Կիրառական արվեստի ֆակուլտետի ներկայացուցիչների այցը Ազատամուտ համայնք

IMG_5061 2019թ. ապրիլի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Շ. Մարգարյանը, Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, դոցենտ, ՀՆՄ վարչության անդամ Համլետ Ասատրյանը այցելեցին Ազատամուտ համայնք:

Այցելության նպատակն էր Ազատամուտ համայնքի գեղարվեստի ստուդիայի սաների համար վարպետաց դաս անցկացնելը և «Մաքուր պահենք մեր համայնքը» խորագրով նկարչության մրցույթին ժյուրիի կազմում մասնակցելը:

Նախ պարոն Ասատրյանը գեղարվեստի ստուդիայի սաների համար իրականացրեց վարպետաց դաս՝ նրանց տալով նկարելու կատարողական ու տեխնիկական հմտություններ, բացատրելով որոշ նրբություններ:

Այնուհետև Ազատամուտ համայնքի մշակույթի պալատում կայացավ «Մաքուր պահենք մեր համայնքը» խորագրով նկարչության մրցույթը, որը կազմակերպել էր գեղարվեստի ստուդիայի ուսուցիչ, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Անի Աղաջանյանը:

Այցի վերջում ելույթ ունեցավ Ազատամուտի համայնքապետի պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը՝ շնորհակալություն հայտնելով ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներին՝ իրենց նախաձեռնության համար և հույս հայտնեց, որ հետագայում կխորացնեն և կընդլայնեն փոխհամագործակցությունը:

ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության հնարավորությունները՝ աշակերտների ուշադրության կենտրոնում

IMG_1320

 2019թ. ապրիլի 16-ին և 17-ին ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ Աիդա Մարդանյանը հանդիպումներ ունեցավ Իջևանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի և Իջևանի վարժարանի 10-12-րդ դասարանների աշակերտների հետ:

Իջևանի ավագ դպրոցի հանդիպմանը ներկա էր նույն ամբիոնի դասախոս Դավիթ Մարգարյանը: Համալսարանականները ներկայացրին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը և դրա ընձեռած հնարավորությունները:

Տիկին Մարդանյանը նշեց, որ այս մասնագիտության լավագույն ուսանողները հնարավորություն ունեն 3-4-րդ կուրսերում մեկնելու Ֆրանսիա, 21 օր տևողությամբ պրակտիկա անցնելու Իջևանի քույր քաղաք Վալանսի «Մաեստրիս» բարձրագույն դպրոցում, ծանոթանալու Փարիզին, Լիոնին, Մարսելին: Ներկայացվեց, որ Ֆրանսահայ բարերար Պոլետ Կուտանի հիմնադրած բարեգործական հիմնադրամը հոգում է նշված մասնագիտության 2-4-րդ կուրսերի վճարովի համակարգով սովորող ուսանողների ուսման վճարը:

Ի տարբերություն այլ բուհերի և այլ մասնագիտությունների՝ ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները 1-ին կուրսից հավասարապես ուսումնասիրում են նաև անգլերեն և ավարտելով դառնում են և՛ ֆրանսերենի, և՛ անգլերենի մասնագետ:

Վերջում Ա.Մարդանյանն անդրադարձավ նաև այլ մասնագիտությունների, որոնց դեպքում ֆրանսերենը ընդունելության քննություն է կամ կարևորվող առարկա («Ֆինանսներ», «Զբոսաշրջություն») և հավելեց, որ օտար լեզվի իմացությունը մեծ հնարավորություններ է ընձեռում ցանկացած ոլորտում:

«Անկախության սերնդի ձայնը» միջազգային ստեղծագործական մրցույթի հրավեր

????????????????????????????????????2019 թ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անկախության սերնդի ձայնը» խորագիրը կրող երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական բիենալե, որը նվիրվում է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:  Բիենալեն կանցկացվի հետևյալ ուղղություններով՝

Ստեղծագործական մրցույթ 

  1. Կոմպոզիտորական մրցույթ,
  2. Գրական  մրցույթ ( միայն էսսեի դեպքում պարտադիր են «Գիտելիքը լույս է» կամ «Ես սիրում եմ համալսարանը» թեմաները),
  3. Կերպարվեստիլուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթ:

 Կատարողական մրցույթ 

  1. Երգի մրցույթ  (անհատական կատարում, զուգերգ, խմբերգ),
  2. Ասմունքի և թատերական մրցույթ (ներկայացման տևողությունը պետք է լինի մինչև 15 րոպե),
  3. Պարային մրցույթ (անհատական կատարում, զուգապար, խմբակային կատարում),
  4. Գործիքային մրցույթ (անհատական  և  նվագախմբային կատարումներ):

Ներկայացված ստեղծագործությունները գնահատվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Յուրաքանչյուր ուղղության համար նախատեսված մրցանակային տեղերից և պարգևատրումներից բացի՝ փառատոնի մասնակիցները կստանան նաև պատվոգրեր և հուշանվերներ: 

Հաղթող մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ գալա համերգին:

Բիենալեի ընթացքում անցկացվելու են հայ արվեստի և մշակույթի վերաբերյալ դասախոսություններ, քննարկումներ, կլոր-սեղաններ, ՀՀ անվանի մասնագետների կողմից վարպետության դասընթացներ: 

Բիենալեին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա բուհերի ուսանողները:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը, որին պետք է կցել նաև ինքնակենսագրությունը, անձնագրի պատճենը, բուհից տրված տեղեկանքը, ներկայացվող աշխատանքի էլեկտրոնային տարբերակը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է:

Հայտաձևը կարող եք գտնել  այստեղ

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ մշակույթի կենտրոն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ),

Հեռ.՝ (060) 710-183, (060) 710-184, ներքին՝ 11-83, 11-84

Կայքէջ՝ www.ysu.am/culture

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/ephculturecenter/

էլ. հասցե՝ culturecenter@ysu.am:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները կարող են նաև դիմել ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանին (հեռ.՝ 094 55 52 12, էլ. հասցե՝ armani-55-85@mail.ru):

 

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին մասնակցելու հրավեր

hamalsaranImg

 2019թ. սեպտեմբերի 25-27-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողների, հետազոտողների և մագիստրոսների հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին:

Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ:

Մինչև սեպտեմբերի 05-ը՝ ժամը 17:00-ն, ընդունվում են մասնակցության հայտեր գիտաժողովի հետևյալ բաժանմունքներում, որոնք աշխատելու են Գյումրիում և Վանաձորում:

Գիտաժողովի հրավերին և հոդվածներին ներկայացվող պահանջերին կարող եք
ծանոթանալ հետևյալ հղումով:

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Թագվոր Մանթաշյանի հետ

    8. Թագվոր Մանթաշյան

2019թ. ապրիլի 16-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2008թ. շրջանավարտ, «Արարատբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Թագվոր Արայիկի Մանթաշյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1987 թվականին Իջևան քաղաքում:  

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:

– Ծնողներս մասնագիտությամբ ճարտարագետներն են, հայրս՝ էլեկտրաարդյունաբերության, մայրս՝ սննդի արդյունաբերության ոլորտներում: Եղբայրս՝ Վաղինակ Մանթաշյանը, ավարտել է ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության բակալավրիատը, այժմ աշխատում է որպես ճարտարագետ:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Նախադպրոցական տարիքում երազում էի դառնալ կռունկավար, ավելի ուշ՝ օդաչու:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– Ավարտել եմ Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 2008 թվականին ավարտել եմ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան: 2010 թ.-ին ավարտել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը իմ գիտելիքների և հմտությունների հիմքն է: Մասնավորապես ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը տվեց մտքի ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն և ռացիոնալ մտածողություն:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Աշխատանքային փորձս սկսվել է «Արարատբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ նախ որպես վարկային մասնագետ, ապա կառավարչի տեղակալ և այժմ որպես կառավարիչ: 

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Հանս Վերներ Ռիխտերի «Մի սպանաներ» վեպն է, որը ես կարդացի զինվորական ծառայության ժամանակ: 

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Եթե չնշեմ մասնագիտական գրականությունը, ապա Բուկեր Վաշինգտոնի “Up from Slavery” գիրքն է:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Երաժշտության նախընտրելի ոճ չունեմ: Սիրելի երգերի ցանկը բազմազան է: Կառանձնացնեմ ուկրաինական և լեհական ժողովրդական երգերը, որոնք վերջին շրջանում սկսել եմ լսել մեծ հաճույքով:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

ԽՍՀՄ ֆիլմերից կառանձնացնեմ «Հարսնացուն հյուսիսից», «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերը, իսկ ժամանակակից ֆիլմերից՝ «Իններորդ վաշտ», «Փախուստ Շոուշենկից», «Հրով և սրով» ֆիլմերը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Նախընտրում եմ ֆուտբոլ:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Հայաստանում՝ Լաստիվերը, Դադիվանքը, Տաք ջուրը՝ Իստիսուն (Արցախն էլ է Հայաստան): Արտերկրում շատ չեմ եղել: Այցելածս վայրերից կնշեմ Մցխեթան, Մոսկվան, Տուապսեն: Կցանկանայի տեսնել Հռոմը, Յելոուսթոուն պարկը:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Ազնվությունը, հայրենասիրությունը, պարկեշտությունը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Կարգախոսներով չեմ առաջնորդվում:

Ի՞նչ երբեք չեք անի:

– Երբեք չես իմանա, թե որ իրավիճակում ինչպես կվարվես:

Ինչի՞ց եք վախենում:

– Վախերի մասին չեմ մտածել:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Չեմ ափսոսում:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Խնդրին բազմակողմանի և խորը նայելը, փորձն ու նախադեպը, ռիսկերի ճիշտ գնահատումը:  

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Ընտանիքս, հարազատներս և ընկերներս:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Աշխատասիրությունը, նպատակասլացությունը, ինքնակրթությամբ զբաղվելը, դժվարություններից չվախենալը:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Խորհուրդներ շատ եմ ստացել: Դժվարանում եմ առանձնացնել մեկը: Յուրաքանչյուրից մի օգտակար բան եմ քաղել:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Երիտասարդներին՝ մասնավորապես ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին, խորհուրդ կտամ օգտագործել ամեն մի պահ՝ նոր բան սովորելու համար, դասապրոցեսից քաղել առավելագույնը: Սրընթաց փոխվող աշխարհում գիտելիքն ու ինֆորմացիան առաջնային են, ուստի անհրաժեշտ է անընդհատ ինքնակրթվել: Սիրելի՛ ուսանողներ, մի՛ վախեցեք սխալվել, քանի որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:   

Շատ շնորհակալ ենք հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: