Մեկնարկել է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը

HEH

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարում է ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ընդունելություն: Փոխհատուցումը կատարվելու է ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար:
Այսպիսով, ծրագրին կարող են դիմել ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր 2018-2019թթ. ուստարվա առաջին կիսամյակում սովորել են առկա համակարգում:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1.անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/
2.3×4 չափսի մեկ լուսանկար,
3.ուսանողական տոմսի պատճեն,
4.ստուգման գրքույկի պատճեն՝ հաստատված դեկանի կողմից,
5.տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված զեղչից, թե՝ ոչ, օգտվելու դեպքում պետք է նշված լինի զեղչի չափսը)
6.երեխաների ծննդյան վկայակնների պատճենները,
7.լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:
Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան 50/5) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ 13:00-14:00:
Այլ հարցերի համար զանգահարել 010 545802, 010 567922:
Աղբյուրը՝ http://heh.am/

Կայացավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի հերթական համարների շնորհանդեսը

ՈՒԳԸ 4 2019թ. փետրվարի 20-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցան «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 2018»-ի 1.1 (24), 1.2 (25) և 1.3 (26) համարների և «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսները:

Շնորհանդեսներին ներկա էին ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար Մենուա Սողոմոնյանը, «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ նախագահ Ավետիք Հարությունյանը, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի երեք հատորներում տեղ են գտել 103 հոդվածներ, որոնք ընտրվել են ամենամյա գիտական նստաշրջանում հնչած գրեթե 450 զեկուցումներից: Բոլոր հոդվածներն անցել են գրախոսության փուլը, իսկ հետո արդեն երաշխավորվել տպագրության:

 Վանատուր Շերենցը շնորհավորեց հոդվածների հեղինակներին, ներկայացրեց ժողովածուի վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներ:

 Նա շեշտեց, որ ժողովածուում հոդված տպագրելու համար պարտադիր պետք է զեկուցմամբ հանդես գալ ՈՒԳԸ կողմից կազմակերպվող ամենամյա գիտական նստաշրջանին. «Ընտրվել են այն հոդվածները, որոնք պարունակել են գիտական նորույթ, իսկ դրանց արդյունքներն էլ հիմնված են եղել գիտական մեթոդների վրա»:  

Վերջում հոդվածների հեղինակները, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, ստացան իրենց օրինակները:

Տպագրված հոդվածները հասանելի են ԵՊՀ-ի կայքում՝ ysu.am 

Գիրք նվիրելու օրը Իջևանում

IMG_0393 2019թ. փետրվարի 19-ին լրացավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

Միմյանց գրքեր նվիրելու գեղեցիկ ավանդույթը տարեցտարի ավելի է ամրապնդվում և մասսայական դառնում: Գիրք նվիրելու տոնը նշելուց բնականաբար անմասն չմնաց Իջևանը: Քաղաքում (դպրոցներում, Տավուշի մարզային գրադարանում և այլուր) տեղի ունեցան տարբեր միջոցառումներ:

«Ստեղծամիտ երիտասարդների միություն» հասարակական կազմակերպությունը՝ հանձինս հիմնադիր անդամներ, ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոսներ Սլավիկ Ալավերդյանի և Մերի Ամիրզյանի, Իջևանի կենտրոնական փողոցներում իրականացրին հետաքրքիր ակցիա՝ գրքեր նվիրելով երիտասարդներին, որոնց մեծ մասը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ էին:

Ակցիայի տեսանյութը տե՛ս այստեղ: 

ԵՊՀ ԻՄ-ի կայքէջում բացվել է նոր էջ՝ «Հարցազրույցների շարք մեր շրջանավարտների հետ»

45209161_1941500952594829_2054352131204317184_o

 Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «ՇՐՋԱՆԱՎԱՐՏ» բաժնում բացվել է նոր էջ՝

«ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՐՔ ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ», որտեղ նախատեսված է ընդգրկել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարբեր տարիների շրջանավարտների հետ «Հաջողության բանաձև» թեմայով հարցազրույցները:

Կրթաթոշակներ, արտերկրում ուսումը շարունակելու հնարավորություններ և գիտակրթական միջոցառումներ. «Արմակադը» հարթակ է բոլորի համար

         UE2EitAOiHVj7uSjs9xRSLg1Hs
 
  ԵՊՀ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի անդամները կարող են օգտվել «Արմակադից» և ստանալ տեղեկատվություն կրթաթոշակների, միջազգային ամառային դպրոցների, գիտաժողովների և այլ ուսումնական ու հետազոտական ծրագրերի մասին:

«Արմակադը» հարթակ է ուսանողների և գիտնականների համար՝ փնտրելու և գտնելու կրթաթոշակներ, ամառային դպրոցներ, դրամաշնորհներ, գիտաժողովներ, սեմինարներ, թրեյնինգներ և այլ ուսուցողական ու հետազոտական հնարավորություններ ամբողջ աշխարհում:

Յուրաքանչյուր օր «Արմակադում» հրապարակվում են տեղեկություններ հարյուրավոր գիտակարգերում առկա հնարավորությունների մասին:

Բոլոր այցելուները կարող են բաժանորդագրվել կայքում, ընտրել այն գիտակարգերը, որոնք առավելապես համապատասխանում են իրենց կրթական ու ակադեմիական հետաքրքրություններին և ստանալ դրանց վերաբերյալ ամենաթարմ տեղեկություններն էլեկտրոնային փոստի միջոցով:

Ի դեպ, կայքում կարող եք օգտվել նաև փնտրելու գործառույթից, որի միջոցով հնարավոր է զտել տեղեկատվությունը և գտնել ձեր նախընտրած երկրին, գիտակարգին և հնարավորությանն առնչվող հայտարարություն:

Մեզ հետ զրույցում «Արմակադ» ընկերության նախագահ Խաչիկ Գևորգյանն ասաց, որ աշխարհում բոլոր գիտական ուղղություններով այնքան շատ հնարավորություններ կան, որ նույնիսկ նրանք, ովքեր ոչինչ չեն փնտրում ու չեն ուզում մասնակցել որևէ միջազգային գիտակրթական ծրագրի, վստահաբար կգտնեն որևէ տեղեկատվություն, որն անպայման կհետաքրքրի:

«Ուզում եմ ասել, որ «Արմակադը» տեղեկացնում է ակադեմիական բոլոր ոլորտներում առկա հնարավորությունների մասին, որոնց պարզապես պետք է դիմել ու մասնակցել։ Բոլոր հետաքրքրվողները կարող են օգտվել «Արմակադից», գրանցվել «Արմակադում» ու միշտ լինել տեղեկացված»,- ասաց Խաչիկ Գևորգյանը։

Աղբյուրը՝ ysu.am։