Կայացավ «Ամենախելացին» ուսանողական ինտելեկտուալ խաղը՝ նվիրված ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին

0-02-04-1b6e2abbe6508428c1af853d27eb9904963ab24140b03da9f249595921d2998e_7e9c5cf 2019թ. սեպտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախաձեռնությամբ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Ամենախելացին» ուսանողական ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էր 9 ուսանող՝ մասնաճյուղի բոլոր ֆակուլտետներից։

Խաղը վարեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանը։

Ինտելեկտուալ խաղի առաջին փուլն անցկացվեց բջջային հատուկ հավելվածի՝ Quizizz-ի օգնությամբ, տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց, ընդ որում՝ մասնակիցները լրացուցիչ միավորներ վաստակեցին նաև հարցերին արագ պատասխանելու համար։ Առավելագույն միավոր հավաքած 5 ուսանողները հնարավորություն ստացան խաղը շարունակել երկրորդ փուլում։

Երկրորդ և երրորդ փուլերի համար «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանը HTML, CSS և JavaScript լեզուների միջոցով ստեղծել էր համակարգչային հատուկ ծրագիր, որը խաղի 2-րդ և 3-րդ փուլերը հնարավորինս մոտեցնում էր հեռուստախաղի ձևաչափին։

Երկրորդ փուլում մասնակիցները 10 թեմաներից ընտրեցին երկուական թեմա, այնուհետև փորձեցին պատասխանել իրենց ընտրած թեմայի հարցերին 1 րոպեի ընթացքում։ Լարված մրցակցության պայմաններում 2-րդ փուլը հաղթահարեցին «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Մհեր Ղալումյանը և Շիրակ Գասպարյանը, «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Թինա Թամրազյանը։

Թեժ պայքար ծավալվեց նաև 3-րդ փուլում։ Մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին։

Առավելագույն միավորներ վաստակելով՝ «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Թինա Թամրազյանը, ով պարգևատրվեց մեդալով, հուշանվերով, պատվոգրով և գրադարանի կողմից նվիրաբերված գրքով։

Պատվոգրերով և գրքերով պարգևատրվեցին նաև Շիրակ Գասպարյանը և Մհեր Ղալումյանը, ովքեր զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Խաղի մյուս 6 մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ խաղի կայացմանն օժանդակելու համար շնորհակալագրեր տրվեցին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին, ուսանողներ Լիանա Ներսիսյանին, Արգիշտի Մարգարյանին, Արայիկ Շահնազարյանին։

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Խաղաղության ծառատունկ՝ նվիրված ԵՊՀ-ի 100-ամյակին և ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին

1. Գլխավոր

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համատեղ ջանքերով 2018-19 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ում իրականացվել էր «Հակամարտությունների փոխակերպում» խորագրով հնգօրյա դասընթացը, որին մասնակցել էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների երկու տասնյակ ուսանողներ: Դասընթացի տեսական մասը վարել է ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը, իսկ գործնական մասը՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը։

Դասընթացի վերջում նախատեսված էր իրականացնել երկու փոքրածավալ դրամաշնորհային նախագիծ, որոնցից մեկը «Խաղաղության ծառատունկն էր»:

Սեպտեմբերին ԵՊՀ ԻՄ-ի բակում ծրագրի մասնակիցները տնկեցին փշատերև ծառեր, իսկ վերջում տեղի ունեցավ քննարկում՝ «Սահմանամերձ շրջանի երիտասարդները հանուն խաղաղության» թեմայով:

Քննարկման ընթացքում մասնակիցները վերհանեցին սահմանամերձ համայքների երիտասարդների հիմնախնդիրները, առաջարկեցին երիտասարդական միջավայրի բարելավման իրենց տեսլականը: Որպես առանցքային խնդիր դիտարկվեց անվտանգության ապահովման և սահմանամերձ համայքներում բնակչության կենսամակարդակի բարելավման ուղղությամբ  պետական և համայնքային քաղաքականությունը:

2019թ. հոկտեմբերին նախատեսված է իրականացնել «Հակամարտությունների փոխակերպում» խորագրով հնգօրյա երկրորդ դասընթացը, որին կարող են մասնակցել 18-25 տարեկան երիտասարդները:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների համար Աննա Ատոյանն անցկացրեց վարպետաց դաս

1. Գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 23-ին «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի շրջանակներում Ուկրաինայից ժամանած հայ նկարչուհի Աննա Ատոյանը ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների համար անցկացրեց վարպետաց դաս՝ նվիրված բատիկին (կտորը գունավորելու ձեռքի տեխնիկա՝ ռեզերվի կիրառմամբ)։

Վարպետաց դասին ներկա էին «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումի գլխավոր համակարգող, ՀՆՄ Տավուշի մասնաճյուղի ղեկավար, գեղանկարչուհի Արմինե Թումանյանը, սիմպոզիումի նկարիչներ, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր:

Նկարչուհին դասի ընթացքում ուսանողներին փոխանցեց իր կիրառած տեխնիկայի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ:

Մասնավորապես ներկայացվեց, որ բատիկ (batik) բառը ինդոնեզերենից թարգմանաբար նշանակում է մոմի կաթիլ: Բատիկի տեխնոլոգիան հին ժամանակներից կիրառվել է Ինդոնեզիայի և Հնդկաստանի ժողովուրդների կողմից, Եվրոպայում այն սկսել են կիրառել 20-րդ դարից: Կան բատիկի մի քանի տեսակներ` տաք, սառը և ազատ զարդանկար, որոնք տարբերվում են կտորի ռեզերվացման եղանակով:

Աննա Ատոյանը կիրառեց տաք բատիկի տեխնիկան, որի դեպքում որպես ռեզերվ օգտագործվում են մոմանյութեր: Եղանակը կոչվում է տաք բատիկ, քանի որ մոմանյութը կիրառվում է տաք, հալված վիճակում: Մոմանյութով ծածկված մասերը չեն ներծծում ներկը և սահմանափակում են դրա տարածումը:

Վարպետաց դասի ընթացքում Ատոյանը ոչ միայն պատասխանեց ուսանողների ու դասախոսների հարցերին, այլև նրանց ներգրավեց նկարի ստեղծման գործընթացում:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

 

Տավուշի մարզպետարանի, «ՊիկսԱրտ» ընկերության և ԵՊՀ ԻՄ-ի համագործակցությամբ բուհի մերձակա տարածքում իրականացվեցին բարեկարգման աշխատանքներ

DSCF8241 2019թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «ՊիկսԱրտ» (“PicsArt”) ընկերության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համատեղ ջանքերով ԵՊՀ ԻՄ-ի մերձակա տարածքում իրականացվեցին բարեկարգման աշխատանքներ:

Նախաձեռնությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ պարոն Հ.Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը,  մարզպետարանի և բուհի աշխատակիցներ, ուսանողներ, «ՊիկսԱրտ» ընկերության կամավորական խմբի 25 անդամներ:

Մասնակիցները մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացրին մասնաճյուղի մերձակա տարածքում՝ Երիտասարադական 3 փողոցի գետափնյա ճանապարհի երկայնքով:

 Կատարվեց կամրջից կամուրջ հատվածի մետաղական պարսպի մաքրում և ներկում, փողոցի երկայնքով տեղադրված լուսատուների վերականգնում՝ լամպերի տեղադրում:

Նախաձեռնության մասին կարող եք տեղեկանալ նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքէջում:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

«Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդեսում Տավուշի մարզը իրենց աշխատանքներով ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի դասախոսները և ուսանողները

1. Գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առթիվ Երևանում կայացած ցուցահանդես-վաճառքում Տավուշի մարզի տաղավարը իրենց համատեղ աշխատանքներով ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսները և ուսանողները:

Ցուցահանդեսին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ներկա էին տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնատար Ա.Մարգարյանը, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչ Լ.Ֆլջյանը, ամբիոնի ասիստենտներ Դոնարա և Անուշ Չիբուխչյանները, Գ.Ջավրուշյանը:

Սեպտեմբերի 21-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպված ցուցահանդես-վաճառքը կազմում էր Հայաստանում սեպտեմբերի 20-22-ը արդեն 15-րդ անգամ անցկացվող «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխության մասը: Վերջինս մի քանի նպատակ է հետապնդում. միավորել բիզնեսն ու մշակույթը, թույլ տալ հայրենական և արտասահմանյան ապրանք արտադրողներին, ծառայություններ մատուցող ընկերություններին հանդիպել մեկ վայրում, իրենց փորձը փոխանակել և քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը, մշակել օրենսդրական կարգավորումներ Հայաստանի ներդրումային և արտահանումային ծրագրերն ավելի դյուրին դարձնելու համար, տալ հնարավորություն սկսնակներին ներկայանելու սպառողին և դուրս գալ նոր հարթակ, աջակցել երկրի տնտեսական և հասարակական կյանքի զարգացմանը:  

Սեպտեմբերի 20-ին կայացել է  համաժողով, որին մասնակցել են ՀՀ կառավարության ներկայացուցիչները, նախարարներ, ՀՀ-ում գործող դեսպանատները, դեսպանության ներկայացուցիչները, միջազգային կառույցները, տեղական ընկերությունները, 30 երկրից ժամանած օտարերկրյա գործարարներ, պետական կառույցների ներկայացուցիչներ՝ Հնդկաստանից, Չինաստանից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Վրաստանից և այլ երկրներից: 

 Սեպտեմբերի 21-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ ցուցահանդես-վաճառքի բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ընկերությունները բացօթյա տաղավարներում ներկայացրին իրենց արտադրանքները և ծառայությունները:

Տավուշի մարզը ներկայացնող տաղավարում ցուցադրված էին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների գունեղ, բազմաոճ աշխատանքները (գոբելեն, կարպետ, ասեղնագործություն, կերամիկա և այլն), դասախոսներ Դոնարա և Անուշ Չիբուխչյանների “Chibukhchyans’” բրենդի յուրատեսակ ապրանքներ (վիտրաժ, կարպետ, տպագրություն, բատիկա, ասեղնագործություն և այլն), որոնք արժանացան ցուցահանդեսի այցելուների ուշադրությանն ու հավանությանը:

Հայ և արտասահմանցի հյուրերին տպավորել էին ոչ միայն ցուցադրված աշխատանքները, այլև դրանց մտահղացման, տեխնիկական հմտությունների և այլնի վերաբերյալ մասնակիցների ներկայացրած տեղեկատվությունը: