Մարզի աշակերտները շարունակում են ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ին

Վարժարան 4

 2019թ. մարտից սկսվել են Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ճանաչողական այցերը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Մարտի 13-ին մասնաճյուղի հյուրերը Աչաջրի Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն էին: Այցը նախաձեռնել էր Աչաջրի համայնքային զարգացման կամավորական խմբի ղեկավար, «ՏՄՄ» 3-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Սարդարյանը:

Մարտի 14-ին ԵՊՀ ԻՄ այցելեցին Իջևանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտները՝ ֆիզիկայի ուսուցչուհի Նառա Խաչատրյանի ուղեկցությամբ:

ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը հյուրերին ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը և մասնագիտությունները, ծանոթացրեց գրադարանին, լսարաններին, համակարգչային սրահներին, Անգլերենի ռեսուրս կենտրոնին, մարզադահլիճին, Կիրառական արվեստի ֆակուլտետի արվեստանոցներին և բուհի պատերը զարդարող արվեստի գործերին:

Աչաջրի դպրոցի աշակերտները եղան նաև Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում, որի ներկայացուցիչները նրանց համար կազմակերպեցին քաղաքային տուր:

Վարժարանի աշակերտներն էլ ներկա եղան ֆիզիկայի դիտարժան փորձերի, որոնք իրականացրին ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. Ալեքսան Մարգարյանը և նույն ամբոնի դասախոս Գեղամ Գուլակյանը:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին ներկայացվեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը

IMG_3347

 2019թ. մարտի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման և ներգրավման ղեկավար Գոռ Նազարյանը և հավաքագրման մասնագետ Անժելա Ավագյանը:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի օգնական, Արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանը, նույն բաժնի՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը, ավարտական կուրսերի մի քանի տասնյակ ուսանողներ:

Ներկայացվեցին կրթական հիմնադրամի նպատակը և առաքելությունը, ծրագրին մասնակցելու առավելությունները և նվազագույն պահանջները, դիմելու կարգը և ընտրության փուլերը, այնուհետև հիմնադրամի ներկայացուցիչները պատասխանեցին ներկաների հարցերին, տրամադրեցին տեղեկատվական նյութեր և այցեքարտեր:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր, որը միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:

Հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նրանց գործուղում է Հայաստանի մարզային այն դպրոցներ, որտեղ կա ուսուցչի կարիք։

Ծրագիրն արդեն ունի 42 շրջանավարտ (կրթության դեսպան), իսկ այժմ 102 մասնակիցներ աշխատում են ՀՀ 6 մարզերի և Արցախի 85 դպրոցներում՝ դասավանդելով 11703 աշակերտի:

Ծրագրին կարող են դիմել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։ Առաջնահերթ պահանջն է 2019թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայությունը:

Կարող են դիմել նաև հանրակրթական դպրոցում դասավանդվող առարկաներին մոտ մասնագիտություն ունեցող և անգամ մանկավարժի որակավորում չունեցող անձինք. հիմնադրամը վճարում է մանկավարժության մագիստոսի աստիճանի ձեռքբերման համար ուսման վարձը:

Ծրագրի մասնակիցները, բացի այդ, ստանում են.

  • մասնագիտական աճի հնարավորություն,
  • մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն,
  • դրամական աջակցություն,
  • նորարար մտքերը և նախագծերը իրականացնելու հարթակ,
  • առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն,
  • գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում,
  • կարիերայի զարգացման հնարավորություն:

Ընտրությունը նախատեսում է մի քանի փուլ, որից հետո ընտրված մասնակիցներն անցնելու են 5 շաբաթ տևողությամբ վերապատրաստում (ամառային դպրոց):

Հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերը վերաբերում էին համայնքի ընտրությանը, դրամական աջակցության չափին, մանկավարժի որակավորում ստանալուն և ընտրության չափանիշներին:

Նշվեց, որ համայնքների ընտրությունը կախված է դասավանդվող առարկայի պահանջարկից, իսկ դրամական աջակցության չափը սահմանվել է հետազոտությունների ու հարցումների հիման վրա, և բավականացնում է կենցաղային, տրանսպորտային և այլ ծախսեր հոգալուն:

Սոցիալական փոփոխության հասնելու այս հաջողված ծրագիրն ունի ավելի քան 25 տարվա պատմություն և կիրառվում է աշխարհի շուրջ 50 երկրում, որոնք համախմբվել են «Teach For All» («Կրթություն բոլորի համար») միջազգային ցանցի ներքո։

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով առցանց հայտադիմումը:

Դիմելու վերջնաժամկետներն են մարտի 31-ը և ապրիլի 30-ը:

Ծրագրի մասին այլ տեղեկություններ կարող եք իմանալ հետևյալ հղումով, ինչպես նաև գրելով apply@teachforarmenia.org էլեկտրոնային հասցեին:

Ակնարկային դասախոսություններ վարեցին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտները

Untitled

 2019թ. մարտի 12-ին և 13-ին ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Ա.Սարհատյանը և Ա.Հասանյանը ակնարկային դասախություններ վարեցին Իջևանի վարժարանում և Իջևանի ավագ դպրոցում:

Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտների համար դասախոսություն կարդաց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը, իսկ ավագ դպրոցի 12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտների համար՝ նույն ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը:

Նրանք խոսեցին հայոց լեզվի և գրականության դերի ու նշանակության, առօրյա խոսքում հանդիպող սխալների, գրական լեզվի և բարբառների առնչությունների, խոսքի մշակույթի, ընթերցանության և աշակերտներին հետաքրքրող լեզվական այլ հարցերի վերաբերյալ:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները նաև անդրադարձան մասնագիտական կողմնորոշման խնդիրներին, աշակերտներին ներկայացրին բուհում գործող մասնագիտությունները և դրանց ընձեռած հնարավորությունները:

Տեղի կունենա Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) ներկայացուցիչների հետ հանդիպում

10246760_1470307229852739_5881420797216311728_n

2019թ. մարտի 15-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի կունենա Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն ԳՏՏԿ-ի կողմից Իջևանում իրականացվելիք դասընթացների մանրամասները:

Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ), Տավուշի մարզպետարանի հետ համագործակցելով, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ սկսում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Իջևան քաղաքում:

Դասընթացն ընդգրկում է՝

Մոբայլ ծրագրավորում /C, C++, Swift, iOS, OOP Design Patterns:

Վեբ ծրագրավորում  /HTML/CSS, Core JS, jQuery, Node.js, MongoDB, Angular JS, React JS:

Բոլոր խմբերի համար պարտադիր է մասնակցությունը «Անգլերեն լեզու», «Ալգորիթմների տեսություն» և «Դիսկրետ մաթեմատիկա» դասընթացներին:

Ամսավճարը 10,000 ՀՀ դրամ է: 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան անցնել երկամսյա պրակտիկա, ամրապնդել իրենց տեսական ու գործնական գիտելիքները և արդեն իսկ ծանոթանալ աշխատաշուկայի հետ:

Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի կողմից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 25-ը ներառյալ, իսկ դասընթացը կմեկնարկի 2019թ. ապրիլի 1-ից:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով: 

Դասընթացը տեղի կունենա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

Հարցերի դեպքում զանգահարել 094 034 034 հեռախոսահամարներով:

Կայացավ «Տավուշի մարզի պատմաճարտարապետական հուշարձանները և դրանց տեղադրությունը» թեմայով դաս-քննարկում

DSCN6200

 2019թ. մարտի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում  վաստակաշատ լրագրող, գրող, հրապարակախոս, բանահավաք և հետազոտող Ռուբեն Սիմոնյանի հետ, ով իր գիտական գործունեության ընթացքում հասցրել է ուսումնասիրել Տավուշի մարզի բնակավայրերի պատմությունը, առանձին գրքեր է հրատարակել տարբեր համայքների մասին, ինչպես նաև զբաղվում է տոհմագրությամբ:

Հանդիպման նպատակն էր «Պատմություն» մասնագիտության ուսանողների հետ անցկացնել «Տավուշի մարզի պատմաճարտարապետական հուշարձանները և դրանց տեղադրությունը» թեմայով դաս-քննարկում, որին մասնակցում էր նաև ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:

Դաս-քննարկման ընթացքում Ռ.Սիմոնյանը ներկայացրեց մարզի հայտնի պատմաճարտարապետական հուշարձանների պատմությունը, հատկապես այն հուշարձանները, որոնք ունեն ուսումնասիրության կարիք և հանիրավի դուրս են մնացել հետազոտողների տեսադաշտից. «Փորձենք փոքրիշատե անդրադառնալ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի՝ Կայան բերդի տեղադրության խնդրին, որն այսօր էլ զբաղեցնում է մասնագետների միտքը: Մեր համոզմամբ՝ այդ հուշարձանի տեղի հստակեցումով հնարավոր կլինի ճշտել պատմական այլ իրողություններ, իսկ հետազոտողները կձերբազատվեն հետագա անպտուղ որոնումներից։ Իջևանի լեռնաշղթայից դեպի Ասղստև գետի ձախափնյակ սլաքվող, երկու խոր ձորերի արանքում բարձացող  թերակղզին անտառապատ ու քարքարոտ լեռնաբազուկ է, որը տեղացիներին հայտնի է Էվլիկուտի յալ անունով։ Սակայն նրա ինչ լինելը տեղացիներից շատերին անհայտ է, քանի որ ամբողջովին քարակարկառներով ծածկված լինելու հանգամանքով հետաքրքրություն չի ներկայացնում: Երկու կատարների եզրերով ձգվում է քարակուռ բերդապարիսպը, որը որոշ հատվածներում պահպանվել է 2.5-3 մետր բարձրությամբ, իսկ ուղղաձիգ քարափներին հանդիպելիս ընդհատվում է, քանզի դրանց մոտենալը պարզապես անհնարին է եղել հարձակվողների համար և տարածքի ընդարձակությունը հնարավորություն է տվել այդտեղ տեղավորելու գավառի ամբողջ բնակչությանը»:

Բանախոսը ներկայացրեց նաև Տավուշի մարզի մնացած հուշարձանները, դրանց տեղադրությունը և ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը:

Գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Սիմոնյանին, ցանկություն արտահայտեց հետագայում ևս կազմակերպել հանդիպումներ և այցեր հուշարձաններ, ինչպես նաև իրականացնել Ռուբեն Սիմոնյանի նորահրատարակ «Իջևան» գրքի քննարկումը: