Մասնաճյուղում ընթանում է 2021-2022 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

1. գլխավոր

 2022թ. մայիսի 21-29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 8 կրթական ծրագրերով ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Ս.թ. մայիսի 21-ին հաջողությամբ կայացել են «Պատմություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Զբոսաշրջություն» և «Դիզայն» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

«Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Արման Ռաֆիկի Մարտիրոսյանը: «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («ԱԼԳ» և «ՖԼԳ» կրթական ծրագրերի) ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Ասատուրի Բադալյանը, «Զբոսաշրջություն» մասնագիտությանը՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը, «Դիզայն» մասնագիտությանը՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի դիզայնի ամբիոնի դոցենտ, ՀՀ ԴՄ անդամ Տիգրան Միհրանի Սոսոյանը:

Մայիսի 26-ին, 27-ին և 29-ին տեղի կունենան համապատասխանաբար «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆինանսներ (ըստ ոլորտի, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Բուհի վարչական համապատասխան ստորաբաժանումների՝ Ուսումնամեթոդական վարչության և ֆակուլտետների ղեկավարների հավաստմամբ՝ պաշտպանություններն անցկացվում են համաձայն գործող կարգի և հաստատված ժամանակացույցների, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները, ուսանողները և ավարտական աշխատանքների ղեկավարները պաշտպանություններին մոտենում են մեծ պատասխանատվությամբ:

Բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք իրենց ավարտական աշխատանքներն արդեն պաշտպանած այս տարվա մեր շրջանավարտներին՝ նրանց ցանկանալով նորանոր ձեռքբերումներ կյանքում և մասնագիտական ոլորտում, իսկ մյուս շրջանավարտներին մաղթում ենք ավարտական աշխատանքների բարեհաջող պաշտպանություն:

 

«Հավասար կրթություն բոլորին» խորագրով բաց դաս-քննարկում

1. գլխավոր 2022թ. մայիսի 21-ին «Հատուկ մանկավարժության հիմունքներ» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ «Հավասար կրթություն բոլորին» խորագրով բաց դասքննարկում, որը կազմակերպվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:

Ներկա էին Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լ. Մ. Հարությունյանը, նույն ամբիոնի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Ա. Մ. Ղազարյանը, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 1ին և 2-րդ կուրսի ուսանողները:

Բաց դասը նվիրված էր  ներառական կրթության ոլորտում ծագած հարցերի լուծմանը  և խնդիրների կանխարգելմանը:

Դասի նպատակն էր ձևավորել հստակ պատկերացում ներառական կրթության էության, սկզբունքների, հասկացությունների և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Բաց դասը բաղկացած էր 2 մասից: Առաջին մասը, որ նվիրված էր ներառական կրթության  արժևորմանը, վարում էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Ի. Ռ. Պոնոմարենկոն: Երկրորդ մասը, որի ընթացքում «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները ներկայացրին իրենց ինքնուրույն աշխատանքները, վերաբերում էր կրթական կարիքի բազմազանությանը:

Դասը հագեցած էր ինտերակտիվ մեթոդներով, որի շնորհիվ քննարկմանը մասնակցում էին բոլոր ներկաները:

Դաս-քննարկման ընթացքում ներկայացվեցին ներառական կրթության նպատակն ու առանձնահատկությունները, դրական կողմերը և մարտահրավերները, հիմնավորվեց ներառական կրթության անհրաժեշտությունը ուսումնական հաստատություններում, մեկնաբանվեցին ներառական կրթության անցման օրենսդրական հիմքերը, սկզբունքները, «հատուկ», «ինտեգրված» և «ներառական» կրթություն հասկացությունները:

Կարևորվեց ներառական կրթության համատեքստում ընդունելի բառապաշարը, ներկայացվեցին առավել հաճախ հանդիպող կրթական կարիքները և  զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ իրականացվող աշխատանքների յուրահատկությունները:

Բաց դաս-քննարկումն ամփոփվեց հարց ու պատասխանով, իսկ վերջում ներկաները հայտնեցին իրենց գոհունակությունը:

 

 

«Աշխարհակարգը 19-21-րդ դարերում» թեմայով դաս-քննարկում

1. գլխավոր. IMG_1590

 2022թ. մայիսի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի հետ համատեղ իրականացրեց «Աշխարհակարգը 19-21-րդ դարերում» թեմայով դասքննարկումը, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թինոյանը:

Քննարկմանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, բուհի վարչական անձնակազմի անդամներ,  Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսները, «Պատմություն» կրթական ծրագրի ուսանողներ և շրջանավարտներ:

Բանախոսը նախ ներկայացրեց, որ աշխարհակարգը 19-20-րդ դարերում ենթարկվեց մի շարք փոխակերպումների, որտեղ սուվերենության և ուժի հիմնադրույթի գերակայությունը դարձան առավել ընկալելի: 19-20-րդ դարերի սահմանագծին ձևավորված աշխարհակարգի ուսումնասիրության նպատակով Դ.Թինոյանը կատարեց պատմական էքսկուրս՝ նոր ժամանակների ռազմաքաղաքական փոխակերպումների ազդեցությունը դիտարկելով ժամանակակից աշխարհակարգի ձևավորման և հաստատման տեսանկյունից:

«Նոր աշխարհակարգը որակական փոփոխությունների է ենթարկում միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտության փոխկապակցվածությունը: Վեստֆալյան և Յալթա-Պոտսդամի միջազգային հարաբերությունների համակարգերի էրոզիան, XX դարի վերջերից սկսած, խորը հետք թողեց միջկրթանքային այդ երեք սեգմենտների վրա: Գլոբալացման, ինտեգրման և դեմոկրատիայի գործընթացների թափ հավաքելու պայմաններում, որոշ հեղինակների կարծիքով, տեղի է ունենում համաշխարհային պետությունների արտաքին և ներքին քաղաքականության սահմանների վերացում: Գլոբալացումով հանդերձ՝ ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի պարզ է ուրվագծվում ներքին և արտաքին սահմանների անհետացման միտումը», – ընդգծեց բանախոսը:

Անդրադառնալով ժամանակակից միտումներին՝ Դ.Թինոյանը նշեց, որ կայսրությունների փլուզումը, որպես կանոն, առաջացնում է տարակարգ ճգնաժամեր, խախտում է երկրների միջև ուժային հավասարակշռությունը, առաջացնում է քաոս միջազգայի հարաբերություններում, օրինակ` Հռոմեական, Օսմանյան, Ավստրո-հունգարական, Խորհրդային կայսրությունների կործանումը: Կայսրությունների անհետացումն աշխարհագրական քարտեզից հանգեցնում է որակապես նոր աշխարհակարգային պայմանների, որտեղ թելադրող դերակատարում ունեն աշխարհակարգերի հենասյուն հանդիսացող մեծ տերությունները: Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով ձևավորված միջազգային հարաբերությունների Յալթա–Պոտսդամ համակարգի հիմքում դրված էր երկբևեռ աշխարհակարգի մեխանիզմը, որը կազմված էր Արևելյան (սոցիալիստական երկրների) և Արևմտյան (կապիտալիստական աշխարհի) բլոկներից: Դրանով իսկ երեկվա դաշնակիցները դարձան անզիջում ախոյաններ` խրամատավորվելով ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի երկրների դիրքերում, հայտարարելով ռազմական, տնտեսական, ինֆորմացիոն և մշակութային անհաշտ պայքար, հեռանկարում էլ ունենալով միջուկային բախման հնարավորությունը:

«Խորհրդային Միության պարտությունը և փլուզումը դարձան Արևմտյան կիսագնդի՝ Միացյալ Նահանգների՝ որպես միակ և իրոք առաջին գլոբալ տերության պատվանդան բարձրանալու եզրափակիչ ակորդը», – շեշտեց բանախոսը: Խորհրդային Միության փլուզումը արմատական փոփոխության ենթարկեց սառը պատերազմի ժամանակաշրջանում ձևավորված երկբևեռ աշխարհակարգը, որը, իր բոլոր թերություններով հանդերձ, մարդկությանը 20 տարուց ավել զերծ պահեց խոշոր պատերազմներից և գլոբալ ճգնաժամերից: Իսկ այսօր, կապված Ռուսաստան-Արևմուտք առճակատմամբ, ուկրաինական ճգնաժամով, փոխվում են աշխարհի գոյություն ունեցող նկատելի և աննկատ սահմանները, և թե ինչ արդյունք կունենա զարգացումների այս շղթան, դժվար է ասել: Սակայն անվիճարկելի է այն, որ փոխվում են աշխարհի դիտարկելի աշխարհաքաղաքական սահմանները:

Դաս-քննարկման վերջում բանախոսը պատասխանեց ունկնդիրների հարցերին, ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Մեր ուսանողներն այցելեցին Հայաստանի ֆոնդային բորսա և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերություններ

1. գլխավոր

 2022թ. մայիսի 18-ին ԵՊՀ ԻՄ տնտեսագիտության ֆակուլտետի  «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներն Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Արփինե Եգանյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ֆոնդային բորսա և «ԱմունդիԱկբա Ասեթ Մենեջմենթ» ընկերություններ:

Հայաստանի ֆոնդային բորսայի ցուցակման մասնագետ Անի Ենգիբարյանը ուսանողներին ներկայացրեց  Հայաստանի ֆոնդային բորսան, խոսեց շրջանառվող ֆինանսական գործիքների տեսակների և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջների մասին: Այնուհետև Շուկայական գործառնությունների և սպասարկման դեպարտամենտի ղեկավար Լևոն Մովսիսյանն ուսանողների հետ խոսեց ֆինանսական գործիքների առանձնահատկությունների, իրականացվող գործառնությունների տեսակների, առևտրի ծավալների մասին: Ուսանողները տեղեկացան տարածաշրջանում  կարևորություն ունեցող Հայաստանի ֆոնդային բորսայի զարգացման հնարավորությունների և որպես ֆիզիկական անձ ֆինանսական շուկայում հնարավոր ներդրումներ իրականացնելու գործընթացի վերաբերյալ: Մասնակիցները հետաքրքվեցին կազմակերպությունում աշխատելու հնարավորությամբ, որի մասին բազմիցս շեշտեցին ընկերության աշխատակիցները:

Հանդիպման վերջում ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողները Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից ստացան ոգևորող նվերներ:

«Ամունդի Ակբա Ասսեթ Մենեջմենթ» ընկերության ֆոնդերի կառավարիչ Անուշ Ամիրջանյանը ուսանողների հետ խոսեց ընկերության հիմնադիր կազմակերպությունների և հատկապես աշխարհում առաջատար դեր ունեցող Ամունդի ընկերության մասին: Այնուհետև ներկայացրեց ՀՀ-ում գործող կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունները, խոսեց գործող ֆոնդերում կատարվող ներդրումների կառուցվածքի և յուրաքանչյուր ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ՝ նշելով երկարաժամկետ ներդրումների կարևորությունը: Որպես կենսաթոշակային համակարգի ապագա մասնակիցներ՝ ուսանողները հնարավորություն ստացան հաշվարկելու իրենց ապագա կենսաթոշակի չափը: Ապագա մասնագետները դասընթացավարի հետ ակտիվ քննարկում ծավալեցին օրենսդրական փոփոխությունների մասին և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

 

2022-2023 ուստարվա կրթավճարների դիմումների ընդունում

4090 Charity «4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարել է 2022-2023 ուստարվա կրթավճարների դիմումների ընդունման գործընթացը:

Կարող են դիմել և՛ առկա, և՛ հեռակա հիմունքներով սովորող բոլոր ուսանողները, ովքեր մասնակցել են 2016 կամ 2020 թթ. պատերազմներին:

Դիմումները կարող եք ուղարկել՝ հետևելով   այս հղմանը՝  https://bit.ly/3wu8ohX

Մանրամասների համար կարող եք զանգահարել  +374 33 01 40 90 հեռախոսահամարով։