Ազատամուտի գեղարվեստի ստուդիայի սաները մեր դասախոսներից ստացան մասնագիտական խորհուրդներ

1. գլխավոր

 2019թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ներկայացուցիչները՝ դեկանի պաշտոնակատար Ա. Շ. Մարգարյանը, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՀ ՆՄ անդամներ Գևորգ Ջավրուշյանը, Դոնարա և Անուշ Չիբուխչյանները այցելեցին Ազատամուտի մշակույթի պալատ:

Այցելության նպատակն էր Ազատամուտի գեղարվեստի ստուդիայի սաների  և նույն ստուդիայի ուսուցչուհի, նկարչուհի, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Անի Աղաջանյանի աշխատանքների համատեղ ցուցահանդեսին մասնակցելը և աշակերտներին մասնագիտական խորհուրդներ տալը:

Նախ համալսարանականները Ազատամուտ համայնքի մշակույթի պալատում մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտ Ա.Աղաջանյանի և իր սաների աշխատանքների ցուցահանդեսին՝ տպավորվելով ներկայացված գործերով:

Այնուհետև մեր դասախոսները և հատկապես պարոն Ջավրուշյանը գեղարվեստի ստուդիայի սաներին բացատրեց որոշ նրբություններ, տվեց արժեքավոր խորհուրդներ՝ նրանց նկարելու կատարողական ու տեխնիկական հմտությունները զարգացնելու վերաբերյալ:

Իրականացվեց քայլարշավ՝ նվիրված ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին

1. գլխավոր

 2019թ. հոկտեմբերի 13-ին Տնտեսագիտության ֆակուլտետի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնը ֆակուլտետի ուսանողական խորհրդի հետ կազմակերպել էր Իջևան-Աղավնավանք-Գոշավանք-Գոշի լիճ-Իջևան երթուղով քայլարշավ՝ նվիրված ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին:

Քայլարշավին մասնակցում էին ամբիոնի ասիստենտ, մ.գ.թ. Հ.Ազիզյանը, ասիստենտ Պ.Ասիլբեկյանը, գործավար-օպերատոր Ս.Սաֆարյանը, ԵՊՀ ԻՄ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Երթուղին բավականին հագեցած էր. յուրաքանչյուր երթուղու վերջում իրականացվեց քննարկում՝ տվյալ ռեսուրսի զբոսաշրջային օգտագործման հեռանկարները և հնարավորությունները թեմայով:

Պ.Ասիլբեկյանը երթուղու ընթացքում ուսանողներին ներկայացրեց մանրամասներ ռելիեֆի, բուսականության, ջրագրության վերաբերյալ և շեշտեց դրանց զբոսաշրջային նշանակությունը:

Վերջնական նպատակակետերի մասին տեղեկատվություն ներկայացրին  «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողուհիներ Լաուրա Ուլիխանյանը (Գոշի լիճ) և Թինա Թամրազյանը (Աղավնավանք):

Հ.Ազիզյանը ուսանողներին ներկայացրեց երթուղիների ընթացքում  զբոսավարներին ներկայացվող պահանջները, քայլարշավի ժամանակ էթիկայի կանոնները, զբոսավարական հմտությունները:

Քայլարշավն անցավ  մեծ ոգևորությամբ: Ուսանողները ստացան ինչպես հաճելի տպավորություններ, այնպես էլ համալրեցին հայրենի բնաշխարհի վերաբերյալ իրենց գիտելիքները:

Մեր դասախոսները մասնակցեցին «Դասավանդում հանուն հաջողության» անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողովին

IMG_6168 2019թ. հոկտեմբերի 12-ին և 13-ին ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության  ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ք.Հարությունյանը և ամբիոնի դասախոսներ Երևանում մասնակցեցին «Դասավանդում հանուն հաջողության» անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողովին, որը կազմակերպել էր Հայաստանում Բրիտանական խորհուրդը:

Երկօրյա համաժողովին մասնակցում էին շուրջ 900 անգլերենի դասավանդողներ:

Հրավիրյալ խոսնակներն էին բրիտանացիներ Սթեֆան Հինլաֆը և Սայմոն Էթերտոնը:

Սթեֆան Հինլաֆը, լինելով Անգլիայի հարավից, այժմ բնակվում է Զագրեբում և զբաղվում է անգլերենի ուսուցիչների վերապատրաստումով: Նա բազմաթիվ վերապատրաստումներ է իրականացրել եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ալբանիայում, Սերբիայում, Իսրայելում, Վրաստանում և այլուր: Ս.Հինլաֆը նաև մի քանի դպրոցական դասագրքերի համահեղինակ է:

Սայմոն Էթերտոնը, ունենալով ավելի քան 30 տարվա փորձ, անգլերենի դասավանդման բնագավառում իրականացնում է լայնածավալ աշխատանքներ ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիական և Խաղաղօվկիանոսյան շրջանում:

Համաժողովում ելույթ ունեցան նաև հայ դասավանդողներն ու ուսուցիչները՝ ներկայացնելով իրենց գաղափարները, փորձն ու հմտությունները:

Երկօրյա համաժողովի օրակարգը բավականին հագեցած էր և ուղեկցվում էր ակտիվ քննարկումներով: 

Կայացավ տնօրենության հերթական նիստը

Տնօր. նիստի նկար

 2019թ. հոկտեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ, ըստ ուսումնական պրոցեսի կազմակերպման ժամանակացույցի, ս.թ. հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 2-ը մասնաճյուղում անցկացվելու են 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննություններն ու ստուգումները: Նա նշեց, որ ամբիոնները առարկայական փաթեթներին համապատասխան պետք է դեկանատներ ներկայացնեն ընթացիկ քննությունների և ստուգումների անցկացման ձևերը, և ըստ այդմ՝ պետք է կազմվեն քննաշրջանի ժամանակացույցները: Ընթացիկ քննությունների և ստուգումների տոմսերն ու թեստերը պետք է բխեն առարկայական հարցաշարերից, չպետք է լինեն անհամապատասխանություններ:

Ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 16-ը Ուսումնամեթոդական վարչություն և ուսանողներին ներկայացնել առաջին ընթացիկ քննությունների ու ստուգումների ժամանակացույցները և դրանք տեղադրել մասնաճյուղի պաշտոնական կայքէջում:

Ուսումնամեթոդական վարչությանը, ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին հանձնարարվեց հետևել առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների պատշաճ անցկացմանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք կազմակերպչական հարցեր, որոնց վերաբերյալ նշվեց, որ յուրաքանչյուր ստորաբաժանում ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2020 զարգացման ռազմավարական ծրագրի համապատասխան պետք է վերանայի 2019-20 ուստարվա իր աշխատանքային պլանը:

Որոշվեց, որ ստորաբաժանումների ղեկավարները մինչև ս.թ հոկտեմբերի 20-ը կազմեն ու հաստատման ներկայացնեն իրենց ստորաբաժանումների աշխատանքային պլանները, հետևեն իրենց աշխատակիցների աշխատանքային կարգապահությանը:

Շեշտվեց, որ յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար պետք է ԵՊՀ ԻՄ-ի իրավախորհրդատուից վերցնի իր և իր աշխատակիցների պաշտոնների անձնագրերը՝ իրենց աշխատանքային պարտականություններին ևս մեկ անգամ ծանոթանալու և դրանք պատշաճ կերպով իրականացնելու նպատակով: Ստորաբաժանումների ղեկավարները նաև պետք է  հետևեն իրենց  աշխատակիցների  կարգապահությանը:

Անդրադառնալով առարկայական փաթեթներին՝ տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանն ընդգծեց, որ 2019-2020 ուսումնական տարում առկա և հեռակա ուսուցման համակարգերում դասավանդվող բոլոր դասընթացների փաթեթներն ամբիոններում պետք է հաստատված լինեին սեպտեմբերից: Այսուհանդերձ, պետք է ամբիոնների վարիչներին ևս մեկ անգամ զգուշացնել, որ ուշադիր լինեն առարկայական փաթեթների առկայությանը, քննարկմանն ու հաստատմանը:

Ամբիոնների վարիչներին որոշեցին հանձնարարել մինչև հոկտեմբերի 20-ը կարգավորել բացակա կամ թերի առարկայական փաթեթները:

Նշվեց, որ ամբիոնների վարիչներն իրենց անհատական ծանրաբեռնվածություններին համապատասխան պետք է իրականացնեն դասալսումներ: Դասալսումից հետո նրանք պետք է ներկայացնեն համապատասխան հաշվետվություն, կատարեն գրանցումներ դասալսումների մատյանում:

Որոշվեց ամբիոնների վարիչներին հանձնարարել մինչև վերոնշյալ ժամկետն անցկացնել դասալսումներ՝ ԵՊՀ ԻՄ-ում դասալսումների անցկացման կանոնակարգի համաձայն:

ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնը հայտարարում է տուր փաթեթ կազմելու մրցույթ

1

 ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնը 2019թ. հոկտեմբերի 10-18-ը հայտարարում է մեկօրյա տուրի համար փաթեթ կազմելու ուսանողական մրցույթ Հայաստանի Հանրապետության ցանկացած ուղղությամբ:

Պայմաններն են՝

  • մեկնարկը Իջևան քաղաքից,
  • առանց գիշերակաց,
  • մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները (ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով),
  • փաթեթը ներկայացնել Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոն,
  • էլեկտրոնային տարբերակով փաթեթը և համապատասխան շնորհանդեսը ուղարկել safaryan.95@mail.ru հասցեին,
  • ներկայացման ժամկետը՝ հոկտեմբերի 10-18,
  • մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 22-ին,
  • հաղթող տուր փաթեթի երթուղով կիրականացվի տուր:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոն կամ զանգահարել 093 73 79 24 հեռախոսահամարով: