ԵՊՀ ԻՄ-ը կիրականացնի հեռավար ուսուցում

Հարգելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ և դասախոսներ, սիրով տեղեկացնում ենք, որ 2020թ. մարտի 14-ին ԵՊՀ ԻՄ-ում հրավիրվել է խորհրդակցություն՝ տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, Ուսումնամեթոդական վարչության պետի, ֆակուլտետների դեկանների, Հեռակա ուսուցման բաժնի վարիչի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է, թե ստեղծված իրավիճակում (կորոնավիրուսի նոր դեպքերով պայմանավորված), երբ հանրապետությունում ուսումնական հաստատությունները փակ են լինելու, ինչպիսի լուծումներ կարելի է առաջարկել, որոնք կնպաստեն ուսանողների ուսումնառության շարունակմանը:

Հաշվի առնելով, որ դասապրոցեսը դադարեցվել է մինչև ս.թ. մարտի 23-ը, և հնարավոր է, որ այդ ժամկետը երկարաձգվի, որոշվել է ակտիվացնել վերապատրաստումներ անցած դասախոսների աշխատանքը on-line հարթակներում, մասնավորապես՝ Moodle և Edunext առցանց դասավանդման համակարգերի կիրառմամբ:

Այդ հնարավորության բացակայության դեպքում՝ դասախոսներին հրահանգվել է ուսանողների էլեկտրոնային հասցեներին ուղարկել դասընթացների յուրացման համար անհրաժեշտ նյութերը՝ դասախոսությունների տեքստերը, ուսումնասիրվող գրականությունը, հարցերը, առաջադրանքները և այլ հանձնարարականներ:  Հրահանգվել է նաև նշանակել ժամեր on-line խորհրդատվությունների, հարց ու պատասխանի և գործնական խնդիրների քննարկումների համար՝ օգտագործելով տեսակոնֆերանսների կազմակերպման համար հասանելի համակարգերը (Skype, Zoom և այլն):

Մինչև մարտի 23-ը ԵՊՀ ԻՄ-ում դադարեցվում է ուսումնական գործընթացը

2. EPH IM - foto

Սիրելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ և աշխատակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկ շաբաթով դադարեցվում է ուսումնական գործընթացը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում արած հայտարարության համաձայն՝ որոշվել է, ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերմամբ պայմանավորված, հանրապետությունում դարձյալ մեկ շաբաթով՝ մինչև մարտի 23-ը, դադարեցնել ուսումնական գործընթացը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է նոր դրամաշնորհային ծրագրերի մասին

ef4de2bb4093582b79311b580e7afa07

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին (ADVANCE STEM Research Grant Program):

ADVANCE ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը հանդիսանալու է կամուրջ միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև, որպեսզի նրանք համատեղ իրականացնեն նորարարական հետազոտական ծրագրեր։ Երեք հետազոտական խմբերի կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ աշխատելու համար՝

– Նոր նյութեր

Թեմա՝ Stable perovskite materials for solar energy

– Մեքենայական ուսուցում

Թեմա՝ Statistical analysis of machine learning algorithms (SAM-lab)

-Կենսատեխնոլոգիա

Թեմա՝ Biotechnology – towards a sustainable circular bioeconomy:

Դրամաշնորհային ծրագրի մանրամասներին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ https://fast.foundation/#/advance_stem հղումով:

Աղբյուրը՝ scs.am:

Պրակտիկայի հնարավորություն «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ում

Inecobank

Ծրագրի նպատակն է. տարբեր ստորաբաժանումներում պրակտիկա անցնելով ուսանողին ծանոթացնել բանկային միջավայրին, գործունեությանը, որը կնպաստի հետագայում ընտրել կարիերայի իր ուղին:

Ծրագիրը հնարավորություն կտա.

  • Անհատական պլանի միջոցով ուսուցանվել Ինեկոբանկի նորաբաց սրահում՝ «ԻնեկոԼաբ»-ում
  • Ներգրավված լինել տարբեր գործընթացներում՝ ներդնելով սեփական գաղափարները
  • Զարգացնել ֆինանսական ոլորտին հատուկ հմտություններ
  • Ծանոթանալ Բանկի աշխատելաոճին և կորպորատիվ մշակույթին։

Ցանկացողները կարող են լրացնել դիմումի առցանց հայտաձևը՝ համապատասխան բաժնում նշելով, որ հայտարարության մասին տեղեկացել եք ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միջոցով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.03.2020թ.:

ԵՊՀ օլիմպիադա 2020

Օլիմպիադայի հայտ. նկար

2020թ. մարտի 28-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում անցկացվելու է դպրոցական օլիմպիադայի I փուլը:

Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով.

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • հայոց պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • անգլերեն,
  • գերմաներեն,                                             
  • ռուսաց լեզու,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք:

«Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով՝ մարտի 28-ին՝ ժամը 11:00-ին:

Օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների յուրաքանչյուր առարկայից կարող են մասնակցել 2-3 աշակերտ:

Օլիմպիադայի մասնակիցները մարտի 28-ին՝ ժամը 10:30-ին, պետք է ներկայանան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

I փուլի հաղթողները կմասնակցեն II փուլին, որը տեղի կունենա ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանում:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի պետական համալսարանի Մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Ի գիտություն

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վահան Աղաբաբյանին (096987654- Vivacell, 096557556 –Beeline):

Մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժին