Կայացավ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալների հետ հանդիպում  

DSCN5109

 2018թ. դեկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետի՝ ճգնաժամային կառավարման գծով տեղակալ, գնդապետ Վաղինակ Հովսեփյանի և Տավուշի ՄՓՎ պետի՝ բնակչության պաշտպանության գծով տեղակալ, փոխգնդապետ Վիկտոր Աբազյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտությունների ուսանողներ:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ ՄՓՎ ներկայացուցիչների հանդիպման նպատակն էր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին ուսանողներին ներկայացնել աղետալի երկրաշարժի վերաբերյալ մանրամասներ (երկրաշարժի ուժգնության, տևողության, ծանր հետևանքների, մարդկային ու նյութական կորուստների մասին) և հատկապես երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները:

Հանդիպման ընթացքում մասնավորապես նշվեց երկրաշարժի հիմնական և առավելագույն երկարության, ցնցումների միջև ընթացքի տևողության, այդ ընթացքում իրականացվող գործողությունների մասին:

Ներկայացվեցին այլ երկրներում երկրաշարժից պաշտպանվելու համար ձեռնարկված միջոցները, հստակեցվեցին երկրաշարժի ժամանակ վարքականոնները դրսում, բարձրահարկ շենքում, մեքենայում:        

Այլ խոսքով՝ հանդիպման մասնակիցներն իմացան, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար:

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին

DSCN5097 2018թ. դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ՝ տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի գլխավորությամբ, Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում մասնակցեցին 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը, որն իրականացվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ:

Սրբազանին որպես աղոթակից սպասավորում էին արժանապատիվ Տեր Հայրեր՝ Տեր Սիմեոն, Տեր Թորգոմ և Տեր Արշավիր քահանաները:

Երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար կատարված արարողությանը ներկա էին Տավուշի մարզի տարբեր ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քաղաքացիներ:

1988թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ հյուսիսային շրջաններում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավտեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժԴրա հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:

Այն տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպեին (տեղական ժամանակով` 11 անց 41րոպե, 22.7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազարև Սպիտակում (4 հազ) մարդ:

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին, ինչպես և պատմաճարտարապետական հուշարձաններին:

Անսպասելի աղետը հանկարծակիի է բերել ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ են մտել 2-3 օր հետո: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Բադմինթոնի մասնաճյուղային առաջնության հրավեր

Նկ. (2)

2018թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա բադմինթոնի մասնաճյուղային առաջնություն:Մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 12-ը կարող եք դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

 

 

«Սերվիս» 3-րդ կուրսի ուսանողների այցը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղ

47576624_287356718633133_4308595064021450752_n

 2018թ. դեկտեմբերի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հ.գ.թ. Ա.Քամալյանի հետ այցելեցին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Իջևան» մասնաճյուղ:

Ուսանողները ծանոթացան «ՍՕՍ−Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի պայմաններին, երեխաների կենսակերպին, իրականացվող հոգեբանական աջակցության տեսակներին:

Նրանք նաև կատարեցին այցելություն տներ, ծանոթացան երեխաների առօրյային:

Այցերի ընթացքում ուսանողները զարգացրին երեխաների հետ շփվելու իրենց հմտությունները, ավելի ընդլայնեցին իրենց աշխարհայացքը:

Կառույցի աշխատակիցները և երեխաները սիրով ու ջերմությամբ ընդունեցին համալսարանականներին:

Վերջում ուսանողները «ՍՕՍ−Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի գրադարանին նվիրեցին «Կենդանական աշխարհ» մանկական հանրագիտարանը և պատրաստակամություն հայտնեցին իրականացնել կամավորական աշխատանքներ կառույցում:

Մեր ուսանողները մասնակցեցին «Կարծրատիպեր, նախապաշարմունքներ, խտրականություն, դրա տեսակները, միջազգային կարգավորումներ» թեմայով դասընթացին

IMG_0877-08-12-18-11-07

 2018թ. դեկտեմբերի 6-ին Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում կայացավ «Կարծրատիպեր, նախապաշարմունքներ, խտրականություն, դրա տեսակները, միջազգային կարգավորումներ» թեմայով դասընթաց, որը կազմակերպել էր Իջևանի քաղացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Արփինե Երիցյանը:

Դասընթացին մասնակցում էին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 17 ուսանողներ:

Այն վարեց փաստաբան Անահիտ Չիլինգարյանը։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին  ներկայացնել, թե ինչ է կարծրատիպը, հավասարությունը, խտրականությունը, նախապաշարմունքը, հավասար, տարբերակված և խտրական վերաբերմունքը:

«Կարծրատիպեր, նախապաշարմունքներ, խտրականություն, դրա տեսակները, միջազգային կարգավորումներ» թեմայով դասընթացի ժամանակ ներկայացվեցին խտրականության տեսակները, հավասարության իրավունքները: Ընդգծվեց, որ խտրականությունը երբեք չի կարող համարվել դրական:

Դասընթացն անցկացվեց գործնական խաղ-վարժությունների, բանավեճ-քննարկումների միջոցով, որին ակտիվորեն մասնակցեցին ուսանողները: