ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջան

Սիրելի՛ ուսանողներ և ասպիրանտներ,

ԵՊՀ ՈՒԳԸ-ն  2015 թ. ապրիլի 27-30-ը կազմակերպում է տարեկան գիտական նստաշրջան: Զեկուցումների թեմատիկան ազատ է: Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  • Աշխարհագրություն և երկրաբանություն
  • Աստվածաբանություն
  • Արևելագիտություն
  • Դեղագիտություն և քիմիա
  • Ժուռնալիստիկա
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
  • Իրավագիտություն
  • Կենսաբանություն
  • Հայ բանասիրություն
  • Մաթեմատիկա և մեխանիկա
  • Միջազգային հարաբերություններ
  • Պատմություն
  • Ռադիոֆիզիկա
  • Ռոմանագերմանական բանասիրություն
  • Ռուս բանասիրություն
  • Սոցիոլոգիա
  • Տնտեսագիտություն և կառավարում
  • Փիլիսոփայություն և հոգեբանություն
  • Ֆիզիկա

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015 թ. մարտի 15-ը լրացնել առցանց հայտաձևը:

Ներկայացվելիք զեկուցման ամբողջական էլեկտրոնային տարբերակն անհրաժեշտ է մինչև ապրիլի 1-ը համապատասխան ամբիոնի երաշխավորագրի հետ միասին ներկայացնել ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահին կամ երաշխավորագրի սքանավորված տարբերակով ուղարկել ՈՒԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին (sss@ysu.am):

Գիտական նստաշրջանին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապա­տաս­խան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը,կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում:

Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Աղբյուրը` ysu.am

 

Գիտական խորհրդի` տարեվերջյան ընդլայնված նիստում

2014թ. դեկտեմբերի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Գիտական խորհրդի` տարեվերջյան ընդլայնված նիստը, որին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցները, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամները:

Նիստի ընթացքում մասնաճյուղի գիտխորհրդի նախագահ Սամվել Առաքելյանը ներկայացրեց օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. ԵՊՀ ԻՄ-ի` 2013-2014 ուստարվա գործունեության վերաբերյալ տնօրենի
հաշվետվությունը:

2. ԵՊՀ ԻՄ-ի` 2014թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջեի)
հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:

3. ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջեն) հաստատելու մասին:

4. ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետների կանոնակարգերի փոփոխության հաստատման մասին:

5. ԵՊՀ ԻՄ-ի ներքին աուդիտի անցկացման կարգի հաստատման մասին:

6. ԵՊՀ ԻՄ-ի մեթոդխորհրդի նոր կազմը հաստատելու մասին:

7. Ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ որոշվեց հավանություն տալ 2013-2014 ուստարվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների և 2011-2015թթ. ԵՊՀ ԻՄ-ի զարգացման ռազմավարական ծրագրով 2013-2014 ուստարում նախատեսված գործողությունների վերաբերյալ տնօրենի հաշվետվությանը և մասնաճյուղի` 2013-2014 ուստարվա գործունեությունը գնահատել բավարար:

Երկրորդ հարցի կապակցությամբ որոշվեց հավանություն տալ ԵՊՀ ԻՄ-ի` 2014թ. (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի վերաբերյալ տնօրենի հաշվետվությանը, հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարել դրա գնահատում և ներկայացնել Երևանի պետական համալսարան` հաստատման:

Երրորդ հարցի վերաբերյալ որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, հանձնարարել մասնաճյուղի տնօրենին 2015թ. ծախսերը կատարել ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվին համապատասխան:

Գիտխորհրդի նիստի ընթացքում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ֆակուլտետների նոր կանոնակարգերը, ներքին աուդիտի անցկացման կարգը, ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին խրախուսելու կարգ սահմանելու մասին կանոնակարգը, մասնաճյուղի մեթոդխորհրդի նոր կազմը, էթիկայի և կոռուպցիոն երևույթները համակարգող հանձնաժողովների կազմերը:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ներկայացնելով տարեվերջյան հաշվետվություն, ըստ մասնագիտությունների ամփոփեց 2014 թվականին մասնաճյուղի կողմից գրանցված ձեռքբերումներն ու բացթողումնեը, խոսեց իրականացվելիք ծրագրերի մասին:

Ս.Առաքելյանը 2013-2014 ուստարվա ամենակարևոր ձեռքբերումներից համարեց մասնաճյուղում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի ստեղծումը, որը սերտ կապեր է պահում մարզի սահմանապահ զորամասերի հետ, երիտասարդ ուժեղ կադրերով բուհի անձնակազմի համալրումը և գիտական ակտիվ գործունեության իրականացումը. «2014թ. տպագրվել են մասնաճյուղի աշխատակիցների հեղինակած շուրջ 126 գիտական հոդվածներ, մենագրություններ և մեթոդական ձեռնարկներ:

Թեկնածուի գիտական աստիճան են ստացել տեղի դասախոսներից 7-ը (Աննա Սիմոնյան, Հասմիկ Վանյան, Ալեքսան Մարգարյան, Վահան Աղաբաբյան, Սոնա Խաչատրյան, Հայկ Քամալյան, Նաթելլա Գրիգորյան), որոնցից 5-ը հենց մասնաճյուղի շրջանավարտներ են»:

Տնօրենը առավել կարևորեց դաստիարակչական գործառույթի իրականացումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում. «Մենք դեռևս խնդիր ունենք Իջևանը դարձնելու համալսարանական քաղաք: Շատ կարևոր է մեր ուսանողների մեջ սերմանել համալսարանականի հոգեբանություն, ձևավորել իսկական քաղաքացի»:

Վերջում պարոն Առաքելյանը շնորհավորեց բոլոր համալսարանականների Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ հղելով բարեմաղթանքներ, ցանկանալով, որ գալիք 2015 թվականը լինի մեծ հաջողությունների տարի:

Գիտխորհրդի նիստից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում

2014թ. դեկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր կուրսերի ուսանողներ, շրջանավարտներ, հյուրեր:

Ուսանողները ներկայացրին տոնական ծրագիր. հանդես եկան ուրախ երգ ու պարով, ասմունքով ու բարեմաղթանքներով:

Վերջում Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մանվել Զաքարյանը սիրով ողջունեց միջոցառման մասնակիցներին ու ներկաներին, շնորհավորեց բոլորի գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության` 2013-14 ուստարվա շրջանավարտներին` իրենց մասնակցության և մատուցած անակնկալ-նվերի համար:

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ

 

  • Կազմակերպութուն՝ «Յուքոմ» ՍՊԸ
  • Ոլորտ՝ Հեռահաղորդակցություն
  • Անցկացման վայր՝ ք. Երևան, Հայաստան
  • Սկիզբ՝ Անմիջապես
  • Տևողություն՝ Մշտական
  • Աշխատանքի տեսակ՝ Լրիվ դրույք
  • Պահանջվող կրթության աստիճան՝ Բակալավր

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները career@ucom.am էլ. հասցեով` վերնագրի դաշտում նշելով “PR Specialist”: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Դիմելու վերջնաժամկետ՝ 3 հունվարի 2015թ.:

Որակավորումներ
  •  Բարձրագույն կրթություն հումանիտար, լեզվաբանական և հասարակագիտության ոլորտներում,
  • Ցանկալի է 2-3 տարվա աշխատանքային փորձ գովազդի և հանրային կապերում,
  • Գերազանց համակարգչային հմտություններ,
  • Համացանցից օգտվելու գերազանց հմտություններ,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Նամակագրության, հաղորդակցության  և միջանձնային գերազանց հմտություններ,
  • Սեղմ ժամկետներում և սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Վերլուծական ունակություններ,
  • Ճկուն և թիմային աշխատանք:
Պարտականություններ
  • Մասնակցել ընկերության հանրային կապերի աշխատանքների պլանավորմանը,
  • Կազմակերպել հանրային կապերի միջոցառումներ,
  • Մասնակցել Ընկերության գովազդային գործունեության շրջանակներում տպագրական և այլ նյութերի պատրաստման գործընթացին,
  • Մշտական կապ պահպանել ԶԼՄ -ների հետ,
  • Խմբագրել և թարգմանել Ընկերության հանրային կապերի միջոցառումների անհրաժեշտ տեքստեր. վեբ կայքեր, տպագրված նյութեր և այլն,
  • Մշտապես հետևել Ընկերության պաշտոնական վեբ կայքում կատարվող փոփոխություններին և թարմացումներին, կատարել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև խմբագրել թարգմանություններ,
  • Մշտապես թարմացնել և տեղադրել Ընկերության գործունեությանը վերաբերվող տեղեկատվությունը բլոգերում և այլ գովազդային կայքերում,
  • Հետևել մրցակից ընկերությունների հանրային ակտիվություններին,
  • Հետևել սոց.ցանցերի ընկերության պաշտոնական էջերին, կատարել թարմացումներ և ապահովել մշտական կապը օգտատերերի հետ,
  • Տալ ամսական հաշվետվություններ,
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ:
Կոնտակտային անձ
Արփինե Մնացականյան կամ career@ucom.am
Աղբյուրը` www.ucom.am

Համաժողով և իրավական ուղեցույցի շնորհանդես

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» թեմայով համաժողով և «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի շնորհանդես:

Համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի երիտասարդական հիմնարդամի շենքում (ԵՊՀ սև շենքի մոտ):

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՆՔԵՐԸ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

1.Բացման խոսք – Տարոն Սիմոնյան (Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն)

2.Ողջույնի խոսք – Վիգեն Քոչարյան (ԵՊՀ-ի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ)

3.«Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի հաշվետվության հիմնական դրույթների ներկայացում – Վլադիմիր Վարդանյան (ծրագրի ղեկավար, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր)

4.Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ առկա միջազգային իրավական մարտահրավերների ներկայացում – Լևոն Գևորգյան (Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր)

5.«Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի հիմնադրույթներին ներկայացում – Եղիշե Կիրակոսյան (Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր)

6.Ելույթներ (մինչև 5 րոպե)

7.Քննարկում «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի շնորհանդես Ընդունելություն համաժողովի մասնակիցների համար

Նշենք, որ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 28-ին Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում-քննարկում, որտեղ ներկայացվեցին Հայոց ցեղասպանության ոլորտին առնչվող արդի մարտահրավերների համատեքստում առկա իրավական խնդիրները, ներկայացվեցին ծրագրի հիմնական ուղղությունները:

Նշվեց, որ ծրագիրի նպատակն է վեր հանել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը, հստակեցնել այն իրավական նորմերի շրջանակը, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության համար համապատասխան սուբյեկտներին պատասխանատվության կանչելու համատեքստում, վերլուծել համապատասխան միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու հնարավոր ձևերն ու եղանակները, ներկայացնել հիմնական եզրահանգումները շահագրգիռ անձանց եւ հաստատություններին:

Աղբյուրը` armscoop.com