Ամփոփվեց համալսարանականների մասնակցությամբ ընթացող «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարը

Աղ 6 2018թ. նոյեմբերի 10-12-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 30 երիտասարդների համար նախատեսված «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարի երկրորդ փուլը, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, ուսանող Հրանտ Ղարագյոզյանը, շրջանավարտներ Լիլիթ Ոսկանյանը, Անահիտ Աթոյանը, Աղավնի Ղազարյանը, Լուսինե Ամիրյանը և Շուշան Խառատյանը:

Դասընթացաշարն իրականացվում էր «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար»  տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ըստ խմբերի՝ դասընթացին մասնակցում էին 16-30 տարեկան 300 երիտասարդներ՝ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:

Այս անգամ մասնակիցները ստացան գիտելիքներ անձնական աճի և զարգացման կարևորության, սեփական կյանքի պլանավորման և նախաձեռնողականության, սովորելու ձևերի, քննական մտածողության, ստեղծարարության և նորարարության վերաբերյալ:

Դասընթացը վարեցին Զարուհի Լավչյանը և Արեգ Թադևոսյանը, կազմակերպչական հարցերով զբաղվում էր «ՕքսԵՋեն» հիմնադրամի աշխատակից Միլենա Նահապետյանը:

Առաջին օրը տեղի ունեցավ նախորդ դասընթացի արդյունքների ամփոփում, մասնակիցները ներկայացրին իրենց տպավորությունները և սովորածը կիրառելու հմտությունները, այնուհետև լրացրեցին ոչ ֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման հարցաշարը: Մասնակիցները նաև կատարեցին առաջադրանք և 40 րոպեում սովորեցին նոր հմտություն (նկարել, ստեղծագործել, սովորել բառեր անծանոթ լեզվով, աճպարարական հնարքներ կատարել և այլն):

Երկրորդ օրը տարբեր վարժությունների միջոցով մասնակիցները հիշեցին մանկության երազանքները, վերլուծեցին իրենց բազային կարիքները, դրանք դասակարգեցին ըստ առաջնահերթությունների, մտածեցին դրանց բավարարման մի քանի այլընտրանքներ: Սեմինարավարները ներկայացրին երիտասարդական ծրագրերի մասնակցելու և իրականացնելու վերաբերյալ համացանցային ռեսուրսներ և հարթակներ:

Երրորդ օրը նվիրված էր քննական մտածողությանը և ստեղծարարությանը: Մասնակիցները սովորեցին, որ ինֆորմացիան վերլուծելիս պետք է տալ ճիշտ հարցեր, փաստերը առանձնացնել ենթադրություններից: Ներկայացվեցին ստեղծարարության վրա ազդող գործոնները, ստեղծարար մարդկանց բնորոշ հատկանիշները: Մասնակիցները կատարեցին առաջադրանք հասարակ իրը օգտագործելու հնարավորինս շատ տարբերակներ մտածելու վերաբերյալ:

Դասընթացն անցավ քննարկումների, հետարքիր վարժությունների և ակտիվ ժամանցի մթնոլորտում:

Վերջում դասընթացի երկու փուլերին մասնակցած երիտասարդները ստացան վկայականներ:

Առաջիկայում նրանց մի մասը հնարավորություն կունենա վճարվող պրակտիկա անցնել մի շարք կազմակերպություններում:

Փոքր դրամաշնորհների մրցույթ 2018. Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

6543b438ad191861 Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը(ԿՔՆ) հայտարարում է անհատական հետազոտությունների փոքր դրամաշնորհների մրցույթ նախաձեռնության 4 թեմատիկ առաջնահերթությունների շրջանակում.

  • Կրթության իրավունք
  • Սոցիալական արդարություն
  • Մասնակցություն
  • Քննադատական մտածողություն

Ովքեր կարող են դիմել

Մրցույթը նպատակ ունի գտնելու եւ խթանելու անհատ հետազոտողների, կրթության հիմնախնդիրներով մտահոգ քաղաքացիների, որոնք ցանկանում են հետազոտության միջոցով մասնակցել կրթության քաղաքականության բարելավմանը։

Ծրագիրը նպատակ ունի նաեւ նպաստելու կրթության շահակիցների ինքնակազմակերպմանը, մասնակցությանը եւ ներգրավվածությանը նախաձեռնության հետագա գործունեության մեջ:

Դրամաշնորհային մրցույթը բաց է բոլոր հետաքրքրվող անձանց համար:

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն իրենց հետազոտության առաջարկների հայտադիմումը՝ ներառյալ հետեւյալը:

  1. Խնդրի նկարագրություն /համապատասխանությունը թեմատիկ առաջնահերթություններից որեւէ մեկին/
  2. Հետազոտության մեթոդաբանություն
  3. Ակնկալվող արդյունքներ

Դրամաշնորհներին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտարարության ներքևում գտնվող առցանց հայտադիմումը։

Դիմորդներից ակնկալվում է հետազոտության հիման վրա քաղաքականության փաստաթղթերի/վերլուծականների մշակում՝ ԿՔՆ թեմատիկ առաջնահերթությունների շրջանակում: Առաջարկվող վերլուծականները կարող են անդրադառնալ այդ չորս առաջնահերթություններից (կրթության իրավունք, սոցիալական արդարություն, մասնակցություն եւ քննադատական մտածողություն) որեւէ մեկին առնչվող դեպքի, խնդրի կամ մարտահրավերի՝ հիմնվելով առկա հետազոտությունների, տեղակատվության եւ հրապարակումների վրա: Հետազոտության արդյունքում ստեղծված փաստաթուղթը պետք է ներկայացվի ԿՔՆ առաջարկած ձեւաչափով եւ անդրադառնա հետեւյալին.

  • խնդրի/իրավիճակի նկարագրություն եւ վերլուծություն,
  • առկա քաղաքականության ներկայացում եւ վերլուծություն,
  • հնարավոր այլընտրանքների քննարկում,
  • եզրակացություններ եւ առաջարկություներ:

Հետազոտությունը կարող է հիմնվել գրասենյակային աշխատանքի վրա՝ օգտվելով առկա հետազոտությունների տվյալներից կամ հետազոտողի արդեն իրականացրած դաշտային աշխատանքի տեղեկություններից: Հետազոտողները ցանկության դեպքում կարող են նաեւ նոր հարցազրույցներ իրականացնել:

Դիմորդները հայտի հաստատումից հետո 2 ամսվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջարկվող հետազոտությունը:

Հետազոտությունները հանրայնացվելու են, օգտագործվելու նախաձեռնության հետագա գործունեության մեջ, իսկ հետազոտողները ընդգրկվելու նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքներում:

Ներկայացվող առաջարկներից նախաձեռնության համակարգող խորհրդից ձեւավորված գնահատման հանձնաժողովը կընտրի 15-20 լավագույն հայտերը, որոնցից յուրաքանչյուրը կստանա 100,000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:

Հետազոտությունների պլանավորման, իրականցման փուլում նախաձեռնության կողմից կտրամադրվի տեղեկատվական, փորձագիտական աջակցություն:

Հարցերի եւ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԿՔՆ Փոքր դրամաշնորհային մրցույթի պատասախանատու Միշա Թադեւոսյանին Էլ.հասցե. krtakan2017@gmail.commishavtadevosyan@gmail.com կամ հեռ. (+374) 98 82 89 06

Նյութի աղբյուրը՝ https://armacad.info

Արտադրական կամ մանկավարժական պրակտիկա անցած ուսանողների հետ հանդիպման հրավեր

 images2018թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը Տնտեսագիտության ֆակուլտետի թիվ 39 (օնլայն) լսարանում կիրականացնի հանդիպում մասնաճյուղի այն ուսանողների հետ, ովքեր նախորդ (2017-18) ուստարում անցել են արտադրական կամ մանկավարժական պրակտիկա։

Հանդիպման նպատակն է քննարկել  ուսանողների բավարարվածությունը պրակտիկայի կազմակերպումից և բովանդակությունից, վերհանել պրակտիկայի ընթացքում առաջացած խնդիրները, հավաքագրել պրակտիկայի իրականացման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկներ:

Մասնակիցներին կներկայացվեն ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքները, և կքննարկվի նրանց մասնագիտական ու անձնային որակների վերաբերյալ արտաքին շահակիցների տված գնահատականների հետ պրակտիկանտ-ուսանողների համաձայնությունը և այլն։

Ակնկալում ենք կրթական ծրագրերի պատասխանատուների, պրակտիկաների ղեկավարների, ուսանողների և բոլոր շահագրգիռ կողմերի ներկայությունը և աջակցությունը մասնաճյուղում պրակտիկաների կազմկերպման գործընթացը բարելավելու գործում։

 

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին

 

Մասնաճյուղում կայացավ «Ֆոնդահայթայթում» թեմայով ներածական դասընթաց

   IMG_9793-10-11-18-10-38

 2018թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ  «Ֆոնդահայթայթում» թեմայով ներածական դասընթաց, որը վարեց WWF  Հայաստան (World Wildlife Fund, բնության համաշխարհային հիմնադրամ) միջազգային կազմակերպության  ֆոնդահայթայթման և համագործակցության մենեջեր Հայկ Տիրատուրյանը:

Դասընթացին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

«Ֆոնդահայթայթում» դասընթացի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել «ֆոնդահայթայթում» տերմինին, պարզաբանել ֆոնդահայթայթման տեսակները և միտումները, ներկայացնել ֆինանսավորման համար WWF Հայաստան միջազգային կազմակերպության կողմից ներկայացվող ծրագրերը:

Դասընթացավար Հայկ Տիրատուրյանը բացատրեց «քրաունդֆանդինգ» (Crowdfunding, crowd – բազմություն, fund – ֆինանսավորել) միջազգային եզրույթը, որը համարվում է ֆոնդահայթայթման կարևորագույն տեսակներից մեկը, նշեց վերջինիս առավելությունները, թերություններն ու ռիսկերը:

Ներկայացվեց լավագույնս ֆինանսավորված՝ GPS համակարգ և ներկառուցված տեսախցիկ ունեցող բազմաֆունկցիոնալ դրամապանակներ արտադրող “Volterman” ընկերության մասին, որին երրորդ փորձից հաջողվել է ստանալ 2.677.616 (երկու միլիոն վեց հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր տասնվեց) ԱՄՆ դոլար ֆինանսավորում:

Դասընթացի ժամանակ համառոտ ներկայացվեցին նաև WWF Հայաստան կազմակերպության գործառույթները, մի շարք ծրագրեր ու նախագծեր, ինչպիսին է, օրինակ, «Կենդանիների որդեգրում» նախագիծը: Նշվեց, թե ռազմավարական ինչ գործողություններ են կիրառվել այդ նախագիծը ֆինանսավորելու համար (օրինակ՝ ֆինանսավորող անձանց կամ ընկերություններին տրամադրել նվերներ և հավաստագրեր):

«Ֆոնդահայթայթում» թեմայով ներածական դասընթացն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով, ուսանողները դասընթացավարին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

Մասնաճյուղում կայացավ «Ծանոթություն PR-ին» թեմայով դասընթաց

IMG_9734-10-11-18-10-24 2018թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ծանոթություն PR-ին» թեմայով դասընթաց-քննարկում, որը վարեց WWF Հայաստանի հաղորդակցությունների և համագործակցության բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանը:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարբեր մասնագիտությունների ուսանողներ և աշխատակիցներ:

Դասընթաց-քննարկման նպատակն էր ներկայացնել գրագետ PR-ի (Public Relations – հանրային կապեր) առանձնահատկությունները, ինչպես նաև խոսել PR-ի գործիքների, ժամանակակից աշխարհում դրա ազդեցության և նշանակության մասին:

Սկզբում ներկայացվեցին PR-ի ձևավորման նախադրյալները, հանրային կապերի էությունը, բացատրվեց, թե ինչ է սև PR-ը:

Դասընթացավար Հերմինե Հակոբյանն ընդգծեց, որ PR-ը մի երևույթ է, որը հսկում է քո հեղինակությունը՝ նպատակ ունենալով լսարանից ստանալ աջակցություն, լսարանի կարծիքի և վարքագծի վրա ազդելու հնարավորություն:

Ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը՝ ներկայացնելով թեմայի վերաբերյալ իրենց պատկերացումներն ու տեսակետները: 

Քննարկման վերջում ցուցադրվեց PR-ի պատմության և դրա զարգացման փուլերի վերաբերյալ հոլովակ:

Հերմինե Հակոբյանն իր գոհունակությունն արտահայտեց դասընթացին մեր ուսանողների ակտիվ մասնակցության ու հետաքրքրվածության վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցությունը շարունակելու հարցում: