Կայացավ պրակտիկայի ղեկավարների հետ տնօրենի հանդիպումը

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ պրակտիկայի ղեկավարների հետ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հանդիպումը, որին ներկա էին դեկանները, Հեռակա ուսուցման բաժնի վարիչը, ամբիոնների վարիչներ, կրթական ծրագրերի ղեկավարներ:

Այն կազմակերպվել էր Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի կողմից և նպատակ ուներ քննարկելու պրակտիկաների արդյունավետ կազմակերպմանը և իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում վերհանվեցին 2019-2020 ուսումնական տարվա պրակտիկաների ընթացքին, հիմնական ուղղություններին, ԵՊՀ ԻՄ-ի և համապատասխան կազմակեր­պություն-ձեռնարկությունների միջև կնքված պայմանագրերին, պրակտիկաների ծրագրերով նախատեսվող աշխա­տանքներին, պրակտիկանտների առջև դրվող պահանջներին, պրակտիկաների միջոցով կրթական ծրագրերի վերջնարդյունքների ապահովմանը վերաբերող խնդիրներ:

Ելնելով պրակտիկայի տեսակներից և տվյալ մասնագիտության կրթական ծրագրի առանձնահատկություններից՝ ղեկավարները ներկայացրին իրենց ծրագրերը՝ անդրադառնալով նպատակներին, խնդիրներին, գործողություններին՝ ուղղված առարկայական դասընթացներից ստացած գիտելիքների ամրապնդմանը և խորացմանը, կրթական ծրագրերում նշված անհրաժեշտ գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերմանը:

Քննարկումների ընթացքում պարոն Ա.Մակարյանը ներկայացրեց պրակտիկաների վերաբերյալ իր մոտեցումները, հստակեցվեցին պրակտիկաների կազմակերպման ուղղությամբ կատարվելիք աշխա­տանք­ները, Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը հանդես եկավ պրակտիկայի խնդիրներին համալիր լուծումներ տալու առաջարկով:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների մանկավարժական ակտիվ պրակտիկան

1. գլխավոր

 2019-20 ուստարվա I կիսամյակում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում իրականացվում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների  մանկավարժական ակտիվ (ամփոփիչ-գնահատողական) պրակտիկան՝ կազմված 2 փուլից՝ 3-ական շաբաթով:

Առաջին փուլն իրականացվել է սեպտեմբերի 9-30-ը, երկրորդ փուլն անցկացվում է նոյեմբերի 4-25-ը:

Ծրագրով նախատեսված է մանկավարժական պրակտիկան իրականացնել շարունակականության և հաջորդականության սկզբունքներով, մասնագիտական կոմպետենտության աստիճանական զարգացման մեխանիզմով բակալավրի կրթական ծրագրի մանկավարժական բոլոր մասնագիտությունների գծով:

Ամփոփիչ-գնահատողական պրակտիկայի նպատակն  է վարել տվյալ օրվա բոլոր դասաժամերը՝ ըստ նախապես կազմված դասապլանների, ձևավորել յուրացված տեսական նյութը գործնականում կիրառելու կարողություն:

Մանկավարժական պրակտիկայի խնդիրն է բացահայտել, թե ինչ միջոցներով են դասապրոցեսներն ավելի արդյունավետ իրականացվում, ժամանակակից պայմաններում ուսուցման որ մեթոդներն են առավել կիրառելի, կարևորագույն խնդիր է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունների հաշվառումը, ինչպես նաև համակուրսեցիների վարած դասերի քննարկումը և վերլուծությունը:

Նախքան  դպրոց գնալը, ինչպես նաև պրակտիկայի ընթացքում  ուսանողները  հանդիպումներ  են ունեցել Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, պրակտիկայի ղեկավար-պատասխանատու Վ.Մելիքսեթյանի, պրակտիկայի մանկավարժ-խորհրդատու Ա.Մարտիրոսյանի   և   պրակտիկայի հոգեբան Ա.Քամալյանի հետ:

Պրակտիկայի սկզբում ուսանողները կցվել  են 1-3-րդ դասարաններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե մինչև այդ որ դասարաններում  են  անցել պրակտիկան: Այնուհետև դասվարներն իրենց փորձը փոխանցել  են ուսանողներին՝ վերջիններիս նախապատրաստելով որպես  ուսուցիչ  դասարան  մտնելուն:

Պրակտիկանտները՝  թվով  39  ուսանող, տարբեր խմբերով  անցնում  են ակտիվ պրակտիկա տարբեր դասարաններում, նախապես կազմում դասի պլան, առանձնացնում դասի նպատակը, խնդիրները, պլանավորում  դասի  ընթացքը:

Պրակտիկան շատ հագեցած է և  գոհացնող ուսանողների համար: Մանկավարժական ակտիվ պրակտիկայի ընթացքում  ուսանողները շարունակում են իրենց անհատական թղթապանակների վարումը, որոնցում ներառված  է պրակտիկայի ընթացքում յուրաքանչյուրի կատարած աշխատանքը, և որոնց հիման վրա կիրականացվի գնահատում:

Բոլոր լուսանկարները տե´ս այստեղ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 8-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:

ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ բուհի ուսանողության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ նախագահ Ա.Սարգսյանի հանդիպումը, որին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցները՝ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի գլխավորությամբ, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզի տարբեր ոլորտների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում պարոն Ա.Սարգսյանը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, նրանց հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչ հետաքրքրություններ, մտահղացումներ ու կարիքներ ունեն:

Նախագահը նշեց, որ մարզի զարգացման, շրջանավարտների աշխատանքի հարցն առավել արդյունավետ լուծելու համար նպատակահարմար կարող է լինել մասնագիտությունների ներդրումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, անասնապահությունը, անասնաբուժությունը, անտառային տնտեսության կառավարումը և այլն:

Պարոն Սարգսյանը ուսանողներին տվեց արժեքավոր խորհուրդներ՝ հայրենիքը ճանաչելու և սիրելու, սկզբունքային լինելու, ժամանակն արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

Դիմելով ուսանողներին՝ նա մասնավորապես նշեց. «Կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի բազմակողմանի կրթված: Եթե դուք սովորում եք մաթեմատիկա և որոշեք, որ միայն դա եք սովորելու, լինեք սահմանափակ անձնավորություն, չեք կատարի այն, ինչ մենք՝ որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես պետություն, ձեզանից սպասում ենք: Մենք սպասում ենք, որ դուք նախ և առաջ լինեք բազմակողմանի զարգացած և ազնիվ, բարոյական մարդ: Շատ էական է, որ լինեք հայրենասեր, ունենաք պրոֆեսիոնալ բարձր որակներ, որ լավ կրթություն ստանաք: Ձեր կյանքի ամենաթանկ բաներից մեկը ժամանակն է: Ափսոս կլինի, որ գաք համալսարան ու չսովորեք, այդ դեպքում դուք ինքներդ ձեզ կխաբեք: Այդ ժամանակը հետ չի գալու»:

Նախագահը նաև ուսանողներին ներկայացրեց մարզի սահմանամերձ համայնքներից, այնտեղ ապրող տոկուն, ստեղծագործ ու աշխատասեր մարդկանցից իր ստացած ջերմ ու դրական տպավորությունները. «Հայաստանը միայն Երևանը չէ: Շատ էական է, որպեսզի ինքներդ էլ գիտակցեք, որ կարելի է ապրել մեծ քաղաքից դուրս, բայց ապրել ժամանակակից կյանքով: Կարելի է զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, ստեղծել մրցունակ արտադրանք և ունենալ հոյակապ կյանք՝ այս հոյակապ վայրում: Մեր նպատակը պետք է լինի թե՛ գյուղում, թե՛ քաղաքում կյանքի որակը նույնը դարձնելը, որպեսզի այն, ինչ հնարավոր է ստանալ Երևանում, հնարավոր լինի ստանալ նաև այստեղ»:

Ընդունելով ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկը և հետևելով ձևավորված ավանդույթին՝ ՀՀ նախագահը տիկնոջ հետ մասնաճյուղի այգում ծառ տնկեց:

Այնուհետև նախագահ Սարգսյանը, տիկին Նունե Սարգսյանը և հյուրերը դիտեցին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր աշխատանքների բացօթյա ցուցադրությունը:

Ա.Մակարյանը տնօրենության անունից ՀՀ նախագահին նվիրեց մասնաճյուղի շրջանավարտների ավարտական աշխատանքներից «Տիրամայրը մանուկի հետ» մանրանկարը (ուսանող՝ Արինա Դավթյան, ղեկավար՝ Լ.Ֆլջյան):

Կայացավ մեքենայական ուսուցման վերաբերյալ սեմինար-քննարկում

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ մեքենայական ուսուցման վերաբերյալ սեմինար-քննարկում, որը կազմակերպվել էր Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Նուրբենկյանի և ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի, ուսանողական կառույցների (ՈՒԳԸ, ՈՒԽ) համագործակցությամբ:

Այն վարեց ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչ Արամ Բուտավյանը:

Բովանդակալից սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվեց, թե ինչ է մեքենայական ուսուցումը, և դրա ինչպիսի տեսակներ գոյություն ունեն:

Խոսվեց յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունների և կիրառման ոլորտների մասին (էլեկտրոնային նամակների սպամներ, վարկերի դասակարգում, ձեռագիր տեքստերի ճանաչում, մակրոտնտեսական փոփոխականների կանխատեսում, կյանքի տևողության գնահատում, նկարների ճանաչում, ինքնակառավարվող մեքենաներ, ռոբոտների տեղաշարժ և այլն):

Անդրադարձ կատարվեց նաև մեքենայական ուսուցման նախագծերի քայլերին, դրամավարկային քաղաքականության արձանագրությունների մեջ առավել հաճախ օգտագործվող բառերին, որը պարզում են հենց մեքենայական ուսուցման շնորհիվ:

Վերջում ներկայացվեցին այնպիսի առցանց աղբյուրներ և դասընթացներ, որոնք կօգնեն ուսանողներին ավելի խորը ծանոթանալ այս ոլորտին:

Ներկաները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին սեմինարին՝ ակտիվորեն ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը:

«Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագիր» «Ամերիկյան սենյակ»-ի համակարգողների հաստիքների համար

DSC02242 «Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպությունը (www.ph-int.org) ԱՄՆ պետ. դեպարտամենտի կողմից հովանավորվող և իր կողմից իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) իրագործման նպատակներով հայտարարում է մրցույթ ծրագրի շրջանակում հիմնվող «Ամերիկյան սենյակ»-ի համակարգողների հաստիքների համար: Ընտրվելու են 2 համակարգողներ, որոնք հերթափոխային գրաֆիկով աշխատելու են «Ամերիկյան սենյակ»-ում: 

Ծրագրի բովանդակություն

Երեք տարի տևողությամբ «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» շրջանակներում Տավուշի մարզկենտրոն Իջևանում, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տարածքում մասնաճյուղի հետ գործընկերությամբ ստեղծվելու է Ամերիկյան սենյակ, որի նպատակն է տարբեր կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումների միջոցով տեղի բնակչությանը ծանոթացնել ամերիկյան արժեքներին, մշակույթին, պատմությանը, ինչպես նաև տարբեր դասընթացների միջոցով զարգացնել դրանց մասնակիցների սոցիալական, ինչպես նաև տարբեր ոլորտներին առնչվող տեխնիկական հմտությունները:

Սենյակի աշխատանքները մեկնարկելու են 2019թ. դեկտեմբերի 2-ից: Սենյակն աշխատելու է ողջ տարվա ընթացքում, երկուշաբթի-շաբաթ օրերին,  10:00-18:00 ժամերի ընթացքում: Սենյակի երկու համակարգողները, «Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպության Երևանյան գրասենյակի աշխատակիցների կողմից համապատասխան վարչական, ինչպես նաև բովանդակային նախապատրաստական ցուցումները ստանալուց հետո, համալսարանի Իջևանի մասնաճյուղի աշխատակիցների հետ սերտորեն համագործակցելով, պատասխանատու են լինելու սենյակի անխափան գործունեության համար: «Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպության Երևանյան գրասենյակի աշխատակիցները Տավուշի աշխատանքները համակարգողներին կցուցաբերեն մշտական աջակցություն ինչպես հաճախակի այցերի, այնպես էլ հեռահար հաղորդակցության միջոցով:  

Ի լրումն սենյակի վարչական բնույթի աշխատանքներին՝ 2019թ. դեկտ.-2020 թ. սեպտ. ժամանակահատվածի համար նախատեսված է իրականացնել հետևյալ միջոցառումները.

  1. Անգլերենի ուսուցման 2 դասընթաց: 
  1. Մեդիագրագիտության դասընթաց՝ ավարտական առաջադրանք-թեստով:
  2. Արդյունավետ հաղորդակցության հմտությունների դասընթաց և բանավեճի ակումբ:
  3. Ծրագրի մշակման և կառավարման դասընթաց: Դասընթացից հետո կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ ($500) համայնքային 5 ծրագրերին:
  4. Աշխատանքի որոնմանն ու դիմումների պատրաստմանն ուղղված սեմինարներ:
  5. Կինոդիտումներ և քննարկումներ:
  6. Դասախոսություններ՝ ԱՄՆ-ին վերաբերող թեմաներով:
  7. Հանդիպումների ակումբ՝ նվիրված ամերիկյան և անգլիական գրականությանը:
  8. Գրադարանային ծառայություններ:

 Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել

Ամերիկյան սենյակի 2 համակարգողների ընտրության համար տրված հայտարարությամբ կարող են դիմել Իջևան քաղաքի բնակիչներ, որոնք

  1. պլանավորում են ծրագրի ամբողջ ընթացքում (2019թ. դեկտեմբերի 2-2022թ. սեպտեմբերի 30) երկարատև չբացակայել Իջևան քաղաքից,
  2. ունեն անգլերենի գերազանց իմացություն,
  3. ունեն տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններ,
  4. ունեն միջոցառումներ կազմակերպելու փորձ, հատկապես տարբեր տարիքի անձանց հետ,
  5. ակտիվ են, ստեղծագործ, նորարար, ինքնուրույն և նախաձեռնող,
  6. ունեն թիմում աշխատելու հմտություններ,
  7. կազմակերպչական հմտություններ:

Նախընտրություն կտրվի այն թեկնածուներին, որոնք

  • ունեն ԱՄՆ կառավարության կրթական-մշակութային ծրագրերի կամ միջազգային նմանատիպ այլ ծրագրերի մասնակցության փորձ,
  • պլանավորել ու վարել են դասընթացներ կամ աջակցել են տարբեր դասընթացների իրականացմանը,
  • հանդիսանում են կրթական, մշակութային կամ մասնագիտական ցանցերի անդամ:

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև սթ. նոյեմբերի 14-ը՝ ժամը 20:00-ն, ծրագրի ղեկավար Քրիստինե Ճգնավորյանին`  christine.chgnavoryan@ph-int.org  էլ. հասցեով, ուղարկեն անգլերենով գրված դիմում-նամակ (Cover letter) և ինքնակենսագրական (CV): Նամակի վերնագրի տողում պետք է նշել Application for American Space Coordinator:

«Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպության աշխատակիցները կկապվեն միայն այն անձանց հետ, որոնց թեկնածությունը կդիտարկեն ընտրության հաջորդ փուլի համար և կհրավիրեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում երկուշաբթի-ուրբաթ օրերին` 9:30-18:30 ժամերի ընթացքում, կարող եք դիմել ծրագրի ղեկավար Քրիստինե Ճգնավորյանին (հեռ.՝ 094 41 42 36, էլ.փոստ` christine.chgnavoryan@ph-int.org):