Մասնաճյուղում կայացավ «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկան դասավանդող ուսուցիչների համար անվճար սեմինար

1. գլխավոր IMG_0951

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկան դասավանդող ուսուցիչների համար կազմակերպված անվճար սեմինարը՝ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի և ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համագործակցությամբ:

Այն վարեց «Աշխարհագրություն», «Ես և շրջակա աշխարհը» դասագրքերի համահեղինակ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը, մասնակցեցին Տավուշի մարզի դպրոցների 7 տասնյակ ուսուցիչներ:

Սեմինարը նվիրված էր հանրակրթության բնագավառի օրենսդրությանը, Հանրակրթության պետական չափորոշչին, հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներին և սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին:

Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքի և դրա բաղադրիչների վերաբերյալ սեմինարավարը մասնավորապես նշեց, որ տվյալ չափորոշիչը սահմանում է հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ), տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների, և սովորողների գնահատման համակարգի սկզբունքները:

Պարոն Հովհաննիսյանը նաև անձրադարձավ հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներին և սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին:

Սեմինարին մասնակցած ուսուցիչները վերապատրաստողներին և սեմինարավարին հայտնեցին իրենց գոհունակությունը՝ շեշտելով նման սեմինարների կարևորությունը:

«Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի 2021-2022 ուստարվա ընդունելություն

1. հայտ. նկ.

Երևանի պետական համալսարանի Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ
«Ամերիկագիտություն» մագիստրոսական նոր կրթական ծրագրի ընդունելություն:

Ծրագիրը մշակված է Արիզոնայի պետական համալսարանի հետ համատեղ և իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Տրվում է ուսման վարձի մասնակի փոխհատուցման ձևով կրթաթոշակ ստանալու բացառիկ հնարավորություն:

«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մագիստրատուրայի ընդունելության հետ կապված այլ մանրամասների համար կարող եք այցելել ԵՊՀ-ի կայքէջ՝ http://www.ysu.am/entrant/hy/1372846047:

Հարցերի դեպքում կարող եք գրել magdimord@ysu.amnarine.asryan@ysu.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 060-710-128 հեռախոսահամարով:

Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք Բագրատ Սրբազանին՝ 50-ամյա հոբելյանի առթիվ

Բագրատ Սրբազանի նկարը

2021թ. մայիսի 20-ին լրանում է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ծննդյան 50-ամյակը:

Բագրատ Սրբազան… ոչ թե պատահականության ծնունդ, այլ Ստեղծագործություն, Առաջնորդ, Ընկեր, Մարդ, Զինվորական, Մտավորական … կոչումով՝ Տավուշեցի, ով Տավուշ եկավ հիրավի «ոչ թե պատահականությամբ, այլ Աստվածային նախախնամությամբ և Տավուշեցու կոչումը նույնացրեց մեծագույն սիրո, պատվի ու պատասխանատվության հետ…»:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք Բագրատ Սրբազանի 50-ամյա հոբելյանը, ցանկանում, որ Աստծո ամենակարող աջը միշտ զորավիգ ու պահապան լինի և իր օրհնությամբ, սիրով ու բարեհաճությամբ առաջնորդի նրան իր հայրենանվեր գործունեության մեջ՝ ուղղված Հայոց և Տավուշ աշխարհի բարօրությանը, զորացմանն ու բարգավաճմանը:

 

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Տավուշի թեմի առաջնորդ։

Ծնվել է 1971թ. մայիսի 20-ին Գյումրիում:

1978 – 1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։

1988 – 1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:

1994թ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։

1994թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով «Խոսրով եպիսկոպոս Անձևացու Ժամակարգության մեկնությունն ու աստուածաբանությունը (նորագյուտ ձեռագրերով և մատենագիտական ուսումնասիրությամբ)» ավարտաճառը:

1995թ․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։

1996թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ նշանակվել է նաև ՔԴՔԿ փոխտնօրեն։

1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդսի համալսարանում, Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում:

2000-2003 թթ. եղել է Սևանի Վազգենյան դպրանոցիշ տեսուչը։

2002թ. պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» վերտառությամբ։

2002թ. նշանակվել է նաև Մայր Աթոռի Մամուլի, լրատվության և Հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ։

2002թ. նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։

2003-2013 թթ. եղել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդը։

2012թ․ Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբարոյագիտության մագիստրոսական թեզ (MA)` «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը, ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» թեմայով:

2013-2019 թթ. վարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնը։

2015թ․ նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ:

2017 թ․ -ից Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է:

Արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ Բ-ի «Ադամանդյա հոբելյանի» մեդալի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» նախագահական 2-րդ աստիճանի մեդալի, ՀՀ Պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» շքանշանի։

«Մոնթե Մելքոնյան» ռազմաուսումնական վարժարանի, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, 2019թ. «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան, դասավանդում է Գևորգյան հոգևոր ճեմարանում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

 

Բագրատ Սրբազանի քահանայական ձեռնադրության 25 և Տավուշի թեմի առաջնորդության 5-ամյակին նվիրված ֆիլմը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/tahuys/videos/2390316957942560/:

ԵՊՀ ԻՄ-ը հաղթել է ուսուցիչներին վերապատրաստելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած մրցույթում

ԿԳՄՍՆ նյութի նկ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի՝ 2021 թ. մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

Սահմանվել է, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ կառավարության՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1667-Ն որոշման 14-րդ կետի պահանջին համապատասխան՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

Համաձայն հրամանի` ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորել է 42 կազմակերպության և 14 դասընթաց, որոնցից յուրաքանչյուրն անցնելու համար սահմանվել են համապատասխան կրեդիտներ:

2021թ. ապրիլի 2-ին հայտարարված մրցույթում ԵՊՀ ԻՄ-ը ներկայացրել է հայտադիմումի փաթեթ, որի կազմման աշխատանքները ստանձնել է «Տավուշ» հետազոտական կենտրոնը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հաղթել է հայտարարված մրցույթում և հնարավորություն է ստացել իրականացնելու Տավուշի մարզի ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները բոլոր բաղադրիչներով հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, տեխնոլոգիա և ՆԶՊ առարկաների համար:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1. գլխավոր

2021թ. մայիսի 18-ին պաշտոնական այցով Տավուշի մարզում էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նախ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում մարզպետ Հայկ Ղալումյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկեցին Տավուշի մարզի ընթացիկ վիճակն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները, գյուղատնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Մարզպետարանում կայացած ընդունելությունից հետո Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Մասնաճյուղում կայացած հանդիպման ընթացքում տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը համառոտ ներկայացրեց բուհի պատմությունը, կառուցվածքը, իրականացվող մասնագիտությունները և մասնաճյուղի շրջանավարտների կարևոր դերը տարածաշրջանի զարգացման գործում: Նշվեց նաև ՌԴ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցության մասին, որի շնորհիվ մասնաճյուղում հիմնադրվել է երկու կենտրոն՝ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտման, Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց օգտագործել Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներուժը, որի հետ մասնաճյուղն ունի համագործակցության հուշագիր՝ բարձրագույն կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ռուսական բուհերի հետ համագործակցության խորացման ուղղությամբ:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյողում գործող Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն, որտեղ պարբերաբար իրականացվում են ռուս գրականությանն ու մշակույթին առնչվող հոբելյանական ու հիշատակի միջոցառումներ, գիտական ընթերցումներ, ցուցադրություններ և այլն:

Հանդիպման վերջում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը ստացավ նվեր: