2017թ. մարտի 21-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա մասնաճյուղային սպորտլանդիա՝ նվիրված կանանց միամսյակին:
Մասնակցել ցանկացողները մինչև մարտի 20-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:
2017թ. մարտի 10-ին մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների (ինստիտուցիոնալ համագործակցության տնօրեն Արեգ Բարսեղյանի, ծրագրի հավաքագրման մասնագետ Վարդուհի Մարտիրոսյանի) հանդիպումը ուսանողների հետ:
Հանդիպման սկզբում Վարդուհի Մարտիրոսյանը ուսանողներին ներկայացրեց հանրապետությունում առկա դասավանդման թերացումները, մասնավորապես՝ նա խոսեց գյուղերում ուսուցիչների պակասի մասին, ինչի հետևանքով ոչ մասնագետը դասավանդում է մի քանի առարկա կամ տևական ժամանակ աշակերտները չեն ունենում որևէ առարկայի ուսուցիչ:
Ծրագրի պատասխանատուները ներկայացրին ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Նշվեց, որ «Դասավանդիր Հայաստան» (Teach for Armenia) ծրագիրը սկսել է գործել 2 տարի առաջ. այս տարի ծրագիրը կունենա առաջին շրջանավարտները: Ծրագրի առաքելությունն է բարելավել Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ ներգրավելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին՝ որպես ուսուցիչներ և այնուհետև 2 տարով գործուղել նրանց Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Ծրագրի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի հինգ՝ Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի 35 դպրոցներում, որտեղ կա համապատասխան երիտասարդ ուսուցիչների պակաս: Մասնակիցներն, իրենց հետ բերելով նորարար մտքեր, նոր մեթոդներ, հասանելի են դարձնում վերջին կրթական նյութերը աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում են կրթության որակի բարելավմանը:
Ներկայացվեց, որ ծրագրի մոդելն ունի 25 տարվա պատմություն։ Այն սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է, որը կիրառվել է աշխարհի շուրջ 40 երկրի ազգային անկախ կազմակերպությունների կողմից, որոնք համախմբվել են “Teach For All” միջազգային ցանցի ներքո, որպեսզի ստեղծեն մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի կիսել լավագույն փորձը և գիտելիքները: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ պարտադիր չէ մասնակիցը լինի մասնագիտությամբ մանկավարժ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են՝ վերապատրաստումը, աշխատանքի տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը, կլուծի ծրագիրը։
Ծրագրի ներկայացուցիչը շեշտեց, որ ամառային ինստիտուտը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցներին սպասում է հաջորդ քայլը՝ տեղափոխումը այն համայնքներ, որտեղ նրանք պետք է 2 տարի ապրեն և դասավանդեն։
Ծրագրի մասնակիցները կօգտվեն հետևյալ արտոնություններից.
Ինստիտուցիոնալ համագործակցության տնօրեն Արեգ Բարսեղյանը, պատասխանելով ուսանողների հարցերին, նշեց, որ ծրագրի պահանջներից մեկն այն է, որ բոլոր մասնակիցները ծրագրի ընթացքում բնակվեն իրենց դասավանդման համայնքներում. իրականացնեն լրացուցիչ պարապմունքներ աշակերտների հետ և աջակցեն նաև համայնքի զարգացմանը: Ուսանողների այն հարցին, թե կարող են արդյոք մասնակիցները ծրագրի ընթացքում հրաժարվել մասնակցությունից, ներկայացուցիչները նշեցին, որն նման դեպք չի արձանագրվել, քանի որ երկկողմանի ոգևորությունն ու սեփական առաքելության գիտակցությունը միայն նպաստում են ծրագրի իրագործմանը:
Ներկայումս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 5 մարզի 35 գործընկեր դպրոցում: Ծրագրի 42 մասնակիցներն աշխատում են շուրջ 2663 երեխայի հետ:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակաբար համագործակցում է նոր դպրոցների ու համայնքների հետ, որպեսզի հասանելի դառնա Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր մարզում ապրող յուրաքանչյուր երեխայի համար, քանի որ յուրաքանչյուր երեխա պետք է իրավունք ունենա ստանալ գերազանց կրթություն: “Teach for all” միջազգային ցանցը նպատակ ունի ներառելու նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցները՝ մյուս տարի մեկնարկելով «Դասավանդի՛ր Արցախ» (“Teach for Artsakh”) ծրագիրը:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հետաքրքրեց ուսանողներին, և նրանք ցանկություն հայտնեցին մասնակցելու ծրագրին:
2017թ. մարտի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ կանանց միամսյակին նվիրված միջոցառում (անգլերեն լեզվով), որը կազմակերպվել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի ու նույն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների կողմից:
Ներկա էին ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը, ամբիոնի դասախոսները և ուսանողներ:
Միջոցառման ընթացքում շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեց տոնի նախապատմությունը, թե ինչպես և երբվանից մարտի 8-ը հռչակվեց որպես Կանանց միջազգային օր: Ընդգծվեց, որ այդ օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857թ. մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:
Ուսանողները զանազան սլայդների օգնությամբ ներկայացրին տարիների ընթացքում կանանց ձեռք բերած նվաճումները, հումորային տեսահոլովակների միջոցով անդրադարձան կանանց և տղամարդկանց տարբերություններին:
Միջոցառման մի առանձին հատված էլ նվիրված էր մասնաճյուղում օտար լեզուներ դասավանդող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, որ մեծ ոգևորությամբ ընդունվեց ոչ միայն ուսանողների, այլև դասախոսների կողմից:
2017թ. մարտի 9-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային (աղջիկների) առաջնություն՝ նվիրված կանանց տոնին:
Առաջնությանը մասնակցեցին «ՀԼԳ I», «ԱԼԳ II», «ՏՏ I» կուրսերի և Կիրառական արվեստի ֆակուլտետի հավաքական թիմերը:
Հանդիպեցին «ՀԼԳ I» – «ՏՏ I» և «ԱԼԳ II» – Կիրառական արվեստի ֆակուլտետի հավաքական թիմերը:
Եզրափակիչ դուրս եկան «ՏՏ I» և Կիրառական արվեստի ֆակուլտետի հավաքական թիմերը:
Հաղթող ճանաչվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի հավաքական թիմը, որը տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերներով:
Ս.թ. փետրվարի 23-ին մասնաճյուղում անցկացվեց վոլեյբոլի մասնաճյուղային (տղաների) առաջնություն, որին մասնակցեցին Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 2-րդ կուրսի, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի, Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքական թիմերը:
Նախ հանդիպեցին «ԻԿՄ I» և «ՔԿԳ II» կուրսերի թիմերը. 2:0 հաշվով հաղթեց «ՔԿԳ II» կուրսի թիմը:
Ապա հանդիպեցին «ԻԿՄ II» կուրսի և Տնտեսագիտության ֆակուլտետի թիմերը. 2:0 հաշվով հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը:
Եզրափակիչ հանդիպմանը մասնակցեցին «ՔԿԳ II» կուրսի և Տնտեսագիտության ֆակուլտետի թիմերը:
Հաղթող ճանաչվեց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 2-րդ կուրսի թիմը, որը տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերով:
2017թ. մարտի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ կանանց տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիության չորրորդ կուրսի ուսանողուհիները:
Տոնական միջոցառումն ուղեկցվում էր համապատասխան շնորհանդեսով ու գեղեցիկ դասական երաժշտությամբ:
Միջոցառման մասնակիցները նախ ներկայացրին կանանց տոնի նախապատմությունը, թե մարտի 8-ն ինչպես և ում շնորհիվ հռչակվեց Կանանց միջազգային օր:
Ապա նրանք հանդես եկան տոնին առնչվող գեղարվեստական գողտրիկ զրույցներով («Լուսավոր գարնանը լուսավորեք ձեր միտքն ու հոգին», «Մոր հուզիչ նամակը աղջկան»), ասույթներով ու բանաստեղծություններով:
Մասնավորապես ներկայացվեցին ասույթներ` մայրական ամենազոր սիրո մասին, ոգեշունչ բանաստեղծություններ` գլխավորապես կենսախինդ գարնան վերաբերյալ («Գարնանամուտ», «Երբ լուսափթիթ գարունն է գալիս», «Գարունը այնքա՜ն ծաղիկ է վառել», «Ես չեմ կարող չներշնչվել» և այլն):
Ներկաներն իրենց գոհունակությունն արտահայտեցին մասնակիցներին` գարնանային թարմ տրամադրությամբ հագեցած միջոցառման համար: