Շնորհավո՛ր նոր՝ 2020 թվական

1. Ամանորյա շնորհավորանքի   նկարը՝ գլխավոր

 Նոր տարի, Ամանոր… հրաշքներով ու անակնկալներով, Գեղեցկի, Բարու և Ճշմարտի  սպասելիքներով լի մի տոն, որին հավատում ենք…

Հավատում ենք ամբողջ հոգով ու սրտով, որ ամանորյա գիշերն իր գալստյամբ, ճերմակ ձյան թևով կսրբի-կտանի «ոչ միայն կեղտը հոգնած մայթերի, այլ նաև փոշին ու մուրը հոգու», որ կբացի աշխարհի բոլոր փակ դռները, իրար կկապի սիրող սրտերը, մանկան զիլ ճիչով, մեծի զնգուն ծիծաղով կլցնի համր ու դատարկ տները, կապաքինի հոգով ցավածին, մոլորված անցորդներին ու աշխարհի պանդուխտներին հայրենի տուն կդարձնի… Լինի՜, թո՜ղ լինի…

Սիրելի՛ համալսարանականներ, քաղաքացիներ, հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով շնորհավորում ենք բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ. թո՛ղ այս Նոր տարին՝ 2020 թվականը, լինի կայուն խաղաղության և ծով բարության, անանց սիրո և երջանկության, նվիրական իղձերի և անկատար նպատակների իրականացման տարի, ընտանեկան և ազգային արժեքների գերակայության, գիտական, ստեղծագործական ու անձնական ձեռքբերումների տարի՝ ի նպաստ մեր երկրի բարօրության, զարգացման և առաջընթացի:

________________________________________________________________

 

Փոքրիկ ակնարկ՝ Սպիտակ  մետաղյա առնետի տարվա մասին

2. Առնետի նկարը՝ փոքրիկ ֆորմատով դնելու համար Այս Նոր տարին՝ 2020 թվականը, արևելյան օրացույցի համաձայն, Սպիտակ  մետաղյա առնետի տարի է: Այն սկսում է արևելյան օրացույցի 12-ամյա պարբերաշրջանը: Հենց առնետն էր, որ առաջին անգամ հայտնվեց Բուդդայի առջև և արժանացավ օրացույցը սկսելու պատվին: Արևելքում առնետը հարստության, մաքրության, բարեկեցության և բարեվարքության խորհրդանիշ է, ուստի կանխատեսվում է հաջողություն բոլոր հարցերում և ձեռնարկումներում: Արևելքում առնետներին վերաբերվում են հարգանքով և սիրով: Հնդկաստանում այս կենդանին համաբանվում է այն Առնետի հետ, որը ձգում է Գանեշային` գիտելիքների և իմաստության աստծուն: Ճապոնիայում առնետը երջանկության խորհրդանիշ է, իսկ Չինաստանում՝ նույիսկ ազգային հերոս, որովհետև հենց առնետն է երբեմնի ժամանակներում առաջին անգամ բրինձ բերել քաղցած չինացիներին: Արևելյան շատ երկրներում առնետը հարստության ամենատարածված խորհրդանիշն է:

Ըստ չինական դիցաբանության՝ առնետը համարվում է խելացի, նպատակասլաց և համբերատար կենդանի: Նա գիտի իր բոլոր առավելություններն ու թերությունները, ունի հիանալի հիշողություն, հեշտությամբ դուրս է գալիս բարդ իրավիճակներից:

2020 թվականի գույնը սպիտակն է, ուստի հաջորդ տարի կգերակշռեն լուսավոր մտքերը և մաքուր նկատառումները: Նախապատվելի են նաև կաթնագույն, մոխրագույն, շագանակագույն և բաց դեղին գույները:

Արևելյան օրացույցի համաձայն՝ 2020 թվականին արժե մեր մտքերը բարով լցնել և անշահախնդիր գործեր կատարել: Առնետը բավականին մանրակրկիտ է մոտենում իր և այլ մարդկանց կյանքին, ուստի նա հարգելու է յուրաքանչյուր մարդու իրավունքը:

Առնետի սպիտակ գույնը հաճելի նշան է նրանց համար, ովքեր ցանկանում են ամուր ամուսնություն ստեղծել 2020 թվականին: Տարին հաջող է նոր նախաձեռնությունների և փոփոխությունների համար, այն լավ հնարավորություն է հաշտվելու և բարեկամությունն ամրապնդելու համար:

Ֆինանսական առումով տարին բարենպաստ է: Առնետը մարդկանց հնարավորություն կտա կառուցել կարիերա, հասնել ճանաչման՝ աշխատասիրության, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ոչ ստանդարտ լուծումներ փնտելու շնորհիվ: 2020 թվականը հնարավորություն կտա սպիտակ, մաքուր էջի վրա պատկերել և իրականացնել երազանքները, գործել լիարժեքորեն:

Կայացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստը

1. գլխավոր

2019թ. դեկտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը: Նիստին, գիտական խորհրդի անդամներից բացի, մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:

Օրակարգային հարցերին անցնելուց առաջ ելույթ ունեցավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով մարզի զարգացման ռազմավարության իրականացման մեջ մասնաճյուղի դերին, կրթական համակարգի արդի մարտահրավերներին՝ մասնագիտական ճիշտ կողմորոշմանը, սովորողի մոտիվացիային, անհատական ստեղծագործ մոտեցմանը վերաբերող խնդիրներին։ Որպես կրթական համակարգի գերխնդիր նա նշեց հակասությունը կրթական ռեսուրսների գլոբալացման և կրթության կազմակերպման կոշտ շրջանակաների միջև, որը խոչընդոտում է նորարությանը և ստեղծագործ մոտեցմանը. «Իմ կարծիքվ՝ համալսարանի խնդիրը, որը պիտի արտացոլված լինի նրա գործունեության ռազմավարության մեջ, նախ և առաջ մեր սերունդների մասնագիտական ճիշտ կողմնորոշումն է: Այն մասնագիտությունները, որոնք ավելի մեծ պահանջարկ ունեն այսօր աշխարհում, ավելի մրցունակ են, ցավոք, դեռևս պահանջարկ չունեն մեր երեխաների և ծնողների մոտ: …Մասնագիտական կրթությունն այլևս համալսարանից չի սկսվում, այն սկսվում է ավելի վաղ տարիքից: Շատ կարևոր է, որ համալսարանի ռազմավարության մեջ արտացոլված լինի հանրակրթություն և համալսարան կապը: Դա ոչ միայն պետք է արտացոլվի հանրակրթական հաստատություններ այցելություններով համալսարանը կամ նույնիսկ մասնագիտությունները ներկայացնելով, այլև դա պետք է ներառված լինի կրթական ծրագրերի, այն դասընթացների մեջ, որոնք իրականացվում են դպրոցներում, դա պետք է արտացոլված լինի համայնքային կյանքում և համայնքային միջոցառումների մեջ:…Կրթական գործընթացի մեջ այսօր չափազանց կարևոր է աշակերտների և ուսանողների մոտիվացիան, ինչպես մոտիվացնել սովորողին, որպեսզի ինքը սովորի… Մենք կրթությունը պիտի զարգացնենք նորարարական, ստեղծագործ և անհատական մոտեցումներով…»:

Մարզպետի ելույթին ի պատասխան՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը առաջարկեց ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպել մասնագիտական կրթության հիմնախնդիրների հանրապետական քննարկում՝ բուհերի որակի ապահովման պատասխանատուների և կրթության փորձագետների մասնակցությամբ՝ գտնելու հնարավոր լուծումներ: 

Այնուհետև Ա.Մակարյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (2018-2019 ուստարի) մասին հաշվետվություն, քննարկվեցին մասնաճյուղի՝ 2019թ. եկամուտների և
ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի, 2020թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) վերաբերյալ և մի քանի ընթացիկ հարցեր:

Տնօրենի հաշվետվության ներկայացումից հետո ելույթ ունեցավ գիտական խորհրդի անդամ, ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը՝ մասնավորապես անդրադառնալով համալսարան – ՏՏ ոլորտ կապի զարգացման հնարավորություններին, ԵՊՀ ԻՄ-ում ագրարային ոլորտի կարճաժամկետ ծրագրերի ներդրման, բնագիտական լաբորատորիաների հիմնադրման միջոցով հետազոտական բաղադրիչի ուժեղացմանը, համալսարանում բաց դռների օրեր կազմակերպելու միջոցով դպրոցականներին մասնագիտական կողմնորոշում տալու առավելություններին:    

ԵՊՀ ԻՄ-ի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-2019 ուստարում նախատեսված գործողությունների վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը որոշվեց ընդունել ի գիտություն, մասնաճյուղի՝ 2018-2019 ուստարվա գործունեությունը գնահատել բավարար:

Մասնաճյուղի` 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի վերաբերյալ տնօրենի զեկուցումը որոշվեց ընդունել ի գիտություն, իսկ վերջինիս գնահատումը կատարել հաշվեքննության արդյունքների հիման վրա և ներկայացնել հաստատման:

Որոշվեց հավանություն տալ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020թ. եկամուտների և ծախսերի նախահաշվին։

Ընթացիկ հարցերից էին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների մասնագիտական հմտությունների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրությանը (2018-2019 ուստարի), մասնաճյուղի՝ 2019թ. բակալավրի ընդունելության արդյունքներին, ԵՊՀ ԻՄ-ի աշխատողներին
աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգին վերաբերող հարցերը:

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների մասնագիտական հմտությունների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության (2018-2019 ուստարի) մասին ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանի հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն:

Մասնաճյուղի՝ 2019թ. բակալավրի ընդունելության արդյունքների վերաբերյալ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. առկա ուսուցման ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսան Մարգարյանի հաշվետվությունը ևս ընդունվեց ի գիտություն:

Գիտխորհուրդը որոշեց՝

  • հաստատել ԵՊՀ ԻՄ-ի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը,
  • ուժը կորցրած ճանաչել ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ 2014թ. դեկտեմբերի 25-ի թիվ 7 նիստում հաստատված ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին խրախուսելու կարգ սահմանելու մասին կանոնակարգը:

Նիստի վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը շնորհավորեց բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն, երջանկություն, մասնագիտական և անձնական հաջողությունններ ու ձեռքբերումներ:

Կայացավ տնօրենության հերթական նիստը

Տնօր. նիստի նկարը 2019թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին դեկտեմբերի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստի, դասամատյանների և առարկայական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ ՈՒՄՎ վերլուծության նախնական արդյունքներին մասին և կազմակերպչական ու ընթացիկ հարցեր:

Դեկտեմբերի 28-ին ԵՊՀ ԻՄ-ում կայանալիք գիտական խորհրդի ընդլայնված նիստի վերաբերյալ Ա.Մակարյանի հաղորդումը ընդունվեց ի գիտություն:

ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը, ներկայացնելով դասամատյանների և առարկայական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ վարչության կողմից իրականացված վերլուծության նախնական արդյունքները, մասնավորապես նշեց, որ վարչությունը, տնօրենի հրահանգի համաձայն, մեկ շաբաթվա ընթացում մասնագիտական բլոկում իրականացրել է առարկայական ծրագրերի, հարցաշարերի և դասամատյաններում դրանց համապատասխանության վերաբերյալ ստուգում և հայտնաբերել որոշակի բացթողումներ:

Որոշվեց ամբիոնների վարիչներին հանձնարարել 2020թ. հունվարին վերանայել 2019-2020 ուստարվա II կիսամյակում աշխատանքային պլանով նախատեսված առարկայական ծրագրերը: Ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց հետևողական լինել ամբիոններում առարկայական փաթեթների ապահովման հարցում:

Ընթացիկ հարցերից էին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ազնար Ռևազյանի՝ 2019-20 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձը զեղչելու, Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» 3-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Մելոյանին 120 և ավելի անհարգելի բացակայության պատճառով մասնաճյուղից հեռացնելու հարցերը:

Ընթացքի մեջ է 2019-2020 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2020թ. հունվարի 29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է առկա ուսուցման համակարգի՝ 2019-2020 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը:

Հեռակա ուսուցման համակարգում 2019-2020 ուստարվա I կիսամյակի II ընթացիկ քննություններն ու ստուգումները կտևեն հունվարի 10-27-ը, իսկ քննաշրջանը կտևի փետրվարի 3-29-ը:       

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը հարցազրույցի ընթացքում ընդգծեց, որ քննություններն անցկացվում են սահմանված կարգով, ըստ ժամանակացույցի:

Նրա հավաստմամբ՝ դասախոսները և ուսանողները քննաշրջանին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ:

Պարոն Դավթյանը ուսանողներին ցանկացավ հաջողություն, դասախոսներին՝ հետևողականություն, որպեսզի ուսանողների գնահատականները հնարավորինս լիարժեքորեն արտացոլեն նրանց գիտելիքները: 

Քննության դրական շեմը չապահոված ուսանողները կկարողանան այն հանձնել լուծարքային շրջանում, որը կանցկացվի երկու փուլով և կտևի փետրվարի 3-ից մինչև 24-ը:

Բոլոր լուսանկարները տե‘ս Պատկերասրահում:

Կայացավ «Հնարավորությունների և արհեստների տոնավաճառ» միջոցառումը

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիայի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում կայացավ «Հնարավորությունների և արհեստների տոնավաճառ» միջոցառումը, որն իրականացվեց Տավուշի մարզպետարանի և «Կարիերայի լաբ» կենտրոնի հետ համատեղ:

«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: Այն նպատակ ունի նախապատրաստել Հայաստանի երիտասարդությանն ապագայի աշխատաշուկային՝ նոր մասնագիտություններ և հմտություններ ձեռք բերելու միջոցով:

Տոնավաճառի նպատակն է ծառայել որպես բաց հարթակ գործատուների և աշխատանք փնտրող երիտասարդների միջև, դասընթացների միջոցով տրամադրել այնպիսի կարևոր հմտություններ, որոնք աշխատաշուկայում մրցունակություն կապահովեն: 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Իր ելույթում Դմիտրի Մարիյասինն ընդգծեց «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի կարևորությունը. «Այս ծրագիրը ես շատ եմ կարևորում, քանի որ այն ապագայի մասին է, որը, կարծում եմ, Հայաստանի համար այս պահին շատ կարևոր է. ինչպես անել, որպեսզի այսօրվա սերունդն իրազեկված լինի և տեսնի իր ապագան հենց Հայաստանում, այն ապագան, որը կլինի արժանավայել, ֆինանսապես կայուն, և որտեղ երիտասարդները կդառնան պահանջված մասնագետներ: Իհարկե, մենք նույնպես այսօրինակ միջոցառումների ժամանակ սովորում ենք ձեզանից, մենք պետք է հասկանանք ձեր հետաքրքրություններն ու անհանգստությունները, որպեսզի ծրագիրն է՛լ ավելի արդյունավետ դարձնենք հենց ձեզ համար»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց ապագայի մասին իր տեսլականը և մի շարք խորհուրդներ տվեց երիտասարդներին: Նա ցանկություն հայտնեց, որ նման միջոցառումներին և հարթակներին երիտասարդները ստեղծարար և վերլուծական մոտեցում ցուցաբերեն. «Սա այն հմտությունն է, որը պետք է ձեզ, և որը վերաբերում է ապագայի մասնագիտությանը, քննադատական և ստեղծարար մտածողություն և մոտեցում: Դուք ամեն օր պետք է աշխատեք ձեր զարգացման վրա»:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Երևանից և ՀՀ մարզերից հրավիրված խոսնակներ, ովքեր ներկայացրին իրենց մոտիվացիոն պատմությունները, պատասխանեցին սոցիալական ձեռներեցության մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ երիտասարդների ուղղած հարցերին:

Տոնավաճառին զուգահեռ անցկացվեցին ապագայի աշխատաշուկայի ու հմտությունների, մասնագիտության ընտրության մարտահրավերների մասին դասընթացներ: