Կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում

2017թ. մարտի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի կողմից:

Կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում

Միջոցառմանը մասնակցում էին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները:

Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում մարտի 17-ը նշվում է որպես Սուրբ Պատրիկի օր: Ավանդույթի համաձայն`   Սուրբ Պատրիկը քրիստոնեություն է բերել հեթանոսական կղզի և արտաքսել բոլոր օձերին: Տոնը նշվում է 1762 թվականից, երբ Նյու Յորքում տեղի է ունեցել Սուրբ Պատրիկին նվիրված առաջին շքերթը: 

Շքերթի ժամանակ մասնակիցները հագնում են կանաչ զգեստներ: Այդ օրը կազմակերպվում են մի շարք երաժշտական և գարեջրային երեկույթներ՝ չնայած նախկինում այդ օրը փակվում էին բոլոր ակումբները:

Տոնի պաշտոնական խորհրդանիշներն են «Երեքնուկ-ը, Իռլանդիայի ազգային հագուստը`   լեպրեկոնը և, իհարկե, պետական դրոշը:

Կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում

Բացման խոսքից հետո հնչեց Միացյալ Թագավորության հիմնը:

Այնուհետև ուսանողուհիները ներկայացրին պատմական հետաքրքիր փաստեր և Սուրբ Պատրիկի մասին հյուսված լեգենդներից:

Ապա իռլանդական ազգային պարով հանդես եկավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի, ՈՒԽ-ի անդամ Արփինե Վերանյանը:

Միջոցառման վերջում ցուցադրվեց օրվան նվիրված շքերթներից մեկը, որի ժամանակ էլ ներկաներին հյուրասիրեցին տոնի անբաժանելի մաս կազմող գարեջուրը:

Կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում

 

 

«Համակարգչային ծրագրավորման և ինժեներական հմտություններ» անվճար ՏՏ դասընթաց

«Համակարգչային ծրագրավորման և ինժեներական հմտություններ» անվճար ՏՏ դասընթաց

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը «Ինստիգեյթ Դիզայն», «Դ-Լինկ Ինտերնեշնլ» և «Դեվելանդոո» ընկերությունների հետ համատեղ հայտարարում «Համակարգչային ծրագրավորման և ինժեներական հմտություններ» դասընթացի ընդունելություն Գյումրիում։

Դասընթացների նպատակն է ՏՏ սկսնակ մասնագետներին ապահովել ոլորտի համար անհրաժեշտ գործնական ունակություններով, ծանոթացնել ժամանակակից ՏՏ ընկերությունների արտադրական գործընթացին։

Դասընթացը կկազմակերպվի 2 փուլով՝

1. Հիմնական դասընթաց՝ 3 ամիս տևողությամբ․
2. Ուսումնառություն հետևյալ ոլորտներում՝

համակարգային ծրագրավորում, ներկառուցված համակարգերի ծրագրավորում, միկրոէլեկտրոնային սարքերի ծրագրավորում և նախագծման ավտոմատացում․ վեբ և մոբայլ տեխնոլոգիաներ։

Հիմնական դասընթացի սկիզբը՝ ապրիլի 1, 2017թ․
Պարբերականությունը՝ շաբաթական 5 օր, օրական 4 ժամ
Վայրը՝ ք․ Գյումրի, Հակոբյան 39

Ուսումնառության փուլը կանցկացվի վերոնշյալ ՏՏ ընկերություններում՝ կախված ուսանողների ընտրած ոլորտից։

Դասընթացներն անվճար են, ավարտին կտրվի հավաստագիր քննության գնահատականներով։

Ընդունելություն

Դասընթացների մասնակիցների ընտրությունը կկատարվի համապատասխան մասնագետների կողմից՝ հարցազրույցի միջոցով: Նախընտրություն կտրվի հետևյալ հմտություններով օժտված դիմորդներին՝ որևէ ծրագրավորման լեզվի տիրապետում, անգլերեն լեզվի իմացություն, բարձրագույն մաթեմատիկայի բավարար տիրապետում, տրամաբանություն։

Ընդունելության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն՝ PDF ձևաչափով arthur_mkrtchyan@instigate.training, ahovhannisyan@dlink.ru, aram@develandoo.com էլ հասցեներին՝ լրացնելով նամակի վերնագիր տողն ու բովանդակությունը։

Դիմումների վերջնաժամկետն է մարտի 24-ը։

Ընկերությունների մասին․

«Ինստիգեյթ Դիզայն» ՓԲԸ-ն գործում է 2005թ. հուլիսից և ներկայումս ունի ավելի քան 80 ինժեներ։ Գործունեության հիմնական ուղղություններն են՝ համակարգային մակարդակում էլեկտրոնային համակարգերի նախագծում, ծավալուն զուգահեռ ալգորիթմերի մշակում, համակարգի սարքավորումների և ծրագրային ապահովման վերակազմավորում ու համատեղ նախագծում, շարժական և ներդրված սարքերի ծրագրային ապահովում։ Ընկերության տեխնիկական և ծրագրային ապահովման թիմերը տեղակայված են Երևանում և Գյումրիում։

«Դ֊Լինկ Ինտերնեշնլ» ընկերությունը հիմնադրվել է Թայվանում 1986 թ., և հանդիսանում է կորպորատիվ կարգի ցանցային սարքավորումներ և հեռահաղորդակցության սարքավորումների համաշխարհային առաջատար արտադրող՝ հիմնված Մետրո Ethernet, PON, xDSL, Wi-Fi տեխնոլոգիաների վրա։ Բացի այդ, Դ֊Լինկը հանդիսանում է սպառողական դասի ցանցային սարքավորումների եւ «խելացի տուն» սարքերի առաջատար արտադրող: Դ֊Լինկ ընկերությունը Հայաստանում գործում է 2007թ֊ից։ Ընկերությունը Գյումրու մասնաճյուղը գործում է 2011թ֊ից, և հետազոտական կենտրոնի կարգավիճակը հաստատվել է 2013թ֊ին։

«Դեվելանդոո» ՍՊԸ֊ն ստեղծվել է 2014 թ֊ ին։ Ներկայումս գործում է Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ), գլխամասը գտնվում է Բեռլինում, իսկ ծրագրավորման կենտրոնները՝ Երևանում, Գյումրիում և Մեխիկոյում։ Ներկայումս ունի ավելի քան 150 ինժեներ ամբողջ աշխարհում։ Գործունեության հիմնական ուղղություններն են ծրագրային ապահովումների և բջջային հավելվածների նախագծում և սպասարկում, լուծումների տրամադրում մեծ և միջին բիզնեսի կարիքների համար։ Լուծումներ արհեստական ինտելեկտի և կանխատեսումների հիման վրա։

Աղբյուրը՝ http://armscoop.com

«Պատմությունը հնագետի և ազգագրագետի աչքերով» երկօրյա անվճար դասընթաց

«Պատմությունը հնագետի և ազգագրագետի աչքերով» երկօրյա անվճար դասընթաց

ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնը և ֆակուլտետի Ուսանողական  գիտական ընկերությունը (ՈւԳԸ) հրավիրում են մասնակցելու «Պատմությունը հնագետի և ազգագրագետի աչքերով» երկօրյա դասընթացին։

Դասընթացի նպատակը

Դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրվում են տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների պատմությունով,  ուզում են բացահայտել հնագույն մարդկանց, նրանց զբաղմունքները, արվեստն ու մշակույթը։ Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների գիտելիքները հնագիտության և ազգագրության ոլորտում։ Պատկերացում կտրվի ՀՀ տարածքում գործող տարբեր հնագիտական և ազգագրական արշավախմբերի մասին։ Երկու օրերի ընթացքում ելույթ կունենան ԵՊՀ հնագիտության և ազգագրության  ամբիոնի և ՀՀ ԳԱԱ մասնագետները։

Ովքեր կարող են մասնակցել

Դասընթացին կարող են մասնակցել բոլոր 10-12-րդ դասարանների աշակերտները և ՀՀ բուհերում սովորող բոլոր բակալավրիատի ուսանողները։

Դասընթացը անվճար է, տևողությունը` 2 օր (մարտի 31 և ապրիլի 1), անցկացման վայրը` ԵՊՀ 6-րդ մասնաշենքի (Սև շենք) դահլիճ։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտը մինչև մարտի 25-ը: Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով՝ դիմումների հիման վրա, դասընթացի կազմկոմիտեի կողմից:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ  հեռախոսահամարով` 098885766 (Մարիամ Սարիբեկյան)։

Աղբյուրը՝ http://armscoop.com

2017-2018 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

2017-2018 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2017-2018թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

 Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2017 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (փաստացի այժմ 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 16, 7  կամ 77 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից, և 2017  մարտի 15-ից մինչև մայիսի 8-ը (10:30-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):

Մանրամասն պարզաբանումների համար գրել aefscholarships@gmail.com հասցեին:

ԲՈՒՀ-եր և մասնագիտություններ, որոնք հովանավորվում են ՀԿՀ-ի կողմից

Հայ կրթական հիմնարկության կառավարման խորհուրդ

Կանանց միամսյակին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

2017թ. մարտի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ կանանց միամսյակին նվիրված  միջոցառում, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Կանանց միամսյակին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից. ֆակուլտետի կին դասախոսներից մեկի և ուսանողների մասնակցությամբ հարցազրույցից ու «Գուշակիր մեղեդին» խաղից:

Ուսանողները, որպես հատուկ հյուր, հրավիրել էին Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Անուշ Սարիբեկյանին, ում ուղղեցին իրենց հետաքրքող հարցերը և ստացան անմիջական պատասխաններ:

Կանանց միամսյակին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Հարցերի մոտավոր շրջանակն այսպիսին էր.

  • Եթե ոսկե ձկնիկ բռնեիք, ի՞նչ 3 ցանկություններ կպահեիք:
  • Արդյո՞ք կընկերանաք Ձեր նմանակի հետ:
  • Ինչի՞ համար չի բավարարի Ձեր համարձակությունը:
  • Ձեր կյանքի ո՞ր լավագույն պահով կարող եք կիսվել:
  • Ի՞նչ կանեիք Ձեր կյանքի վերջին օրը:
  • Ձեր ամենամեծ վախը:
  • Ձեր մանկության երազանքներից որո՞նք են իրականացել:
  • Եթե հայտնվեիք անմարդաբնակ կղզում, ո՞ր 3 իրերը Ձեզ հետ կվերցնեիք:
  • Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը:
  • Ո՞րն է Ձեր կարգախոսը:
  • Ո՞րն է Ձեզ արված ավենահետքրքիր հաճոյախոսությունը:
  • Ի՞նչն է օգնում Ձեզ դժվարին իրավիճակներում որոշում կայացնել:
  • Ինչ եք մտածում կնոջ կյանքում կարիերայի մասին:
  • Հագուստի ինչպիսի՞ ոճ եք նախընտրում:
  • Ինչպիսի՞ հագուստ եք նախընտրում հագնել աշխատավայրում:
  • Ձեր ամենասիրած մուլտֆիլմը և ֆիլմը:
  • Համամի՞տ եք այն կարծիքին, որ կինը գեղեցիկ է, երբ երջանիկ է:
  • Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ հագուստով և դիմահարդարմամբ պետք է ներկայանան ուսանողները:
  • Ո՞ր պատմական հերոսներն են Ձեզ ավելի հետաքրքիր և ինչու՞:
  • Ո՞ր հատկանիշներն եք առավել գնահատում մարդկանց մեջ:
  • Ձեր կարծիքով՝ ո՞րն է հաջողության հասնելու գլխավոր գաղտնիքը (բանաձևը):
  • Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեր գործընկերներին:
  • Ինչպե՞ս կվարվեիք, եթե ողջ երկրի ապագան կախված լիներ Ձեզնից:

Պատասխանելով ներկայացված հարցերին՝ տիկին Սարիբեկյանը նշեց, որ, օրինակ, կցանկանար, որ փոխվի մեր ազգի մտածելակերպը, երիտասարդությունն ավելի ակտիվ ու պոզիտիվ լինի, Իջևանն ավելի բարեկարգ դառնա: Անմարդաբնակ կղզում գուցե իր հետ վերցներ երաժշտական սարք, ամսագրեր: Նշեց, որ ազատ ժամանակ սիրում է գրքեր ընթերցել, իր ամենասիրելի գրքերից է Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», աշխատավայրում նախընտրում է դասական հագուստ, սակայն առանց գունային սահմանափակման: Ընդգծեց, որ ամբողջ աշխարհով շրջագայելու իր երազանքը որոշ չափով իրականացել է:

Հարցազրույց-քննարկմանն ակտիվորեն մասնակցեցին և ֆակուլտետի մյուս դասախոսները՝ առաջադրված հարցերի շուրջ արտահայտելով իրենց ուշագրավ տեսակետներն ու կարծիքները:

Կանանց միամսյակին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Միջոցառման երկրորդ մասի համար ուսանողները պատրաստել էին «Գուշակիր մեղեդին» խաղը, որին մասնակցում էր երեք թիմ՝ 4-ական մասնակցով: Խաղը բաղկացած էր երկու փուլից: Առաջին փուլի թեմաներն էին՝ 70, 80, 90-ականների հիթեր, երգեր հայերենով, երգեր, որոնց անվանումներում կա կին կամ մայր բառը:

Կանանց միամսյակին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

3 թիմից 2-ն անցավ հաջորդ փուլ, որի համար ընտրված էին հետևյալ թեմաները՝ արտասահմանյան հիթեր, կինոմանիա, խառնաշփոթ և երգում են կանայք:

Խաղն ավարտվեց ոչ ոքի. երկու թիմն էլ հավաքել էր 130-ական միավոր: