Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների այցը Կողբի գեղարվեստի դպրոց

1. գլխավոր. IMG_0974

2021թ. մայիսի 17-ին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսները, II և III կուրսի ուսանողները ճանաչողական այց կատարեցին Կողբի գեղարվեստի դպրոց:

Այցի նպատակն էր ծանոթանալ դպրոցի ստեղծագործական անձնակազմին, կատարվող աշխատանքներին, քննարկել համատեղ ծրագրեր:

Սահմանամերձ Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1999թ.: Իր գոյության երկու տասնամյակի ընթացքում դպրոցի մեծաթիվ շրջանավարտներ իրենց կրթությունը շարունակել են մասնաճյուղում, դարձել ոլորտի լավագույն մասնագետներ: Ինչպես ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում, այնպես էլ Կողբի գեղարվեստի դպրոցում առաջնային է համարվում մայրաքաղաքից հեռու գտնվող մարզում մշակութային կյանքն աշխուժացնելը, համապատասխան ստեղծագործական միջավայր ստեղծելը, տարածաշրջանի շնորհալի երիտասարդներին բացահայտելը և կրթելը:

Այցի ընթացքում ուսանողները շրջեցին արվեստանոցներում, ցուցասրահներում, ծանոթացան կատարված աշխատանքներին:

Այնուհետև դպրոցի նկարիչ-մանկավարժ Արա Ղուլիջանյանը դասախոսություն կարդաց համակարգչային ZBrush ծրագրի հիմնական գործիքների, հնարավորությունների և կիրառման առանձնահատկությունների մասին: Դասախոսությունը հագեցած էր և հետաքրքիր: Ժամանակի սղության պատճառով հնարավոր չէր ամբողջական պատկերացում կազմել ծրագրի հնարավորությունների մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումները դարձնել շարունակական՝ հետաքրքրվողների համար կազմակերպելով գործնական ուսուցման դասեր:

Հագեցած օրվա վերջում համալսարանականներն այցելեցին Կողբի հոգևոր և պատմամշակութային վայրեր: Նրանք եղան գյուղի պատմության թանգարանում, որն իր տեսակով եզակի է Տավուշի մարզում: Այնտեղ հնարավորինս ներկայացված է գյուղի անցյալը, կենցաղը, կյանքը: Ցուցասրահում մեծ թիվ են կազմում նաև կիրառական արվեստի նմուշներ՝ սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Ուշագրավ էին նաև ցուցադրված մետաղադրամները, Կողբ գյուղի եկեղեցիների մակետները, ձեռագործերը:

Աշխատանքի հնարավորություն ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և ուսանողների համար Web Apricot ընկերությունում

Հայտ. նկար

Web Apricot ծրագրավորման ընկերությունը Իջևանում բացում է մասնաճյուղ և աշխատանքի է հրավիրում ծրագրավորման, համակարգչային գիտելիքներ, բարձր պատասխանատվություն, IT ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց:

Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Նախատեսվում է ուսուցման շրջան:

Առկա են ծրագրավորողների (PHP, Laravel, Javascript, Angular և այլն), HTML/CSS մասնագետների, կոնտենտ մենեջերների հաստիքներ:

Հարցազրույցի առաջին փուլը տեղի կունենա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2021թ. մայիսի 25-ին՝ ժամը 14:00-ին:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման ձևաչափը այս հղումով՝

https://docs.google.com/forms/d/1QK6n2aIesVEG0j4gq2reVfMlIz7MipyOC7HlnjPVW_c/edit:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 (99) 73-45-73, +374 (99) 73-45-73:

«Ակադեմիական գրավոր խոսք» թեմայով առցանց դասընթացին մասնակցելու հրավեր

Պամելա Վուոթքինս

Հարգելի՛ համալսարանականներ, 2021թ. մայիսի 20-ին և 21-ին՝ ժամը 20:00-21:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնը կազմակերպում է «Ակադեմիական գրավոր խոսք» թեմայով առցանց դասընթաց, որը կվարի ԱՄՆ Խաղաղության կորպուսի անգլերենի ուսուցման ծրագրի կամավոր Պամելա Վուոթկինսը:

Դասընթացի լեզուն անգլերենն է, այլ լեզվով թարգմանություն չի նախատեսվում:

Դասընթացի նպատակն է ներկայացնել (հատկապես «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներին) ակադեմիական գրավոր խոսքի նորմերը, դրանց ճիշտ և արդյունավետ կիրառումը հետազոտական բաղադրիչի և ավարտական աշխատանքների մեջ:

Առաջին օրը կներկայացվի, թե ինչպես գրավոր խոսքը դարձնել հաճելի զբաղմունք և հեշտությամբ գրել ակադեմիական էսսեներ:

Երկրորդ օրը անդրադարձ կկատարվի հետազոտական գիտական
աշխատանքի մշակման, զարգացման և գրավոր շարադրման սկզբունքներին:

Մասնակիցներին կտրվի հավաստագիր:

Հանդիպմանը կարող եք մասնակցել հետևյալ
հղումով՝ https://clck.ru/UtmDr:

Մասնաճյուղում մեկնարկել է 2020-2021 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

FullSizeRender-1

2021թ. մայիսի 15-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 9 մասնագիտության գծով ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

ԵՊՀ ԻՄ-ը, ելնելով համավարակի տարածման կանխարգելումից և հետևելով Մայր բուհի օրինակին, 2021թ. ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն իրականացրել է գլխավորապես առցանց եղանակով, իսկ պաշտպանությունները նախատեսել է կազմակերպել առցանց և առկա (հակահամաճարակային կանոնները պահպանելով) ձևերի համադրությամբ:

Ընդ որում՝ տեղում չգտնվող ղեկավարները, գրախոսները, ամբիոնի դասախոսները միասնական Zoom հարթակի միջոցով հնարավորություն ունեն մասնակցելու առկա եղանակով կազմակերպվող պաշտպանությանը:

Վարչական համապատասխան ստորաբաժանումների (ՈՒՄՎ, ֆակուլտետներ) ղեկավարների հավաստմամբ՝ պաշտպանությունները կանցկացվեն հաստատված ժամանակացույցների համաձայն, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների, ուսանողների ու ավարտական աշխատանքների ղեկավարների պատասխանատու մոտեցմամբ:

2021թ. մայիսի 15-ին մեկնարկեց «Պատմություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմ. գիտ. դոկտոր Սամվել Անդրանիկի Պողոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 8 շրջանավարտ. 4-ը ստացավ «գերազանց», 1-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ համավարակի պայմաններում ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունն ու մասնագիտական ամբիոնը պատշաճ ձևով և բարձր մակարդակով էին կազմակերպել ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Պահպանված էին ավարտական աշխատանքների համար նախատեսված չափորոշիչները: Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավ­ման ուղղութ­յամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ ավարտական աշխատանքներում շրջանառվի առավել ընդգրկուն գրականություն:

Մայիսի 18-ին կկայանա «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը, մայիսի 20-21-ին՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», մայիսի 22-ին՝ «Օտար լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտությունների պաշտպանությունները:

Մայիսի 29-ին տեղի կունենան «Աշխարհագրություն», «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն» և «Դիզայն» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները: 

Բակալավրի որակավորում ստանալու առթիվ ԵՊՀ ԻՄ-ի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք «Պատմություն» մասնագիտության մեր շրջանավարտներին, նրանց մաղթում անձնական և մասնագիտական մեծ ձեռքբերումներ, նպատակների իրականացում, ամենայն բարիք, ավարտական կուրսերի մեր մյուս ուսանողներին ցանկանում ենք ամփոփիչ ատեստավորման հաջող ընթացք:

Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

1. գլխավոր

2021թ. մայիսի 7-ին Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, և հրավիրված էին մասնաճյուղի ստորաբաժանումների ղեկավարները:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգային հետևյալ հարցերը.

  1. Առկա ուսուցման՝ 2020-2021 ուստարվա ավարտական կուրսերի լուծարքային շրջանի ամփոփում (զեկուցողներ՝ ֆակուլտետների դեկաններ, Ա.Դավթյան):
  2. Առկա ուսուցման՝ 2020-2021 ուստարվա ավարտական աշխատանքների կատարման ընթացքի մասին (զեկուցողներ՝ ֆակուլտետների դեկաններ):
  3. Հաղորդում մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպման ընթացքի մասին (զեկուցող՝ Ա.Դավթյան):
  4. Ընթացիկ հարցեր.
    • Ավարտական կուրսերի ուսման վարձերի վճարման ընթացքի մասին (զեկուցող՝ Մ.Մխիթարյան)
    • Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների հիշատակը հավերժացնելու նպատակով միջոցառումների մշակման և կազմակերպման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կատարման մասին (զեկուցող՝ Հ.Մովսեսյան):

Առաջին հարցի կապակցությամբ ֆակուլտետների դեկաններն, ըստ կրթական ծրագրերի, ներկայացրին առկա ուսուցման ավարտական կուրսերի լուծարքային շրջանի արդյունքները: Նրանք մասնավորապես նշեցին, որ լուծարքային շրջանն ընթացել է ըստ նախատեսված ժամանակացույցի, բողոքներ չեն արձանագրվել: միայն Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 1 ուսանող, ունենալով ուսման վճարի խնդիր, չի ներկայացել քննություններին: Երկրորդ լուծարքային շրջանին ակադեմիական պարտք ունեցող 10 ուսանողներից (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ՝ 4, Կիրառական արվեստի ֆակուլտետ՝ 4, Բնական գիտությունների ֆակուլտետ՝ 1, Տնտեսագիտության ֆակուլտետ՝ 1) վերոնշյալ ուսանողը չի ներկայացել լուծարքներին:

Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ամփոփելով լուծարքային շրջանը, նշեց, որ 2020-2021 ուստարվա ավարտական կուրսերի լուծարքային շրջանն ընթացել է սահմանված կարգով, ըստ ժամանակացույցի: 150 շրջանավարտ (39-ը` անվճար, 111-ը` վճարովի հիմունքներով)  ավարտել է տեսական դասընթացները, միայն մեկ ուսանող չի մասնակցել լուծարքային շրջանին և չի մուծել ուսման վճարը:

Որոշվեց՝ առկա ուսուցման՝ 2020-2021 ուստարվա ավարտական կուրսերի լուծարքային շրջանի վերաբերյալ ֆակուլտետների դեկանների և ՈՒՄՎ պետի հաղորդումներն ընդունել ի գիտություն:

Երկրորդ հարցի վերաբերյալ ֆակուլտետների դեկանները նշեցին, որ 2020-2021 ուստարվա ավարտական կուրսերում նախապաշտպանություններն ընթանում են կարգով սահմանված ժամկետներում: Ավարտական որոշ կուրսերում արդեն ավարտվել են, մյուսներում՝ դեռևս ընթացքի մեջ են: Ավարտական աշխատանքները հիմնականում պատրաստ են, կան որոշակի թերություններ, որոնք մինչև պաշտպանությունները կշտկվեն: Այն կրթական ծրագրերում, որտեղ իրականացվել են նախապաշտպանությունները, նշանակվել և հաստատվել են նաև ավարտական աշխատանքների գրախոսները:

Այս հարցի կապակցությամբ Ա.Մակարյանը նշեց, որ խիստ հետևողական լինեն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգով սահմանված ժամկետների և ձևաչափերի պահպանմանը: Անկախ նրանից, թե ինչպես տեղի կունենան պաշտպանությունները (առկա, առցանց), պաշտպանության նշանակված ժամկետից առնվազն 5 օր առաջ ամբիոն պետք է ներկայացված լինի ուսանողի ավարտական աշխատանքի թղթային և էլեկտրոնային փաթեթը՝ աշխատանքը, ղեկավարի կարծիքը և գրախոսությունը (բոլորը pdf ձևաչափով), ինչպես նաև հրապարակային պաշտպանության ուսանողի ելույթի ppt պրեզենտացիան, իսկ ամբիոնի գործավարը հանձնաժողովի անդամներին պիտի ուղարկի բոլոր ուսանողների աշխատանքների էլեկտրոնային փաթեթները՝ ներառյալ ավարտական աշխատանքների գնահատման ձևաչափի էլեկտրոնային տարբերակը: Նա նաև նշեց, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձնել գրախոսություններին` հանձնարարելով գրախոսներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ գրախոսման աշխատանքներին, որոնց համար նրանք առանձին վճարվում են:

Տնօրենի պաշտոնակատարը հանձնարարեց ֆակուլտետների դեկաններին նախքան պաշտպանությունները ZOOM հարթակում կազմակերպել նախապատրաստական հանդիպումներ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների անդամների և նախագահների հետ` անցած տարվա օրինակով:

Որոշվեց՝ հանձնարարել դեկաններին և ամբիոնների վարիչներին հետևողական լինեն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգի պահպանմանը:

Երրորդ հարցի մասին ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում 12 կրեդիտ կուտակած 5 ուսանող դիմել են ակադեմիական պարտքերը մարելու համար, որից 3-ը՝ առկա, 2-ը՝ հեռակա ուսուցման համակարգից: Առկա ուսուցման 3 ուսանողից 1-ը հանձնել է, մյուս երկուսը չեն հաղթահարել քննությունները, սակայն ունեն ևս 1 հնարավորություն: Հեռակա ուսուցման համակարգի 2 ուսանող ևս ձախողել են քննությունների վերահանձնումը, բայց դարձյալ ունեն 1 հնարավորություն: 

Որոշվեց՝ առաջնորդվելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգով՝ թույլատրել վերոնշյալ ուսանողներին վերահանձնելու քննությունները:

Ընթացիկ առաջին հարցի վերաբերյալ գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը նշեց, որ ավարտական կուրսերի ուսման վարձերի վճարման ընթացքն ընդհանուր առմամբ բավարար է: Խնդիր կա միայն մի քանի ուսանողի դեպքում. առկա ուսուցման համակարգի 1 ուսանող ունի վարձավճարի պարտք, 5 ուսանողի ուսման վարձերը վճարվելու են պետության կողմից, քանի որ ծնողները մարտական գործողությունների մասնակիցներ են, 2 ուսանողի ուսման վարձը վճարվելու է ծնողների սոցիալական փաթեթներից:

Որոշվեց՝ հանձնարարել ֆակուլտետների դեկաններին հետևողական լինել ավարտական և մյուս կուրսերի ուսման վարձերի ժամանակին վճարմանը:

Ընթացիկ երկրորդ հարցի մասին զեկուցեց  Հ.Մովսեսյանը և տնօրենության նիստի մասնակիցներին ներկայացրեց 44-օրյա պատերազմում զոհված ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների հիշատակը հավերժացնելու նպատակով միջոցառումների մշակման և կազմակերպման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացի մասին:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության անդամները և ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան պատերազմում զոհված համալսարանականների հիշատակի միջոցառումների կազմակերպման վերաբերյալ իրենց առաջարկներով, որոնք հաշվի կառնվեն հանձնաժողովի աշխատանքներն իրականացվելիս:

Որոշվեց՝ Հ.Մովսեսյանի հաղորդումն ընդունել ի գիտություն: