Դեկտեմբերի 6-ի տնօրենության նիստում

DSCN5077

 2018թ. դեկտեմբերի 6-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակում դասապրոցեսին ուսանողների հաճախումներին, նույն կիսամյակի ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

2018-19 ուստարվա առաջին կիսամյակում ուսանողների հաճախումների վերաբերյալ զեկուցեցին ԵՊՀ ԻՄ-ի չորս ֆակուլտետների դեկանները և Հեռակա ուսուցման բաժնի վարիչը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում դասապրոցեսին ուսանողների մասնակցության վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ 2018թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունների ժամաքանակով նկատողության շեմը հատած ուսանողներ չկան «Ֆրանսերեն լեզու և գրականություն» IV, «Օտար լեզու և գրականություն» I և II, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» I, «Պատմություն» II, «Հայոց լեզու և գրականություն» II և III, «Հոգեբանություն» IV կուրսերում: Մյուս կուրսերում անհարգելի բացակայությամբ նկատողության շեմը հատել են 23 ուսանողներ:

Տնտեսագիտության ֆակուլտետում նույն ժամանակահատվածում դեկանի կողմից նկատողություն է ստացել 23 ուսանող, տնօրենի կողմից նկատողություն է ստացել 2 ուսանող, ներկայացվել է նկատողության ևս 5 ուսանող:

Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակամիջոցում առավել ցածր հաճախելիություն գրանցվել է ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման հետևյալ կուրսերում՝ «ԻԿՄ» IV և II, «Սերվիս» IV, «ՏՏ» IV, «Տնտ.» III և «Պատմ.» III:

Նիստի ընթացքում նաև որոշվեց Հեռակա ուսուցման բաժնի 15 ուսանողների հեռացնել մասնաճյուղից՝ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումնական պարապմունքներից 60 և ավելի ակադեմիական ժամ անհարգելի բացակայություններ ունենալու և կիսամյակի ուսման վարձը չվճարելու կամ մասնակի վճարելու և ուսումնական պլանով առաջացած առարկայական տարբերությունը չհանձնելու պատճառով:

2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2018-2019 ուսումնական տարվա I կիսամյակի ուսումնական գործընթացի ժամանակացույցի համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 22-28-ը կիրականացվեն բակալավրիատի առկա ուսուցման II ընթացիկ քննությունները, ստուգումները և ստուգարքները, իսկ հեռակա ուսուցման I ընթացիկ քննությունները և ստուգումները կանցկացվեն 2018թ. դեկտեմբերի 6-20-ը:

Ընդգծվեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից կատարվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ քննաշրջանը պատշաճ կերպով իրականացնելու համար: Մասնաճյուղի ֆակուլտետներին և հեռակա ուսուցման բաժնին հատկացվել են ընթացիկ քննության համար նախատեսվող տետրերը, թեստային համակարգով իրականացվող քննությունների համար համարակալվել և կնքվել են ձևաթղթերը: Ներկայացված գրաֆիկները ստուգվել են, այնուհետև կազմվել է ժամանակացույց՝ քննական պրոցեսը տեսախցիկներով կահավորված 4 լսարաններում իրականացնելու համար: Կազմվել է գրաֆիկ՝ քննաշրջանի ընթացքում ամենօրյա վերահսկողություն իրականացնելու նպատակով: Մասնաճյուղն ամբողջովին պատրաստ է քննաշրջանը սկսելու:

Ճանաչողական այցերով հագեցած էր Հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան

48368179_1147266582104977_7632275164096364544_n 2018թ. դեկտեմբերի 4-11-ին 2018-2019 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության հեռակա ուսուցման IV կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ա.Մկրտումյանի ուղեկցությամբ ճանաչողական այցեր կատարեցին Իջևանի և Դիլիջանի տարբեր պատմամշակութային և այլ հաստատություններ:

Դեկտեմբերի 4-ին նրանք այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան: Ուսումնական պրակտիկայի շրջանակներում ուսանողները ծանոթացան թանգարանի գործունեությանը, նմուշների հավաքագրմանը և առկա ցուցանմուշներին, իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին թանգարանի գիտաշխատողին:

Դեկտեմբերի 5-ին նույն կուրսի ուսանողները ճանաչողական այց կատարեցին ՀՀ ազգային արխիվի Տավուշի մարզի մասնաճյուղ: Նրանք ծանոթացան արխիվի պատմությանը, ֆոնդերին և արխիվի վարիչ պարոն Ռ.Վարդումյանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Դեկտեմբերի 6-ին և 7-ին «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները նույն պրակտիկայի շրջանակներում այցելեցին համապատասխանաբար Իջևանի Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցիներ, ծանոթացան եկեղեցիների պատմությանը, եկեղեցական տոներին և ծիսակարգին:

Դեկտեմբերի 11-ին նույն կուրսի ուսանողներն այցելեցին Դիլիջանի Հ.Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան և Դիլիջանի երկրագիտական թանգարան: Նրանք նախ տեղեկացան թագարանների ստեղծման պատմութուններին, գործունեությանը, այնուհետև շրջեցին բաժիններով և ծանոթացան թանգարաններում տեղ գտած իրերին ու նկարներին:

Նույն օրը ուսանողներն այցելեցին նաև Հաղարծին և Գոշավանք եկեղեցական համալիրներ: Բանահյուսական նյութերին և դրանց ստեղծման պատմություններին ծանոթանալուց հետո ուսանողները շրջեցին եկեղեցական համալիրների տարածքներով և ծանոթացան դրանց ճարտարապետական առանձնահատկություններին:

 

 

Ինտելեկտուալ խաղի մասնաճյուղային առաջնությունում հաղթեց «Պատմություն 3» թիմը

IMG_1078

2018թ. դեկտեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր ֆակուլտետներից 6 թիմեր:

Ի տարբերություն նախորդ առաջնության, որտեղ թիմերը գերազանցապես կազմված էին նույն կուրսի կամ մասնագիտության ուսանողներից, այս առաջնությունում հնարավորություն էր տրված թիմերը կազմել տարբեր ֆակուլտետների ուսանողներից:

Ինտելեկտուալ խաղը վարեց «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Արփինե Մարտիրոսյանը, ժյուրիի անդամներն էին «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտ Թամրազյանը, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Շահնազարյանը:

Տրվեց տրամաբանությունը և ընդհանուր զարգացվածությունը ստուգող 15 հարց (յուրաքանչյուրը՝ 1 միավոր):

Թեժ պայքարից հետո 15 հնարավորից 12 ճիշտ պատասխանով առաջնության հաղթող ճանաչվեց «Պատմություն 3» թիմը, որը պարգևատրվեց հուշանվերով, փոխանցիկ գավաթով և պատվոգրով: Մնացած թիմերը պարգևատրվեցին հավաստագրերով:

Ինտելեկտուալ խաղի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

 

ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ս.Դավթյանը մասնաճյուղի գրադարանին նվիրաբերեց գրքեր

DSCN5091

 2018-2019 ուստարվա I կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, տեխն. գիտ. թեկնածու Սմբատ Ռուբիկի Դավթյանը մասնաճյուղի գրադարանին նվիրաբերեց շուրջ 300 միավոր գրականություն:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհուրդը և գրադարանի աշխատակազմը իրենց գոհունակությունն ու խորին երախտագիտությունն են հայտնում բուհի նկատմամբ ցուցաբերված ուշադրության և գրքերի նվիրատվության համար:

Գրադարանի աշխատակիցները համոզմունք են արտահայտում, որ նվիրաբերված գրքերը մասնաճյուղի ընթերցողների լայն շրջանում հետաքրքրություն կառաջացնեն հայ և համաշխարհային գրականության, պատմագիտության և բանասիրության, բնական գիտությունների առանձին գիտակարգերի վերաբերյալ:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհուրդը նաև պատրաստակամություն է հայտնում համատեղ միջոցառումների, քննարկումների շրջանակներում պարոն Դավթյանի հետ շարունակելու համագործակցությունը:

 

 

ՏՏ համապետական համաժողովին մասնակցեցին նաև համալսարանականները

TT 3

 2018թ. դեկտեմբերի 7-8-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում երկրորդ անգամ անցկացվեց «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովը:

Համաժողովի նպատակն էր բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորման գործընթացներում Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացումը, առկա մարտահրավերներին ուղղված առաջարկների քննարկումն ու այլ մարզերի հետ փորձի փոխանակումը՝ որպես մարզերի հզորացման երաշխիք։ 

Ներկա էին 10-ական երիտասարդներ ՀՀ յուրաքանչյուր մարզից, պետական մարմինների և մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տավուշի մարզի խմբի ղեկավարն էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս, «Ստեղծամիտ երիտասարդների միություն» ՀԿ նախագահ  Սլավիկ Ալավերդյանը:

Համաժողովին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության (առկա ուսուցման) 3-րդ կուրսի ուսանողներ Գերասիմ Ալավերդյանը, Արգիշտի Մարգարյանը և Վազգեն Փայտյանը, «Սերվիս» մասնագիտության (հեռակա ուսուցման) 5-րդ կուրսի ուսանող Գևորգ Ամիրխանյանը, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներ, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Իջևանի գրասենյակի համակարգող Հարություն Ալիխանյանը և Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նարեկ Սարդարյանը, ինչպես նաև «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարներ Նարինե Դանելյանը և Նանե Գասպարյանը, 3D մոդելավորող Ռոման Աբովյանը:

Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) մարզերի տեխնոլոգիական ծրագրերի զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնիո Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսսուտրոն, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՄԱԶԳ Հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի տեղակալ Դմիտրի Մարիասինը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՁԻՀ-ի, «YEA Ինժեներական ասոցացիա» ՀԿ-ի ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) միջև ստորագրվեց հուշագիր՝  ի նպաստ մարզերում տեխնոլոգիական ոլորտի զարգացման:

Հուշագիր ստորագրվեց նաև 4 մասնավոր ընկերությունների և Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի միջև:

Առաջին օրը տեղի ունեցան 3 թեմատիկ քննարկումներ, որոնց ժամանակ քննարկվեցին միջազգային բիզնեսների մարտահրավերները մարզերում, ձեռներեցության էկոհամակարգի խթանումը մարզերում և տեխնոլոգիաների դերը այլ ոլորտների զարգացման գործում: Նախորդ համաժողովի մասնակիցներից մի քանիսը ներկայացրին իրենց ձեռքբերումները և հաջողությունները:

Առաջին քննարկման ժամանակ ելույթ ունեցան և մասնակիցների հարցերին պատասխանեցին «Նեյշնլ Ինսթրումենթսի» տնօրեն, «YEA Ինժեներական ասոցացիայի» տնօրեն Արամ Սալաթյանը, «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» հետազոտության և զարգացման էկոհամակարգի ղեկավար Մարիամ Դավթյանը, «Սիներջի Հայաստան» ընկերության տնօրեն Աննա Ստեփանյանը, «ՎՕԼՕ» ընկերության համահիմնադիր և տնօրեն Արմեն Քոչարյանը, «ՓՄՁ ԶԱԿ» տնօրեն Արշակ Գրիգորյանը:

Երկրորդ թեմատիկ քննարկման խոսնակներն էին ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, “ISTC” տնօրեն Արեգ Գևորգյանը, “Blue Idea” լեհական ընկերության մասնաճյուղի տնօրեն Տիգրան Ամատունին, “IT Space” ընկերության հիմնադիր Կարեն Գասպարյանը, “Luseen Technologies” ընկերության համահիմնադիր Վարազդատ Ավետիսյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Պատվական Հախինյանը: Ելույթ ունեցավ նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: 

Վերջին քննարկմանը մասնակցեցին “FAST” հիմնադրամի աքսելերացիոն և ինկուբացիոն ծրագրերի ղեկավար Դավիդ Բեգեթը, «Բրեյնֆորսի» տնօրեն Գուրգեն Ղարիբյանը, «Դ-Լինքի» որակի ապահովման խորհրդատու Արամ Խաչատրյանը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը:

Համաժողովի առաջին օրն ավարտվեց “Di Napoli” պիցցերիայում մատուցված տոնական ընթրիքով, որի ժամանակ տարբեր մարզերի մասնակիցները հնարավորություն ունեցան միմյանց հետ շփվելու, կապեր ստեղծելու և առաջիկա տարվա անելիքները քննարկելու՝ հաջողություններ մաղթելով համաժողովին և ՀՀ-ում տեխնոլոգիաների միջոցով մարզերի հզորացման գործընթացին:

Երկրորդ օրը համաժողովի աշխատանքները շարունակվեցին զուգահեռաբար ընթացող հետաքրքիր սեմինարներով և աշխատաժողովներով: Մասնակիցներն իրենց ցանկությամբ էին ընտրում, թե որ սեմինարին մասնակցեն։

“ISTC” տնօրեն Արեգ Գևորգյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է սկսել ստարտափ:

“Deworkacy” ընկերության տնօրեն Ջուլիա Թումասյանը անցկացրեց «Դիզայներական մտածողություն» թեմայով սեմինար։

«ՇԵՄՄ» կենտրոնի տնօրեն Տիգրան Մինասյանը հանրամատչելի կերպով խոսեց ֆինանսների և բիզնեսի կառավարման խնդիրների մասին:

Սեմինարներից և աշխատաժողովներից հետո Գյումրիի հյուրերը բաժանվեցին 4 թիմերի («Կումայրի», «Ալեքսանդապոլ», «Լենինական», «Գյումրի») և 3 տասնյակ առաջադրանքներից (շինությունների անվանումներ, տեղեկություններ, մշակութային կոթողների հետ նկարվել և այլն) բաղկացած խաղի միջոցով բացահայտեցին քաղաքը: Առաջինը բոլոր առաջադրանքները կատարեցին և առավելագույն միավոր հավաքեցին Տավուշի և Սյունիքի մարզերի երիտասարդներից բաղկացած «Ալեքսանդապոլ» թիմը:

Օգտվելով առիթից` Տավուշի մարզի ներկայացուցիչները համաժողովի կամավոր Արա Գևորգյանի ուղեցությամբ ծանոթացան Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնին և նրա տարածքում գործող մի շարք կազմակերպություններին:

Փակման խոսքով հանդես եկավ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Բելլա Հարությունյանը և համաժողովի մասնակիցներին հանձնեց շնորհակալագրեր:

Համաժողովի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց 2019թ. փետրվարից ՀՀ մարզերում իրականացնել հանդիպումներ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ և արդյունքները ամփոփել հաջորդ համաժողովի ժամանակ:

Համաժողովի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: