ԵՊՀ ԻՄ -ի՝ 2020թ. շրջանավարտների ձեռքբերումներն ու բացթողումները՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների աչքերով

  2020թ. մայիսի 16-ից 30-ը կայացել է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 9 մասնագիտության գծով ավարտական աշխատանքների առցանց պաշտպանությունները:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ ԻՄը, հետևելով Մայր բուհում ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի առցանց իրականացման վերաբերյալ որոշմանը, նախատեսել էր ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն ու պաշտպանությունները  նույնպես կազմակերպել առցանց, միասնական Zoom հարթակում:

Վարչական համապատասխան ստորաբաժանումների (ՈՒՄՎ, ֆակուլտետներ) ղեկավարների հավաստմամբ՝ պաշտպանություններն իրականացվել են պատշաճ կարգով, համաձայն հաստատված ժամանակացույցների, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները, ուսանողներն ու ավարտական աշխատանքների ղեկավարները դրանց մոտեցել են պատասխանատվությամբ:

2020թ. մայիսի 16-ին կայացել է «Պատմություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան, պ․գ․թ․, դոցենտ Հայկ Իշխանի Գրիգորյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 11 շրջանավարտ, որոնցից 3-ը ստացավ «գերազանց», 4-ը՝ «լավ», 4-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ Հայաստանում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում համալսարանի ղեկավարությունն ու մասնագիտական ամբիոնը պատշաճ ձևով և բարձր մակարդակով էին կազմակերպել ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Պահպանված էին ավարտական աշխատանքների համար նախատեսված չափորոշիչները: Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավ­ման ուղղութ­յամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ հաջորդ տարիներին ավելի շատ աշխատանքներ լինեն հին շրջանից և միջնադարից: 

Մայիսի 22-ին տեղի է ունեցել «Դիզայն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ՆՄ և ՀՀ ԴՄ անդամ, ՌԴ ՆՄ անդամ Էդվարդ Գագիկի Ամիրբեկյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 15 շրջանավարտ, որոնցից 6-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ» գնահատական:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահը ցանկություն է հայտնել, որ ուսանողներն ավելի լավ ըմբռնեն դիզայնի և ճարտարապետության հիմնական տարբերությունները. «Ճարտարապետությունը ստատիկ է, դիզայնը՝ դինամիկ: Դիզայնը ներշնչված է ապագայով, ճարտարապետությունը՝ անցյալով: Ճարտարապետությունը դիմում է մշակույթին և առասպելին, դիզայնը՝ գիտությանը և տեխնոլոգիաներին: ճարտարապետությունը ձգտում է հավերժության, դիզայնը` ակնթարթության: Ճարտարապետությունը բնակեցված քանդակ է, դիզայնը՝ բնակեցված գովազդ: Ճարտարապետությունը գեղատեսիլ է, դիզայնը` պլակատային և այլն»:

Մայիսի 23-ին կայացել են «Հայոց լեզու և գրականություն», «Տնտեսագիտություն» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

«Հայոց լեզու և գրականություն»  մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լեզուների ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Լավրենտի Աշոտի Միրզոյանը:       

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 14 շրջանավարտ, որոնցից 8-ը ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ավարտական աշխատանքների պաշտպանությունը կազմակերպված էր բարձր մակարդակով: Շրջանավարտները ներկայացրին ծրագրին համահունչ աշխատանքներ՝ հստակ հարցադրումներով, շարադրանքով, պատասխանները փայլուն էին, թեմաները՝ բազմազան:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման  ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է ավարտական աշխատանքների թեմաներում ընդգրկել Տավուշի մարզի (ծննդով) գրողներին՝ Վախթանգ Անանյան, Մովսես Արազի, Մարո Մարգարյան, Մաթևոս Դարբինյան, Արտաշես Քալանթարյան, Ժիրայր Անանյան, Արամայիս Սահակյան, Բենիկ Սեյրանյան, Իգնատ Մամյան, Վանո Սիրադեղյան, գյուղագիրներ Հարություն Ճուղուրյան, Արշակ Ագապյան, Հ.Քաջբերունի, ժողովրդական բանահյուսությունը, խոսվածքները (Տավուշի, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի) և այլն:

«Տնտեսագիտություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ, տ․գ․թ․ Գագիկ Գրիգորի Աղաջանյանը:  

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 24 շրջանավարտ, որոնցից 5-ը ստացավ «գերազանց», 12-ը՝ «լավ», 7-ը՝ «բավարար:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման  ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է մինչև ավարտական աշխատանքների թեմաների ընտրությունը հանդիպել խոշոր կազմակերպությունների և պետական տնտեսական քաղաքականություններ իրականացնող կառույցների պատասխանատուներին՝ վերջիններիս կողմից պահանջված խնդիրների բացահայտման և թեմաների սահմանման համար, ավարտական աշխատանքների պաշտպանությունից հետո դրանք ներկայացնել նաև վերոնշյալ կազմակերպությունների և կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է ուսանողներին և դասախոսներին հնարավորինս ներգրավել մակրո և միկրոտնտեսական քաղաքականությունների մշակման մեջ։ Մասնավորապես՝ անհրաժեշտ է մասնավոր կազմակերպությունների և պետական տնտեսական քաղաքականություններ իրականացնող կառույցների խնդիրների լուծման համար կազմակերպել տնտեսվարող սուբյեկտների հարցումներ (հատկապես՝ հեռախոսային և առցանց), իրականացնել մաթեմատիկական վերլուծություններ և վարքագծային մոդելավորում: 

Մայիսի 24-ին տեղի է ունեցել «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի դոցենտ, տեխն․ գ․ թ․ Նարինե Ալբերտի Կոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 17 շրջանավարտ, որոնցից 6-ը ստացավ «գերազանց», 8-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար»:

Պաշտպանության արդյունքներն ամփոփելով՝ հանձնաժողովի նախագահն արձանագրել է հետևյալը. «Ներկայացվել են տարբեր խնդիրներ և հատկապես կիրառական նշանակություն ունեցող աշխատանքներ, նույնիսկ կային ակնհայտ արդյունքներ։ Կային թեմաներ, որոնք ունեին շատ հետաքրքիր ստարտափի նշանակություն։ Իհարկե կարիք կա որոշ տեխնիկական բաղադրիչի զարգացման (էլեկտրոնիկա, սարքեր, տեխնիկական միջոցներ): Սա լավ հեռանկար է շուկայում պահանջարկ ունեցող թեմաների ակտիվացման համար: Լավ տպավորություն ունենք խաղերի թեմայից, դասերի հարթակի թեմայից. կարելի է առաջարկել շուկայում: Գրավիչ էին պատրաստված կայքերը, որոնք անցած տարի էլ  կային, և դա տպավորիչ է: Հետաքրքիր էին տեխնիկական լուծումներ ստացած երկու թեմաները՝ սրտի զարկերի հետազոտության թեման և ձայնի անալիզատորի թեման: Դրանք շատ լավ կարող են ծառայել մեր տնտեսությանը, անգամ պաշտպանական խնդիրներին: Ցանկալի է ավելի կիրառական ուղղություն տալ մաթեմատիկական խնդիրների թեմաներին: Լավ թեմաների համար հարկավոր է հավաքագրել, համակարգել ու ընտրել առավել շուկայական գրավչություն ունեցող թեմաները և զարգացնել դրանք: Պետք է մարկետինգի բաղադրիչ նշել կամ ավելացնել հաջորդ տարվա ներկայացվող ավարտական աշխատանքներում։ Ընդհանուր առմամբ, արտակարգ իրավիճակի պայմաններում, տպավորված ենք այսօրվա աշխատանքներից, զգացվում է որակի բարձրացման դինամիկան»:

Մայիսի 25-ին և 26-ին տեղի է ունեցել «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության («Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի կրթական ծրագրի) շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Շիրակի «Մ. Նալբանդյանի  անվան պետական համալսարան» հիմնադրամի «Գրադարան – ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարությունների և ՏՏ» կենտրոնի գլխավոր մասնագետ, ման­կ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սպարտակ Սերյոժայի Սողոյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 38 շրջանավարտ, որոնցից 7-ը ստացավ «գերազանց», 26-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման  ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է ԵՊՀ ԻՄ-ում ստեղծել նեղ մասնագետների հանձնախումբ, ովքեր համապատասխան ամբիոնի վարիչի հետ կքննարկեն առաջարկված թեմաները և նշված մասնագիտությանը համահունչ լինելու դեպքում դրանք կառաջարկեն ընդգրկել ավարտական թեմաների ցանկում:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ թեմաները հիմնականում արդիական էին, սուր հնչեղություն ունեցող հարցեր, ուսանողները  բավականին հիմնավոր, համոզիչ կերպով ներկայացնում էին իրենց հետազոտության թեմայի կարևորությունն ուսուցման և դաստիարակության տեսության և պրակտիկայի համար:

Աշխատանքները բավարարում էին ավարտական աշխատանքին ներկայացված պահանջներին, ուսանողները տիրապետում էին գիտամանկավարժական հետազոտությունների անցկացման մեթոդաբանությանը:

Աշխատանքներում օգտագործված գրականության ցանկում ներկայացված էին բավական քիչ թվով վերջին տարիներին հրատարակված գրքեր:

Հետազոտության թեմային վերաբերող գրականությունը ճիշտ էր ընտրված և օգտագործված: Ուսանողները  կարողանում էին գրագետ ներկայացնել իրենց աշխատանքները, նկատելի էր ղեկավարների պատասխանատու մոտեցումը իրականացման ընթացքում:

Մայիսի 29-ին կայացել է «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի բաժնի պետ, տեխն․ գ․ թ․, դոցենտ Խաչատուր Աշոտի Ղազեյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 16 շրջանավարտ, որոնցից 6-ը ստացավ «գերազանց», 7-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման  ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է ավարտական աշխատանքների թեմաները ձևակերպել քիչ ընդհանրական: Հնարավորություն դեպքում ապահովել ուսանողների պրակտիկաները համապատասխան այն մարմիններում, որոնք իրականացնում են ավարտական աշխատանքի թեմային վերաբերող քաղաքականություն, աշխատանքներն ուղարկել արտաքին գրախոսման:

Մայիսի 30-ին տեղի են ունեցել «Օտար լեզու և գրականություն», «Սերվիս» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («Անգլերեն լեզու և գրականություն» և «Ֆրանսերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրերի) ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Եվրոպական համալսարան» հիմնադրամի լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նելլի Էդուարդի Հարությունյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 շրջանավարտ, որոնցից 10-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ավարտական աշխատանքների պաշտպանության ընթացքը, ընդհանուր առմամբ, կարելի է համարել դրական: Ուսանողների պատրաստվածությունը բավականին գոհացուցիչ էր: Կային ինչպես փայլուն, այնպես էլ լավ պատասխաններ: Հատկանշական են որոշ ուսանողների բավականին վստահ և հանգամանալից պատասխանները, որոնք վկայում էին ուսանողների հստակ և լավ գիտելիքների առկայության մասին: Գերազանց պատասխանները գերազանցության աստիճանին լիարժեքորեն համապատասխանող պատասխաններ էին: Ն.Հարությունյանը ցանկություն է հայտնել հետագայում ավելի ընդլայնված տեսնել բուհերի միջև համագործակցությունը, ինչպես նաև մասնաճյուղի աշխատանքը ֆակուլտետի մասնագիտացումների ուղղությամբ:

 «Սերվիս» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Եվրոպական համալսարան» հիմնադրամի  զբոսաշրջության ֆակուլտետի դեկան, աշխ․ գիտ. թեկն., դոցենտ Գոռ Սուքիասի Մանասյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 12 շրջանավարտ, որոնցից 3-ը ստացավ «գերազանց», 8-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ պաշտպանությունն ընթացել է համալսարանի կողմից սահմանված ընթացակարգին համապատասխան:

Ավարտական աշխատանքի թեմաները բազմազան էին, և շատերն ունեին կիրառական նշանակություն:

Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է ավելի շատ կիրառական նշանակությամբ թեմաներ հաստատել, որով կաջակցվի նաև Տավուշի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը: 

Բակալավրի որակավորում ստանալու առթիվ ԵՊՀ ԻՄի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր շրջանավարտներին՝ նրանց մաղթելով մասնագիտական ու անձնական մեծ ձեռքբերումներ, անկոտրում կամք, նպատակների իրականացում, ամենայն բարիք:

Մյուս նկարները տե՛ս Պատկերասրահում:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական առցանց նիստը

received_3063576813718486

  2020թ. մայիսի 26-ին «Zoom» համակարգի միջոցով անցկացվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական առցանց նիստը, որը նախագահում էր ԱՀՄակարյանը:

Նիստում ամփոփվեց հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը, քննարկվեցին առկա և հեռակա ուսուցման՝ 2019-20 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի առցանց կազմակերպման ընթացքին, առկա ուսուցման՝ 2019-20 ուստարվա ավարտական աշխատանքների առցանց պաշտպանության ընթացքին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի վերաբերյալ զեկուցեցին Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը և ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը: Նրանք մասնավորապես նշեցին, որ համաձայն հաստատված ժամանակացույցի` բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի լուծարքային շրջանը սկսվել է 2020թ. մարտի 9-ին, սակայն բոլորին հայտնի պատճառներով հետաձգվել է: Լուծարքային շրջանն իրականացվել է մայիսի 4-23-ը ժամանակահատվածում առցանց՝ «Zoom» հարթակում․ 29 ուսանող կուտակել է մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք:

Տվյալ կիսամյակի ուսման վարձը չվճարելու, քննաշրջանում ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու և կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու պատճառներով հեռացման է ներկայացվել 6 ուսանող:

Նիստում որոշվեց հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի արդյունքները գնահատել բավարար, իսկ վերոնշյալ ուսանողներին հեռացնել մասնաճյուղից:

Առկա և հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի առցանց կազմակերպման ընթացքի մասին զեկուցեցին ֆալուլտետների դեկանները և Հեռակա ուսուցման բաժնի վարիչը: Նրանք մասնավորապես նշեցին, որ մինչև 2020թ. մայիսի 20-ը ամբիոնների վարիչները ՈՒՄՎ են ներկայացրել 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում յուրաքանչյուր դասընթացի համար նախատեսված ստուգարքների և քննությունների ձևերը (բանավոր, թեստային, գրավոր)՝ 20 միավորի բաշխվածության մասին դասախոսների հիմնավորումներով: Տվյալ հարցի վերաբերյալ զեկուցողների հաղորդումներն ընդունվեցին ի գիտություն:

Առկա ուսուցման՝ 2019-20 ուստարվա ավարտական աշխատանքների առցանց պաշտպանության ընթացքի մասին զեկուցեցին ֆալուլտետների դեկանները և ՈՒՄՎ պետը: Նրանք նշեցին, որ 2020թ. մայիսի 16-ից 30-ը միասնական Zoom հարթակում իրականացվում է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ ավարտական աշխատանքների պաշտպանությունները: Դրանք անցկացվում են սահմանված կարգով՝ համաձայն հաստատված ժամանակացույցների, թե՛ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները, թե՛ ուսանողներն ու ղեկավարները ավարտական աշխատանքների պաշտպանություններին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ: Տվյալ հարցի վերաբերյալ զեկուցողների հաղորդումները ևս ընդունվեցին ի գիտություն:

Ընթացիկ հարցերն էին «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացների կազմակերպման և ՀՀ բարձրագույն տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) հայտարարած դասընթացների կազմակերպման մրցույթին ԵՊՀ ԻՄ-ի մասնակցության մասին հարցերը:

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացների կազմակերպման մասին նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի և FAST հիմնադրամի միջև պայմանավորվածության համաձայն՝ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ 6-ամսյա անվճար դասընթացները կիրականացվեն մասնաճյուղում։ Դրանք կվարեն մեր դասախոսները՝ նախապես վերապատրաստված «1991 ստորաբաժանման» 4 ծրագրային մոդուլներից մեկով կամ մի քանիսով (մաթեմատիկան տվյալագիտության համար, ծրագրավորում տվյալագիտության համար, մեքենայական ուսուցման դասական մեթոդներ, խորը ուսուցում): Ըստ այդմ՝ Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանին հանձնարարվեց իրականացնել նախապատրաստական աշխատանքներ դասընթացների համար անհրաժեշտ ռեսուրսների և դասախոսական կազմի ապահովման ուղղությամբ:

ՀՀ ԲՏԱՆ հայտարարած դասընթացների կազմակերպման մրցույթին ԵՊՀ ԻՄ-ի մասնակցության հետ կապված՝ մասնաճյուղի գիտական քարտուղարին հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ մրցույթին դիմելու համար:

Հաստատվեցին բուհերի՝ 2020-2021 ուստարվա ընդունելության կարգը, մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

1   2020թ. մայիսի 21-ին կայացավ ՀՀ կառավարության նիստ, որի ընթացքում սահմանվեց պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը, հաստատվեց բուհերի՝ 2020-2021 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։

Կառավարության նիստից տեղեկանում ենք, որ այս տարվա ընդունելության կարգում կատարվել են էական փոփոխություններ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, զեկուցելով հարցի մասին, նշեց, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ այս տարվա ընդունելության կարգը գրեթե ամբողջությամբ փոխվել է՝ համապատասխանեցվելով Պարետատան սահմանած կանոններին և Առողջապահության նախարարության ցուցումներին:

Մասնավորապես՝ այս տարի դիմորդները կհանձնեն ընդունելության մեկ քննություն:

Հիմնավորելով, թե ինչպես է որոշվել, որ տվյալ մասնագիտության համար ինչ քննությունն է հանձնելու դիմորդը՝ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ հարցը քննարկվել է բուհերի հետ և յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված երկու կամ երեք պարտադիր քննական առարկաներից ընտրվել է մեկը: Այն մասնագիտությունները, որոնց համար նախատեսված են եղել կամընտրական քննություններ, առարկայի ընտրությունը թողնվել է դիմորդի հայեցողությանը:

Կատարված կարևոր փոփոխություններից է առաջին հայտի գերակայության սկզբունքի ուժեղացումը. «Մենք, այս տարվանից սկսած, հետագա տարիների համար ևս անում ենք մի կարևոր ամրագրում. դիմորդները պետք է մեծ կարևորություն տան մասնագիտության ընտրությանը, ուստի ընդունելության մրցույթի ժամանակ առաջին հայտը կլինի գերակա: Դիցուք, եթե ուսանողը դիմելու է արվեստաբանության ֆակուլտետ, ապա նա մրցույթի ժամանակ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի համակարգում ունենալու է գերակայություն»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Հայտերի ընդունելության գործընթացի ամբողջական թվայնացումը ևս առաջին անգամ է փորձարկվում. դիմորդները հայտը ներկայացնելու են Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով՝ ամբողջությամբ էլեկտրոնային:

Դիմում-հայտերը առցանց կներկայացվեն մայիսի 25-ից հունիսի 15-ը, իսկ ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում:

Գործընթացի կազմակերպման ընթացակարգը և ժամկետները համաձայնեցված են նաև Պաշտպանության նախարարության հետ, որ զորակոչիկները և զորացրվող զինծառայողները ևս հնարավորություն ունենան դիմել բուհեր:

Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2020-2021 ուսումնական տարվա  ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) կարգը տե՛ս այստեղ:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը տե՛ս այստեղ:

ՀՀ կառավարության՝ 2020թ. մայիսի 21-ի նիստը տե՛ս այստեղ:

Ապրիլյան քառօրյայի մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող (առկա ուսուցմամբ) ուսանողներին կտրամադրվի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում

1. հայտ. նկար

Ի լրումն 01/06/10425-20 Կորոնավիրուս-COVID19 քառօրյայի մասնակիցներին քննությունների թույլատրելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարի գրության՝ հայտնում ենք, որ առկա և հեռակա ուսուցման ձևերով անվճար համակարգում չընդգրկված՝ 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրած տեղեկանքի առկայությամբ) բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին, ինչպես նաև առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված և անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին ՀՀ կառավարության կողմից կտրամադրվի ուսման վարձավճարի 20%-ի չափով մասնակի փոխհատուցում:

 

ԵՊՀ ԻՄ-ում սովորող՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած, ինչպես նաև երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ցուցակը տե՛ս այստեղ:

Ամփոփվել է ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ հարցման միջոցով անցկացված հերթական նիստը

1. Գիտխորհրդի նիստի նկար   ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի նախագահ Ա. Հ. Մակարյանի և գիտքարտուղար Մ. Ս. Աթոյանի նախաձեռնությամբ 2020թ. մայիսի 11-14-ը Google-ի հարթակում հարցման միջոցով անցկացվել է գիտխորհրդի հերթական նիստը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս նիստից առաջ գիտխորհրդի անդամների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել են https://docs.google.com/forms-ով կազմված ձևաչափեր, որոնք նրանց հնարավորություն են տվել ծանոթանալ տվյալ հարցի մասին հաղորդմանը, ներկայացնել առաջարկություններ և քվեարկել առցանց։

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության հարցի քննարկում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):
  2. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):
  3. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի մասին (զեկուցող՝ՈւՄՎՄԿՊԿ բաժնի վարիչ Լ Գ. Բեգինյան):
  4. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի բակալավրական կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած՝ 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ առցանց ատեստավորման ընթացակարգի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա Հ. Մակարյան):
  5. ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի կանոնադրության հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
  6. ԵՊՀ ԻՄ-ի ՏՀՍԶ բաժնի կանոնադրության հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
  7. ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախագահի պաշտոնում Մ․ Ասիլյանին հաստատելու մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
  8. ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկն., դոցենտ Վաչագան Ավագյանի՝ «Հայագիտությունը Արևմտյան Եվրոպայում XIX դարում» խորագրով գիտական թեմայի նախագիծը գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթին մասնակցելու համար երաշխավորելու մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ. Վ. Ավագյան):

Օրակարգային 1-ին հարցի մասին Ա.Դավթյանի զեկուցման մեջ մասնավորապես ներկայացվել էր. «Այս պահին առկա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ-ն ունի լիցենզիա միայն Կիրառական արվեստ մասնագիտությամբ՝ Դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրով։ Ուսումնամեթոդական վարչության և Կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից կատարված նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2020-2021 ուսումնական տարում այս մասնագիտությամբ ընդունելություն կազմակերպելու դեպքում հավանականությունը շատ փոքր է, որ մասնաճյուղը կունենա անհրաժեշտ քանակով դիմորդներ։ ՈՒՄՎ-ն առաջարկում է այս ուսումնական տարում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելություն չհայտարարել»:

Քվեարկության արդյունքում որոշվել է ԵՊՀ ԻՄ-ում 2020-2021 ուսումնական տարում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելություն չկատարել:

2-րդ հարցի վերաբերյալ Ա.Դավթյանի հաղորդման մեջ նշվել էր. «ԵՊՀ ԻՄ-ի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածաշրջանում կա անհրաժեշտություն կազմակերպելու կրթություն մանկավարժի որակավորում շնորհող ծրագրով՝ «Դասավանդման մեթոդիկա և մանկավարժություն» կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ մագիստրատուրա։ Մասնաճյուղը սահմանված ընթացակարգով ձեռք է բերել համապատասխան լիցենզիա։ Հույս ունենք,  որ 2020-2021 ուսումնական տարում այս մասնագիտությամբ ընդունելություն կազմակերպելու դեպքում մասնաճյուղը կունենա անհրաժեշտ քանակով դիմորդներ։ Առաջարկվում է հաստատել ԵՊՀ ԻՄ 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգը համաձայն հավելված 1-ի»։

Քվեարկության արդյունքում որոշվել է հաստատել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգը:

3-րդ հարցի մասին Լ.Բեգինյանի հաղորդման մեջ մասնավորապես ներկայացվել էր, որ 2019-2020 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանի համաձայն՝ մասնաճյուղի ուսումնական գործընթացն ընդգրկել է  28 պրակտիկա: Հաշվետու ուստարում մասնաճյուղը պետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների հետ ունեցել է «Ուսանողների պրակտիկայի կազմակերպման մասին» 35 պայմանագիր, որոնցից երեքը ձեռք է բերվել ուստարվա ընթացքում:

Պրակտիկաները կազմակերպվել են ըստ ժամանակացույցի` ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան: 2020թ. մարտի 16-ից՝ ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից ի վեր, մասնաճյուղի կողմից կազմակերպվող պրակտիկաները և հաշվետվությունները ևս իրականացվում են առցանց Zoom հարթակի միջոցով: Ընթացքի մեջ են առկա ուսուցման «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» 3-րդ կուրսի, «Զբոսաշրջություն» 1-ին կուրսի, «Զբոսաշրջություն» առկա և հեռակա 2-րդ կուրսերի, «Պատմություն» 4-րդ և 5-րդ կուրսերի պրակտիկաները:

ԵՊՀ ԻՄ-ի սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի մասին Լ.Բեգինյանի հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

4-րդ հարցի վերաբերյալ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․Մակարյանի հաղորդման մեջ մասնավորապես նշվել էր, որ բոլորին հայտնի պատճառներով ԵՊՀ ԻՄ-ի բակալավրական կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած՝ 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ առցանց ատեստավորման համար անհրաժեշտ է հաստատել ընթացակարգ, որին կարելի է ծանոթանալ հավելված 2-ում:

Քվեարկության արդյունքում 4-րդ հարցի կապակցությամբ որոշվել է հաստատել ԵՊՀ ԻՄ-ի բակալավրական կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ առցանց ատեստավորման ընթացակարգը՝ համաձայն հավելված 2-ի:

Առցանց գիտական խորհրդի նիստում հաստատվել են նաև Oտար լեզուների ամբիոնի և ՏՀՍԶ բաժնի  կանոնադրությունները։

Գիտխորհրդի անդամներից մեկի կողմից առաջարկ է եղել ՏՀՍԶ բաժնի կազմում նախատեսել ծրագրավորողների խումբ, որը, բացի ԵՊՀ ԻՄ-ի կայքէջի ծրագրային ապահովումը կազմակերպելուց, իրավասու կլինի իրականացնելու մասնաճյուղում ընթացող որոշ գործընթացների ավտոմատացումը և ծրագրային աջակցումը:

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ ընտրության արդյունքները ներկայացվել են ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհուրդ՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մ․Ասիլյանին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախագահի պաշտոնում հաստատելու համար։

Գիտական խորհրդի նիստում որոշվել է հիմք ընդունել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ գիտական խորհրդի՝ 26․02․2020 թ․-ին կայացած 2-րդ նիստի որոշումը և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մ․Ասիլյանին հաստատել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախագահի պաշտոնում։

8-րդ հարցի վերաբերյալ Վ.Ավագյանի հաղորդման մեջ մասնավորապես ներկայացվել էր իր կողմից մշակված գիտական թեմայի նախագիծը, որում նախատեսվում է հետազոտության ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի կայքէջում ավելացնել «Հայագիտությունը Եվրոպայում» էլեկտրոնային շտեմարան-գրադարան բաժին և այնտեղ տեղադրել նախագծով կատարված հետազոտության արդյունքները՝ դրանք հետագայում լրացնելու պայմանով: Հնարավորության դեպքում մասնաճյուղը կկարողանա «գրադարանի» նյութերի հիման վրա կազմակերպել «Եվրոպական հայագետներ» մատենաշարի հրատարակություն: Բացի այդ՝ նախատեսվել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպել հայագիտության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով:

Քվեարկության արդյունքում որոշվել է երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանի ղեկավարությամբ «Հայագիտությունը  Արևմտյան Եվրոպայում XIX դարում» խորագրով գիտական թեմայի նախագիծը՝ ներկայացնելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի կողմից կազմակերպված Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթին: