Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

1. IMG_1450

2021թ. հունիսի 1-ին Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման համակարգում ավարտական կուրսերի երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփում (զեկուցող՝ Մ.Զուրաբյան):
  2. 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերում երկրորդ կիսամյակի քննաշրջանի կազմակերպման և ընթացքի մասին (զեկուցողներ՝ Ա.Դավթյան, ֆակուլտետների դեկաններ, Մ.Զուրաբյան):
  3. Կրթական ծրագրերի վերանայման ընթացքի մասին (զեկուցող՝ Ն.Գրիգորյան):
  4. 2020-2021 ուստարվա առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքների պաշտպանությունների արդյունքների ամփոփում (զեկուցողներ՝ ֆակուլտետների դեկաններ):
  5. Ընթացիկ հարցեր.

    5.1. Մասնաճյուղից ուսանողների հեռացման հարցի մասին (զեկուցող՝ Ա.Դավթյան):

    5.2. Զոհված շրջանավարտ Շիրակ Գասպարյանի անունով լսարանի              անվանակոչության ուսանողական կառույցների առաջարկի հարցը (զեկուցող՝ Հ.Մովսեսյան):

Առաջին հարցի կապակցությամբ Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը, ըստ կրթական ծրագրերի, ներկայացրեց հեռակա ավարտական կուրսերի լուծարքային շրջանի արդյունքները: Նա նշեց, որ հեռակա ուսուցման ավարտական կուրսերի քննաշրջանին մասնակցել է 215 շրջանավարտ, որոնցից 30-ը քննաշրջանն ավարտել է 2-րդ լուծարքով: Քննաշրջանն ընթացել է ըստ նախատեսված ժամանակացույցի, բողոքներ չեն արձանագրվել, եղել են վճարների հետ կապված որոշ խնդիրներ, որոնք շտկվել են: Ներկա պահին ընթանում են ավարտական կուրսերի նախապաշտպանությունները:

Որոշվեց՝ 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման համակարգում ավարտական կուրսերի երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփման վերաբերյալ Մ.Զուրաբյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

 

Երկրորդ հարցի վերաբերյալ Ա.Դավթյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերում երկրորդ կիսամյակի քննաշրջանն արդեն սկսվել և ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի: Առկա ուսուցման համակարգում ամառային քննաշրջանը տևելու է ս.թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 26-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ մայիսի 24-ից մինչև հունիսի 22-ը:

Նախատեսված ժամանակացույցի առաջին շաբաթում իրականացվելու են ընթացիկ քննություններն ու ստուգարքները: Ստուգարքային շրջանի ավարտից հետո սկսվելու են եզրափակիչ քննությունները:

Ֆակուլտետները ժամանակին ՈՒՄՎ են ներկայացրել ժամանակացույցները, որոնք ստուգվել են, կատարվել են որոշակի ճշտումներ (կապված նաև քննությունների առցանց և առկա կազմակերպման հետ), տեղեկացվել են ուսանողները, գրաֆիկները տեղադրվել են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

Տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ դասախոսական կազմը հարց է բարձրացրել առկա ուսուցման քննությունները համալսարանում անցկացնելու վերաբերյալ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, ինչը թույլ կտա ավելի օբյեկտիվ ստուգել և գնահատել ուսումնառության ընթացքում ուսանողների ձեռք բերած վերջնարդյունքները:

Որոշվեց՝     

      1. 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերում երկրորդ կիսամյակի քննաշրջանի կազմակերպման և ընթացքի մասին զեկուցողների հաղորդումն ընդունել ի գիտություն:
      2. հանձնարարել ֆակուլտետների դեկաններին՝ դասախոսական և ուսանողական համակազմերի հետ քննարկել քննությունները մասնաճյուղում անցկացնելու հնարավորությունները և անհրաժեշտ փոփոխություններ կատարել գրաֆիկներում:

Երրորդ հարցի մասին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2025 թթ. կրթական ծրագրերի վիճակի մասին զեկուցում: Նա նշեց, որ կրթական ծրագրերը հիմնականում պատրաստ են, թերի են միայն «Դիզայն» մասնագիտության և մագիստրոսական կրթական ծրագրերը: Ամբողջությամբ պատրաստ են «Պատմություն», «Զբոսաշրջություն», «Հայոց լեզու և գրականություն» ու «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերը:

Ա.Մակարյանը նշեց, որ բոլոր մասնագիտություններով կրթական ծրագրերը երկու շաբաթվա ընթացքում ուղարկվեն ԿԲԴՎ բաժին, որպեսզի մինչև հունիսի 15-ը վերջնական տեսքով ներկայացվեն տնօրենին և տեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

Որոշվեց՝

      1. Ֆակուլտետների դեկաններին և մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»  կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանին հանձնարարել հետևողական լինել կրթական ծրագրերի կազմման հարցում,
      2. ԿԲԴՎ բաժնին հանձնարարել մինչև հունիսի 15-ը բոլոր կրթական ծրագրերը վերջնական տեսքով ներկայացնել տնօրենին և ուղարկել տեղադրելու կայքէջում:

Չորրորդ հարցի հետ կապված՝ ֆակուլտետների դեկանները ներկայացրին ավարտական աշխատանքների պաշտպանությունների արդյունքներն ու ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների ու անդամների կարծիքները:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը նշեց, որ 19-ը շրջանավարտներից 10-ը ստացել է գերազանց գնահատական, 9-ը՝ լավ: Եղել է կարմիր դիպլոմի 2 հավակնորդ, ովքեր պահպանել են իրենց գերազանց գնահատականը:

Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մ.Զաքարյանը նշեց, որ 25 շրջանավարտներից գերազանց գնահատական ստացել է 12 շրջանավարտ, լավ գնահատական՝ 5-ը, իսկ բավարար՝ 8-ը: Կարմիր դիպլոմի հավակնորդ 6 ուսանողները պահպանել են իրենց գերազանց գնահատականը:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը նշեց, որ ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 23 ուսանող, որոնցից գերազանց ստացել է 8 ուսանող,  լավ՝ 11 ուսանող, իսկ բավարար՝ 4 ուսանող: Կարմիր դիպլոմի հավակնորդ 3 ուսանողները ստացել են գերազանց գնահատական:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, ամփոփելով ավարտական աշխատանքների պաշտպանությունների արդյունքները, նշեց, որ 83 շրջանավարտներից 36-ը ստացել է գերազանց գնահատական, 40-ը՝ լավ, 7-ը՝ բավարար: Ֆակուտետի 15 ուսանող կստանան կարմիր դիպլոմ:

Ա.Մակարյանը առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման կապակցությամբ նշեց, որ անբավարար գնահատական չենք ունեցել, հանձնաժողովները հիմնականում դրական կարծիքներ են տվել, նշել են նաև փոքր թերացումներ, որոնք հաշվի կառնվեն հետագա բարելավման ընթացքում: Նա կարևորեց պաշպանությունների ժամանակ կրթական ծրագրերի նպատակներին համապատասխան ավելի կիրառական և հետազոտական արդյունքների ապահովումը: Ա.Մակարյանը նաև նշեց, որ ՄԿՈԱ բաժնին հանձնարարված է եղել կազմակերպել շրջանավարտների և հանձնաժողովների նախագահների տրադիցիոն հարցումները:

ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը նշեց, որ 145 շրջանավարտներից 127-ը մասնակցել է հարցումներին, ամփոփումից հետո հարցումների արդյունքները ամբողջական տեսքով կներկայացվեն տնօրենությանը: Ա.Մակարյանը հորդորեց ամփոփումից հետո հատկապես ուշադրություն դարձնել թերություններին և աշխատանքներ տանել դրանք շտկելու և հետագայում խնդիրներից խուսափելու համար: Նա ընդգծեց նաև կրթական ծրագրերի վերջնարդյունքների կարևորությունը և պահանջեց հաջորդ տարի ավարտական աշխատանքների թեմաները բացառապես ընտրել ըստ վերջնարդյունքների:

Որոշվեց՝ 2020-2021 ուստարվա առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքների պաշտպանությունների արդյունքների ամփոփման մասին ֆակուլտետների դեկանների հաղորդումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ առաջին հարցի վերաբերյալ Ա.Դավթյանը նշեց, որ «Ինֆորմատիկա» (համակարգչային գիտություն)» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգի ուսանողներ Սասուն Գրիգորի Տոնոյանը (1-ին կուրս) և Գոռ Վանիկի Մելիքսեթյանը (3-րդ կուրս) 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքներից ունեն 120 ժամ և ավելի անհարգելի բացակայություն: ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնների 62.4 կետի համաձայն՝ նրանք ենթակա են հեռացման (կիսամյակի ընթացքում 120 ժամ և ավելի անհարգելի բացակայություն): ՈՒՄՎ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ուսանողների բացակայությունները հիմնականում առկա դասերից են, որոնց նրանք չեն կարողացել մասնակցել իրենց բնակության վայրերի՝ մասնաճյուղից հեռու լինելու պատճառով:

Որոշվեց՝ բացառության կարգով վերոնշյալ 2 ուսանողին թույլատրել մասնակցելու քննաշրջանին:

 

Ընթացիկ երկրորդ հարցի մասին Հ.Մովսեսյանը նշեց, որ տնօրենության նախորդ նիստի քննարկումներից հետո, երբ սկզբունքորեն որոշվեց ընդառաջել ուսանողական կառույցների առաջարկին և ունենալ զոհված շրջանավարտ Շիրակ Գասպարյանի անունով անվանակոչված լսարան, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի և ՈՒԳԸ ներկայացուցիչները գրավոր ներկայացրել են իրենց առաջարկը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 52 լսարանը անվանակոչել Շիրակ Գասպարյանի անունով: Նա տեղեկացրեց, որ հունիսի 6-ը Շիրակ Գասպարյանի ծննդյան օրն է, և հարմար կլինի, եթե լսարանի բացումը տեղի ունենա նրա ծննդյան տարեդարձի նախօրեին։

Որոշվեց՝

      1. զոհված շրջանավարտ Շիրակ Գասպարյանի անունով անվանակոչել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 52 լսարանը,
      2. անվանակոչման միջոցառումը կազմակերպել հունիսի 5-ին՝ ժամը 13:00-ին,
      3. հանձնարարել ՎՊողոսյանին՝ մշակել անվանակոչման միջոցառման ծրագիր և ապահովել մասնակիցների հրավերը:

 

Պրակտիկայի շրջանակներում «Զբոսաշրջություն» II կուրսի ուսանողներն այցելեցին Ջերմուկ

1. գլխավոր

2021թ. մայիսի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներն ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան-Գավառ-Մարտունի-Եղեգնաձոր-Ջերմուկ երթուղով: Պրակտիկայի նպատակակետը Ջերմուկ քաղաքն էր իր զբոսաշրջային ենթակառուցվածքներով:

Պրակտիկային մասնակցում էին պրակտիկայի ղեկավար մ.գ.թ.,  ասիստենտ Հ.Ազիզյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Ս.Սաֆարյանը:

Ուղևորության առաջին կանգառը Օրբելյանների միջնադարյան իջևանատունն էր, որտեղ ուսանողուհի Իննա Սարիբեկյանը ներկայացրեց իջևանատան պատմությունը, ճարտարապետությունը:

Երկրորդ կանգառը “Jermuk Hotel and Spa” կենտրոնն էր, որտեղ ուսանողները ծանոթացան բուժառողջարանային համալիրներում մատուցվող հիմնական և լրացուցիչ ծառայություններին, բուժիչ ցեխերի տեսակներին: Հյուրանոցի մենեջերն ուսանողներին ներկայացրեց հյուրանոցի ներքին և արտաքին հարդարանքի, սոճիների փոշոտման գործընթացում օդում անջատված օգտակար նյութերի հատկությունների մասին:

Ուղևորության ընթացքում պրակտիկայի ղեկավարն ուսանողներին ներկայացրեց Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնառեկրեացիոն ներուժը, առկա պոտենցիալը և հնարավորությունները:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները սովորեցին, թե ինչպես կարող են կիրառել համալսարանում ստացած տեսական գիտելիքները: Նրանք մոտիկից ծանոթացան բուժառողջարանային համալիրների գործունեությանը: Ուսանողները սովորեցին, թե ինչպես կարող են երկար ուղևորությունների ժամանակ զբաղեցնել զբոսաշրջիկներին (հետաքրքիր լեգենդեր, առասպելներ, ավանդազրույցեր պատմել, ազգային երգեր երգել, հայկական ավանդական խաղեր խաղալ և այլն):

Ուսանողները գոհունակություն և շնորհակալություն հայտնեցին Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին՝ հիանալի և տպավորիչ պրակտիկա կազմակերպելու համար:

Պրակտիկայի ավարտին՝ հունիսի 2-ին՝ ժամը 09:30-ին, 48 լսարանում կիրականացվի շնորհանդեսի ուղեկցությամբ հաշվետվության ներկայացում, որին սիրով հրավիրում ենք մասնակցելու:

Ջոս Միլիների հերթական այցը մասնաճյուղ

1. գլխավոր

2021թ. մայիսի 29-ին տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Ջոս Միլիների հերթական այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։

Ջոս Միլիների հետ հանդիպմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Արտաքին կապերի բաժնի վարիչ Ա.Եգանյանը, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի պատասխանատու, ասիստենտ Ա.Մարդանյանը, ծրագրի համակարգող Ս.Պետրոսյանը, դասախոսներ և ուսանողներ:

ԵՊՀ ԻՄ-ի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև 2008 թվականին սկսված համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է միության նախագահ Պոլետ Կուտանի հայրենասիրության և ջանքերի շնորհիվ. համագործակցությանը չխանգարեց ո՛չ համաճարակը, ո՛չ դաժան պատերազմը:

Ա.Մարդանյանը ողջունեց և սրտանց շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի կառավարությանը, «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը, նախագահ Պոլետ Կուտանին և Ջոս Միլեներին՝ անգնահատելի օգնության և աջակցության համար:

Ջոս Միլիները կրթաթոշակներ հանձնեց վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներ Վ.Իսախանյանին, Մ.Օհանյանին, Ա.Մեհրաբյանին, Ա.Ղազարյանին, Ա.Օհանյանին, Մ.Ղազարյանին, Ս.Ենգիբարյանին, ինչպես նաև անվճար ուսուցման համակարգում սովորող Ն.Գասպարյանին:

Կրթաթոշակ ստացած ուսանողուհիները շնորհակալություն հայտնեցին և խոստացան նվիրումով աշխատել:

Այնուհետև քննարկվեցին ապագա համագործակցության ծրագրերը:

Դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից հետո Ջոս Միլիները ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին հանձնեց Պոլետ Կուտանի աշխատությունը՝ «Օսմանյան կայսրության հայերը Ֆրանսիայի կրթական համակարգում» խորագրով: Գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը շնորհակալություն հայտնեց և խնդրեց հեղինակին փոխանցել իր բարեմաղթանքները:

Այցի արդյունքներն ամփոփվեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ հանդիպման ժամանակ: Տնօրենը շնորհակալություն հայտնեց հյուրին, ով Հայաստանի համար դժվարին ժամանակներում այցելել է համալսարան՝ նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելու ուսանողներին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Երևանի «Գլաձոր» համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

1. գլխավոր. IMG_6859

2021թ. մայիսի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Երևանի «Գլաձոր» համալսարանի ներկայացուցիչները՝ ռեկտոր, ի.գ.դ., պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, դոցենտ Ամալյա Խառատյանը, տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Դանիել Ջհանգիրյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Սահակյանը, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, իրավագիտության մագիստրոս Ռիմա Այդինյանը, Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի ղեկավար, տ.գ.թ. Արման Տոնիկյանը, Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանը:

Այցելության նպատակն էր տեղում ծանոթանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, զարգացնել և խորացնել երկու բուհերի միջև համագործակցությունը:

Նախ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանի, վարչական համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների/պատասխանատուների և Գլաձորի համալսարանի պատվիրակության անդամների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, ապա կնքվեց համագործակցության հուշագիր:

Կնքված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու կրթական ու գիտահետազոտական ոլորտներում, մասնավորապես՝

 

  • իրականացնել կրթական շարունակականությանն ուղղված ծրագրեր,
  • կազմակերպել հանդիպում-քննարկումներ՝ կողմերի առաջատար մասնագետների մասնակցությամբ,
  • իրականացնել փոխադարձ այցեր՝ բենչմարքինգ անցկացնելու նպատակով,
  • համագործակցել ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և բարելավման աշխատանքների շուրջ,
  • անցկացնել գիտական և գործնական, ինչպես նաև գիտական և մեթոդաբանական գիտաժողովներ,
  • ապահովել ուսանողների և դասախոսների շարժունությունը սույն հուշագրի շրջանակներում ծավալվող միջոցառումներին (այդ թվում նաև վիրտուալ-առցանց), ինչպիսիք են՝ վերապատրաստումներ, սեմինարներ, խորհրդակցություններ, կլոր-սեղան քննարկումներ, հանրային դասախոսություններ, գիտաժողովներ և այլն,
  • իրականացնել համատեղ հետազոտական նախագծեր,
  • համատեղ կազմակերպել և իրականացնել միջբուհական մշակութային միջոցառումներ,
  • համագործակցել դասագրքերի, ուղեցույցների և այլ կրթական և ուսումնամեթոդական գրականության հրատարակման հետ կապված հարցերում,
  • որպես գործընկերներ մասնակցել եվրոպական ծրագրերին,
  • կազմակերպել կողմերի ուսանողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական, արտադրական պրակտիկաներ և այլն:

Հուշագրի կնքումից հետո տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը մասնաճյուղի անունից նվիրեց Գլաձորի համալսարանի պատվիրակությանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար «Արդյունավետ հաղորդակցման հմտություններ» թեմայով վարպետության դաս անցկացրեց ԵԳՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Դանիել Ջհանգիրյանը:

Ապա կազմակերպվեց շրջայց մասնաճյուղում, որի ընթացքում հյուրերը տեղում ծանոթացան բուհի վարչական ստորաբաժանումների, գործող կենտրոնների և ամբիոնների գործունեությանը, մասնագիտություններին, գրադարանային ֆոնդին, երկու բուհերի ներկայացուցիչներն իրար փոխանցեցին իրենց առաջավոր փորձը:

Գլաձորի համալսարանի պատվիրակությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացավ փոխադարձ այցի ակնկալիքով և համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությամբ:

Մրցույթ՝ ուղղված երկակի նշանակության ծրագրերի աջակցությանը

ԳԿ մրցույթի հայտ. նկար

Գիտության կոմիտեն կազմակերպում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ:

Դրամաշնորհները կտրամադրվեն 12 կամ 24 ամիս տևողությամբ, 4-6 անձից բաղկացած գիտական խմբերի՝ «Բնական գիտություններ» և «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառների հետևյալ մասնագիտություններով հետազոտությունների իրականացման համար.

 

  • Ինֆորմատիկա և համակարգչային գիտություններ,
  • Ֆիզիկա և աստղագիտություն,
  • Քիմիա,
  • էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, էներգետիկա, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • Մեխանիկա,
  • Մեքենագիտություն և մեքենաշինություն,
  • Քիմիական տեխնոլոգիաներ,
  • Նյութագիտություն,
  • Նանոտեխնոլոգիա:

Գիտական փորձաքննության հետ մեկտեղ՝ հայտերը տրամադրվելու են նաև ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեին՝  նախագծերի՝ ռազմարդյունաբերական կարիքների համար կարևորությունն ու նպատակահարմարությունը գնահատելու համար: 

Ի տարբերություն նախորդ տարիներին անցկացված մրցույթների՝ այս տարի մրցույթի հայտերը ներկայացվելու են առցանց ռեժիմով` կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am):

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հուլիսի 2-ն է (առձեռն պահանջվող փաստաթղթերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը):

Մրցույթի հրավերի փաթեթը հասանելի է հետևյալ հղումով՝  http://scs.am/files/hraver-erkaki-2021-845a2-26.05.2021.docx :

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00 և 14:00-17:00, 010 21-01-40 (122) կամ, տեխնիկական հարցերի դեպքում՝ 010 21-01-40 (108) հեռախոսահամարներով:

Աղբյուրը՝ http://scs.am/am/27-05-2021: