Հունվարի 8-ի տնօրենության նիստում

2014թ. հունվարի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԿՈԱԳ բաժնի մասնագետ Վ.Աղաբաբյանը, Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս Ն.Գրիգորյանը:

Քննարկվեցին 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի ընթացիկ քննությունների և ստուգարքների, հանրագումարային քննությունների անցկացման կարգի և հաստիքացուցակի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Ըստ ֆակուլտետների ամփոփելով 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի ընթացիկ քննությունների արդյունքները` նշվեց, որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում առաջադիմությունը կազմում է 73%, Կիրառական արվեստի ֆակուլտետում` 67%, Տնտեսագիտության ֆակուլտետում` 66.2%, Բնական գիտությունների ֆակուլտետում` 50%: Ընդհանուր առաջադիմությունը բարձր է. առկա ուսուցման համակարգում սովորող 618 ուսանողների  առաջադիմությունը կազմում է 73%:

Որոշվեց հանրագումարային քննությունների անցկացման կարգում և հաստիքացուցակում  կատարել որոշակի փոփոխություններ:

Մասնաճյուղի ԿՈԱԳ բաժինը դուրս կգա Ուսումնամեթոդական վարչության կազմից և կկոչվի Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին, որտեղ շրջանավարտների և արտաքին շահառուների հետ տարվող աշխատանքները կհամակարգի Վ.Աղաբաբյանը:

Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և ծրագրամեթոդական աշխատանքների բաժինը այսուհետև կկոչվի ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժին: Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժինը կդառնա  մասնագիտական կողմնորոշման  և պրակտիկայի կազմակերպման բաժին, որը կվարի Վ.Չոբանյանը:

Գիտքարտուղարի պարտականություններից կազատվի Մ.Սարուխանյանը, իսկ տնօրենի օգնականի պարտականություններից` Մ.Աթոյանը:  Գիտքարտուղարի պարտականությունները կստանձնի Մ.Աթոյանը, իսկ տնօրենի օգնականի պարտականությունները` Ն.Գրիգորյանը:

Շնորհավո՛ր նոր՝ 2014 թվական

Նոր տարի, Ամանոր, Կաղանդ, Տարեգլուխ, Ավետիս, Նավասարդ, մի տոն, որով ամփոփում ենք հին տարվա ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, նվաճումներն ու բացթողումները և դիմավորում ենք Նոր տարին՝ նոր հույսերով ու ակնկալիքներով, իղձերով ու նպատակներով:

 Հայերը Նոր տարին սկսել են տոնել այն ժամանակվանից, երբ, ինչպես առասպելն է վկայում, Հայկ նահապետը հաղթեց Բելին: Նավասարդը համարվում էր տարվա առաջին օրը և նշվում օգոստոսին: Հետագայում հեթանոս հայերը Նոր տարին սկսեցին նշել նոյեմբերին և միայն 18-րդ դարում` հունվարի մեկից: Ըստ հայկական առասպելաբանության՝ Ամանորն Ամատուրի` բնության, բերք ու բարիքի աստծո կինն էր, Կենաց ծառը, պտղաբերության խորհըրդանիշը:

 Նոր տարվա գլխավոր անձը՝ Ձմեռ պապը, տարբեր երկրներում տարբեր նախատիպեր է ունեցել: Մի երկրում նրանք համարվում են թզուկները, մյուսում` խաղալիքների թափառաշրջիկ վաճառականը: Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ Ձմեռ պապը Զմյուռնիայի Հայրապետն է եղել, որին կոչել են Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ: Իսկ հայկական արձանագրություններում Ձմեռ պապի անունը շատ հաճախ հիշատակվում է իբրև Կաղանդ պապիկ:

 Այս Նոր տարին՝ 2014 թվականը, կապույտ փայտե Ձիու տարի է: Ձին եռանդուն է, դիմացկուն և անհամբեր, սիրում է աշխատանքը և հարգում ազատությունը: Նրան խորթ է որոգայթներ լարելը և թիկունքից հարվածելը, ուստի նրա համար առաջնային են անկեղծությունն ու արդարությունը: Ձին գնահատում է ազնվազարմությունն ու պարզությունը,  սիրում է որակ և լակոնիզմ: Նրան գրավում են ընտանեկան ջերմությունն ու հարմարավետությունը:

Տարվա գլխավոր թալիսմաններն են՝ պայտը, ծնծղան, ձին:

Թո՛ղ այս Նոր տարին լինի նորանոր ձեռքբերումների ու հաջողությունների, նպատակների իրականացման տարի, խաղաղության, երջանկության, բարեկեցության տարի:

Թո՛ղ Կապույտ փայտե Ձին բոլորիս երջանկություն պարգևի:

Ամանորյա միջոցառում Բնական գիտությունների ֆակուլտետում

2013թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական  գիտությունների ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամանորյա գեղեցիկ միջոցառում:

Միջոցառմանը հրավիրված էր ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ դեկան Ա.Ցուցուլյանի գլխավորությամբ:

Ֆակուլտետի տոնական զարդարված միջանցքը վերածվել էր ուրախ պարահրապարակի:

Ուսանողները ներկայացրին բեմականացված տոնական ծրագիր՝ կենդանի երաժշտությամբ, ասմունքով, երգով ու պարով:

Բոլոր կուրսերը հանդես եկան յուրովի. հումորով ներկայացրին իրենց և իրենց ընկերներին, ցուցադրեցին իրենց տաղանդը, ստեղծագործական միտքն ու գեղարվեստական բարձր ճաշակը:

Միջոցառումն իրենց ներկայությամբ աշխուժացրին Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Ա.Ցուցուլյանը միջոցառման ավարտին շնորհավորեց ներկաների ու մասնաճյուղի բոլոր ուսանողների և աշխատակիցների Նոր տարին, մաղթեց նորանոր նվաճումներ, ձեռռքբերումներ և մշտապես ուղեկցող հաջողություն ու երջանկություն:

Ամփոփելով 2013 թվականը

2013թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի ընդլայնված նիստ, որը վարում էր տնօրեն Ս.Առաքելյանը:

Ներկա էին մասնաճյուղի գիտական խորհրդի անդամները, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, աշխատակիցներ, ուսանողներ:

Քննարկվեցին մի շարք հարցեր: Տնօրենը ներկայացրեց 2012-2013 ուստարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն՝ ամփոփելով տարվա հիմնական  ձեռքբերումներն ու բացթողումները:

Դրական ձեռքբերումներից հատկանշական է փորձնական հավատարմագրման գործընթացում մասնաճյուղին տրված բարձր գնահատականը, կրթության որակի բարձրացման ուղղությամբ բաց դասերի գաղափարի արդյունավետ իրագործումը, առկա ուսուցման համակարգում դիմորդների ընդունելության ցուցանիշը:

Ս.Առաքելյանը շնորհավորեց բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթեց հաջողություններ, ընդգծեց, որ գալիք տարին մասնաճյուղի համար պիտի լինի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և գիտական առաջընթացի տարի:

Ուսումնագիտական զեկուցումներ «Սոցիալական մանկավարժության ժամանակակից հարացույցեր» թեմայով

2013թ. դեկտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության  4-րդ կուրսի ուսանողները «Սոցիալական մանկավարժություն» առարկայի շրջանակներում ներկայացրին ուսումնագիտական զեկուցումներ:

Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Ա. Հովակիմյանը:

Նպատակն էր ուսանողների մեջ ամրապնդել և զարգացնել գիտելիքներ, հմտություններ և կարողություններ համապատասխան առարկայի շրջանակներում, ձևավորել մասնագիտական ինքնուրույն խոսք:

Քննարկվեցին սոցիալական մանկավարժության զարգացման նոր փուլի կանխատեսման բնութագրիչները, կարևորվեց սոցիալական մանկավարժության դերը մարդու և սոցիումի փոխհարաբերությունների կարգավորման, ներդաշնակ, արդյունավետ ուղիների բացահայտման գործում: Ընդգծվեց նրա կապը կյանքի, ամենօրյա սոցիալական պրակտիկայի և օբյեկտիվ իրականության հետ: