ Իջևանի վարժարանում կայացավ «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանների 12 աշակերտներ:

Խաղը վարեց ՈՒԳԸ նախագահ, «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Թիրաբյանը:

Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան խաղը շարունակելու երկրորդ փուլում:

Երկրորդ փուլում մասնակիցները 12 թեմաներից ընտրեցին երկուական թեմա և 1 րոպեի ընթացքում պատասխանեցին իրենց ընտրած թեմայի հարցերին: Տվյալ փուլի արդյունքների համաձայն՝ հաջորդ փուլ անցան Միքայել Հարությունյանը, Տիգրան Գևորգյանը և Ռոբերտ Ապրեսյանը:

Երրորդ փուլում մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին: Պայքարը շատ թեժ էր:

Առավելագույն միավորներ վաստակեց և «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Միքայել Հարությունյանը, ով պարգևատրվեց պատվոգրով և մասնաճյուղի կողմից նվիրաբերված գեղարվեստական գրքով (Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպը):

Պատվոգրերով պարգևատրվեցին նաև Տիգրան Գևորգյանը և Ռոբերտ Ապրեսյանը, ովքեր զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Աշակերտները շատ տպավորված և ոգևորված էին խաղով: Երրորդ փուլ անցած աշակերտները անհամբեր սպասում են այս ուսումնական տարվա վերջում մասնաճյուղում կայանալիք եզրափակիչ փուլին, որին իրենք ևս կմասնակցեն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը նման նախաձեռնությունների միջոցով ձգտում է մոտիվացնել աշակերտներին, որ ավելի լավ սովորեն, բազմակողմանիորեն  զարգանան և ձեռք բերեն հիմնարար գիտելիքներ, ինչպես նաև այս ճանապարհով ամրապնդվում է դպրոց-բուհ կապը:

Միջազգային համաժողովում մեր ուսանողուհիներն արժանացան 1-ին կարգի դիպլոմների

1․ գլխավոր

 2023 թ. նոյեմբերի վերջին ամփոփվեցին ս.թ. նոյեմբերի 18-ին Ուրալի պետական համալսարանում մեկնարկած «Ռուսական տարածաշրջանները փոփոխման կենտրոնում» թեմայով միջազգային XVIII համաժողովի արդյունքները, որին մասնակցել և առաջին կարգի դիպլոմների են արժանացել մեր ուսանողները՝ ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Նազելի Եսայանը և Մարիամ Դարբինյանը:

Միգրացիոն գործընթացների ուսումնասիրությանն ուղղված միջազգային համաժողովում ընդգրկված էին առավելապես հայցորդներ, պրոֆեսորներ, դոկտորներ, գիտությունների թեկնածուներ և քիչ թվով ուսանողներ, որոնց մեջ էին մասնաճյուղի ուսանողները:

Միջազգային համաժողովում ԵՊՀ ԻՄ ուսանողուհիներ Նազելի Եսայանը և Մարիամ Դարբինյանը ներկայացրին «Միգրացիոն գործընթացները և միջմշակութային հաղորդակցությունը գլոբալ մարտահրավերների պայմաններում» և «Հուզական ինտելեկտը որպես ուսուցման գործընթացի անհրաժեշտ պայման» թեմաներով զեկուցումներ՝ ստանալով առաջին կարգի դիպլոմներ:

Մարիամ Դարբինյանը և Նազելի Եսայանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով համաժողովին իրենց մասնակցությանը և գրանցած հաջողություններին, խորին շնորհակալություն հայտնեցին համաժողովի կազմակերպիչներին և իրենց գիտական ղեկավար, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ., Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ԲԳՌԱ) պրոֆեսոր Սվետլանա Մինասյանին՝ համաժողովին մասնակցելու հրաշալի հնարավորության և դրա նախապատրաստման գործում անփոխարինելի աջակցության համար:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում:

նկար - poxvac1