Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական առցանց նիստը

Գիտխ.-ի նիստի նկար

2020թ. դեկտեմբերի 25-ին ZOOM հարթակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի տարեվերջյան նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. Հաղորդում 2020թ. ընդունելության արդյունքների մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):
  2. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյան):
  3. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գլխավոր հաշվապահ Մ. Մ. Մխիթարյան):
  4. Ընթացիկ հարցեր.
    1. 4.1  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը հաստատելու մասին:
    2. 4.2  «Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգը» հաստատելու մասին:

2020թ. ընդունելության արդյունքների մասին հաղորդման մեջ ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյանը մասնավորապես նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը բակալավրի առկա ուսուցմամբ 2020թ. ընդունելությունն իրականացրել է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված 12 մասնագիտությունների` 13 կրթական ծրագրերով: Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 266 դիմորդ: Ընդունելության քննությունների արդյունքներով հրամանագրվել է 188 ուսանող:

Բակալավրի հեռակա ուսուցմամբ ընդունելությունն իրականացվել է 7 կրթական ծրագրերով: Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է լրացրել 135 դիմորդ: Քննություններին մասնակցել է 113 դիմորդ (22 դիմորդ, ելնելով պատերազմական իրավիճակից, քննությունները հանձնել է պատերազմից հետո): Քննությունների արդյունքով հրամանագրվել է 88 ուսանող:

2020թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հեռակա ուսուցմամբ ընդունելություն է իրականացրել նաև «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագրով: Մասնաճյուղում անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրել և ընդունելության դիմում-հայտ է լրացրել 38 դիմորդ: Ընդունելության հարցազրույցի և քննության արդյունքներով հրամանագրվել է 25-ը (6 դիմորդ չի ներկայացել, 7 դիմորդ դուրս է մնացել մրցույթից):

2020-2021 ուստարում մասնաճյուղ է դիմել բակալավրի կրթական ծրագրով 434 դիմորդ, մագիստրատուրայի կրթական ծրագրով՝ 38 դիմորդ: Արդյունքում մասնաճյուղում հրամանագրվել է բակալավրի կրթական ծրագրով 308 ուսանող, մագիստրատուրայի կրթական ծրագրով՝ 32 ուսանող:

Որոշվեց 2020թ. ընդունելության արդյունքների մասին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Ց. Դավթյանի հաղորդումը ընդունել ի գիտություն:

2019-2020 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը մասնավորապես նշեց, որ հաշվետու ուստարում մասնաճյուղի գործունեությունն իրականացվել է 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նպատակներին և նրանց իրականացման պլան-ժամանակացույցին համապատասխան՝ կարևորելով կրթության որակը և նրա շարունակական բարելավումը:

 Ա.Մակարյանը թվական տվյալներ ներկայացրեց 2020-21 ուսումնական տարում բակալավրատի առկա և հեռակա ուսուցման ձևերով և մագիստրատուրայի հեռակա ուսուցման ձևով ուսանողների ընդունելության և շարժի վերաբերյալ:

Մասնաճյուղում բարձրորակ և խորը մասնագիտական ուսումնառությունն ապահովում է նրա բարձրակարգ գիտամանկավարժական կազմը: 2019-20 ուսումնական տարում մասնաճյուղում դասավանդել են հիմնական և համատեղությամբ աշխատող 117 դասախոս, այդ թվում՝ 10 պրոֆեսոր (8,6%), 43 դոցենտ (36,8%), որոնցից գիտական աստիճանով՝ 8 դոկտոր և 62 թեկնածու. գիտական աստիճան ունեցող դասախոսների հաշվեկշիռը 59,9% է: Մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում դասավանդում են ՀՀ նկարիչների միության 7 և դիզայներների միության 1 անդամ:

Մասնաճյուղի ղեկավարությունը մշտապես աջակցում ու խրախուսում է իր դասախոսների հետազոտական և մեթոդաբանական գործունեությունը: ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդում 2019թ. դեկտեմբերին հաստատվել է «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման» կարգը, որի համաձայն՝ 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համար աշխատակիցները կստանան շուրջ 500 հազ. դրամ լրավճար:

2019-20 ուսումնական տարում մասնաճյուղում շարունակվել է «Կրեդիտային համակարգով ԵՊՀ դասախոսկան կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի» 2016-21 թթ. շրջափուլի իրականացումը:

Մասնաճյուղն առանձնահատուկ ուշադիր է ուսումնական գործընթացի անխափան և հարմարավետ կազմակերպման նկատմամբ: Հաշվետու ուսումնական տարում վերանորոգվել են լսարանները, լաբորատորիաները և արվեստանոցները, նրանց համար ձեռք է բերվել անհրաժեշտ գույք, տեղադրվել են տեսահսկման սարքեր:

Մասնաճյուղը վարում է կայուն ֆինանսական և ռեսուրսախնայողության քաղաքականություն, աշխատավարձերը վճարվում են առանց ուշացումների, 2-րդ կիսամյակի առցանց ուսումնառությունն իր հերթին ապահովել է որոշակի խնայողություն: Ֆինանսների հոսքեր ապահովվել են նաև 2019 թվականին ներդրված ավանդների գծով՝ դրանք ավելացնելով 270 մլն դրամով:

Սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում մասնաճյուղը 2020թ. մարտին «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ առաջին անգամ մասնաճյուղի 151 հիմնական աշխատակից մինչև տարեվերջ կունենա առողջության ապահովագրություն:

Մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 2019-20 ուսումնական տարում իրականացվել են մի շարք համագործակցային ծրագրեր, որոնց նպատակն է եղել ուսանողներին ներգրավել մարզի հիմնախնդիրների, ուսանողների կարիքների, սոցիալական և տնտեսական խնդիրների ուսումնասիրմանը, վերհանմանը և հնարավորության դեպքում դրանց լուծմանը:

Մասնաճյուղի ուսումնագիտական և մարզամշակութային առօրյան ձևավորում են ուսանողական կառույցները՝ Ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական ընկերությունը, որոնք  2019-20 ուստարում իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ գիտաժողովներ, ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր, գրական-գեղարվեստական միջոցառումներ, մրցույթներ, ցուցահանդեսներ և այլն:

Որոշվեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությունն ընդունել ի գիտություն:

Այնուհետև գիտխորհրդի անդամները լսեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին գլխավոր հաշվապահ Մ. Մ. Մխիթարյանի հաղորդումը: Նա մասնավորապես նշեց, որ նախահաշվի հոդվածների ցուցանիշները կազմվել են նախորդ տարվա նախահաշվի կատարողական ցուցանիշների, ինչպես նաև կանխատեսումների և պլանավորման հիման վրա:

2021թ. նախահաշվի եկամուտները և ծախսերը հավասարակշռված են, և դրանք կազմում են 496.100.5 (չորս հարյուր իննսունվեց միլիոն հարյուր հազար հինգ հարյուր դրամ):

Եկամուտների 60%-ը գոյանում է վճարովի ուսուցման ծառայություններից, իսկ ծախսերի ամենամեծ հոդվածը («Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ և դրան հավասարեցված վճարումների ծախսեր»), որը կազմում է ծախսերի 86%-ը:

Որոշվեց.

  • Հաստատել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 2021 թվականի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագիծը՝ համաձայն հավելված 3-ի:
  • Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 2021 թվականի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը ներկայացնել Երևանի պետական համալսարան՝ հաստատման:

Ընթացիկ հարցերի կապակցությամբ որոշվեց քվեարկության արդյունքներով հաստատել.

  • «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը,
  • Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգը:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին կտրամադրվեն «Ռեստարտ Իջևան» կազմակերպության անվանական կրթաթոշակներ

Ռեստարտի հետ հուշագրի նկարը

2020թ. դեկտեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական հասարակական կազմակերպության (ի դեմս գործադիր տնօրեն Մելինե Գևորգյանի) միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

 

Հուշագիրը նպատակաուղղված է աջակցելու ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին՝ նրանց տրամադրելով անվանական կրթաթոշակներ:

 

Երկկողմ համագործակցությունը կիրականացվի հետևյալ հարցերի շուրջ.

  1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ փոխհամագործակցային կապերի ձևավորում,
  2. աշխատանքային քննարկումների կազմակերպում՝ ըստ անհրաժեշտության,
  3. անվանական կրթաթոշակների տրամադրման հարցում չափանիշների սահմանում,
  4. ուսանողների նախնական/վերջնական ընտրության կազմակերպում,
  5. անվանական կրթաթոշակների փոխանցման կազմակերպում:

Համագործակցության շրջանակներում ներկա պահին նախատեսվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող, սակայն սոցիալապես անապահով 15 ուսանողի տրամադրել ամենամսյա ֆինանսական աջակցություն:

 

Մասնաճյուղի կողմից ներկայացված անվանական կրթաթոշակի հավակնորդների ցանկից «Ռեստարտ Իջևան» կազմակերպությունը կիրականացնի ուսանողների վերջնական ընտրություն և կկազմակերպի սահմանված գումարի փոխանցում:

 

ԵՊՀ ԻՄի և «Ռեստարտ Իջևան»-ի միջև կնքված համագործակցության հուշագիրը տե՛ս այստեղ:

Մեր դասախոսները զեկուցումներով հանդես եկան Ավ. Իսահակյանի ծննդյան 145-ամյակին նվիրված առցանց գիտաժողովում

1. գլխավոր

2020թ. հոկտեմբերի 30-ին լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակը, որի առթիվ Ավետիք Իսահակյանի երևանյան տուն-թանգարանը նախաձեռնել էր իրականացնել գիտաժողով:

 

Համաճարակի (COVID-19) հետ կապված սահմանափակումների երկարաձգման պատճառով գիտաժողովը իրականացվել է ս.թ. դեկտեմբերի 17-ին և 18-ին ZOOM հարթակում:

 

Գիտական առցանց ընթերցումներին մասնակցել են նաև ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներ, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը և Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Է.Թեմրազյանը:

 

Բացման խոսքով հանդես եկան Ավ. Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը:

 

Ավիկ Իսահակյանն իր խոսքում նշեց, որ գիտաժողովի մասնակիցների կողմից ընտրվել են բավականին հետաքրքիր թեմաներ: Նա հատկապես ընդգծեց մեր դասախոսների զեկուցումների թեմաները, որոնց հետ կապված հրապարակված հոդված չկա:

 

Վ.Ավագյանը ներկայացրեց «Ավետիք Իսահակյանի և Արշակ Չոպանյանի առնչություններից» թեմայով զեկուցումը

 

Է.Թեմրազյանը հանդես եկավ «Հանճարների բարեկամությունը. Ավետիք Իսահակյան և Հովհաննես Մասեհյան» զեկուցումով:  

 

Երկօրյա գիտական ընթերցումների ամբողջական օրակարգը կարող եք տեսնել այստեղ:

 

Տեսաձայնագրությունը հասանելի է հետևյալ հղումով:

 

Գիտական ընթերցումների նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Կայացավ «Русский мир и Армения» գիտական քննարկումը

1. գլխավոր

ԵՊՀ ԻՄ-ի նորաբաց Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնում տեղի ունեցավ «Русский мир и Армения» խորագրով գիտական քննարկումը, որին մասնակցեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ և դասախոսներ:

 

Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանը, հանդես գալով բացման խոսքով, ներկայացրերց քննարկման կարևորությունը հայ և ռուս ազգերի ավանդական դարձած գրական կապերի համատեքստում՝ այն դիտարկելով հետխորհրդային աշխարհագրական տարածքում:

 

Ուսանողներն իրենց ելույթներում անդրադարձան քրիստոնեական արժեքներ դավանող երկու ազգերի մշակույթների ընդհանրություններին:

 

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. ՄՍարուխանյանը իր խոսքում շեշտեց այն հանգամանքը, որ միջմշակութային կապերը դիտարկելիս անհրաժեշտ է սահմանազատել դրանք քաղաքական գործոններից։ Բանախոսը էապես կարևորեց նաև նման ձեռնարկները գիտական հիմքերի վրա կառուցելու անհրաժեշտությունը։

 

Վերջում ներկաները համոզմունք հայտնեցին, որ նման քննարկումները շարունակական բնույթ կկրեն, և կանդրադառնան գիտական արժեք ներկայացնող համանման հրատապ թեմաների:

 

Մասնաճյուղը ԵՄ և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրի կոնսորցիումի անդամ է

1. գլխավոր

2020թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացաշարի առաջին դասը, որի բանախոսն էր ԵՊՀ սերվիսի ամբիոնի դասախոս, ա.գ.թ., դոցենտ Գոռ Ալեքսանյանը:

Դասընթացն իրականացվում է «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի մասնակիցներն են Տավուշի տուրիզմի զարգացման գործակալությունը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, «Իջևան Ինֆոտուն» և «Արտակարգ ալիք» ՀԿ-ները:

Բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալության գործադիր տնօրեն, ծրագրի համակարգող Սյուզաննա Պետրոսյանը՝ ողջունելով բոլոր գործընկերներին ու մասնակիցներին, մաղթելով բարի ընթացք:

Ողջույնի խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ընդգծելով Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության հետ մասնաճյուղի համագործացության կարևորությունը, մարզի զբոսաշրջության զարգացման գործում նման դասընթացների իրականացման նշանակությունը:

Ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կիրականացնի հետազոտական հմտությունների ձևավորմանը և Content Writing-ին (բովանդակության կազմում) առնչվող դասընթացները, ինչպես նաև ծրագրի մասնակիցներին կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն: Բացի այդ, դրամաշնորհի հաշվին ձեռք բերված տեխնիկան կօգտագործվի կրթական նպատակներով նույնպես. այն թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողների մասնագիտական պրակտիկան:

Առաջին դասի ընթացքում Գոռ Ալեքսանյանը բանախոսեց հետևյալ 5 թեմայի շուրջ.

  1. «Նորարարական մտածողության հիմքերը. ի՞նչ է նորարարությունը»,
  2. «Նորարարությունները զբոսաշրջության մեջ և զարգացման միտումներ»,
  3. «Հետազոտությունը որպես նորարարության հիմք»,
  4. «Հետազոտության տեսակները և դասակարգումը»,
  5. «Զբոսավարական աշխատանքների իրականացման առանցքային հետազոտական մեթոդները»:

Բանախոսը, անդրադառնալով «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացի առաջին սկզբունքին՝ նորարարությանը, ընդգծեց, որ ստեղծարարությունը գործունեության մեջ դառնում է նորարարություն:

Դասընթացի առաջին դասն ամփոփելով՝ Ս.Պետրոսյանը նշեց. «Սիրելի՛ գործընկերներ, այսօր մեկնարկեցինք «Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման» դասընթացաշարը: Նորարարական մտածողության հիմքը դրեցինք բանախոս Գոռ Ալեքսանյանի օգնությամբ: Բովանդակալից դասընթացից հետո բոլորիս մաղթում եմ շարունակական արդյունավետ և հաճելի աշխատանք»:

Դասընթացի օրակարգը տե՛ս այստեղ:

Հավելենք, որ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: