ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ն և ՈՒԽ-ն նախաձեռնել են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրում՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով

Հայտ. նկար (1)

Սիրելի՛ ուսանողներ, աշխատակիցներ, հայրենակիցներ, Արցախում ծավալվող պատերազմական իրադրությամբ պայմանավորված՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ուսանողական գիտական ընկերությունը և Ուսանողական խորհուրդը նախաձեռնել են անհրաժեշտ իրերի` ծխախոտի, պահածոյացված ու չփչացող սննդի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների հավաքագրում՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով:

 

Այս օրերին առավել, քան երբևէ անհրաժեշտ է մեր միասնականությունը թիկունքում՝ հանուն մեր հերոս եղբայրների:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցների նախաձեռնությանը միանալու համար նախատեսվող պարագաները կարող եք բերել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (ՈՒԽ և ՈՒԳԸ սենյակ), այսօր՝13:00-ից մինչև 21:00-ն:

Հավաքագրումը շարունակվելու է մի քանի օր:

 

Կոնտակտային տվյալներ՝

098121259 / 077132700

 

ԵՊՀ ԻՄ-Ի ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ 

ԵՊՀ ԻՄ-Ի ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 

Մասնաճյուղը միացել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին

ԵՊՀ-ԻՄ-նկ.

2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը:

 

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հաստատակամորեն կասեցնում է թշնամու առաջխաղացման փորձերը: Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցուցաբերում են ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:

 

Այս վճռական պահին համայն հայությունը համախմբվել, դարձել է բռունցք՝ միասնությամբ հասնելու հերթական հաղթանակին, որի կերտման գործում անչափ կարևոր է յուրաքանչյուրիս, ամենի մի հայի անմնացորդ նվիրումն ու ներդրումը՝ լինի ֆիզիկապես, հոգեպես, թե նյութապես:

 

Արցախին աջակցելու նպատակով սեպտեմբերի 27-ից սկսվել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքարշավը:

 

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ևս միացել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքարշավին՝ հատուկ բացված հաշվեհամարին փոխանցելով 1.000.000 ՀՀ դրամ:

 

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 29-րդ տարեդարձը

Սեպտ.-ի 21-ի նորութ. նկար

2020թ. սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-ամյակը:

29 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991թ. մարտի 1-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:  

Հայ ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը՝ դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին, ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Ենթադրվում էր, որ անկախությունը նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի համար: Որպես Հանրապետություն՝ Հայաստանն արդեն ունակ էր լինելու ստեղծել սեփական դիվանագիտական կապերը տարբեր երկրներում և վարել ակտիվ քաղաքականություն:

Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը փորձում է զարգացանել կապերը տարածաշրջանում:

Այս տարիների մեծագույն նվաճումն արյան գնով Արցախյան պատերազմում տարած հաղթանակն էր, նորօրյա ապրիլյան հերոսացման ուղին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անկախ Հայաստանը ցույց տվեց, որ ունի հզոր բանակ և անհրաժեշտ զինտեխնիկա՝ ամեն պահի թշնամուն հետ մղելու համար:

Այսօր ամբողջ հայությամբ տոնում ենք մեր ազատ ու անկախ հանրապետության տոնը:

Սիրով շնորհավորում ենք հայ ժողովրդին՝ ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում պետության ու պետականության ամրապնդում ու հզորացում, խաղաղ և ստեղծագործ աշխատանք, բարօրություն, երջանկություն, նոր հաղթանակներ:

«Տեսանյութերը որպես դասավանդման գործիք» թեմայով վերապատրաստում դասախոսների համար

Հայտ. նկար

Հարգելի´ դասախոսներ, 2020թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպելու է Կրեդիտային համակարգով ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլի  «Տեսանյութերը որպես  դասավանդման գործիք»  12 ակադեմիական ժամ տևողությամբ  վերապատրաստման  դասընթացը (1 ECTS կրեդիտ):

Դասընթացը կվարի ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության  ֆակուլտետի  միջմշակութային  հաղորդակցության  անգլերենի  ամբիոնի  դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Մարինե Հարությունի  Յաղուբյանը:  

Վերապատրաստման դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել տեսանյութների միջոցով դասավանդման մի քանի ռազմավարական ձևերին:

Դասընթացի ժամանակ դասախոսներին կներկայացվեն ոչ միայն տեսանյութերի կիրառման արդյունավետությունը դասավանդման և ուսուցման գործընթացում, այլև գործիքներ, որոնք կնպաստեն ուսուցման մեթոդների կատարելագործմանը:

Դասընթացի հաջող ավարտին մասնակիցներն ունակ կլինեն՝

  • մեկնաբանել դասավանդման և ուսուցման գործընթացում տեսանյութերի կիրառման արդյունավետությունը,
  • կիրառել տարատեսակ հնարքներ տեսանյութերի պատրաստման ընթացքում,
  • բացահայտել տարբեր տեխնիկական միջոցներ և հնարավորություններ, որոնց միջոցով տեսանյութը կարելի է արդյունավետ օգտագործել,
  • տիրապետել էլեկտրոնային տարբեր կրթական ծրագրերին, որոնց միջոցով կօգտագործվեն տեսանյութերը:

Դասընթացի ունկնդիրը պետք է ունենա դյուրակիր համակարգիչ՝ ներկառուցված խոսափողով և տեսախցիկով,  որոնք աշխատում են  Microsoft Windows կամ Mac OS-ում:

Մասնակցելու համար կարող եք մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ գրանցվել հետևյալ  հղումով՝ https://forms.gle/mMAeJDzvsmytbDXj8:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 40 60 32:

Կայացավ տնօրենության հերթական նիստը

1. գլխ. 5DSCN4282

2020թ. սեպտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Տնօրենության նիստում, հաշվի առնելով ստորաբաժանումների ղեկավարների առաջարկությունները, լրամշակվեց և հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը:

Քննարկվեցին նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքին, 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման, ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական տարակարգերի աշխատողների համար աշխատանքային նկարագրերի կազմմանը, վարչական, ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական տարակարգերի աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգի կազմմանը, ըստ ԵՊՀ ԻՄ 2016-2020 զարգացման ռազմավարական ծրագրի՝ ստորաբաժանումների խնդիրներին  վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարները նշեցին, որ պատրաստ են բոլոր դասացուցակները, դրանք տեղադրված են մասնաճյուղի կայքէջում: Դասախոսները ստացել են իրենց վերջնական ծանրաբեռնվածությունները, ZOOM հարթակի  մուտքաբառերը և գաղտնաբառերը: Ուսանողներին նույնպես ուղարկվել են անհրաժեշտ հղումները: Դեկանների պաշտոնակատարների զեկույցների քննարկման հիման վրա նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը տնօրենության կողմից գնահատվեց բավարար:

2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման ընթացքի վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը՝ նշելով, որ 1-ին և 2-րդ լուծարքներն իրականացվում են ըստ հաստատված ժամանակացույցի, առցանց եղանակով: Առաջին լուծարքային շրջանը տեղի է ունեցել ս.թ. օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 8-ը, իսկ երկրորդը կիրակացվի սեպտեմբերի 14-ից 22-ը:

Որոշվեց 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման ընթացքի մասին Ա.Դավթյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական տարակարգերի աշխատողների համար աշխատանքի նկարագրերի ու վարչական, ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական տարակարգերի աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգի կազմման կապակցությամբ որոշվեց սեղմ ժամկետներում դրանք վերջնական տեսքի բերել և ներկայացնել տնօրենության հաստատմանը:

Ըստ ԵՊՀ ԻՄ-ի 2016-2020 զարգացման ռազմավարական ծրագրի՝ ստորաբաժանումների խնդիրների վերաբերյալ զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Նա ներկայացրեց նախապես առանձնացրած այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն, հասցվել են ավարտուն տեսքի, ունեն պարբերական բնույթ, որոնք այս իրավիճակում հնարավոր չէ իրականացնել:

Որոշվեց ՌԾ-ի կարճաժամկետ (2020 սեպտեմբեր – դեկտեմբեր) պլանը 5 օրվա ընթացքում վերջնական տարբերակով տրամադրել ստորաբաժանումներին՝ 2020-21 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ՌԾ-ի իրենց գործողությունները պլանավորելու համար:       

Ընթացիկ առաջին հարցը վերաբերում էր ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում ստորաբաժանումների վերաբերյալ ինֆորմացիայի թարմացմանը, որի կապակցությամբ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց հետևել համապատասխան էջերին և տրամադրել անհրաժեշտ նորացված տեղեկատվություն:

Երկրորդ հարցը վերաբերում էր ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրվող «Մոնթե Մելքոնյան» և «Վազգեն Սարգսյան» անվանական կրթաթոշակների հավակնորդների առաջադրմանը և տրամադրմանը, որի կապակցությամբ որոշվեց նշված կրթաթոշակները տրամադրել բարձր առաջադիմություն և ակտիվ հասարակական գործունեություն ունեցող հետևյալ ուսանողներին.

 

  1. Մուրադյան Մանուելա Հարությունի («Անգլերեն լեզու և գրականություն» 4-րդ կուրս),
  2. Սանթրոսյան Դիանա Արտակի («Ֆինանսներ» 2-րդ կուրս):

Երրորդ ընթացիկ հարցը վերաբերում էր համավարակի պայմաններում 2020թ. սեպտեմբերի 15-ից ամբողջ ծավալով աշխատանքների իրականացման ընթացքում աշխատակազմի ջերմաչափմանը և գրանցումների կազմակերպմանը: Հաշվի առնելով, որ ավելանալու է աշխատակիցների և ուսանողների հոսքը, որը կուտակումներ կառաջացնի, մասնաճյուղի մուտքի մոտ կկազմակերպվի միայն ջերմաչափումը, իսկ գրանցումները կիրականացվեն 3 տեղ. ուսումնաօժանդակ կազմինը՝ Հումանիտար և Տնտեսագիտության ֆակուլտետներում, վարչականինը՝ վարչական մասնաշենքում: Ըստ այդմ՝ առաջարկվեց ԵՊՀ ԻՄ-ի վարչական, ինժեներատեխնիկական և տնտեսական անձնակազմի 9 ստորաբաժանումների աշխատակիցների հաճախումների համար ներդնել գրանցամատյան, որը թույլ կտա միաժամանակ հետևել աշխատանքային ռեժիմի պահպանմանը: Որոշվեց համավարակի պայմաններում աշխատակիցների ելքն ու մուտքը համակարգելու և նրանց աշխատանքային կարգապահությունը բարձրացնելու նպատակով ներդնել հաճախումների գրանցամատյան:

Ընթացիկ չորրորդ հարցը վերաբերում էր ստորաբաժանումների կողմից Էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչների թեկնածուների առաջադրմանը, որի կապակցությամբ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց 7 օրվա ընթացքում ներկայացնել իրենց առաջադրած թեկնածուներին: