Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության առցանց նիստ

roundtable   2020թ. ապրիլի 30-ին  «Zoom» համակարգի միջոցով անցկացվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության առցանց նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Նիստում ամփոփվեցին ԵՊՀ ԻՄ-ում առցանց ուսուցման կազմակերպման մեկ ամսվա արդյունքները, ավարտական կուրսերի լուծարքային շրջանը, քննարկվեցին հեռակա ուսուցման դասապրոցեսի վերսկսման նախապատրաստական աշխատանքներին, մասնաճյուղում ուսման վարձավճարների հավաքագրման ընթացքին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Տնօրենության նիստը բացեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա մասնավորապես նշեց, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մասնաճյուղն իր ողջ ներուժն է ներդրել առցանց ուսուցումը պատշաճ իրականացնելու համար: Մարտի 16-31-ը իրականացված ուսուցման գործընթացի վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունները ցույց տվեցին, որ  առցանց դասավանդման համար դասախոսներն օգտագործել են տարբեր առցանց գործիքներ («Zoom», «Moodle», «Edunext», «Microsoft Teams», «Skype», «WattsApp», «Messenger», «Viber» և այլն): Այդ ընթացքում ՏՀՍԶ բաժինը տնօրենության հանձնարարությամբ բոլոր ակադեմիական խմբերի համար ձևավորել է անհրաժեշտ քանակի Zoom հարթակներ, դասախոսների և ուսանողների համար մշակել է համապատասխան ուղեցույցներ և տրամադրել նրանց: Մարտի 31-ից սկսած՝ ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման բոլոր դասերն իրականացվում են միասնական Zoom հարթակում՝ առաջնորդվելով 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի համար հաստատված դասացուցակներով:

ԵՊՀ ԻՄ-ում առցանց ուսուցման կազմակերպման մեկ ամսվա արդյունքներն ամփոփեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ Zoom հարթակի կարգավորումներն իրականացնելուց հետո ՈՒՄՎ աշխատակիցներին տրամադրվել են համապատասխան հասցեները: Յուրաքանչյուր աշխատող շաբաթվա կտրվածքով ներկայացրել է հաշվետվություն, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել առցանց կրթության թերությունների և առավելությունների մասին: Ա.Դավթյանն ընդգծեց, որ դասերն իրականացվել են ըստ դասացուցակի, տեխնիկական խնդիրների պատճառով եղել են ժամերի որոշակի փոփոխություններ, սակայն դրանք էապես չեն խոչընդոտել դասապրոցեսի իրականացմանը: Եղել են դասախոսներ, ովքեր դասերն իրականացրել են անհատական Zoom հարթակներում, սակայն աշխատակիցները հնարավորություն են ունեցել վերահսկելու գործընթացը: Ուսանողների հաճախելիությունը տարբեր կուրսերում միջինում կազմել է 50-100%:

Որոշվեց ԵՊՀ ԻՄ-ում առցանց ուսուցման կազմակերպման մեկ ամսվա արդյունքները համարել բավարար, Ուսումնամեթոդական վարչությանը հանձնարարվեց հետևողական լինել դասերի իրականացմանը:

Ավարտական կուրսերի լուծարքային շրջանի ընթացքի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Նրանք մասնավորապես նշեցին, որ ավարտական կուրսերի լուծարքային շրջանն իրականացվել է պատշաճ կարգով, նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Չներկայացված ուսանողներ չեն եղել, որոշ առարկաներից եղել են լուծարքներ:

Որոշվեց ավարտական կուրսերի լուծարքային շրջանի ընթացքի մասին դեկանների զեկուցումներն ընդունել ի գիտություն:

Հեռակա ուսուցման դասապրոցեսի վերսկսման նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը: Նա մասնավորապես նշեց, որ մայիսի 4-ից հաստատված գրաֆիկով իրականացվելու են Հեռակա ուսուցման բաժնի՝ մարտ ամսվա համար նախատեսված ու բացթողնված դասերը: Վերահաստատված դասացուցակները մինչև մայիսի 2-ը կուղարկվեն դասախոսներին և ուսանողներին: Մ.Զուրաբյանը հավելեց, որ հեռակա ուսուցման 5-րդ կուրսերում ապրիլին արդեն անցկացվել է 2019-20 ուստարվա առաջին կիսամյակի լուծարքային շրջանը, և լրացվել են մարտ ամսին բացթողնված դասերը: Իրականացվել են նաև 5-րդ կուրսերի՝ երկրորդ կիսամյակի համար նախատեսված դասերը: Մայիսի 11-ից սկսվելու է 5-րդ կուրսերի երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանը:

Որոշվեց Ուսումնամեթոդական վարչությանը և Հեռակա ուսուցման բաժնին հանձնարարել, մայիսի 4-ից, ըստ կազմված դասացուցակների, վերահսկել հեռակա ուսուցման առցանց դասերը:

Ուսման վարձավճարների հավաքագրման ընթացքի մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը: Նա մասնավորապես նշեց, որ ուսանողները, չնայած ստեղծված իրավիճակին, աստիճանաբար սկսել են վճարել ուսման վարձավճարները, և մասնաճյուղի ղեկավարությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ աշխատավարձերը ժամանակին և ամբողջական վճարելու համար:

Որոշվեց Մ.Մխիթարյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ հարցերից հատկանշական է առաջիկա շաբաթում ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների համար վերապատրաստման առցանց դասընթաց կազմակերպելու հարցը: Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի մասնագետ Ն.Ղազարյանի և ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանի կողմից մայիսի 1-ից կիրականացվի «Ինչպե՞ս օգտագործել Google forms ձևաչափի հնարավորությունները առցանց քննությունների համար» դասընթացը:

Որոշվեց, որ դասընթացները հաջող ավարտած դասախոսները համապատասխան կրեդիտներ կստանան վերապատրաստման ծրագրի շրջանակներում:

Հաջորդ ընթացիկ հարցը վերաբերում էր ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների առցանց նախապաշտպանություններին. որոշվեց հանձնարարել Ուսումնամեթոդական վարչությանը և ֆակուլտետների դեկաններին հաստատված ժամանակացույցներին համապատասխան կազմակերպել նախապաշտպանությունները և վերլուծություն պատրաստել առցանց աշխատակարգի վերաբերյալ վերհանված խնդիրների շուրջ:

 

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման դասերը վերսկսվում են

1. ZoomՀարգելի՛ դասախոսներ և ուսանողներ, տեղեկացնում ենք, որ 2020թ. մայիսի 4-ից վերսկսվում են ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի դասերը, որոնք կիրականացվեն առցանց՝ միասնական Zoom հարթակում:

Հեռակա ուսուցման համակարգում դասավանդող դասախոսներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան հարթակի մուտքաբառը և գաղտնաբառը՝ դասընթացները կազմակերպելու իրավունքով։ Դասախոսների համար Zoom ծրագրի ներդրման և աշխատելու համառոտ ուղեցույցը հասանելի է այստեղ:

Ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան դասընթացների համար նախատեսված հղումները՝ անմիջական մասնակցության իրավունքով։ Նրանց անհրաժեշտ կլինի դասացուցակով նախատեսված ժամերին ակտիվացնել համապատասխան հղումը։ Ուսանողների համար մշակված համառոտ ուղեցույցը հասանելի է այստեղ:

Տեղեկացնում ենք նաև, որ բոլոր դասացուցակները հասանելի են մասնաճյուղի կայքէջում: Դասերի իրականացման ժամատախտակը նույնպես նշված է դասացուցակների վրա:

Ցանկացած հարցի կամ տեխնիկական խնդրի դեպքում խնդրում ենք անմիջապես կապվել ԵՊՀ ԻՄ ՏՀՍԶ բաժնի աշխատակիցների հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 11 21 01 կամ 077 83 07 60:

Մեկնարկել են ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուստարվա շրջանավարտների ավարտական աշխատանքերի առցանց նախապաշտպանությունները

1. նախապաշտպ. նկար

   2020թ. ապրիլի 28-ից մեկնարկել են ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքերի առցանց նախապաշտպանությունները:

Հետևելով ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի առցանց իրականացման վերաբերյալ որոշմանը՝ մասնաճյուղում ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն ու պաշտպանությունները նույնպես կազմակերպվելու են առցանց, միասնական Zoom հարթակում:

Ապրիլի 28-ին և 30-ին արդեն կայացել են Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների IV կուրսերի ուսանողների ավարտական աշխատանքների նախապաշտպանությունները:

Ըստ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի և Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանի՝ երկու կուրսերում էլ ավարտական աշխատանքների առցանց նախապաշտպանությունների գործընթացն անցել է նորմալ, իհարկե եղել են որոշ կազմակերպչական և տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնք ընթացքում կարգավորվել են: Ա.Դավթյանի խոսքով՝ առցանց նախապաշտպանությունների փորձը հնարավորություն կտա պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու պաշտպանությունները: Ինչ վերաբերում է ուսանողների ընդհանուր պատրաստվածության մակարդակին, ապա, ըստ դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանի, ողջունելի էր ուսանողների կողմից տեխնիկական միջոցների հմուտ կիրառության փաստը: Կային ուսանողներ, որոնց աշխատանքներն առավել ամբողջական էին՝ պաշտպանության պատրաստ: Որոշ աշխատանքներում էլ ամբիոնների վարիչների ու դասախոսների կողմից նկատվեցին թերություններ ու բացթողումներ, որոնք ուսանողներին հնարավորություն տրվեց շտկելու մեկ շաբաթվա ընթացքում:
Մյուս երեք ֆակուլտետներում նախապաշտպանությունները տեղի կունենան առաջիկայում` հաստատված ժամանակացույցի համապատասխան:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում մայիսի 2-ին կկայանան «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», մայիսի 5-ին՝ «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», մայիսի 7-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» IV կուրսերի ուսանողների ավարտական աշխատանքների նախապաշտպանությունները:
Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», ինչպես նաև «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների IV կուրսերի ուսանողների ավարտական աշխատանքների նախապաշտպանությունները տեղի կունենան մայիսի 3-ին:
Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության IV կուրսի ուսանողների ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը կկայանա մայիսի 4-ին:
Մեր ուսանողներին մաղթում ենք ավարտական աշխատանքների նախապաշտպանության ու պաշտպանության հաջող ընթացք, որպեսզի նրանք կարողանան առավելագույնս դրսևորել իրենց գիտելիքներն ու հմտությունները և հասնեն ցանկալի արդյունքի:

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության սկզբունքները

2   2020թ. ապրիլի 30-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց 2020թ. ընդունելության կանոններում կատարված սկզբունքային փոփոխությունները:

Այս տարի դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18.00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ:

Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար սահմանված է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք առանց տարիքի սահմանափակման:

Միասնական և ներբուհական քննություններն անցկացվում են մեկ փուլով` հուլիս ամսվա առաջին տասնօրյակում:

Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:

 Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան,եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:

Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:

Ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

  • մեդալակիր դիմորդներին.
  • արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին.
  • հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12 դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.
  • ցանկում տվյալ մասնագիտության տողում առկա աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով(*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների միջին թվաբանական առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին.
  • պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին.
  • տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

Ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:

 

Լրացուցիչ փուլ

Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00:

Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:

 Համաձայն ընդունելության դիմում-հայտի դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին՝

եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր.

 եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության քննությունների ցանկում:

Առավելությունը տրվում է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին:

ՀՀ  բարձրագույն  ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված  կրթական ծրագրերով (առկա) 2020-2021 ուսումնական տարվա ըստ բուհերի և մասնագիտությունների ընդունելության քննությունների ցանկը տե՛ս այստեղ:

Խորապես ցավակցում ենք…

Hamlet Karayan

   Համլետ Սուրենի Կարայան (1945 – 2020)

Խոր վշտով հայտնում ենք, որ 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանը:
Հ.Կարայանը (Ղարայանը) ծնվել է 1945թ. հուլիսի 10-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում (գյուղում)՝ ուսուցիչների ընտանիքում: Ավարտել է Աչաջրի միջնակարգ դպրոցը Ոսկե մեդալով:
1962թ. ընդունվել է ԵՊՀ ‎ֆիզիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1968-ին` ստանալով «Ֆիզիկոս»-ի որակավորում «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ‎ֆիզիկա» մասնագիտությամբ:
1968-ին ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Ռադիո‎ֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, սակայն անմիջապես զորակոչվել է երկամյա ծառայության Խորհրդային բանակ՝ որպես ռադիոդասակի, ապա և կապի վաշտի հրամանատար:
1970-1988 թվականներին աշխատել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ սկզբում որպես գիտաշխատող, ապա՝ ավագ, հետո՝ առաջատար գիտաշխատող: 1976 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1986 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ:
1988 թվականին Հ.Կարայանը հրավիրվել է դասավանդելու Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոն:
1991-1994 թթ. նա եղել է իր կողմից հիմնադրված Իջևանի տարածաշրջանային քոլեջ-համալսարանի ռեկտորը և պրոֆեսոր (համատեղությամբ), որտեղ իրականացվել են ՀՀ-ում առաջին բակալավրական ծրագրերը:
Հ.Կարայանի ջանքերով ՀՀ կառավարության՝ 1994թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշմամբ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվել է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:
«Ստեղծագործ մեր ժողովուրդը պիտի երկներ հոգու, մտքի մի դպրոց` համալսարան: Կար հայրական պատվիրան` եղիցի …. Եվ այն եղավ, – մասնաճյուղ հիմնելու գաղափարը այսպես է բացատրել Հ.Կարայանը: -Հպարտ ենք ամենքս, որ մի հյուլեն ենք այդ լուսատուի …. Մեր արգասաբեր հողից հառնող այս դարբնոցում դեռ պիտի արարվեն Հայոց երկնակամարի լուսո բազում աստղեր…. »:
1994-1996 թվականներին Հ.Կարայանը եղել է նորաբաց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն և պրոֆեսոր (համատեղությամբ):
Կարայանը 1988 թվականից Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր էր, 2006-ից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 1979 թվականից 049 Մասնագիտական խորհրդի, մի շարք կոորդինացիոն խորհուրդների անդամ էր, «Armenian Journal of Physics» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ։
Հ.Կարայանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ նախագահի պատվոգրերով:
Կիսահաղորդիչների ‎ֆիզիկայի և էլեկտրոնիկայի բնագավառներում նա կատարել է բազմաթիվ հիմնարար և կիրառական առաջնային հետազոտություններ, որոնք արմատական դեր են կատարել` նպաստելով ինչպես գիտության հեռանկարային ուղղությունների ձևավորմանը, այնպես էլ նոր ուղղությունների հիմնադրմանը:
Հ.Կարայանը հրատարակել է շուրջ 150 գիտական աշխատանքներ տարբեր երկրների գիտական հանդեսներում, ստացել է 5 արտոնագիր, այդ թվում` իր կողմից առաջարկած պոլիստոր սարքի համար: Հրատարակել է «Մթնոլորտի վիճակի դինամիկայի ‎ֆիզիկական և մաթեմատիկական մոդելավորումը և նրա հետազոտումը ինֆրակարմիր օպտոէլեկտրոնային եղանակով» (Ռ.Ասատրյանի համահեղինակությամբ) և «Քվանտային ին‎‎ֆորմացիա և քվանտային համակարգիչներ» մենագրությունները: Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, “Micro- and nanoelectronics” գիտաժողովի Միջազգային կազմկոմիտեի անդամ է եղել:
Նա հիանալիորեն զուգորդել է գիտական աշխատանքը մանկավարժական գործունեության հետ, մեծ աշխատանք է կատարել բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ: Նա ղեկավարել է բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:
Գիտակրթական ոլորտում Հ.Կարայանը դրսևորել է կազմակերպչական և նախաձեռնողական մեծ ունակություններ: Նա անդամակցել է ՀՀ ԳԱԱ, ԽՍՀՄ ԳԱ և Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության մի շարք գիտական, գիտատեխնիկական և կոորդինացիոն խորհուրդներին և նրանց սեկցիաներին:
Կազմակերպել է բազմարժեք էլեկտրոնիկային նվիրված 2 համամիութենական գիտաժողովներ (1981թ. և 1988թ. Դիլիջան քաղաքում), հիմնադրել է 2 համամիութենական միջճյուղային լաբորատորիա, Իջևանի քոլեջ-համալսարանը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:
Ստեղծել է բազմարժեք պոլիստորային էլեկտրոնիկայի գիտական դպրոցը:

Ի դեմս ակադեմիկոս Համլետ Սուրենի Կարայանի՝ հասարակությունը կորցրեց բացառիկ ունակություններով օժտված անհատականության, մեծ ուսուցչի, մտավորականի, գիտական ուղղության հիմնադրի, հազվագյուտ մարդու և հայրենասերի:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությունը և ամբողջ անձնակազմը իրենց խորին ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Համլետ Կարայանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Անվանի գիտնականի, անսպառ եռանդով լեցուն ու հայրենասեր մարդու հիշատակը մշտապես կլուսավորի և կջերմացնի մեր բոլորիս հոգիները…