Հարգելի՛ դիմորդներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնի «Առկա ուսուցում» ենթաբաժնի «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» էջում տեղադրվել են 2017թ. առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքները՝
Հարգելի՛ դիմորդներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնի «Առկա ուսուցում» ենթաբաժնի «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» էջում տեղադրվել են 2017թ. առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքները՝
2017 թվականի հոկտեմբերի 12-13-ը Լեհաստանի Ժեշով քաղաքում, Ժեշովի համալսարանի Պատմության ինստիտուտի և Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի Արևելքի ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո, տեղի է ունենալու «Կովկաս. պատմություն, փոփոխություններ, հեռանկարներ» խորագրով 6-րդ միջազգային գիտաժողովը:
Մանրամասն տեղեկատվությունն այստեղ:
2017թ. հուլիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ գիտխորհրդի` այս ուստարվա վերջին ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ԵՊՀ-ի ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանը, ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Գրիգորյանը, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վ.Դումանյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պ.Բալայանը, Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիիչ, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Ա.Սաղյանը, ռեկտորատի ներկայացուցիչներ, մասնաճյուղի գիտխորհրդի անդամները, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, կրթական ծրագրերի պատասխանատուները:
Նիստը վարում էր Մայր բուհի ռեկտոր Ա.Սիմոնյանը:
Գիտական խորհրդի նիստում ամփոփվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքները, քննարկվեցին մասնաճյուղի՝ 2018թ. ընդունելության մասնագիտությունների ցանկին, ՄԿՈԱ բաժնի՝ 2016-2017 ուստարվա գործունեությանը, ԵՊՀ ԻՄ-ում կառուցվածքային փոփոխություններին, Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ Մհեր Ստեփանյանին ԵՊՀ-ի գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելուն և միջնորդելուն վերաբերող հարցեր:
Նիստի ընթացքում հաստատվեցին Գիտակազմակերպական բաժնի, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգերը, Միջազգային կապերի բաժնի, ԵՊՀ ԻՄ-ի արխիվի, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի կանոնադրությունները:
ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մասնաճյուղի գիտխորհրդի նախագահ, տնօրեն Ս. Ա. Առաքելյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2017թ. մայիսի 12-ից հունիսի 25-ը մասնաճյուղում ըստ ժամանակացույցի իրականացվել է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորման (առկա և հեռակա) գործընթացը: Ընդհանուր առմամբ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահները գոհ են եղել ամփոփիչ քննություններին ուսանողների պատրաստվածության մակարդակից և ավարտական աշխատանքների պաշտպանություններից, շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ կատարել են համապատասխան առաջարկություններ:
Ներկայացվեց, որ 2017թ. բակալավրի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցմամբ մասնաճյուղն ավարտել են 416 ուսանողներ, որոնցից 165-ը՝ առկա ուսուցմամբ (1-ը նախորդ տարիներից), 251-ը՝ հեռակա ուսուցմամբ (1-ը նախորդ տարիներից): Վերոնշյալ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ 24 ուսանող ստացել է գերազանցության դիպլոմ: Համեմատության կարգով նշվեց, որ այս տարի առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով գերազանցության դիպլոմ ստացող ուսանողների թիվն աճել է ≈10,8%-ով: Ընդգծվեց, որ 31 շրջանավարտներ ցանկություն են հայտնել ընդունվել մագիստրատուրա:
ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. ընդունելության մասնագիտությունների հետ կապված՝ նշվեց, որ հանրապետությունում տարեցտարի նկատվում է դիմորդների թվի նվազում, ուստի անհրաժեշտ է մասնագիտությունների ընտրության ճիշտ քաղաքականություն վարել: Ներկայացվեց, որ առաջիկա տարում Կիրառական արվեստի ֆակուլտետեում ընդունելություն կատարվելու է «Դիզայն» կրթական ծրագրով, Բնական գիտությունների ֆակուլտետում՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրով, Տնտեսագիտության ֆակուլտետում՝ «Ֆինանսներ» կրթական ծրագրով, Հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝ «Անգլերեն լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերով:
ՄԿՈԱ բաժնի՝ 2016-2017 ուստարվա գործունեության վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Մասնավորապես նշվեց, որ մասնաճյուղում որակյալ ուսումնառության ապահովման ռազմավարական խնդրի իրականացման գրավականը բուհում դեռևս 2009 թվականից կայուն ներդրված որակի ներքին ապահովման համակարգն է: ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման կազմակերպական կառուցվածքին համապատասխան՝ այդ գործընթացները կանոնակարգվում և իրականացվում են Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի կողմից՝ Որակի կառավարման հանձնաժողովի մշտական աջակցությամբ և խորհրդատվությամբ: Ընթացիկ ուստարում բաժինն առաջնորդվում է կրթության որակի բնագավառում մասնաճյուղի ընտրած քաղաքականությամբ և բաժնի՝ 2016-17 ուստարվա աշխատանքային պլանով, որը կազմվել է համաձայն մասնաճյուղի զարգացման՝ 2016-20 ռազմավարական ծրագրի պլան-ժամանակացույցից բխող կարճաժամկետ պլանի: ՄԿՈԱ բաժնի՝ 2016-2017 ուստարվա գործունեությունը գնահատվեց լավ:
ԵՊՀ ԻՄ-ում կառուցվածքային փոփոխությունների մասին հարցի կապակցությամբ որոշվեց.
Մյուս հարցի վերաբերյալ որոշվեց Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Մհեր Ստեփանյանին մասնաճյուղի գիտխորհրդում երաշխավորել և միջնորդել ԵՊՀ-ի գիտական խորհրդին՝ նրան շնորհելու դոցենտի գիտական կոչում ու համապատասխան առաջարկով դիմելու ՀՀ ԲՈՀ:
Ամփոփելով նիստը՝ ԵՊՀ-ի ռեկտոր պարոն Արամ Սիմոնյանը բարձր գնահատեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2016-2017 ուստարվա գործունեությունը, իր գոհունակությունն արտահայտեց մասնաճյուղի ղեկավարությանը և ամբողջ անձնակազմին՝ իրենց բարեխիղճ ու պատասխանատու աշխատանքի համար, ընդգծեց Մայր բուհի կողմից մասնաճյուղի շարունակական զարգացմանն աջակցելու պատրաստակամության մասին:
2017թ. հուլիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ-ի ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Հ. Սիմոնյանը, ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Գրիգորյանը, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.դ., դոցենտ Վ.Դումանյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, մ.գ.թ., դոցենտ Պ.Բալայանը, Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիիչ, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.կ.դ., պրոֆեսոր Ա.Սաղյանը, ռեկտորատի ներկայացուցիչներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները` տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ծնողներ, ուսանողներ, հյուրեր:
Հանդիսավոր արարողությունն իր օրհնության խոսքով ու աղոթքով բացեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ նշելով. «ԻՄ համալսարանի սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ և ցանկանում, որպեսզի դուք այն, ինչ ամբարել եք այս սքանչելի համալսարանում, կարողանաք ձեր կյանքում կիրառել, ներդնել և ձեր սրտին, հոգուն, մասնագիտությանը համապատասխան գործ, առաքելություն գտնել այս կյանքում: Ես ուզում եմ շնորհավորել մեր պետական համալսարանի ռեկտորին՝ պարոն Սիմոնյանին և նրա բոլոր ուղեկիցներին, բարի գալուստ մաղթել Տավուշ աշխարհ: Ուզում եմ մասնավոր շնորհավորանք և շնորհակալություն հայտնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենին: …Մենք համալսարանի ճակատին ունենք ԵՊՀ ԻՄ հապավումը. ես ԻՄ-ը առջև եմ բերում, և դառնում է ԻՄ ԵՊՀ՝ անձնականացված: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ուսանող, ծնող, դասախոս՝ Ձեզանից սկսած, պարո՛ն Առաքելյան, այդ մտքով է նայում այս կրթօջախին: Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ձեր բոլոր գործակիցներին՝ մե՜ծ աշխատանքի համար: ԻՄ համալսարանը իսկապես մեր տարածաշրջանի կրթամշակութային ամենամեծ օրրանն է, մեր լույսն է ու հույսը…»:
Այնուհետև 2017թ. շրջանավարտներին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին Մայր բուհի ռեկտոր Ա.Սիմոնյանը, մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը, այս տարվա շրջանավարտներից և դիմորդներից:
Պարոն Ա.Սիմոնյանը մասնավորապես նշեց. «Երևանի պետական համալսարանը միշտ գնահատել և գնահատում է Իջևանի մասնաճյուղի կատարած աշխատանքը՝ նրա ղեկավարի՝ պարոն Առաքելյանի գլխավորությամբ: Եվ ուզում եմ ասել, որ ԵՊՀ-ն գոհ է և հպարտ, որ Իջևանում մենք ունենք այս մասնաճյուղը, մի հաստատություն, որը քաղաքին և ամբողջ տարածաշրջանին շունչ է տալիս. այսքան երիտասարդություն, որ հավաքված է այսօր այստեղ, մասնաճյուղի շնորհքն է: Մյուս կողմից՝ հպարտ եմ, որ մասնաճյուղի շրջանավարտները կայուն գիտելիքներով, հմտություններով և կարողություններով կյանք են մտնում: Սիրելի՛ շրջանավարտներ, դուք այս տարիների ընթացքում ստացել եք այն ամենը, որը ձեզ թույլ կտա ձեր տեղը գտնել կյանքում, բայց դրա համար դժվարին ուղի պիտի հաղթահարեք: Այսօր փոփոխությունների և նոր աշխարհաքաղաքական իրավիճակների ստեղծման ժամանակ է, և դուք այնքան ուժ, կարողություն և կամք պիտի ունենաք, որ ձեր գիտելիքների, կարողությունների և հմտությունների շնորհիվ կարողանաք ձեր ճանապարհը գտնել:
Ես ձեզ բոլորիդ ցանկանում եմ նախ քաջառողջություն, ապա կամային այնպիսի հատկություններ, որոնք ձեզ թույլ կտան արժանավոր քաղաքացին լինել մեր սիրասուն հայրենիքի, արժանի զավակը լինել մեր հասարակության: Միշտ իմացեք, որ ԵՊՀ-ն այն փարոս-լույսն է ձեզ համար, որը լուսավորելու է ձեր ամբողջ կյանքի ճանապարհը: Եվ ամենակարևորը՝ ես ձեզ մեծ և ուրախ, երջանիկ կյանք եմ ցանկանում, աղջիկներին՝ առաջնահերթ բախտավորություն: Ընտանեկան ամուր կապերով կապվեք մայր հողի հետ, և մայր հողը շնորհակալ ձևով ձեզ կվերադարձնի տասնապատիկ ավելին: Բոլորիդ ցանկանում եմ անձնական երջանկություն, լավ աշխատանք, հարմարավետ և բարեկեցիկ կյանք: Առա՛ջ դեպի ձեր նախանշած ուղին: Շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն»:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, շնորհավորելով 2016-17 ուստարվա շրջանավարտներին, նշեց.
«Մեծարգո՛ ռեկտոր, հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր 20-ամյա գործունեության ընթացքում ոգեղեն կյանքը մարզում բարձրացրեց մի այլ աստիճանի, և մենք այդ ոգու կրողներն ենք: Սիրելի՛ շրջանավարտներ, անկեղծ ասած, դուք բախտավոր մարդիկ եք, երջանիկ այն առումով, որ մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա ստացել եք համալսարանական կրթություն և այսօր բուհի ռեկտորի կողմից ստանալու եք ձեր ավարտական դիպլոմները: Իսկապես շատ դժվար է եղել այս պայմաններում՝ այս հեռավորության վրա, կրթություն ապահովել Տավուշի տարածաշրջանում, շատ ջանքեր ենք գործադրել, շատ ենք աշխատել, բայց, կարծում եմ, մեզ հաջողվել է դա իրականացնել: Եվ այսօր մենք պարզ ճակատով ենք նայում մեր շրջանավարտներին, որովհետև նրանք հպարտությամբ կարող են բախել ցանկացած դուռ և իրենց մասնագիտությամբ աշխատանք ունենալ: Դրա վառ ապացույցն են մեր այն հարյուրավոր շրջանավարտները, որոնք այսօր հաջողությամբ աշխատում են մեր տարածաշրջանի տարբեր բնագավառներում, նույնիսկ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում հանրակրթության և տնտեսական համակարգի տարբեր ոլորտներում: Դրա վառ ապացույցն են մեր՝ շուրջ մեկ տասնյակ այն շրջանավարտները, որոնք պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն և այսօր աշխատում են մասնաճյուղում: Միանշանակ, ամենայն պատասխանատվությամբ և հպարտությամբ կարող ենք ասել, որ Մայր բուհի միակ մասնաճյուղը կայացած կրթօջախ է, կայացած՝ իր արդեն տված և այսօրվա 416 շրջանավարտներով:
Սիրելի՛ շրջանավարտներ, մենք վստահ ենք, որ դուք անպայմանորեն այս արևի տակ ձեր տեղն ունենալու եք: Եվ վստահ ենք, որ դուք կարևոր առաքելություն եք իրականացնելու ձեր հայրենի բնօրրանում, ձեր ընտանիքների կողքին, սահմանում, քանզի դուք եք այս երկրի տերերը, դուք պետք է շենացնեք, հզորացնեք ազգը, դուք պետք է ծնեք այն զավակներին, որոնք պիտի մեր երկիրը է՛լ ավելի ուժեղ և միասնական դարձնեն: Հատուկ շնորհակալություն ձեր ծնողներին և մեր դասախոսներին, ովքեր անմնացորդ նվիրումով կանգնել են ձեր կողքին, ոչ միայն գիտելիք են տվել, այլև ամենայն հոգատարություն են ցուցաբերել ձեր նկատմամբ: Լավ եղեք, սիրելի՛ շրջանավարտներ, ձեզ բարի ճանապարհ ենք մաղթում, բարի բախտ, հաջողություն, խաղաղ երկինք… Փա՛ռք Աստծուն, որ մենք ունենք ազատ, անկախ Հայաստան, և փա՛ռք Աստծուն, որ այն վստահում ենք ձեզ նման երիտասարդությանը, մենք հպարտանում ենք ձեզանով, շնորհակալ ենք բոլորիդ»:
Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանն էլ շնորհավորեց մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման շրջանավարտներին՝ նրանց հղելով բարեմաղթանքներ:
Ապա տեղի ունեցավ դիպլոմների հանձնումը. նախ` ռեկտորի կողմից գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին տրվեցին կարմիր դիպլոմները, ապա, ըստ ֆակուլտետների, պատվավոր հյուրերը դիպլոմները հանձնեցին շրջանավարտներին:
Տոնական միջոցառումն ուղեկցվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների ինքնատիպ աշխատանքների ցուցահանդեսով և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված համերգային ծրագրով:
Ելույթ ունեցան մասնաճյուղի ՈՒԽ-ի և Իջևանի պարային խմբերը՝ ներկայացնելով ոչ միայն ազգային խրոխտ կատարումներ, այլև տարբեր ոճերի գունեղ պարեր:
Գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները:
Միջոցառմանը հաջորդեց Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը:
Ինչու՞ սովորել դրսում՝ լավ կրթություն ստանալու հաշվարկված նպատա՞կ, թե երկրից դուրս գալու ինքնանպատակ ցանկություն։ Ի՞նչ առավելություն կտա ձեզ արտասահմանյան կրթությունը, և ինչպե՞ս լավագույնս օգտվել այդ առավելություններից։ Իսկ կարելի՞ է արդյոք հասնել այդ առավելություններին առանց արտասահման մեկնելու։ Ի՞նչ դժվարություններ կարող են լինել արտասահմանում ուսանող դառնալու ճանապարհին և սովորելու ընթացքում․ որո՞նք են դրանց հաղթահարման ուղիները։
Այս հարցերին պատասխանելու և արդյունավետ լուծումներ գտնելու համար ArmScoop EduLab-ը և #LOFT-ը համատեղ հրավիրում են հուլիսի 18-ին մասնակցելու սեմինար-քննարկման, որն անցկացվում է «StudyAbroad» ամառային դպրոցին ընդառաջ։ Սեմինարի ընթացքում իրենց փորձը կներկայացնեն և մասնակիցների հարցերին կպատասխանեն Նյուքասլի և Օքսֆորդի համալսարանների շրջանավարտներ Գայանե Աթոյանը և Դիանա Նազարյանը։
Երբ՝ հուլիսի 18, 19։00
Որտեղ՝ «Լոֆթ» կենտրոն, Մոսկովյան 3
Գրանցման հղում՝ https://goo.gl/forms/
Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 16
Լեզուն՝ հայերեն
Մասնակցությունն անվճար է: