ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Կանանց և մայրության միամսյակին նվիրված միջոցառում

2013թ.ապրիլի 4-ին ԵՊՀ Իմ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Կանանց և մայրության միամսյակին նվիրված միջոցառում: Այն նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը՝ նախագահ Վարդան Եգանյանի գլխավորությամբ:

Ներկա էին մասնաճյուղի ֆակուլտետների դեկանները, դասախոսներ, առկա և հեռակա ուսուցման ուսանողներ ու հյուրեր:

Միջոցառման համար ապահովվել էր տոնական մթնոլորտ. դահլիճը զարդարվել էր գեղեցիկ ծաղկեփնջերով ու մոմերով:

Միջոցառումը հագեցած էր գեղարվեստական տարբեր ժանրի կատարումներով: Այն բացվեց ողջույնի գեղեցիկ խոսքով, որից հետո մասնաճյուղի տաղանդավոր ու շնորհալի ուսանողները ներկայացրին ասմունք, երգ, պար:

Տոնական միջոցառումը մեծ բավականություն պարգևեց ներկաներին, նրանց համար վերածվեց իսկական տոնի:

Վերջում խոսքը տրվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանին:

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նա շնորհավորեց բոլոր մայրերին, կանանց և աղջիկներին, շնորհակալություն հայտնեց մասնաճյուղի ուսանողական խորհրդին՝ հետաքրքիր և բովանդակալից միջոցառման համար:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց Ծիծաղի և հումորի միջազգային օրվան նվիրված ակցիա

2013թ. ապրլիի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԽ-ի գլխավորությամբ անցկացվեց Ծիծաղի և հումորի միջազգային օրվան նվիրված ակցիա, որի ընթացքում ուսանողները շնորհավորեցին մասնաճյուղի մյուս ուսանողնորին և հանձնեցին թռուցիկներ:

Ապրիլի 1-ը ամբողջ աշխարհում տարածված է որպես Ծիծաղի և հումորի օր: Հայաստանում ապրիլի 1-ն ընդունված է համարել «խաբելու օր», սակայն ՀՀ կառավարության` 2006 թվականի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ այն պետականորեն ճանաչվեց որպես Հումորի և երգիծանքի օր:

Այս տոնի արմատները կապված են Նոր տարվա հետ: Եվրոպայում 16-րդ դարի երկրորդ կեսին Ամանորը նշվում էր մարտի վերջերին: Նոր տարվա բուն գալուստը նշանավորվում էր ապրիլի 1-ին: Ավելի ուշ, Ֆրանսիայի թագավորի հրամանով, մարդիկ տարեմուտը սկսել են նշել հունվարի 1-ին: Չնայած այս հանգամանքին՝ որոշ պահպանողական մարդիկ շարունակել են ամանորյա տոները նշել ապրիլի 1-ին, մյուսներն էլ ծիծաղել և ծաղրել են նրանց՝ անվանելով «ապրիլմեկյան հիմարներ»: Զվարճալի խաղարկությունները, միմյանց հոգու հետ խաղալը վերածվեցին բարի ու հաճելի ավանդույթի:

Ծիծաղի և հումորի տոնի ծագման վարկածներից մեկն էլ այն է, որ ապրիլի 1-ը սկզբնապես նշվել է որպես գարնանային գիշերահավասարի օր և Զատիկի շրջան: Այն մշտապես ուղեկցվել է կատակներով, չարաճճիություններով և ուրախությամբ:

Մասնաճյուղի տնօրենի հանդիպումը ուսանողների ծնողների հետ

2013թ. ապրիլի 2-ին տեղի ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը 18 և ավելի ՄՈԳ ունեցող 98 ուսանողների ծնողների հետ:

Տնօրենը նախ ողջունեց ծնողներին և նրանց շնորհակալություն հայտնեց աշխատասեր և ուսումնատենչ երեխաներ դաստիարակելու համար:

«Մի՛ մոռացեք, որ ձեր երեխան արդեն ուսանող է և անմիջական մասնակցություն ունեցեք համալսարանի կառավարման գործում»,-նշեց նա և մասնաճյուղի կառավարումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկեց ստեղծել տնօրենին կից օղակ՝ ծնողական խորհուրդ:

Կամավորության սկզբունքով ընտրված ծնողական խորհրդի անդամները կարող են մասնակցել դասապրոցեսներին, քննություններին, նիստերին, առաջադրել խնդիրներ և այլն:

Ի գիտություն կրթաթոշակ ստացող ուսանողների

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կրթաթոշակ ստացող ուսանողներին հայտնում ենք, որ մարտ ամսից սկսած՝ կրթաթոշակ կարող են ստանալ միայն բանկային քարտով:

Անհրաժեշտ է մինչև ապրիլի 5-ը սոցքարտի և անձնագրի պատճեններով ներկայանալ “Արդշինինվեստբանկ”-ի Իջևանի մասնաճյուղ և ստանալ քարտ, այնուհետև հաշվեհամարը ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի հաշվապահություն:

Սրբանկարչության դաս

Հայտնում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներին ու շրջանավարտներին, որ 2013թ. ապրիլի 9-ին՝ ժամը 14:00-ին, Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի կունենա սրբանկարչության դաս:

Սրբանկարչության դպրոցում ընդգրկվել ցանկացողները թո՛ղ ներկայանան իրենց անհատական ստեղծագործություններով:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գեղխորհուրդ