«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հերթական հանդիպումը հաջողության հասած շրջանավարտի հետ

1. գլխավոր 2022թ. մայիսի 5-ին «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում դարձյալ հանդիպման էին հրավիրվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-3 կուրսերի ուսանողները:

Այս անգամ բանախոսը ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Սյուզաննա Պետրոսյանն էր, ով «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության տնօրենն է ու «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի համակարգողը:

ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների և շրջանավարտների հանդիպումներն արդեն դարձել են հաճելի և օգտակար ավանդույթ:

Միջոցառման կազմակերպիչ, «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Էմմա Թեմրազյանը ուսանողներին ծանոթացրեց Ս.Պետրոսյանի հետ: Բանախոսն անդրադարձավ փոքրիկ քայլերի կարևորությանն իր կյանքում: Նա նշեց, որ այդ քայլերի սկիզբը դրվել է իր ընտանիքում, որտեղ բոլորը միշտ ոգևորում ու աջակցում են միմյանց, և նա, 10 տարեկանից սկսած, կարողացել է զբաղվել կամավորական գործունեությամբ:

Ս.Պետրոսյանը խոսեց ուսանողական տարիներին իր կատարած կամավորական աշխատանքների ու ֆրանսիական մի քանի կազմակերպությունների հետ համագործակցության մասին, որոնք նպաստել են համալսարանում իր ստացած մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը:

Համալսարանում սովորելու տարիներին սկսել է մասնակցել տարբեր դասընթացների ու վերապատրաստումների, և այսօր դրանց թիվն արդեն 100-ից ավել է: Ակադեմիական և այլընտրանքային կրթության շնորհիվ ինքն էլ վարել է մի շարք դասընթացներ և ղեկավարել ծրագրեր: Իհարկե, այդ ամենն իրականացրել է շնորհիվ իր դասախոսների և ղեկավարների, այն մարդկանց, ովքեր կարևոր փոփոխություններ են բերել իր կյանքում՝ նպաստելով իր անձի ու կարիերայի աճին:
Ս.Պետրոսյանն ուսանողներին պատմեց նաև իր ձախողումների մասին, առանց որոնց հնարավոր չէր լինի հաջողությունների ու ձեռքբերումների այս ընթացքը:

Հանդիպման վերջում Է.Թեմրազյանը հույս հայտնեց, որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի և կրթական ծրագրերի ղեկավարների այս նախաձեռնությունը կամրապնդի ուսանող-շրջանավարտ համագործակցությունը, իսկ մեր շրջանավարտների հաջողության պատմությունները ոգևորիչ օրինակ կծառայեն ու կյանքի դաս կլինեն մեր ուսանողների համար:

Սիրով շնորհավորում ենք միջազգային գիտագործնական գիտաժողովում մրցանակային տեղեր գրաված մեր ուսանողներին

1. գլխավոր

2022թ. ապրիլի 28-30-ը Ռուսաստանի առաջին նախագահ Բ. Ն. Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանում տեղի ունեցավ «Լեզուն մասնագիտական հաղորդակցության ոլորտում» XXIV միջազգային գիտագործնական գիտաժողովը ասպիրանտների և ուսանողների համար: Աշխատանքային լեզուներն էին անգլերենը, ռուսերենը, գերմաներենը և ֆրանսերենը:

Միջոցառումն անցկացվել է երկու փուլով՝ գիտագործնական հոդվածների ընտրություն, որոնք ընդգրկվել էին “Российский индекс научного цитирования (РИНЦ)” ռուսական գիտական ինդեքսավորման բազայում, և մրցույթ «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» անվանակարգում, ներկայացում (պրեզենտացիա):

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհիներ Նազելի Եսայանը և Մարիամ Դարբինյանը միջազգային գիտաժողովում հանդես են եկել գիտահետազոտական նախագծերով, որոնց գիտական ղեկավարն էր ԵՊՀ ԻՄ-ի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանը:

Մեր ուսանողուհիները մրցույթում հավաքել են ամենաշատ միավորները և ստացել դիպլոմներ:

Նազելի Եսայանը «Լավագույն տեսական հետազոտություն» անվանակարգում ստացել է դիպլոմ «Մանկավարժական էթիկա. էությունը և նշանակությունը» գիտահետազոտական նախագծի համար:

Մարիամ Դարբինյանը «Լավագույն գործնական հետազոտություն» անվանակարգում դիպլոմ է ստացել «Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետությունը ուսումնական գործընթացում» գիտահետազոտական նախագծի համար:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով շնորհավորում ենք մեր ուսանողուհիներ Նազելի Եսայանին և Մարիամ Դարբինյանին՝ միջազգային հարթակում իրենց ելույթներով առաջին և երկրորդ տեղերը գրավելու կապակցությամբ, մաղթում ենք նրանց նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, շնորհակալություն ենք հայտնում գիտական ղեկավար Սվետլանա Մինասյանին՝ նվիրված և հետևողական աշխատանքի համար: 

Միջազգային գիտագործնական գիտաժողովի նպատակն էր ուսանողների, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների բարելավումը, որակյալ մասնագետների պատրաստման որակի բարձրացումը, օտար լեզուների և գիտահետազոտական գործունեության նկատմամբ հետաքրքրության բարձրացումը:

Այն ուղղված էր գիտելիքի տարբեր ոլորտներում ռուսաստանյան և արտասահմանյան բուհերի ուսանողների, բակալավրիատի և ասպիրանտների՝ օտար լեզուներով գիտահետազոտական աշխատանքում ձեռքբերումների փոխանակմանը:

Գիտաժողովին մասնակցում էին Ռուսաստանի և արտասահմանյան կրթական ու գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, հետազոտողներ և երիտասարդ գիտնականներ, ովքեր հետաքրքրված էին համալսարաններում օտար լեզուներով հետազոտական աշխատանքում նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ:

 

 

 

 

 

 

Պրակտիկայի շրջանակներում «Զբոսաշրջություն» 1-ին կուրսի ուսանողներն այցելեցին Գյումրի

1. գլխավոր

 2022թ. մայիսի 3-ին ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի գլխավորությամբ այցելեցին Գյումրի:

Նպատակը ՀՀ զբոսաշրջային ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրումը և գնահատումն էր:

Ուղևորությունն իրականացվեց հետևյալ երթուղով՝ Իջևան–Գյումրի–Երկաթուղային կայարան–Առաջին օպերայի շենք–Ասլամազյան քույրերի պատկերասրահ–Իսահակյանի տուն-թանգարան–Խաչքարերի պուրակ–Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան–Մհեր Մկրտչյանի թանգարան–Մուշուրբայի արձան–Պլպլան ժամ–Սբ. Ամենափրկիչ եկեղեցի–Վառեմ-մարեմ պատշգամբ–Վարդանանց հրապարակ–Ֆրանսիա հյուրանոց–Գրանդ  հյուրանոց–Սև Բերդ–Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան (Ջաջուռ)–Իջևան:

Ակնարկային դասախոսության միջոցով ուսանողները նախապես ծանոթացել են Գյումրի քաղաքի հուշարձանների  գրանցված ցանկին, որի համար օգտագործվել են աղյուսակներ, քարտեզներ և տեսանյութեր: Առանձնացվել են այցելության համար առավել նպատակահարմար օբյեկտները, և ուսանողներին հանձնարարվել է դրանց վերաբերյալ  գրականության և համացանցում առկա նյութերի միջոցով մանրամասն հավաքագրել տեղեկատվություն՝ տեղում տվյալ հուշարձանը մասնագիտորեն ուսումնասիրելու, ներկայացնելու, զբոսաշրջային փաթեթներում դրանց ընդգրկվածությունը  գնահատելու նպատակով:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները նախ ներկայացրին երթուղու ուղղությամբ գտնվող բնաաշխարհագրական օբյեկտները, այնուհետև Գյումրի քաղաքի մասին պատմական ակնարկ, իսկ տեղում՝ նշված օբյեկտների մասին տեղեկատվություն:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում Գյումրի կատարված ուղևորությունը բավականին հետաքրքիր էր և ուսանելի. այն նպաստեց ուսանողների տեսական գիտելիքները գործնականորեն ամրապնդելուն:

Գիտական խորհրդի նիստ

 1. գլխավոր

2022թ. ապրիլի 30-ին Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում առցանց միանալու հնարավորությամբ կայացավ Գիտական խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի անդամները, հրավիրված էր Գիտխորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ն.Գրիգորյանը:

Նիստում քննարկվեցին 2 օրակարգային և 4 ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին զեկուցեց ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Նա նշեց, որ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ավարտից հետո՝ մարտի սկզբին, Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինն ուսանողների կրթական կարիքների վերհանման շրջանակներում, հարցման միջոցով ուսումնասիրել է հետազոտական աշխատանքների կազմակերպումից և գնահատումից ուսանողների բավարարվածությունը:

Հարցման նպատակն էր բացահայտել հետազոտական աշխատանքի իրականացման ընթացքում ուսանողների մոտ ի հայտ եկած խնդիրները, հավաքագրել առաջարկներ հետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման բարելավման ուղղությամբ, ակտիվացնել ուսանողների մասնակցությունը հետազոտական աշխատանքներում և խթանել ուսանող-բուհ համագործակցությունը:

Հարցաշարը ներառել է հարցեր, որոնց միջոցով հնարավոր է պարզել ուսանողների բավարարվածությունը հետազոտական աշխատանքների բովանդակությունից և ռեսուրսներից, հետազոտական աշխատանքի իրականացման ընթացքում ղեկավարի աջակցությունից, կատարած աշխատանքից, հետազոտական աշխատանքի կազմակերպումից, հետազոտական աշխատանքի գնահատումից:

Հետազոտության արդյունքների համեմատության և առավել իրական պատկեր ստանալու համար հարցում է իրականացվել նաև հետազոտական աշխատանքները ղեկավարած դասախոսների շրջանում:

Կատարված վերլուծության արդյունքերից ելնելով՝ ՄԿՈԱ բաժինն աբիոնների վարիչներին և հետազոտական աշխատանքներ ղեկավարող դասախոսներին առաջարկում է.

  • հետևողական լինել հետազոտական աշխատանքների թեմաների ընտրության, նրանց բարդության, ուսանողների կողմից դրանց իրականացման ընթացքի և որակի հարցում,
  • ուսանողներին ապահովել անհրաժեշտ խորհրդատվությամբ, կազմակերպել հանդիպում-քննարկումներ, ներկայացնել հետազոտական աշխատանքի իրականացման և գնահատման չափանիշները,
  • ուսանողներին ուղղորդել, սովորեցնել ինքնուրույն աշխատելու և ձևակերպելու հետազոտության արդյունքները, կատարելու եզրակացություններ և այլն,
  • ներկայացնել հետազոտական աշխատանքի իրականացման ընթացքում ուսանողի և ղեկավարի գործառույթները:

Որոշվեց ԵՊՀ ԻՄում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին Մ.Ճաղարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի (նոր խմբագրությամբ) հաստատման վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա ներկայացրեց, որ ԵՊՀ գիտական խորհրդի՝ 2022թ. ապրիլի 7-ի նիստով հաստատվել է «Ուսումնական գործընթացի կազմա­կերպ­ման կարգ»-ը: Այն ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության կողմից տեղայնացվել է, կատարվել են փոփոխություններ՝ ելնելով անհրաժեշտությունից:

Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են ստորաբաժանումների անուններին, հետազոտական կենտրոններին և ինստիտուտներին, որոնք չունի մասնաճյուղը, մա­գիստ­րոսի կրթական ծրագրի 90  և 60 կրեդիտ աշխատա­ծավալի ավելացմանը, կամընտրական դասընթացների ընտրության ընթացակարգին, գնահատման արդյունարար միավորի սանդղակին (գնահատման դրական նվազագույն շեմը նախկին 8 միավորի փոխարեն սահմանվել է 10 միավոր), քննությունների  վերահանձնման և դասընթացների կրկնումին, կրթական ծրագրի ղեկավարին:

Ըստ քվեարկության արդյունքների՝ որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը (նոր խմբագրությամբ):

Ընթացիկ առաջին հարցի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողների ինքնուրույն աշխատանքների կազմակերպման և կատարման կարգի հաստատման մասին զեկուցեց ԳԽ ՈԿ մշտական հանձնաժողովի նախագահ Ն.Գրիգորյանը: Նա նշեց, որ կարգը մշակել է Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի  կանոնադրությունների, ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի հիման վրա: Այն քննարկվել է Որակի կառավարման մշտական հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 30-ի նիստում:

Կարգում ներկայացված են ուսանողի ինքնուրույն աշխատանքի նպատակները, խնդիրները, կատարման սկզբունքները և տեսակները, ուսանողների ինքնուրույն աշխատանքների պլանավորումը, դրանց կազմակերպչական-մեթոդական ապահովումը, ուսանողների պարտականությունները և իրավունքները, ուսանողների ինքնուրույն աշխատանքի ստուգման համակարգը, սույն կարգի հաստատման և փոփոխության կարգը:

Ըստ քվեարկության արդյունքների՝ որոշվեց հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողների ինքնուրույն աշխատանքների կազմակերպման և կատարման կարգը:

Ընթացիկ երկրորդ հարցի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի վարչական, ինժեներատեխնիկական և ուսումնաօժանդակ անձնակազմի ատեստավորման կարգի հաստատման վերաբերյալ դարձյալ զեկուցեց ԳԽ ՈԿ մշտական հանձնաժողովի նախագահ Ն.Գրիգորյանը: Նա ներկայացրեց, որ տվյալ կարգը ևս մշակվել է Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի կողմից և քննարկվել է Որակի կառավարման մշտական հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 30-ի նիստում:

Այն մշակվել է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքների, ԵՊՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությունների, կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության, ԵՊՀ ԻՄ-ի (2022-2026 թթ.) զարգացման ռազմավարական ծրագրի ու ներքին կարգապահական կանոնների հիման վրա: Սույն կարգով սահմանվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական, ինժեներատեխնիկական և ուսումնաօժանդակ անձնակազմերի ատեստավորման ընթացակարգը:

Կարգում ներկայացված են ատեստավորման նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, ատեստավորման երկու ձևերը՝ փաստաթղթային և թեստային եղանակները, թեստավորման և ատեստավորման արդյունքների ամփոփումը, կարգի հաստատման և փոփոխության կարգը:

Ըստ քվեարկության արդյունքների՝ որոշվեց հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի վարչական, ինժեներատեխնիկական և ուսումնաօժանդակ անձնակազմի ատեստավորման կարգը:

Ընթացիկ երրորդ հարցի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին աուդիտի կարգի (նոր խմբագրությամբ) հաստատման կապակցությամբ զեկուցեց ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներքին աուդիտի կարգը սահմանում է ԵՊՀ ԻՄ-ի ներքին աուդիտի սկզբունքները, միջավայրը, համակարգը, գործունեության նպատակը, ներքին աուդիտ անցկացնող հանձնաժողովի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ներքին աուդիտի գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

Կանոնակարգը մշակված է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքների, ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության, ԵՊՀ ԻՄ-ի զարգացման ռազմավարական ծրագրի, Կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության հիման վրա:

Ներքին աուդիտի միջավայրն ընդգրկում է մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող բոլոր գործընթացները, առաջադրանքները և ծրագրերը: Այն իրականացվում է հետևյալ փուլերով` պլանավորում, իրականացում, հաշվետվության ներկայացում և հետագա գործողություններ` ներկայացված առաջարկությունների կատարմանը հետևելու նպատակով:

Ըստ քվեարկության արդյունքների՝ որոշվեց հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին աուդիտի կարգը (նոր խմբագրությամբ):

Ընթացիկ չորրորդ հարցի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կառուցվածքը հաստատելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա նշեց, որ հետևելով ԵՊՀ-ի ռեկտոր Հ.Հովհաննիսյանի՝ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների անմիջական ղեկավարում իրականացնելու լիազորություններ սահմանելու մասին հրամանին՝ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի կողմից տրվել է նմանատիպ հրաման, որի համաձայն՝ կառուցվածքային սխեմայում կատարվել են փոփոխություններ՝ ըստ տնօրենի և փոխտնօրենի ենթակայության ոլորտների:

Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի 2 արվեստանոցը (Քանդակի և Փայտի գեղարվեստական մշակման) տեղափոխել մյուս ամբիոնի (Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի) ենթակայության տակ, ՈՒՄՎ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի անվանման մեջ ավելացնել «վերահսկման» բառը:

Ըստ քվեարկության արդյունքների՝ որոշվեց հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կառուցվածքը:

 

 

Ընտանիքի միջազգային օրվան նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի հրավեր

black-and-white-photography-49-1

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ «Համակարգային խնդիրների վերհանում. աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին Հայաստանում» ծրագիրը հրավիրում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներին` մասնակցելու «Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար…» խորագրով լուսանկարչական ցացահանդեսին, որը տեղի կունենա 2022թ. մայիսի 10-20-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում:

Ընտանիքի միջազգային օրը 1994 թվականից ի վեր նշվում է ամեն տարի մայիսի 15-ին: Այն հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` 1993 թվականի սեպտեմբերի 20-ին ընդունված «Ընտանիքի միջազգային տարի» բանաձևի համաձայն: Բազմաթիվ պետությունների կողմից Ընտանիքի միջազգային օրը պաշտոնապես հաստատումը նպատակ ունի ուշադրություն դարձնելու ընտանեկան մի շարք խնդիրներին և նպաստելու ընտանիքի ամրապնդմանը:

Այս մրցույթը նպատակ ունի շեշտադրելու ընտանիքի կարևորությունը և ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը:

Ցուցահանդեսին կարող են մասնակցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները, բոլոր մասնակիցներին սպասվում է անակնկալ:

Ներկայացվող լուսանկարի համար սահմանվել են հետևյալ չափանիշները.

  • լուսանկարի հակառակ երեսին պետք է նշված լինի ուսանողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և լուսանկարի խորագիրը,
  • լուսանկարների չափերը՝ A4 չափի,
  • գույները` սև ու սպիտակ,
  • լուսանկարին կից պետք է ներկայացվի ընտանիքի գրավոր համաձայնությունը՝ իրենց նկարը ցուցադրելու համար (Ընտանիքի համաձայնագրի ձևը):

Տպված լուսանկարները իրենց խորագրերով և ընտանիքի համաձայնագիրը կարող եք ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 10-ը ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի մասնագետ Էրինե Ղարայանին: