«Մանկավարժական–հոգեբանական պատրաստություն» մոդուլի առցանց դասընթացներին մասնակցելու հրավեր

Հայտ. նկ.Հարգելի՛ դասախոսներ, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը տեղեկացնում է, որ ԵՊՀ-ի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը կազմակերպում է «Մանկավարժական–հոգեբանական պատրաստություն» մոդուլի առցանց դասընթացներ.

  • Միջանձնային հաղորդակցումը կրթական գործընթացում – Ալեքսանյան Աննա, 04.10-01.11.2021 (երկուշաբթի), ժամը՝ 16.30-18.00 / ZOOM,
  • Մասնագիտական սթրեսների կանխարգելում և կառավարում – Սահակյան Անահիտ, 12.10-09.11.2021 (երեքշաբթի), ժամը՝ 17։00-18.30 / ZOOM,
  • Թվային գործիքների ուսուցում – Խաչատրյան Սերոբ, 06.10-03.11.2021 (չորեքշաբթի), ժամը՝ 16։00-17.30 / ZOOM:

Դասընթացներին գրանցվելու համար կարող եք լրացնել հայտը՝ անցնելով հետևյալ հղումով:

Ընտրված դասընթացների հղումները կուղարկվեն գրանցված մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներին: 

Երիտասարդ գիտնականները կստանան հավելավճարներ՝ ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների համար

ԳՊԿ նյութի նկար (1)

 ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակներում կազմակերպվում է Ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների համար երիտասարդ գիտնականներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Հավելավճարները կտրամադրվեն մրցույթի երկու ենթածրագրերի շրջանակներում ֆինանսավորման երաշխավորված, բարձր ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող գիտական պարբերականներում կամ, հայագիտության ոլորտի դեպքում, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հոդված տպագրած երիտասարդ գիտնականներին՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ մշտական բնակիչ կամ ռեզիդենտ, 1986 թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք՝ ներկայացնելով մրցույթի պահանջներին բավարարող առավելագույնը 2 գիտական հոդված, որոնք տպագրվել կամ առցանց հասանելի են դարձել 2021 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին չեն կարող մասնակցել 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի շահառուները, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում Կոմիտեի կողմից ֆինանսավորվող միաժամանակ երկու մրցութային նախագծերի, թեմաների կամ ծրագրերի ղեկավարները կամ կատարողները (բացառությամբ «Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման», «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2020» և «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթների շահառուների)։

Մրցույթին մասնակցելու հայտը լրացվում և ներկայացվում է առցանց համակարգի միջոցով (https://forms.gle/7WjdQs1AKwEMeYib8)՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 23:59-ին:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնից՝ աշխատանքային օրերին (ժամը 14:00 – 17:00) զանգահարելով 21-01-40 (119) հեռախոսահամարով:

Մրցույթի հրավերի փաթեթը

Աղբյուրը՝ http://scs.am/:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կրթաթոշակ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի համար

Դասավանդիր-ի հայտ. նկ.

 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում ևս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների համար հայտարարում է ուսումնական կրթաթոշակ:

Կարող են դիմել այն ուսանողները, ովքեր.

  • սովորում են բնագիտական, մաթեմատիկական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆակուլտետում (STEM),
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • պատրաստ են միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին:

Կրթաթշակի պայմանների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

 

«Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլի առցանց դասընթացներին մասնակցելու հրավեր

Հայտ. - նկ.Հարգելի՛ դասախոսներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը տեղեկացնում է, որ   ԵՊՀ-ի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը կազմակերպում է «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլի առցանց դասընթացներ.

  • Ակտիվ ուսուցում «շրջված լսարանում» – Խաչատրյան Սերոբ, 28.09 – 02.11.2021 (երեքշաբթի), ժամը՝  16.00-17.30 / Zoom,
  • Համակցված դասավանդում և ուսուցում – Ալեքսանյան Աննա, 06.10. – 10.11.2021 (չորեքշաբթի), ժամը՝  16.30-18.00 / Zoom,
  • Համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում – Լիլիթ Սարգսյան, 28.09 – 02.11.2021 (երեքշաբթի), ժամը՝  13.00-14.30 / Zoom,
  • Տեսանյութերը որպես դասավանդման գործիք – Մարինե Յաղուբյան, 30.09-04.11.2021 (հինգշաբթի), ժամը՝  19.00-20.30/ Google Meet(դասընթացի մասնակիցներին խնդրում ենք Email դաշտում գրել Gmail էլ.հասցեն):

Դասընթացներին գրանցվելու համար կարող եք լրացնել հայտը՝ անցնելով հետևյալ հղումով

Անհրաժեշտ է ընտրել այն դասընթացները, որոնցից դեռ կրեդիտներ չեք կուտակել:

Ընտրված դասընթացների հղումները կուղարկվեն գրանցված մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներին:

Կայացավ «Հետազոտական աշխատանքների մեթոդաբանություն» թեմայով վերապատրաստման դասընթացը

1․ գլխավոր2021թ. սեպտեմբերի 7-11-ը առցանց և առկա եղանակներով կայացավ «Հետազոտական աշխատանքների մեթոդաբանություն» թեմայով դասախոսների վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:

Դասընթացը վարեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր, «Գիտահետազատական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկի համահեղինակ Գուրգեն Հովհաննիսյանը, մասնակցեցին 2 տասնյակ համալսարանականներ:

Վերապատրաստման դասընթացին ներկայացվեցին ուսումնական և ակադեմիական աշխատանքներ (ռեֆերատ, հետազոտական աշխատանք, բակալավրի և մագիստրոսի ավարտական աշխատանք, հոդված, ատենախոսություն և այլն) պատրաստելու հիմնասկզբունքները՝ հետազոտական աշխատանքի պլանավորման նրբությունները, աշխատանքների կառուցվածքային և բովանդակային պահանջները, գիտական էթիկայի հիմնատարրերը:

Պարոն Հովհաննիսյանն ընդհանուր գծերով անդրադարձավ գիտական հետազոտության առանձնահատկություններին, ընթացքին, փուլերին, հետազոտության մեթոդներին և աշխատանքի կառուցվածքին, խոսեց հղումների անհրաժեշտության և գրագողությունից խուսափելու մասին:

Ներկայացվեցին գիտական հետազոտության իրականացման վերաբերյալ որոշ մեթոդաբանական մոտեցումներ, բացատրվեց, թե ինչ է նշանակում գիտականորեն լինել օբյեկտիվ, չանտեսել փաստերը՝ ելնելով դրանք բացատրելու կամ դրանց գործնական կիրառությունը ցույց տալու դժվարությունից:

Նշվեց, որ գիտականորեն հետազոտել նշանակում է չափել այն ամենը, ինչը հնարավոր է չափել, ցույց տալ ուսումնասիրվող օբյեկտի կամ երևույթի հարաբերակցությունն արդեն հայտնիի հետ, ոչ միայն դիտել, այլև տեսնել, նկատել կարևոր մանրամասնություններ, մեծը փոքրի մեջ՝ այդ ընթացքում իհարկե չշեղվելով հետազոտության գլխավոր գծից:

Գ.Հովհաննիսյանն անդրադարձավ նաև գիտության լեզվին, որի հիմքը կազմում են տերմինաբանական բնույթի այնպիսի բառեր և բառակապակցություններ, ինչպիսիք են թեմայի արդիականություն, ասպեկտ, գիտաենթադրություն, դեդուկցիա, ինդուկցիա, գիտական հետազոտություն, հետազոտության նպատակ, խնդիրներ, օբյեկտ, առարկա, կատեգորիա, հետազոտության մեթոդ, գիտական ճանաչողության մեթոդաբանություն, գիտական փաստ, հասկացություն, դատողություն, տեսություն, սկզբունք, հետևություն, եզրակացություն և այլն:

Ցուցադրվեց հետազոտության կառուցվածքը, ինչպես նաև գիտական հետազոտության ընթացքի ընդհանուր սխեման.

  1. Ընտրված թեմայի արդիականության (ակտուալության) հիմնավորում:
  2. Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում:
  3. Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում:
  4. Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն:
  5. Հետազոտության գործընթացի նկարագրություն:
  6. Ստացված արդյունքների հետևությունների ձևակերպում և գնահատում:

Դասակարգվեցին գիտական հետազոտության մեթոդները՝ ընդհանուր և հատուկ մասնագիտական, պատմական, համակարգային մոտեցման, դաշտային և լաբորատոր հետազոտությունների, հարցումների և այլ մեթոդներ:

Անդրադարձ կատարվեց նաև թեմատիկ համապատասխանությանը և ընդգրկունությանը, գրականության ուսումնասիրությանը, մեջբերումներին, գրագողության տարատեսակներին, հետազոտական աշխատանքի պաշտպանությանը, ներկայացման, ցուցադրման  հիմնական կանոններին և այլն:

Վերապատրաստման դասընթացը մասնակիցներին կօգնի արդյունավետ պլանավորելու իրենց հետազոտությունները, պատրաստելու գիտականության և գիտական էթիկայի կանոններին համապատասխանող աշխատանքներ: