ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ հանձնաժողովների նախագահների գնահատմամբ

1. գլխավոր

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2022 թվականին ԵՊՀ ԻՄի մասնագիտական կրթության և որակի ապահովման բաժինը կազմակերպել է շրջանավարտների և հանձնաժողովների նախագահների հարցումներ, որոնց արդյունքներն արդեն հավաքագրվել են՝ որակավորման շնորհման գործընթացի կազմակերպման և իրականացման հետագա բարելավման նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2021-2022 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը (8 կրթական ծրագրերով ավարտական աշխատանքների պաշտպանություններ) իրականացվել է ս.թ. մայիսի 21-29-ին: Մայիսի 21-ին կայացել են «Պատմություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Զբոսաշրջություն» և «Դիզայն» , մայիսի 26-ին, 27-ին և 29-ին՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Հանձնաժողովների նախագահների ընդհանուր կարծիքի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության, վարչական համապատասխան ստորաբաժանումների և մասնագիտական ամբիոնների կողմից 2022թ. ավարտական աշխատանքների պաշտպանության գործընթացը կազմակերպվել էր պատշաճ կարգով և բարձր մակարդակով, հաստատված ժամանակացույցների, գործող կարգով ավարտական աշխատանքների համար նախատեսված չափորոշիչների համաձայն:

«Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Արման Ռաֆիկի Մարտիրոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 7 շրջանավարտ. 1-ը ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ուսանողներին հիմնականում հաջողվել է լուծել իրենց առջև դրված խնդիրները, ընտրված թեմաների միջոցով առաջ են քաշվել արդիական և կարևոր հիմնախնդիրներ: Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է զարգացնել մասնագիտական գրականությունից օգտվելու, ինքնուրույն վերլուծություններ կատարելու ուսանողների ունակությունները:

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («ԱԼԳ» և «ՖԼԳ» կրթական ծրագրերի) ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Ասատուրի Բադալյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 10 շրջանավարտ. 6-ը ստացավ «գերազանց», 4-ը՝ «լավ»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ավարտական աշխատանքների թեմաներն արդիական էին, կատարված էր մանրամասն վերլուծություն, որտեղ երևում էր նաև ուսանողի ինքնուրույն հետազոտական աշխատանքը: Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է ավելի մեծ ուշադրություն դարձնել փոխանցելի հմտությունների զարգացմանը, ֆրանսերեն ավարտական աշխատանքների հայերեն ձևակերպումներին:

«Զբոսաշրջություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 6 շրջանավարտ. 4-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ աշխատանքները համապատասխանում էին գործող կարգի պահանջներին: Բարելավման ուղղությամբ առաջարկվել է թեմաների ընտրության գործընթացում ներգրավել մասնավոր հատվածին՝ գործատուներին, առավել շատ ուշադրություն դարձնել շրջանավարտների վերլուծական կարողությունների զարգացմանը:

«Դիզայն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի դիզայնի ամբիոնի դոցենտ, ՀՀ ԴՄ անդամ Տիգրան Միհրանի Սոսոյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 8 շրջանավարտ. 7-ը ստացավ «գերազանց», 1-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահն առաջարկել է շարունակել կատարվող աշխատանքները՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով դիզայնի ժամանակակից պահանջներին և ուղղություններին: Ըստ պարոն Սոսոյանի՝ ավարտական աշխատանքների թեմաները հիմնականում հաջողված էին, թեմաների մեջ հաջորդիվ կարելի է ներառել զինվորական վրանների նախագիծ, դրոններ, ինքնագնացներ և այլն:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, մ. գ. դոկտոր Իգոր Կարապետի Կարապետյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 շրջանավարտ. 6-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ», 4-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ աշխատանքներում տեսական և գործնական մասերը լրացնում են իրար, տրամաբանորեն փոխկապակցված են: Ուսանողները հիմնականում կարողանում են հավուր պատշաճի ներկայացնել աշխատանքները, համապարփակ ձևով՝ իրենց հետազոտության արդյունքները, բավականին լավ են կառուցված սահիկները: Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է փորձարարական աշխատանքի ընթացակարգերի խորացում, տեսական բազայի ընդլայնում: 

«Ֆինանսներ» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կենտրոնական բանկի նախագահի գլխավոր խորհրդական, Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, տ.գ.թ. Վահագն Արմենի Գրիգորյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 10 շրջանավարտ. 5-ը ստացավ «գերազանց», 5-ը՝ «լավ»:

Որակի հետագա բարելավ­ման ուղղութ­յամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է մասնագետների պատրաստման ծրագրում ներառել «Հետազոտական մեթոդներ» առարկան: Այն ուսանողներին կսովորեցնի ձևակերպել հետազոտական հիպոթեզներ, կիրառել առաջնային հետազոտական մեթոդներ, շարադրել հետազոտական փաստաթղթեր: Առանձին առարկաների շրջանակներում իրականացվող նախագծային ուսուցման մասն արդեն կկառուցվի եղած գիտելիքների վրա և կամրապնդի այն գործնական կիրառման միջոցով:  

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տեխ. գիտ. դոկտոր Աշոտ Գևորգի Հարությունյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 շրջանավարտ. 7-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ», 10-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ հիմնականում պաշտպանություններն ընթանում էին պատշաճ մակարդակով, որոշ աշխատանքներում ներկայացված էին յուրօրինակ լուծումներ: Առաջարկվել է թեմաների կապը պրակտիկ խնդիրների հետ ավելի ուժեղացնել, թեմաների ընտրության ժամանակ ուշադրություն դարձնել դրանց կիրառական խնդիրներին, իսկ աշխատանքները ներկայացնելիս՝ սլայդներին: Պարոն Հարությունյանը ցանկալի է համարել մշակված ծրագրերի դեմո (փորձնական) տարբերակների ներկայացումը:

ԵՊՀ ԻՄի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ սիրով շնորհավորում ենք մեր շրջանավարտներին՝ նրանց ցանկանալով բուհում ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների նպատակային և արդյունավետ կիրառում, նշանակալի ձեռքբերումներ, ամենայն բարիք:

 

 

«Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկայի ընթացքի մասին

1. գլխավոր

2022թ. հունիսի 8-ին ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի  գլխավորությամբ այցելեցին Երևան:

Այցելության նպատակը  Երևանի՝ որպես ՀՀ կարևոր զբոսաշրջային դեստինացիայի (նպատակակետ) ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրումը և գնահատումն էր:

Ուղևորությունն իրականացվեց հետևյալ երթուղով՝ Իջևան – Երևանի Ազգային պատկերասրահ – Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան – Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի – Երվանդ Քոչարի տուն-թանգարան – Կասկադ համալիր –  Զվարթնոց տաճար – Իջևան:

Ուսանողները աղյուսակների, քարտեզների, տեսանյութերի միջոցով  նախապես ծանոթացել էին Երևանի պատմությանը, պատմաճարտարապետական հուշարձանների, սոցիալ-մշակութային ծառայություններ մատուցող օբյեկտների, զբոսայգիներին և զբոսաշրջային ենթակառուցվածքների ցանկին: Այցելության համար առանձնացվել էին առավել կարևոր զբոսաշրջային օբյեկտները, և ուսանողներին հանձնարարվել է դրանց վերաբերյալ  մանրամասն տեղեկատվության նախապատրաստում՝ տեղում տվյալ օբյեկտը մասնագիտորեն ուսումնասիրելու, ներկայացնելու, զբոսաշրջային փաթեթներում  դրանց ընդգրկվածությունը  գնահատելու նպատակով:

Ուղևորության ընթացքում «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները ներկայացրին երթուղու ուղղությամբ գտնվող բնաաշխարհագրական օբյեկտները, զբոսաշրջային ենթակառուցվածքները:

Երևանում պրակտիկան կազմակերպվեց քաղաքային շրջագայության ձևով, որը հնարավորություն տվեց ուսումնասիրելու ոչ միայն  երթուղում մատնանշված օբյեկտները, այլև ծանոթանալու քաղաքի փողոցներին, զբոսայգիներին և զբոսաշրջային գրավչություն ունեցող օբյեկտներին: Երևանից ուսանողներն ուղևորվեցին Զվարթնոց տաճար, որտեղ պրակտիկայի  ղեկավարը ուսանողների ակտիվ մասնակցությամբ մասնագիտորեն վերլուծեց տաճարի պատմությունը, ճարտարապետական հորինվածքի առանձնահատկությունները և զբոսաշրջային դերը:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում Երևան կատարված ուղևորությունը բավականին տպավորիչ էր և ուսանելի. այն նպաստեց ուսանողների տեսական գիտելիքների գործնական ամրապնդմանը:

 

Ա. Հ. Սիմոնյանի մահվան կապակցությամբ խորապես ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին և հարազատներին

iCO91qHJ9dIZO4wzqZCn0oTAca
 

Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Անդառնալի կորստի համար Երևանի պետական համալսարանը ցավակցում է Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ մաղթելով համբերություն ու տոկունություն:

Հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:

Համաձայն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ հունիսի 8-ի 109/11-Ա հրամանի՝ Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Անվանի գիտնականը ծավալել է հասարակական-գիտական լայն գործունեություն՝ նպաստելով հայագիտության զարգացմանը: Արամ Սիմոնյանը պատմագետ էր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ: Հեղինակել է բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնցում մանրամասնորեն ուսումնասիրել է հայ ժողովրդի՝ XIX դարի երկրորդ կեսի և XX դարասկզբի պատմության հիմնահարցերը:

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանն արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալի, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական պարգևների:

Մեծ է եղել Արամ Սիմոնյանի վաստակը Երևանի պետական համալսարանի զարգացման գործում: 2006-2019 թվականների ընթացքում Արամ Սիմոնյանը, լինելով ԵՊՀ ռեկտոր, հիմք է դրել մի շարք երկրների գիտակրթական կենտրոնների հետ համալսարանի համագործակցությանը:.

Աղբյուրը՝ ysu.am:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում պարոն Ա. Հ. Սիմոնյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, Աստված հոգին լուսավորի…

«ԵՊՀ օլիմպիադա 2022»-ի Տավուշի մարզի դպրոցների հաղթողները պարգևատրվեցին  

1. գլխավոր

 ԵՊՀ-ի մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կայացած ԵՊՀ-ի ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել էին Տավուշի մարզի 30 դպրոցների ավելի քան 300 աշակերտներ: Նրանցից 49-ը հաղթահարել էր մարզային 1-ին փուլի փորձությունը և մասնակցել  2-րդ փուլին, որն անցկացվել էր ԵՊՀ-ում:

Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ ֆրանսերեն առարկայից I կարգի դիպլոմի արժանացավ Աչաջրի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Արտակի Ղալթախչյանը:

Գերմաներեն առարկայից III կարգի դիպլոմի արժանացավ Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ռուզան Արմանի Գրիգորյանը:

12-րդ դասարանի 21  տավուշցի դպրոցականներ արժանացան պատվոգրերի՝

  1. Մելքումյան Գայանե Արթուրի (Բերդի ավագ դպրոց, անգլերեն առարկայից),
  2. Ավետիսյան Արեգնազ Խաչատուրի (Դիլիջանի ավագ դպրոց, գերմաներեն առարկայից),
  3. Կալեյան Տաթևիկ Մանուկի (Դիլիջանի ավագ դպրոց, գերմաներեն առարկայից),
  4. Անանյան Սոֆի Արմենի (Դիլիջանի ավագ դպրոց, գերմաներեն առարկայից),
  5. Մկրտչյան Ագապի Հովհաննեսի (Այրումի միջնակարգ դպրոց, գերմաներեն առարկայից),
  6. Ներսիսյան Քրիստինա Գևորգի (Բերդի ավագ դպրոց, հայոց լեզու և գրականություն առարկայից),
  7. Խեմչյան Էլյա Արմենի (Սևքարի միջնակարգ դպրոց, հայոց լեզու և գրականություն առարկայից),
  8. Ավետիսյան Էրիկա Էդգարի (Դիլիջանի ավագ դպրոց, հայոց լեզու և գրականություն առարկայից),
  9. Ղալումյան Ինա Վարդան (Իջևանի ավագ դպրոց, հայոց լեզու և գրականություն առարկայից),
  10. Մարգարյան Գայանե Արթուրի (Դիլիջանի ավագ դպրոց, հայոց պատմություն առարկայից),
  11. Խառատյան Էդգար Տիգրանի (Իջևանի ավագ դպրոց, հայոց պատմություն առարկայից),
  12. Մովսիսյան Մարիամ Կարենի (Բագրատաշենի միջնակարգ դպրոց, հայոց պատմություն առարկայից),
  13. Հովսեփյան Քրիստինե Հովիկի (Դիլիջանի ավագ դպրոց, մաթեմատիկա առարկայից),
  14. Մատինյան Անի Արսենի (Դիլիջանի ավագ դպրոց, ռուսաց լեզու առարկայից),
  15. Ղազարյան Լևոն Մուշեղի (Նոյեմբերյանի ավագ դպրոց, ռուսաց լեզու առարկայից),
  16. Թամամյան Աննա Վարդանի (Դիլիջանի ավագ դպրոց, ռուսաց լեզու առարկայից),
  17. Շահնազարյան Սոնա Վահեի (Իջևանի ավագ դպրոց, ռուսաց լեզու առարկայից),
  18. Չիբուխչյան Անահիտ Տիգրանի (Իջևանի ավագ դպրոց, ռուսաց լեզու առարկայից)
  19. Ջանինյան Հասմիկ Նվերի (Գանձաքարի միջնակարգ դպրոց, ֆրանսերեն առարկայից),
  20. Խաչինյան Մալվինա Գագիկի (Գանձաքարի միջնակարգ դպրոց, ֆրանսերեն առարկայից)
  21. Աթաբեկյան Աննա Հրանտի (Աչաջրի միջնակարգ դպրոց, ֆրանսերեն առարկայից):

Վերջին դասի և Վերջին զանգի արարողությունների ժամանակ կազմակերպվեցին հանդիպումներ բոլոր այն դպրոցներում, որոնցում սովորող դպրոցականները հաջողությամբ էին մասնակցել օլիմպիադային և ցուցաբերել բարձր արդյունքներ: Հանդիպումների ընթացքում դիպլոմներ և  պատվոգրեր հանձնվեցին օլիմպիադայի ընթացքում բարձր միավորներ ստացած աշակերտներին:

Ամփոփվեց «Բացահայտենք մեր գրադարանը /VOL2/» ծրագիրը

1. գլխավոր

 2022թ. հունիսի 4-ին ամփոփվեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ և գրադարանի աշխատակազմի աջակցությամբ ս.թ. ապրիլի 15-ից մեկնարկած «Բացահայտենք մեր գրադարանը /VOL2/» գործնական-ճանաչողական ծրագիրը:

Ավելի քան մեկ ամիս տևած ծրագրի շրջանակներում ուսանող-կամավորներից բաղկացած առանձին մասնագիտական խմբերը, համաձայն իրենց կողմից մշակված կարգացուցակի, ուսումնասիրեցին մասնագիտական գրականությունը, ըստ նեղ մասնագիտական ենթաբաժնի՝ առանձնացրին գրքերը, իրականացրին գրքերի խնամք և վերադասավորում:

Ուսանողները հանդես եկան գրադարանի աշխատանքի և առկա գրականության լուսաբանմանը միտված առաջարկներով: Հատկապես կարևորվեց  ուսանող-դասախոս-գրադարան ակտիվ կապի և համագործակցության ցանկալի արդյունավետությունը, որի պայմաններում ուսանողը հենց ուսումնառության առաջին իսկ օրից հնարավորություն կունենա իրազեկվելու իր մասնագիտությանն առնչվող գրականության, գրադարանային էթիկայի և օգտվելու հնարավորությունների վերաբերյալ:

Ամփոփելով պրակտիկ համագործակցության արդյունքները՝ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը շնորհակալություն հայտնեց գրադարանի նկատմամբ ուշադրության և ուսանողների ակտիվության համար ու հավելեց. «Առավելապես հետաքրքրված ենք ձեր կողմից բարձրաձայնված թերությունների և նկատելի բացթողումների դիտարկմամբ: Հույս ունենք, որ այս ծրագիրը կկրի շարունակական բնույթ, և յուրաքանչյուր կիսամյակ տարբեր ուսանողական խմբեր այս տարբերակով մասնակցություն կունենան գրադարանի աշխատանքներին և կնպաստեն դրանց առավել արդյունավետ կազմակերպմանը»:

Ծրագիրն ամփոփվեց խնդիրների և առաջարկությունների դիտարկմամբ, իսկ վերջում գրադարանի կողմից ծրագրի մասնակից ուսանողներին տրվեցին մասնագիտական գրքեր: