Մասնաճյուղում ավարտվեցին 2023-2024 ուստարվա ներբուհական քննությունները

1․ գլխավոր 2023թ. հուլիսի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցան «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաների ներբուհական քննությունները՝ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով ընդունելության համար:

Ըստ կրթական ծրագրերի՝ ընդունելության ներբուհական քննությունների անցկացման համար ձևավորվել էր 3 քննական կենտրոն՝ հագեցած տեսաձայնագրման սարքերով։

Յուրաքանչյուր կրթական ծրագրի ներբուհական քննություններն անցկացվեցին մեկական օրով՝ 4-ական ժամ տևողությամբ: Քննասենյակում դիմորդներն իրենց տեղերն ընտրեցին վիճակահանությամբ: «Գծանկար» առարկայի քննության ժամանակ հանձնարարվող առաջադրանքը նատյուրմորտ էր` հարթ ֆոնի վրա 3 գիպսե առարկաներից, գրաֆիտե մատիտով պարզ լուսավորությամբ` A2 ֆորմատի թղթի վրա, իսկ «Կոմպոզիցիա» առարկայի համար՝ պարզ երկրաչափական, բուսական կամ կենդանական մարմիններից կառուցված զարդանախշային հորինվածք՝ դեկորատիվ մեկնաբանությամբ՝ A3 ֆորմատի թղթի վրա։

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրով մասնաճյուղ էր դիմել 14, իսկ «Դիզայն» կրթական ծրագրով՝ 16 դիմորդ: Հանձնաժողովի անդամները «Գծանկար» քննության գնահատման ընթացքում հաշվի էին առնում հորինվածքի գրագետ տեղադրումը թղթի մեջ, կառուցողական մոտեցումը, ծավալների տարածածավալային պատկերումը, տոնային ընկալումն ու նյութականության ստացումը, հորինվածքի եզրափակիչ մշակումը։

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի «Կոմպոզիցիա» առարկայի քննության ժամանակ գնահատվում էին զարդանախշերի ընտրությունը և գրագետ համադրելիությունը, կոմպոզիցիա ստեղծելու ստեղծագործական մտքի կիրառումը, զարդանախշերով միջնադաշտի և եզրային գոտիների ստեղծումը, դետալների՝ միմյանց  նկատմամբ կոմպոզիցիոն աշխատանքի ամբողջացումը, կոմպոզիցիայում զարդանախշերի չափերի ներդաշնակ համադրության առկայությունը, զարդանախշերի գունային սահուն, հակադիր, կտրուկ անցումների, տոնայնության արտացոլումը, զարդանախշերի հստակ սահմանազատման առկայությունը գունային տոների միջոցով, տաք և սառը գույների համադրության և ստեղծագործական մտքի առկայությունը։

«Դիզայն» կրթական ծրագրի «Կոմպոզիցիա» առարկայի քննության դեպքում գնահատվում էին երկրաչափական ծավալային մարմինների գրագետ համադրելիությունը, կոմպոզիցիա ստեղծելու ստեղծագործական մտահղացումը, երկրաչափական մարմիններով կոմպոզիցիոն հորինվածքի դինամիկ ամբողջացումը (սկիզբ, հասունացում, ավարտ), կոմպոզիցիոն հորիվածքում մարմինների չափերի ներդաշնակ համադրության առկայությունը, գունային սահուն, հակադիր, կտրուկ անցումների տոնայնության արտացոլումը, երկրաչափական ծավալային մարմինների հստակ սահմանազատման առկայությունը գույների տոների միջոցով:

Սիրով շնորհավորում ենք «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով մասնաճյուղ ընդունված դիմորդներին՝ մաղթելով նրանց հաջողություններ և ձեռքբերումներ նոր ուսումնական տարում։ 

«Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաների ներբուհական քննությունների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

«ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի կիրառման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստում

1. գլխավոր2023թ. հունիսի 28-ին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը բուհի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի համար իրականացրեց «ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի կիրառման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստում, որը վարեց ԿԲԴՎ բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Ն.Գրիգորյանը:

Դասընթացին մասնակցեց ավելի քան 30 աշխատակից:

Ն.Գրիգորյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը (30.04.2022, ԳԽ թիվ 59 նիստ), որն ուժի մեջ է մտել 2022թ. սեպտմբերի 1-ից և տարածվում է 2022-2023 ուստարում և դրանից հետո ԵՊՀ ԻՄ ընդունված բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների վրա:

Շեշտվեց, որ կարգի փոփոխման նպատակներն են ուսանողների գնահատման բազմագործոն համակարգ ներդնելը, դասախոսի ազատության աստիճանը մեծացնելը, դրական արդյունարար գնահատական միայն մեկ բաղադրիչով չձևավորելը:

Այս գործող կարգի համաձայն՝ գնահատման դրական նվազագույն շեմը սահմանվում է 10 միավորը: Գնահատման արդյունարար միավորը բաշխվում է հետևյալ կերպ.

  • 0-9 միավոր՝ անբավարար,
  • 10-13 միավոր՝ բավարար,
  • 14-17 միավոր՝ լավ,
  • 18-20 միավոր՝ գերազանց:

Այնուհետև Ն.Գրիգորյանը ներկայացրեց գնահատման բաղադրիչներն ու դրանց հատկացվող միավորները ըստ գնահատման ձևերի՝ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման և առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացների համար:

Նշվեց, որ եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը:

Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:

Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:

ԿԲԴՎ բաժնի վարիչը նաև հավելեց, որ ըստ կարգի 61-րդ կետի՝ կիսամյակի առաջին երկու շաբաթվա ընթացքում դասախոսն ուսանողներին պետք է տեղեկացնի ուսուցման ձևերի, հարցաշարերի և ժամկետների, ինչպես նաև գնահատման մեթոդների ու չափանիշների մասին:

Ապա դասընթացավարն անդրադարձավ գնահատման գործընթացի կազմակերպմանը, քննության վերահանձնման և դասընթացի կրկնման ընթացակարգերին:

Մասնաճյուղում ավարտվեց 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

1. գլխավոր 2023թ. հունիսի 10-27-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց 2022-2023 ուսումնական տարվա հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 7 կրթական ծրագրով ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Հունիսի 10-ին կայացավ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., պրոֆեսորի պաշտոնակատար Արուսյակ Վաչագանի Հովհաննիսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 15 շրջանավարտ. 3-ը ստացավ «գերազանց», 11-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ամփոփիչ ատեստավորման քննությունն անցել է բավականին հաջող: Գնահատելի է, որ ուսանողներն անդրադարձել են կրթության ժամանակակից խնդիրներին: Բոլոր ուսանողներն էլ լավ էին տիրապետում իրենց ավարտական աշխատանքներին՝ հստակ ներկայացնելով իրենց կողմից իրականացված ինչպես տեսական-վերլուծական, այնպես էլ հետազոտական աշխատանքները: Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է հստակեցնել աշխատանքների նպատակն ու խնդիրները, թեմաների վերնագրերը, ուշադրություն դարձնել հետազոտության մեթոդների ընտրությանը:

Հունիսի 17-ին կայացան «Հոգեբանություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» և «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

«Հոգեբանություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Լաուրա Համբարձումի Պետրոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 6 շրջանավարտ. 1-ը ստացավ «գերազանց», 3-ը՝ «լավ», 2-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահը մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկել է կատարելագործել հետազոտական աշխատանքների թեմաների ընտրությունը, ուսանողների հետազոտական կարողությունները, հոգեբանական կիրառական հմտությունները:

«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Գերասիմի Մնացականյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 շրջանավարտ. 1-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ», 16-ը՝ «բավարար»:

Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ աշխատանքների թեմաների ընտրության ժամանակ հաշվի առնվի տվյալների հասանելիության հանգամանքը, իսկ աշխատանքը ներկայացնելիս առավել ընդգծվի ուսանողի կատարած ինքնուրույն վերլուծությունը: Նախագահի կողմից նաև կարևորվել է, որ կատարված եզրակացությունները և առաջարկությունները լինեն հստակ ու հասցեական:

«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական, տ.գ.թ., դոցենտ Անահիտ Զարզանդի Ոսկանյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 10 շրջանավարտ. 2-ը ստացավ «գերազանց», 4-ը՝ «լավ», 4-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ավարտական աշխատանքներում տեսական հատվածը գերակշռում էր վերլուծական, հետազոտական պրակտիկ ուսումնասիրություններին: Առաջարկվել է տեղային-գործնական ծավալուն հատված ներառել ավարտական աշխատանքներում, գրախոսություններում տալ հստակ դիտարկումներ աշխատանքի թերությունների մասին, օգտագործել ժամանակակից գրականություն ուսումնասիրությունների համար:

Հունիսի 23-ին, 24-ին և 27-ին կայացան համապատասխանաբար «Պատմություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

«Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ․գ․թ․ Ավետիս Հմայակի Հարությունյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 7 շրջանավարտ. 2-ը ստացավ «լավ», 5-ը՝ «բավարար»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ցանկալի կլիներ, որ ավարտական աշխատանքների թեմաների ընտրության ժամանակ հաշվի առնվեին պատմական ժամանակահատվածների համամասնական բաժանումները: Արդյունավետության տեսանկյունից նախընտրելի է թեմաներ ընտրել ոչ միայն միջնադարից, այլև հնագույն, հին, նոր, նորագույն ժամանակներից:

«Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գլխավոր դենդրոլոգ, կ.գ.թ., դոցենտ Արծվի Արտաշեսի Գրիգորյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 20 շրջանավարտ. 2-ը ստացավ «գերազանց», 5-ը՝ «լավ», 13-ը՝ «բավարար»:

Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ ավարտական աշխատանքների թեմաները լինեն ոչ թե ընդհանրական, այլ առնչվեն կոնկրետ տարածաշրջանին կամ ոլորտին, լինեն ավելի առարկայական, ուսանողների համար համեմատաբար դյուրին և երկրի համար արդյունավետ:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արևշատ Գուրգենի Պողոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 18 շրջանավարտ. 13-ը ստացավ «լավ», 5-ը՝ «բավարար»: Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել մասնագիտական կիրառական թեմաների ապահովումը:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից բակալավրի որակավորում ստանալու առթիվ սիրով շնորհավորում ենք ամփոփիչ ատեստավորում անցած մեր շրջանավարտներին՝ նրանց մաղթելով անձնական և մասնագիտական մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ:

ԵՊՀ ԻՄ-ն ունի Ուսանողական խորհրդի նոր նախագահ

1. գլխավոր 2023թ. հունիսի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն:

Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածու էր առաջադրվել «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Էռնեստ Խանումյանը: Ընտրական հանձնաժողովի նախագահը մասնաճյուղի տնօրենի պաշտոնատար Ա.Մակարյանն էր, քարտուղարը` Ա.Մարգարյանը:

Ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը՝ Էռնեստ Խանումյանն ընդգծեց, որ Ուսանողական խորհուրդը ոչ միայն կրթագիտական, մշակութային հարթակ է, այլև երիտասարդական լավագույն կենտրոն, որտեղ ինքնակրթվում և ինքնակատարելագործվում են, ինքնազարգանում և ինքնադրսևորվում են:

Նախընտրական ծրագրի ներկայացումից հետո ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը: Պարոն Մակարյանը նախ շնորհակալություն հայտնեց Ուսանողական խորհրդի նախկին նախագահ Գառնիկ Խաչատրյանին և նախագահության նախկին կազմին` իրենց կատարած աշխատանքի համար: Նա շեշտեց ուսանողների և մարզի երիտասարդության համար Ուսանողական խորհրդի կազմակերպած հետաքրքիր միջոցառումների կարևորությունը, ինչպես նաև համալսարանական կյանքում ունեցած դերակատարումը՝ մասնավորապես նշելով, որ Ուսանողական խորհուրդը համալսարանի կարևոր ինստիտուտներից մեկն է և լուրջ դեր ունի ուսանողների իրավունքների պաշտպանության գործում:

11 կողմ և 1 դեմ ձայներով Էռնեստ Խանումյանը ընտրվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նոր նախագահ:

Վերջում Ա.Մակարյանը նորընտիր նախագահին և ուսխորհրդականներին մաղթեց բեղուն և արդյունավետ գործունեություն:

______________________________________________________

294724774_1542886536167711_8340040327484187498_nԷռնեստ Խանումյանը ծնվել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում: Այժմ սովորում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագի-տության 1-ին կուրսում:

Էռնեստն ակտիվ ներգրավված է երիտասարդական ու քաղ-հասարակական աշխատանք-ներում: Նա «ԻջևանԻնֆոՏուն» ՀԿ-ում  իրականացրել է հա-մայնքային կայքերի մշտադի-տարկում, ղեկավարել է երիտասարդական ու համայնքային զարգացման ծրագրեր, թղթակցել է Հայաստանի հանրային ռադիոյի «Իմ ռադիո» երիտասարդական ցանցին: Ավելի քան 2 տարի է, ինչ Էռնեստն աշխատում է «Տավուշ» հեռուստաընկերությունում՝ որպես հեռուստահաղորդավար-լրագրող:

 

Տնօրենության նիստ

1. գլխավոր 2023թ. հունիսի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ՝ օրակարգային ութ հարցերով:

Առաջին հարցի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը՝ ներկայացնելով 2022-2023 ուստարվա առկա և հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի երկրորդ ընթացիկ քննությունների և ստուգումների ավարտի և քննաշրջանի ընթացքի մասին: Նշվեց, որ 2022-23 ուստարվա հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի երկրորդ ընթացիկ քննություններն ու ստուգումներն իրականացվել են ս.թ. մայիսի 16-27-ն ընկած ժամանակահատվածում, առկա ուսուցմանը՝ մայիսի 30-ից հունիսի 3-ը:

Բակալավրի հեռակա ուսուցման համակարգում ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 46.36%. քննություններին մասնակցած 371 ուսանողից 172-ը ստացել է դրական միավորներ, 199-ը կուտակել է պարտքեր: Առկա ուսուցման համակարգում առաջադիմությունը կազմել է 89.5%. քննություններին մասնակցած 506 ուսանողից 453-ը ստացել է դրական միավորներ, 53 ուսանող ունի պարտքեր: Մագիստրատուրայում (13 ուսանող) արձանագրվել է 100% առաջադիմություն:

2022-2023 ուստարվա առկա և հեռակա ուսուցման քննաշրջանն ընթացքի մեջ է, իրականացվում է սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցների:

Առաջին լուծարքային շրջանը կտևի ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 6-ը, երկրորդ լուծարքային շրջանը՝ օգոստոսի 22-29-ը:

Հաջորդ հարցի՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում դասապրոցեսին ուսանողների մասնակցության վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մ.Օթարյանը: Ներկայացվեցին բացակայությունների թույլատրելի սահմանը հատած ուսանողների անունները, և նշվեց, թե ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոններով համապատասխանաբար ինչ տույժեր են սահմանված: Ըստ այդմ՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման համակարգի 1 ուսանող այս կիսամյակի դասապրոցեսից 120 ժամ և ավել անհարգելի բացակայության պատճառով հեռացվեց մասնաճյուղից:

Առաջարկվեց դեկանների և իրավաբանի ընդգկվածությամբ ձևավորել հանձնաժողով, որը կուսումնասիրի ուսանողների կողմից ներկայացված բժշկական և այլ տեղեկանքները՝ բացակայությունները հարգելի համարելու հիմքեր դիտարկելու տեսակետից:

ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մոնիթորինգի հանրագումարային զեկույց ներկայացրեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը: Մասնավորապես նշվեց, որ մոնիթորինգի նպատակով երեք ֆակուլտետից ընտրվել է 1-ական կրթական ծրագիր. Հումանիտար գիտությունների ֆակուլտետից՝ «Հայոց լեզու և գրականություն», Տնտեսագիտության ֆակուլտետից՝ «Զբոսաշրջություն», Կիրառական արվեստի ֆակուլտետից՝ «Դիզայն» կրթական ծրագիրը:

Համաձայն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգի՝ ձևավորվել են մինչև 7-ական անդամներից բաղկացած խմբեր, որոնցում ընդգրկվել են կրթական ծրագրերի ղեկավարները, արտաքին և ներքին շահակիցներ, տվյալ ֆակուլտետի որակի կառավարման հանձնաժողովի լիազոր-ներկայացուցիչները:

Խմբերը, կարգով նախատեսված ընթացակարգի համաձայն, աշխատել են 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. մարտն ընկած ժամանակահատվածում, մոնիթորինգի հաշվետվությունները ներկայացրել իրենց ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում, որից հետո դեկանները տվյալ հաշվետվությունները՝ համապատասխան եզրակացություններով հանդերձ, ներկայացրել են Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժին:

Հաշվետվությունների վերջում տրված են ծրագրի ուժեղ և թույլ կողմերը՝ SWOT վերլուծության միջոցով: Վերլուծության վերջում ներկայացված է ծրագրի որակի բարելավման (բարձրացման) գործողությունների պլանը՝ առաջիկա երկու ուստարվա համար նախատեսված աշխատանքներով, դրանց իրականացման հստակ ժամկետներով և պատասխանատուներով:

Ֆակուլտետի դեկաններին հանձնարարվեց հետևողական լինել ներկայացված գործողությունների պլան-ժամանակացույցի՝ ամբիոնների կողմից իրականացմանը:

Առկա ուսուցման համակարգում 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի հետազոտական աշխատանքների կատարման գործընթացի վերլուծությամբ ևս հանդես եկավ Ն.Գրիգորյանը: Նա նշեց, որ 2022-23 ուստարվա երկրորդ կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների ընդհանուր թիվը առկա ուսուցման համակարգում 33 է (412 աշխատանք), հեռակայում՝ 15 (229 աշխատանք): Այս կիսամյակի հետազոտական աշխատանքներում, նախորդների համեմատությամբ, զգացվում է որակական առաջընթաց:

Առկա ուսուցման՝ 2022-2023 ուստարվա պաշտպանությունների ավարտի և հեռակա ուսուցման ավարտական աշխատանքների նախապաշտպանությունների ու պաշտպանությունների ընթացքի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները:

Մասնավորապես նշվեց, որ ս.թ. մայիսի 6-27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել է 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 11 մասնագիտության 12 կրթական ծրագրով՝ «Հոգեբանություն», «Պատմություն», «Զբոսաշրջություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Դիզայն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»: ԵՊՀ ԻՄ-ում այս ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման գործընթացը, ըստ հանձնաժողովների նախագահների արտահայտած կարծիք-տեսակետների, բուհի ղեկավարության, վարչական համապատասխան ստորաբաժանումների և մասնագիտական ամբիոնների կողմից կազմակերպվել և իրականացվել է պատշաճ կարգով, ժամանակացույցներին, գործող կարգով ավարտական աշխատանքների համար նախատեսված չափորոշիչներին համապատասխան:

Հեռակա ուսուցման՝ 2022-2023 ուստարվա ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն ու պաշտպանություններն ընթացքի մեջ են: Ըստ ժամանակացույցների՝ պաշտպանությունները նախատեսված է իրականացնել ս.թ. հունիսի 10-27-ն ընկած ժամանակահատվածում:

2023-2027 առկա և 2023-2028 հեռակա ուսուցման կրթական ծրագրերի մշակման աշխատանքների մասին զեկուցեց ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի՝ 15.12.2022թ. հրամանի համաձայն՝ ձևավորվել է «Գործարար վարչարարություն» կրթական ծրագիրը մշակող աշխատանքային խումբը, իսկ ըստ տնօրենի՝ 19.01.2023թ. հրամանի՝ բակալավրի 12 կրթական ծրագրի վերանայման աշխատանքային խմբերը, որոնք մինչև մայիսի 23-ը պետք է ԿԲԴՎ բաժին ներկայացնեին բակալվրի կրթական ծրագրերը: Այս պահի դրությամբ կրթական ծրագրերի մեծ մասը պատրաստ է, շտկման ենթակա են մի քանի ծրագրեր, որոնք ավարտուն տեսքի բերելու համար տնօրենի կողմից տրվել է լրացուցիչ ժամանակ:

Հաջորդ հարցը վերաբերում էր մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպման ընթացքին: Նշվեց, որ մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր է կուտակել և քննություն  վերահանձնել 2 ուսանող՝ Բնական գիտությունների ֆակուլտետի առկա և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգերից:

Նիստի վերջին հարցի՝ դասալսումների արդյունքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ ներկայացնելով 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում մասնագիտական ամբիոնների վարիչների իրականացրած դասալսումների և դասախոսների կատարած փոխադարձ դասալսումների արդյունքները:

Տնօրենը դեկաններին հանձնարարեց հետևողական լինել, որ դասալսումներն ըստ ժամանակացույցների իրականացվեն, և ներկայացվեն հաշվետվություններ՝ համաձայն ԵՊՀ ԻՄ-ում դասալսումների անցկացման կարգում ընդգրկված դասի գնահատման հարցաթերթի դրույթների (դասի վարման մեթոդիկան, նյութի ամրապնդման հնարների կիրառումը, ուսանողների մասնակցության ղեկավարումը, կարգապահության պահպանման հնարների կիրառումը):