«Յոթը սարի ետևում…» մրցույթ-փառատոնին մասնակցելու հրավեր ԿԳՄՍՆ կողմից

Մրցույթ-փառատոնի հայտ.  նկարը

Հովհաննես Թումանյանի թանգարանը «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿի հետ իրականացնում է «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթփառատոնը:

Եթե ապրում ես Հայաստանի չքնաղ գյուղերից կամ քաղաքներից մեկում, սիրում ես ընկերներիդ հետ գնալ արկածների և բացահայտումների հետևից, ապա այս մրցույթ-փառատոնը քեզ հուշելու է, թե որտեղ են ամենահետաքրքրական և թանկարժեք գանձերը, ինչպես որոնել և բացահայտել դրանք:

Փառատոնի մասնակիցները ստանձնում են հետախույզ-գիտնականի գործառույթ, նրանց խնդիրն է իրենց հայրենի բնակավայրի մշակութային ժառանգության՝ բոլորին անհայտ կամ քիչ հայտնի հուշարձանի հետազոտումը, պահպանումը և հանրայնացումը:

Փառատոնի մասնակիցների համար ուսումնասիրության առարկա կարող են լինել բնակավայրի տարածքում եղած պատմաճարտարապետական հուշարձանները, հնատիպ կառույցները, պաշտամունքային կոթողները, ազգագրական նյութերը, գյուղին կամ քաղաքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ պարեր, արհեստներ, բաղադրատոմսեր, երգեր, առասպելներ և այլն:

Լավագույն ուսումնասիրությունները կարժանանան դրամական և խրախուսական մրցանակների:

Մասնակցության կանոններին, հայտադիմումը լրացնելուն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://bit.ly/304ewvK:

Մրցույթ-փառատոնի ժամկետները՝

  • Հայտերի ընդունման ժամկետ՝ 07 – 10. 08. 2020թ.
  • Ուսումնասիրությունների փուլ՝ 07 – 10. 09. 2020թ.
  • Արդյունքների ներկայացում՝ 10 – 15. 09. 2020թ.
  • Արդյունքների ամփոփում՝ 09. 2020թ.:

Լրացուցիչ հարցերի համար՝

Առաջնային կապի միջոցներ՝ competitionfestival@gmail.comcompetition.festival@gmail.com

Պաշտոնական ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/groups/YoteSariEtevum/

Հեռ. (+374 010) 560021

«Յոթը սարի ետևում…» մրցույթ-փառատոնին վերաբերող փաստաթղթային փաթեթը տե՛ս այստեղ:

 

Հայտնի են ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա թափուր տեղերի մրցույթի արդյունքները

Թափուր

Սիրով տեղեկացնում ենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2020-2021 ուստարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի արդյունքները:

 

Ըստ այդ արդյունքների՝ վճարովի  ուսուցման թափուր տեղերի մրցույթով 2020-2021 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է ընդունվել 15 դիմորդ, որոնց շնորհավորում ու մաղթում ենք հաջողություններ ուսման մեջ և կյանքի հաջորդ փուլերում:

 

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա թափուր տեղերի մրցույթի արդյունքները տե՛ս այստեղ:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի շնորհավորական ուղերձը մասնաճյուղի՝ 2020թ. շրջանավարտներին

Ուղերձի նկարը

  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի սիրելի՛ շրջանավարտներ, շատ կցանկանայի, որ ձեր կյանքում կատարվող այս նշանակալից տոնական իրադարձությունը՝ Մայր բուհի շրջանավարտի դիպլոմ ստանալու արարողությունը, տեղի ունենար մեր մասնաճյուղում, ձեր և  մեր՝ դասախոսական կազմիս երկուստեք ջերմ ու սրտառուչ հանդիպման պարագայում: Բայց, ցավոք, մոլորակում տարածված համավարակը, ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրությունը խոչընդոտեցին  այս միջոցառման հետ կապված մեր ծրագրերի իրականացումը…

Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս անմոռանալի տոնի առթիվ, բոլորիդ մաղթում բարի երթ և մեծ հաջողություններ մասնագիտական կյանքի հաջորդ բոլոր փուլերում:

Դուք, բարձր գիտելիքներ դրսևորելով, պատասխանատվության ու գիտակից հասունության քննություններ հանձնեցիք, ավարտական  հիանալի աշխատանքներ  պաշտպանեցիք՝ ապացուցելով մեծ կյանք մտնելու համար ձեր պատրաստականությունը և պատրաստակամությունը՝ ձեր նպաստը բերելու մեր երկրի փայլուն ապագայի կերտմանը, ձեր ուրույն ներդրումն ունենալու հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում, և այսօր Մայր բուհի՝ ձեզ շնորհվող դիպլոմը հայաստանյան աշխատաշուկայում ինտեգրվելու մեծագույն երաշխիքն է:

Մեր մասնաճյուղում հնարավոր ամեն ինչ արվել է կրթության որակի բարձրացման, ձեր մասնագիտական կրթական վերջնարդյունքների լիարժեք ձևավորման համար, և  կարծում եմ, որ ուսումնառության տարիները  դա ապացուցել և արդարացրել են ձեր ակնկալիքները:

Կրթությունն է այն ամենահզոր զենքը, որով կարելի է բարեփոխել աշխարհը, և այն շարունակական պիտի լինի բարձր որակավորմամբ մասնագետ դառնալու համար: Վստահ եմ՝ դուք  ձեր ստացած գիտելիքներով կլինեք պահանջված մասնագետներ թե՛ որպես լեզվաբան, պատմաբան ու մանկավարժ, թե՛ որպես տնտեսագետ ու բնագետ, թե՛ որպես կիրառական արվեստի շնորհաշատ շրջանավարտներ՝ փառքով պսակելով նաև մեր բուհի անունը…

Սիրելի՛ շրջանավարտներ, կրկին մաղթում եմ ձեզ հաջողություններ և՛ մագիստրատուրայում, ուր սովորելու կգնաք, և՛ մասնագիտական աշխատանքների բոլոր ոլորտներում:

Թո՛ղ խաղաղ լինեն Տավուշ աշխարհի բոլոր լուսաբացներն ու մայրամուտները,  և դուք՝ որպես մարդկային լավագույն որակներով օժտված  հայրենասեր անհատներ, մեծագույն խանդավառությամբ ու ներշնչանքով աշխատանքային սխրանքներ գործեք՝ ձեր մասնագիտական գիտելիքներն ի սպաս դնելով մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին…

Բարի երթ ձեզ, ամենայն բարիք բոլորիդ, անձնական հաջողություններ ու երջանկություն…

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,

ֆիզ.մաթգիտթեկն., դոցենտ Անուշավան Մակարյան

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է 2020-2021 ուստարվա դիմում-հայտերի ընդունելության լրացուցիչ փուլը

1. հայտ. նկար

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողովը տեղեկացնում է, որ մասնաճյուղի բոլոր կրթական ծրագրերի վճարովի ուսուցման համակարգում առկա են թափուր տեղեր:

 

Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել ընդունելության քննությունից դրական միավոր ստացածսակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը հուլիսի 20-22-ը՝ ժամը 18.00-ն, dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով:

 

Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:

 

Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին՝

 

  • եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր,
  • եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության քննությունների ցանկում:

Առավելությունը տրվում է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը:

 

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին:

 

Հայտնի են ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա ընդունելության արդյունքները

ԵՊՀ-ԻՄ-նկ.

Մեր համալսարանականներին և արտաքին շահակիցներին սիրով տեղեկացնում ենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից արդեն հրապարակվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2020-2021 ուստարվա ընդունելության արդյունքները:

ԵՊՀ ԻՄ-ի ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մասնաճյուղ ընդունված մեր բոլոր դիմորդներին՝ նրանց մաղթելով ուսման մեջ մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ, նպատակասլացություն, ԵՊՀ ԻՄ-ի ուսանող լինելու կոչումը պատվով կրելու պատասխանատվություն, ամենայն բարիք:

Անվճար ուսուցման մրցույթի արդյունքները տե՛ս այստեղ:

Վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները տե՛ս այստեղ:

Ներբուհական քննությամբ ընդունելության արդյունքները տե՛ս այստեղ: