Մասնաճյուղում կայացավ հանդիպում ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնող խմբի հետ

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի հանդիպումը ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու նպատակով ձևավորված նախնական աշխատանքային խմբի հետ:

Հանդիպման նպատակն էր իրազեկել ներկաներին ԵՊՀ ԻՄ-ում ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու հերթական գործընթացի, դրա ընդհանուր բովանդակության ու խնդիրների մասին:

Մասնավորապես ներկայացվեց, որ ԵՊՀ ԻՄ-ն ունի ինքնավերլուծություն իրականացնելու փորձ. 2011, 2013 և 2015 թվականներին ըստ ձևաչափի պատրաստվել են ինքնավերլուծության զեկույցներ:

Ինքնավերլուծության ձևաչափը ենթադրում է ՄՈՒՀ-ի ծավալած բոլոր ոլորտների գործընթացների վերլուծություն, նրանց թույլ և ուժեղ կողմերի բացահայտում, կրթության ոլորտում նոր մոտեցումների ներդրում ու համադրում, պլանավորման երկարաժամկետ ծրագրում, անհրաժեշտ փոփոխությունների իրականացում:

Նշվեց, որ ինքնավերլուծությունը կիրականացվի ըստ 10 չափանիշների, որոնք իրենց հերթին ընդգրկում են 65 չափորոշիչ: Ներկայացվեցին աշխատանքային խմբերի անդամները՝ ըստ չափանիշների:

ՄԿՈԱ բաժնին հանձնարարվեց համակարգել գործընթացը, հետևել խմբերի աշխատանքներին՝ ըստ ժամանակացույցի, տրամադրել համապատասխան խորհրդատվություն և աջակցություն՝ ինքնավերլուծությունը պատշաճ իրականացնելու համար:

Մասնաճյուղում կայացավ «Ես վստահում եմ իմ բուհին» խորագրով աշխատաժողովը՝ նվիրված ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մասնաճյուղում կայացավ «Ես վստահում եմ իմ բուհին» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինը:

Աշխատաժողովին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Որպես բանախոսներ ընդգրկված էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ Հ.Մովսեսյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ Ա.Մարդանյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Գ.Հարությունյանը, գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը և ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը՝ ներկայացնելով աշխատաժողովի հիմնական նպատակը, այն է՝ վերհանել մասնաճյուղի ուսանողների և դասախոսների մոտիվացիային խոչընդոտող գործոնները և առաջարկել նրանց մոտիվացիայի բարձրացման ուղիներ, ուրվագծեցին քննարկվելիք հարցերի շրջանակը, խնդիրները:

Այնուհետև բանախոսները ներկայացրին թեմայի վերաբերյալ իրենց տեսակետները, պատասխանեցին մասնակիցների հարցերին:

Տեղի ունեցան ազատ քննարկումներ և երկու առցանց հարցում, որոնց ընթացքում աշխատաժողովի մասնակիցները փորձեցին գտնել հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ինչու՞ են երիտասարդները ցանկանում սովորել բուհում:
  • Ինչու՞ ուսանողը չի սովորում:
  • Ինչպե՞ս անել, որ նա սովորի:
  • Ինչու՞ է դասախոսը սովորեցնում, և որ՞ն է նրա մոտիվացիան:
  • Ի՞նչ խնդիրներ են ազդում դասախոսի մոտիվացիայի նվազման վրա:
  • Որո՞նք են այն խնդիրները, որոնց բախվում է դասախոսը ուսանողի մոտիվացիայի բացակայության դեպքում:

Ցուցադրվեց մոտիվացիոն փոքրիկ ֆիլմ, որից հետո ՄԿՈԱ բաժնի մասնագետ Ա.Հովսեփյանը ներկայացրեց դասախոսների շրջանում, իսկ ուսանողուհի Ս.Միրզոյանը՝ ուսանողների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները:

ՄԿՈԱ բաժնի մասնագետ Ա.Մարդանյանն էլ ներկայացրեց մասնաճյուղից բավարարվածության հարցման արդյունքները:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ ցանկություն հայտնելով, որ հաճախակի կազմակերպվեն նման քննարկումներ, ինչպիսին էր այդ աշխատաժողովը, որի ընթացքում դիտարկվեցին տարբեր տեսակետներ, վերհանվեցին խնդիրներ, առաջարկվեցին և կանխորոշվեցին դրանց լուծման համար ուղիներ:

Կայացավ Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում

1. գլխավոր 2019թ. դեկտեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները:

Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Պատմություն» մասնագիտության բարձր կուրսերի ուսանողներ:

Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ վերհանել պատմաբանի դերն ու նշանակությունը, ընդգծել տվյալ մասնագիտության կարևորությունը:

«Պատմություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները Պատմաբանի օրվա առթիվ հանդես եկան զեկուցումներով:

Թամարա Ջանվելյանը ներկայացրեց «Հայոց այբուբենի ստեղծումը» թեմայով զեկուցում՝ խոսելով գրերի ստեղծման հանգամանքների և Հայաստանում տվյալ շրջանում տիրող իրավիճակի մասին:

Մեդորա Ասիլյանը հանդես եկավ «Հայաստանի առաջին հանրապետություն» թեմայով զեկուցմամբ՝ անդրադառնալով վերջինիս ստեղծմանը, կառուցվածքին և բացառիկ նշանակությանը:

Իննա Մարտիոսյանը ներկայացրեց Արցախյան պատերազմի մասին՝ խոսելով ռազմական գործողությունների և պատերազմում սփյուքահայերի մասնակցության վերաբերյալ:

Վերջում ելույթ ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը՝ ողջունելով ուսանողների նախաձեռնությունը, ուսումնական գործընթացում կարևորելով նման միջոցառումները և շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին:

 

«Ի՞նչ պետք է անել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար». համալսարանականներին իրազեկում են ԱԻՆ աշխատակիցները

IMG_20191202_102952 2019թ. դեկտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ԲՊԲ գլխավոր մասնագետ Արմեն Մելքումյանի,  ՃԿԿ ավագ հրահանգիչ Էդգար Քամալյանի և առաջին օգնության ավագ հրահանգիչ Մարինե Սարիբեկյանի հանդիպումը բուհի տարբեր մասնագիտությունների ուսանողների և վարչական անձնակազմի մի քանի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցին ընդառաջ մասնաճյուղի ուսանողներին և աշխատակիցներին ներկայացնել երկրաշարժի (դրա ուժգնության, տևողության, ծանր հետևանքների, մարդկային ու նյութական կորուստների) վերաբերյալ մանրամասներ և հատկապես երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները:

Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները հանդիպման ընթացքում անդրադարձան երկրաշարժի հիմնական և առավելագույն երկարությանը, ցնցումների միջև ընթացքի տևողությանը, այդ ժամանակ իրականացվող գործողություններին:

Համալսարանականներին ներկայացվեցին երկրաշարժից պաշտպանվելու, տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու հիմնական կանոնները: Գործնականորեն ցուցադրվեցին բաց և փակ կոտրվածքների, գիտակցության կորստի դեպքում առաջին բուժօգնության քայլերը:

Հանդիպումը եզրափակվեց երկրաշարժի վերաբերյալ ֆիլմի դիտումով։

ԱԻՆ աշխատակիցներից հանդիպման մասնակիցներն իմացան, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար:

«Կյանքին վտանգ սպառնացող սպորտաձևերը պետք է արգելվեն» թեմայով բանավեճում հաղթեց «Օմեգա» թիմը

1 2019թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացավ բանավեճի առաջնության 1/4 եզրափակչի երկրորդ խաղը, որին մասնակցում էին «ԻՄ ՈՒԽ» և «Օմեգա թիմերը»:

Խաղի դատավորներն էին Արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանը, ՈՒԳԸ նախագահ Հրանտ Ղարագյոզյանը և ՈՒԳԸ փոխնախագահ Շիրակ Գասպարյանը (գլխավոր դատավոր):

Բանավեճը «Կյանքին վտանգ սպառնացող սպորտաձևերը պետք է արգելվեն» թեմայով էր:

Կողմ դիրքորոշմամբ հանդես եկավ «ԻՄ ՈՒԽ» թիմը, դեմ դիրքորոշմամբ՝ «Օմեգա» թիմը:

Դեմ դիրքորոշմամբ թիմը ներկայացրեց տարբեր պնդումներ, օրինակներ, փաստեր, որոնց առանցքում այն գաղափարն էր, որ նման սպորտաձևերի արգելումը դեմ է մարդու իրավունքներին և ազատություններին:

Դրան հակառակ, վկայակոչելով, որ կյանքը բարձրագույն արժեք է՝ կողմ թիմը նշեց, որ այդ կերպ կտրուկ կնվազեն սպորտի ընթացքում մահացության դեպքերը:

Համառ պայքարից հետո 52-54 հաշվով հաղթեց «Օմեգա» թիմը:

Շնորհավորում ենք հաղթող թիմին՝ մաղթելով նոր հաջողություններ: