Պարգևատրվեցին “Լավագույն ուսանող” հանրապետական մրցույթում հաղթած մեր ուսանողները

2013 թ. փետրվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ, որին ներկա էին մասնաճյուղի ավելի քան 50 աշխատակիցներ և ուսանողներ:

Նիստի հրավիրման շարժառիթը նախօրեին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցած «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունն էր:

Այն կազմակերպել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Մրցույթն իրականացվել էր 2 փուլով՝ ներբուհական և միջբուհական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, 4 անվանակարգերով` «Ուսանողական ինքնակառավարում», «Մշակույթ» (արվեստ, գրականություն), «Սպորտ», «Գիտահետազոտական աշխատանք» (բնագիտական, հումանիտար, տեխնիկական ենթոլորտներով):

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ վարչապետը, ԿԳ նախարարը, ՀԵՀ համակարգողը, տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

12 ուսանող գրավեցին 1-ին, 11-ը՝ 2-րդ, 10-ը՝ 3-րդ տեղ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, ՈՒԽ-ի նախագահ Նաիրի Ճաղարյանը «Գիտահետազոտական աշխատանք» անվանակարգում գրավեցին 1-ին և 2-րդ տեղերը:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Առաքելյանը նշեց, որ սա առանձնահատուկ ձեռքբերում է մասնաճյուղի համար: Նա շնորհավորեց մրցանակակիրներին և մասնաճյուղի տնօրենության անունից նրանց հանձնեց դրամական պարգևներ (50.000-ական ՀՀ դրամ):

Այնուհետև ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի նախագահները ներկայացրին իրենց կառույցների կազմում տեղի ունեցած փոփոխությունները: Փոխվել են բոլոր ֆակուլտետների ՈՒԽ-ի նախագահները: Հումանիտար գիտությունների ֆակուլտետում Հերմինե Օթարյանին փոխարինել է Էրիկ Ավետիսյանը, Տնտեսագիտության ֆակուլտետում` Իսրայել Մովսեսյանին` Լուիզա Ալեքսանյանը, Բնական գիտությունների ֆակուլտետում`  Պարույր Ամիրխանյանին` Արթուր Մարդանյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետում` Վարդան Եգանյանին` Հերիքնազ Ոսկանյանը:

Փոխվել են նաև Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ՈՒԳԸ-ի նախագահները: Հումանիտար գիտությունների ֆակուլտետում Միկիչ Փարսադանյանին փոխարինել է Մերի Սահակյանը, Տնտեսագիտության ֆակուլտետում` Սասուն Սահակյանին` Հասմիկ Ալիխանյանը:

Ներկաները շնորհավորեցին ֆակուլտետների նորընտիր ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի նախագահներին և մաղթեցին բեղուն գործունեություն:

Բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստում

Ս.թ. փետրվարի 11-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը:

Նիստին մասնակցում էին խորհրդի 7 անդամներ` դեկան, խորհրդի նախագահ Ա.Ցուցուլյանը, ֆակուլտետի քարտուղար Հ.Գասպարյանը, բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ.Զաքարյանը, անտառագիտության ամբիոնի վարիչ Ա.Ալավերդյանը, ասիստենտ Է.Օսիպովան, արհմիության նախագահ Գ.Գուլակյանը, ՈՒԳԸ-ի նախագահ Մ.Մելիքյանը: Նիստին հրավիրվել էր նաև Կ/ՄՖ III կուրսի ուսանող Ա.Մարդանյանը:

Նախ Ա.Ցուցուլյանը ներկայացրեց ֆակուլտետի զարգացման ռազմավարական ծրագրի դրույթները՝ ընդգծելով ծրագրի անհրաժեշտությունը և կարևորությունը:

Որոշվեց հաստատել ֆակուլտետի զարգացման տարեկան ռազմավարական ծրագիրը:

Այնուհետև խորհրդի նախագահը ըստ մասնագիտությունների ներկայացրեց մագիստրատուրայի հավակնորդների ցուցակը.

  1. Ալավերդյան Սլավիկ Սամվելի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  2. Գրիգորյան Մարիաննա Արայի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  3. Եգանյան Հասմիկ Բաբկենի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  4. Պետրոսյան Սյուզաննա Ռուբենի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  5. Պողոսյան Դիանա Սամվելի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  6. Մելիքյան Մարիամ Կառլենի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  7. Մխիթարյան Արմինե Ստեփանի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  8. Սուքիասյան Սաթինե Անատոլիի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  9. Ավետիսյան Նինա Ասլանի (Բ/Բ IV կուրս),
  10. Ստեփանյան Գոհար Սերյոժայի (Բ/ԲIVկուրս),
  11. Փաշինյան Գեղամ Հայկի (Բ/Բ IV կուրս):

Որոշվեց մագիստրատուրայի հավակնորդների ցուցակը ներկայացնել տնօրենություն` հաստատելու:

Քննարկվեց նաև ժամանակակից համակարգչային բազայով, լաբորատոր նյութերով և սարքավորումներով ապահովված  մասնագիտական լաբորատորիա ստեղծելու հարցը` կապված ֆակուլտետում մասնագիտությունների փոփոխման հետ:

Որոշվեց դիմել տնօրենություն` ստեղծելու նոր մասնագիտական համակարգչային լաբորատորիա:

Ա.Ցուցուլյանը նշեց, որ ֆակուլտետում ՈՒԽ-ի նախագահի ընտրությունների արդյունքում նոր նախագահ է ընտրվել, և ըստ գործող կանոնակարգի` ֆակուլտետի խորհրդի կազմում ընդգրկվում է Արթուր Գուրգենի Մարդանյանը:

Ցուցահանդես

Ս.թ. մարտի 7-ին` ժամը 13:00-ին, Իջևանի պատկերասրահում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Ցուցահանդեսը կտևի մինչև նույն օրվա ժամը 18:00-ն:

Կազմակերպիչը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ԵՊՀ ԻՄ ուսանողական թիմն է, որը նախատեսել է մրցանակներ ամենից շատ հավանության արժանացած ստեղծագործությունների հեղինակների համար:

Սիրով հրավիրում ենք բոլորիդ:

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Ս. թ. փետրվարի 25-28-ը ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացող ուսանողները մինչև փետրվարի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Տնօրենության նիստում

2013թ. հունվարի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որին մասնակցում էին տնօրենության անդամները: Նիստը նախագահում էր տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը:

Քննարկվեցին 2012-2013 ուստարվա քննաշրջանի արդյունքներին, նույն ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

2012-2013 ուստարվա քննաշրջանի արդյունքներն ամփոփելով՝ նշվեց, որ մասնաճյուղի առկա ուսուցման համակարգում ուսանում են 632 ուսանող, այդ թվում` անվճար ուսուցմամբ 198 ուսանող, իսկ վճարովի ուսուցմամբ` 434:

Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 73%, այդ թվում` անվճար ուսուցմամբ 95%, վճարովի`62,7%:

Մասնաճյուղի ֆակուլտետներից ամենաբարձր առաջադիմությունն ապահովել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետը (85,5%), իսկ ամենացածրը` Տնտեսագիտության ֆակուլտետը (56,3%):

Հումանիտար գիտությունների  ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 325 ուսանող, այդ թվում` 99 անվճար և 226 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 85,5% , այդ թվում` 97% անվճար, 71,7%  վճարովի ուսուցման համակարգերում:

Տնտեսագիտության  ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 157 ուսանող, այդ թվում` 39 անվճար և 118 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 56,3% , այդ թվում` 91,3% անվճար, 44,1%  վճարովի ուսուցման համակարգերում:

Բնական գիտությունների ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 73 ուսանող, այդ թվում` 38 անվճար և 35 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 74,4% , այդ թվում` 97,2% անվճար, 33,2%  վճարովի ուսուցման համակարգերում:

Կիրառական արվեստի ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 77 ուսանողներ`22 անվճար և 55 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 75,8% , այդ թվում` 91,6% անվճար, 70,4%  վճարովի ուսուցման համակարգերում:

 2012-2013 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ նշվեց, որ անհրաժեշտ է ֆակուլտետներում կարգավորել որոշ տեխնիկական խնդիրներ, ամբիոններն ապահովել անհրաժեշտ համակարգիչներով:

31.01.13 թ.