Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Անկախության առաջնեկը» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովը

20191005_115041

 2019թ. հոկտեմբերի 5-6-ը ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Անկախության առաջնեկը» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովը, որին մասնակցեցին 38 ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից և մասնաճյուղից:

Առաջին օրը տեղի ունեցավ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը. պլենար նիստին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, դասախոսներ, ներկա էր Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը:

Պլենար նիստը բացեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ողջունելով և շնորհավորելով ներկաներին բուհի հիմնադրման 25-ամյակի առթիվ: Նա համառոտ ակնարկով ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի պատմությունը, ընդգծեց, որ պատահական չի ընտրվել «Անկախության առաջնեկը» խորագիրը. բուհի հիմքերը դրվել են ՀՀ անկախության հռչակումից մեկ ամիս անց:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության նախագահ Հրանտ Ղարագյոզյանը՝ հույս հայտնելով, որ գիտական այս նստաշրջանը կդառնա գիտական տարաբնույթ քննարկումների հարթակ, կստեղծի ամուր կապեր ՀՀ մի շարք համալսարանների միջև: Նա շնորհակալություն հայտնեց պետական և մասնավոր կազմակերպություններին՝ ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերելու համար, մասնավորապես՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին, Իջևանի համայնքապետարանին, Մարանի սուպերմարկետին և ՀԷՑ ընկերության «Աղստև» մասնաճյուղին:

Պլենար նիստից հետո գիտաժողովը շարունակվեց մասնագիտական 3 բաժանմունքներում՝ Տնտեսագիտության և բնական գիտությունների բաժանմունք, Պատմաիրավագիտության բաժանմունք, Հասարակական գիտությունների բաժանմունք (հայ և ռուս բանասիրություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, արվեստ):

 

Այնուհետև բաժանմունքների ղեկավարներն իրենց կարծիքներն արտահայտեցին ուսանողների ներկայացրած զեկուցումների վերաբերյալ, տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը:

Այլ բուհերից ժամանած ուսանողների համար կազմակերպվեց շրջայց Իջևան քաղաքում, իսկ վերադարձից հետո՝ ինտելեկտուալ խաղ:

Երկրորդ օրը նվիրված էր գիտաճանաչողական այցերին, որոնց շրջանակներում այլ բուհերի ուսանողները ՈՒԳԸ անդամների ուղեկցությամբ այցելեցին Իջևանի բուսաբանական այգի, Հաղարծնի և Գոշավանքի վանական համալիրներ:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Կայացավ Ուսուցչի միջազգային օրվան նվիրված միջոցառում

1. գլխավոր

 2019թ. հոկտեմբերի 5-ին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Ուսուցչի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, փոխդեկան Վ.Աղաբաբյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ա.Մարդանյանը, Անգլերեն լեզվի և գրականության, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնների աշխատակիցները և հյուրեր:

Ուսուցչի տոնին նվիրված միջոցառումն անցկացվեց միաժամանակ երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն:

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին տոնի նախապատմությունը, տարբեր երկրներում այն նշելու առանձնահատկությունները:

Ներկայացվեցին նաև ուսուցիչների միջև եղած տարբերությունները Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Հայաստանում:

Ցուցադրվեցին զվարճալի տեսահոլովակներ օտար լեզուներ դասավանդելու դժվարությունների մասին:

Այնուհետև ուսանողները ներկայացրին ֆակուլտետի դեկանի և փոխդեկանի, ԵՊՀ ԻՄ-ում օտար լեզուներ դասավանդող բոլոր դասախոսների անունների ստուգաբանությունը, որից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխություն: Դասախոսներին, դեկանին ու փոխդեկանին հանձնեցին հավաստագրեր՝ բնութագրող տիտղոսներով:

Միջոցառումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում:

Վերջում ելույթ ունեցավ Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներին և բոլոր ներկաներին՝ օրն իսկապես տոն դարձնելու համար:

«Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու հրավեր

Միջ. գիտաժ.-ի հայտ. նկար

 2019թ. նոյեմբերի 12-14-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կանցկացվի «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովը նպատակաուղղված է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլոր­տի զարգացման հեռանկարներին, աղետների ռիսկի կառավարման արդիական հարցերին, բնածին, տեխնածին, սոցիածին և այլ վտանգներից պաշտպանության հարցերով բնակչության ուսուց­մանը, բնակչության շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, ճգնաժամային կա­ռավարման հիմնախնդիրներին:

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները կներառվեն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանությանն ու քաղաքացիական պաշտպանությանն առնչվող մասնագիտական 3 սեկցիայում՝ կառավարում և տնտեսագիտություն, տեխնոլոգիաներ, գիտամեթոդական հիմնախնդիրներ:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտ և ուղարկել ակադեմիայի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@cmsa.am: Ներկայացվելիք զեկուցման ամբողջական տարբերակը՝ սկանավորված երաշխավորագրի հետ միասին, անհրաժեշտ է ուղարկել ակադեմիայի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@cmsa.am, կամ ներկայացնել ակադեմիա (Երևան – 40, Աճառյան 1, 2-րդ հարկ, 217 սենյակ) մինչև հոկտեմբերի 15-ը:

Գիտաժողովում ներկայացված զեկուցումները կտպագրվեն ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական հանդեսի հերթական համարում: Հանդեսն ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում:

Աղբյուրը՝ http://cmsa.am:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-20 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակառուները

anvanakan-page0001 (1)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2019-20 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:

♦♦♦

«ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

 Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանող

Գերասիմ Սամվելի Ալավերդյան

3

♦♦♦

«ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բնական գիտությունների ֆակուլտետի  «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանող

Տիգրան Սերյոժայի Գասպարյան

♦♦♦

«ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Գոհար Աշոտի Մխիթարյան

♦♦♦

«ԻՋԵՎԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Աստղիկ Արթուրի Ղազարյան

5

♦♦♦

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Ռոզա Արմենի Մելքումյան

7

♦♦♦

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Լարիդա Արարատի Ղազումյան

4

♦♦♦

 «ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Վանուհի Սուրենի Հարությունյան

♦♦♦

«ԵՊՀ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Անի Արտակի Ասրյան

1

♦♦♦

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Վահիդա Արմենի Խոջայան

6

♦♦♦

«ՇԱՎԱՐՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի  «Տնտեսագիտություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Տիգրանուհի Վարուժանի Թիրաբյան

9

«Մաշտոց» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1. գլխավոր 2019թ. հոկտեմբերի 2-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Մոնրեալի եգիպտահայերի ընկերակցության «Մաշտոց» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ տեր և տիկին Ջոն (Ճոն) և Սոսե (Սօսի) Մանուկյանները:

Այցելության նպատակն էր հանդիպել «Մաշտոցյան» սաների՝ սահմանամերձ համայնքների մեր այն ուսանողների հետ, ովքեր  արժանացել են «Մաշտոց» հիմնադրամի սահմանած կրթաթոշակին:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա.Մարգարյանը, Արտաքին կապերի բաժնի աշխատակիցները, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ և ուսանողներ:

Արդեն 3 տարի անընդմեջ Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» կրթական հիմնադրամը Տավուշի թեմի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ մասնակի կրթաթոշակ է տրամադրում ԵՊՀ ԻՄ-ի` սահմանամերձ համայնքների 25-ական ուսանողի (յուրաքանչյուրին` 100.000-ական ՀՀ դրամի չափով):

Հանդիպման բացումն ազդարարեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը՝ ողջունելով և իր օրհնության խոսքը հղելով հանդիպման մասնակիցներին և հատկապես Կանադայից ժամանած պատվավոր հյուրերին, շնորհակալություն հայտնեց նրանց հայրենանվեր գործունեության, Հայոց աշխարհի և մասնավորապես սահմանամերձ Տավուշի բարօրությանը, զորացմանն ու բարգավաճմանն ուղղված համատեղ բարի գործերի համար:

Սրբազանը խոսքը փոխանցեց ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանին, ով ընթերցեց «Մաշտոց» կրթական հիմնադրամի տնօրենների խորհրդի ուղերձը՝ ուղղված «Մաշտոցյան» սաներին:

Ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը՝ բուհի ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից խորին շնորհակալություն հայտնելով Եգիպտահայերի ընկերակցության «Մաշտոց» կրթական հիմնադրամին՝ ի դեմս տեր և տիկին Մանուկյանների, մեծ պատրաստակամություն հայտնեց Տավուշի թեմի, «Մաշտոց» հիմնադրամի և մասնաճյուղի համատեղ գործակցությունն ընդլայնելու և զարգացնելու վերաբերյալ:

Այնուհետև տեր և տիկին Մանուկյաններն ուսանողների հետ քննարկեցին ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտություններին, ուսումնական գործընթացին առնչվող հարցեր:

Հանդիպման վերջում համալսարանականները հյուրերին ուղեկցեցին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետ, որտեղ նրանք ծանոթացան ֆակուլտետում գործող մասնագիտություններին («Կիրառական արվեստ» և «Դիզայն»), ականատես եղան աշխատանքների ստեղծագործական պրոցեսին, դրանց ստեղծման տեխնիկային:

Պատվավոր հյուրերը մեծապես տպավորվեցին ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (վիտրաժային նկարչություն, գոբելեն, գեղանկար, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) աշխատանքներով և իրենց ստացած խորհրդանշական փոքրիկ նվերներով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից ևս մեկ անգամ խորին շնորհակալություն ենք հայտնում «Մաշտոց» կրթական հիմնադրամին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմին, թո՛ղ Աստված առատորեն օրհնի նրանց ազգանվեր գործունեությունը: