Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

1. Ապրիլի 24-ի նկար

  2020թ. ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը…
  Արդեն 105 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից, բայց ժողովրդի ցավը չի հնանում. մինչև այսօր Թուրքիայի կողմից պետական մակարդակով անամոթաբար ժխտվում է ցեղասպանություն–ոճիրն այն «տրամաբանությամբ», որ քանի դեռ աշխարհն ամբողջովին չի ճանաչել ու դատապարտել իր գործած ոճիրը, ուրեմն՝ չկա ոճիր, ուստի չկա նաև պատիժ: Այնինչ հայը «հիշում է և պահանջում». հիշում է իր դարավոր ահռելի ցավը, տագնապն ու սարսափը և պահանջում Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչում ու հատուցում…

  Հայոց ցեղասպանության սկիզբը պայմանականորեն համարվում է 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Երվանդ Սրմաքեշխանլյան, Ատոմ Յարճանյան, Հովհաննես Հարությունյան և ուրիշներ: Սակայն հայ պատմագիտության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923 թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները, ըստ ժողովրդական ստուգաբանության, խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

  Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կառներ Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ։ Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, իսկ չկային հայերը՝ չկար նաև Հայկական հարցը։ Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:

  Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ: Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին:

  Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001 թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թթ. ՄԱԿ–ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նիդերլանդների, Իտալիայի (2019թ. ապրիլի 10-ին) խորհրդարանները, Կանադայի Համայնքների պալատը, և այլն: Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն:

  Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և այդպիսով՝ նոր ցեղասպանությունների կանխումը, ինչպես Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է ասել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ժամանակ, ողջ մարդկային ընտանիքի պատասխանատվությունն է. «Ոչ միայն հայերի և Տիեզերական եկեղեցու, այլև ողջ մարդկային ընտանիքի պատասխանատվությունն է՝ հիշել այն, ինչ տեղի է ունեցել, որպեսզի այդ ողբերգության նախազգուշացումը թույլ չտա կրկնելու այդ սարսափը, որը վիրավորում է Աստծուն և մարդկային արժանապատվությունը: … Բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները նման հանցագործություններին պետք է հակազդեն պարտքի հաստատուն զգացումով՝ տեղի չտալով երկդիմությանը և անհանդուրժողությանը»:

Ինչպիսի՞ անվճար բժշկական ծառայություններից կարող են օգտվել մասնաճյուղի աշխատակիցները առողջության ապահովագրության շրջանակներում

1 (1)   «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության միջև 2020թ. մարտի 20-ին կնքված պայմանագրի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատակիցներն արդեն կարող են օգտվել առողջության ապահովագրությունից: 

Պայմանագիրը գործում է մինչև 2020թ․դեկտեմբերի 30-ը, և այդ ժամանակահատվածում մասնաճյուղի աշխատակիցները կարող են օգտվել մի շարք անվճար բժշկական ծառայություններից: Նախօրոք զանգահարելով «Նաիրի ինշուրանս» ընկերություն (հեռ. 098 277 277, 098 277 288, 060 50 00 60)՝ ընկերության աշխատակցի կողմից նրանք կստանան անհրաժեշտ ուղղորդում, թե որ բուժհաստատություն կարելի է դիմել համապատասխան բժշկական ծառայությունից օգտվելու համար: Որոշ ծառայությունների իրականացումը կհամակարգվի մասնաճյուղի տնօրենության կողմից, որոնց մասին աշխատակիցները կտեղեկացվեն առանձին։
Պայմանագրով նախատեսվում են հետևյալ բժշկական ծառայությունները.
1․Տարեկան պարտադիր հետազոտություններ՝ մասնաճյուղի կողմից ընտրված բժշկական հաստատությունում մեկանգամյա ֆլյուրոգրաֆիա և թերապևտիկ զննում:
2․Տարեկան կանխարգելիչ հետազոտություն՝ մասնաճյուղի կողմից ընտրված բժշկական հաստատությունում տեսողության մեկանգամյա ստուգում, արյան ընդհանուր անալիզ, որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ստուգում, էլեկտրասրտագրություն, կրծքագեղձի ուլտրաձայնային ստուգում, գինեկոլոգի և ուրոլոգի խորհրդատվություն և այլն:
3.Շտապ և անհետաձգելի բուժօգնություն՝ շտապօգնության խմբի այց (այդ թվում՝ մասնագիտացված), անհետաձգելի ախտորոշիչ-բուժական միջոցառումների իրականացում, անհետաձգելի բուժման դեղորայքի ապահովում:
4.Ամբուլատոր բուժօգնություն՝ թերապևտի և նեղ մասնագետների խորհրդատվություն, բուժման նշանակում, թերապևտիկ և վիրաբուժական հիվանդությունների բուժում ամբուլատոր պայմաններում, լաբորատոր, գործիքային ախտորոշում:
5.Ստացիոնար բժշկական օգնություն՝ ստացիոնար բուժում, ինտենսիվ թերապիա, լաբորատոր և գործիքային ախտորոիչ հետազոտությունների իրականացում, սրտանոթային, անոթային և նյարդավիրաբուժական վիրահատություններ ու միջամտություններ և այլն:
6. Քրոնիկ հիվանդությունների բուժում:
7. Հղիության հսկողություն:
8. Ակնաբուժություն:
9. Դեղորայք:
10. Պլանային վիրաբուժություն:

Առողջության ապահովագրության գործընթացի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Առողջության ապահովագրության ծառայությունից օգտվող ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատակիցների ցուցակը կարող եք տեսնել այստեղ:

  

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ

1

  Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Այս տարի Հայոց Ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների հիշատակին երբեք չի չափվել միայն Եղեռնի հուշահամալիր կամ Հայոց Ցեղասպանության այլ հուշարձաններ այցելությամբ:

Մենք հիշում ենք մեր զոհերին մշտապես ու ամենուր՝ աշխարհում ուր էլ որ լինենք, աղոթում ենք նրանց համար մեր հոգում և մտքում՝ անուն առ անուն: Հիշողությունն ու կորստի ցավը՝ միահյուսված ապրելո՛վ հաղթելու ու արդարության հաղթանակին հասնելու մեր կամքի հետ, ուղեկցում են մեզ արդեն 105 տարի:

Այո, ավելի քան մեկ դար է անցել Հայոց ցեղասպանությունից, հայ ժողովրդի հայրենազրկումից և ունեզրկումից: Սակայն համայն հայ ժողովուրդը դեռևս սպասում է ճշմարտության հաղթանակին և արդարության հաստատմանը:

Պատմաբանները և վերլուծաբանները, ժամանակի պետական և քաղաքական գործիչներն առաջին աշխարհամարտից հետո հաստատված համաշխարհային կարգի ամենամեծ անարդարություններից մեկը համարում են հայ ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսումը:

1.5 մլն մարդկային կյանքերի կորուստն էապես ազդել է հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:

Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության և Թուրքիայի առջև, մի քանի բաղադրիչ ունի՝ hիշողության պարտք, նման ոճրի կրկնության բացառում և դատապարտում, Ցեղասպանության հետևանքների վերացում:

Անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

Այդ մոտեցմամբ աշխարհն առաջ չի գնա:

Մենք չենք կարող մի կողմից հայտարարել մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, ժխտողականության և այլ համամարդկային չարիքների դեմ համատեղ պայքարի մասին, մյուս կողմից Հայոց ցեղասպանության հարցով «դիվանագիտություն բանեցնել» Թուրքիայի հետ:

Շատ պետություններ, որոնք մեծ շահեր ունեն Թուրքիայի հետ, հաղթահարել են այդ պատնեշը, և պետք է արժանին մատուցել նրանց:

Երախտապարտ ենք նրանց, ինչպես նաև այն երկրներին, որոնք ցեղասպանությունից հետո իրենց դռները բացել և ապաստան են տվել այդ արհավիրքից փրկվածներին:

Երախտապարտ ենք մարդասիրական կազմակերպություններին, միսիոներներին, դիվանագետներին և այն ժողովուրդներին ու անհատներին, որոնք դաժան այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին ու փրկեցին շատերին:

Անընդունելի է Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների դիրքորոշումը, որը խուսափել և խուսափում է ցեղասպանության ճանաչումից և պետական մակարդակով առաջ տանում ժխտողականության քաղաքականությունը:

Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար:

Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ցավագին հիշատակից բացի պետք է խոսել այդ տարիներին մեր ժողովրդի ցուցաբերած ոգու տոկունության և հերոսության մասին նույնպես:

Ցեղասպանությունը նաև հայ ժողովրդի գոյատևման ու մաքառումի պատմություն է, մարդկային ոգու ու կամքի պայքարի պատմություն։ Դա պայքար էր կյանքի համար: Պայքար ինքնության պահպանման համար, պայքար ազգի հիշողությունը չկորցնելու և սերունդներին փոխանցելու իրավունքի ու հնարավորության համար։

Ցեղասպանությունը նաև մարդկային ամենօրյա հերոսության պատմություն է, երբ ապրելն ու գոյատևելը արդեն իսկ պայքար էր։ Մենք մաքառել ենք, տոկացել ու հերոսացել։

Մենք կարողացանք հաղթել մահին, մենք վերապրեցինք և վերածնվեցինք: Այսօրվա անկախ Հայաստանի գոյությունն, ազատ Արցախն, ինչպես նաև կազմակերպված ու հաջողակ Սփյուռքը դրա ապացույցն են և նոր հնարավորություն մեզ համար:

Հնարավորություն՝ համախմբվելու որպես ազգ և ժողովուրդ, մեկտեղելու մեր ջանքերն ու կարողությունները և հասնելու մեր ազգային իղձերի իրականացմանը:

Ես հավատում եմ դրան:

Հիշում եմ և պահանջում։

Աստված պահապան հայ ժողովրդին։

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

FAST հիմնադրամը «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացների երկրորդ փուլի ընդունելությունը հասանելի է դարձրել ՀՀ բոլոր մարզերի շահառուների համար։
«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ 6-ամսյա անվճար դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը, որը կազմակերպելու է ՀՀ ՊՆ-ն։ Դասընթացները պարբերական են․ մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։
FAST հիմնադրամը կկազմակերպի նաև դասընթացներ «1991 ստորաբաժանում» ընդունված զինծառայողների համար նրանց հանձնարարված հետազոտության և մշակման (R&D) նախագծերի կարիքներին համապատասխան։

Դասընթացի բովանդակություն.

• Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն
• Մաթեմատիկական անալիզ
• Հավանականությունների տեսություն
• Ծրագրավորման հիմունքներ
• Մեքենայական ուսուցման հիմունքներ
• Նեյրոնային ցանցերի հիմունքներ
• Ավարտական նախագծեր:

Ընդունելություն.

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա բոլոր տղաները, սակայն նախապատվությունը կտրվի 2020 թվականի ձմեռային զորակոչի ենթակա երիտասարդներին։
Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (STEM) ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

• Հայտերի ընդունում
• Թեստավորում
• Հարցազրույց:

Առավելություններ.

Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝
• աշխատելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում
• աշխատելով բարձր տեխնոլոգիական ընկերություններում
• ներգրավվելով հետազոտական լաբորատորիաներում
• ձևավորելով սեփական ստարտափը:

Հարցերի դեպքում կարող եք գրել 1991.ai@fast.foundation էլեկտրոնային հասցեին կամ FAST-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին։
Դասընթացի վերաբերյալ ամբողջական հայտարարությունը տե՛ս FAST հիմնադրամի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով, ֆեյսբուքյան էջում՝ հետևյալ հղումով։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

timthumb

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագիր` ADVANCE STEM Research Grant Program:

ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը կամուրջ է միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև նորարարական հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։ Հետազոտական խմբերը կձևավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից։ Ծրագրի առաջին փուլի ընթացքում կտրամադրվեն 3 դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ երկարաժամկետ հետազոտություն իրականացնելու համար՝

  • Կենսատնտեսություն` Biotechnology – towards a sustainable circular bioeconomy Գիտնական՝ պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյան Համբուրգի տեխնոլոգիական համալսարան (Գերմանիա)
  • Նոր նյութեր` Stable perovskite materials for solar energy Գիտնական՝ դոկտոր Խաչատուր Մանուկյան Նոթր Դաﬕ համալսարան (ԱՄՆ)
  • Մեքենայական ուսուցում` Statistical analysis of machine learning algorithms (SAM-lab) Գիտնական՝ պրոֆեսոր Առնակ Դալալյան Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոց (Ֆրանսիա)

ADVANCE դրամաշնորհային ծրագրի բոլոր մանրամասներին և դիﬔլու ընթացակարգին կարող եք ծանոթանալ՝ այցելելով FAST հիմնադրամի պաշտոնական կայքէջ։

Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 26 ներառյալ։

Հարցերի դեպքում կարող եք գրել programs@fast.foundation էլեկտրոնային հասցեին։