ԵՊՀ ԻՄ-ում կայացավ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ սեմինար-քննարկում

E23F3531-4F72-4FA1-9F2A-EF26989A1052

 2019թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ սեմինար-քննարկում, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և աշխատակիցներ:

Քննարկումը վարեցին «Ֆինանսներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Իրա Վարդանյանը, նույն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Լիանա Մանուչարյանը և Անուշ Նազինյանը, «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Խաչատրյանը:

Մայիսի 6-ին և 7-ին ՈԻԽ-ի նախաձեռնությամբ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները, ինչպես նաև Իջևանի ավագ դպրոցի ու Իջևանի վարժարանի մի քանի աշակերտներ հանդիպել էին “Amundi Acba Asset Management” և “C-Quadrat Ampega Asset Management Armenia” կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում յուրաքանչյուր ֆոնդ ներկայացրել էր իր գումարային ակտիվների քանակը, ֆոնդի եկամտաբերության դինամիկան և ռիսկայնությունը, իր գործընկերներին ու համասեփականատերերին, սեփական մրցակցային առավելությունները:

ԵՊՀ ԻՄ-ում կայացած սեմինար-քննարկման նպատակն էր հանդիպումների ընթացքում ստացած տեղեկատվությունը փոխանցել համալսարանականներին:

Ուսանողները ներկայացրին երկու ֆոնդերը, ինչպես նաև պարզաբանեցին կուտակային կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ մարդկանց ունեցած որոշ կարծրատիպեր:

Սեմինար-քննարկման վերջում մասնակիցները ստացան ֆոնդերի եկամտաբերության, ռիսկայնության և աշխատանքի բնույթի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Կայացավ «Կիրառական արվեստ» մասնագիտության ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը

DSCN8444

 2019թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Կիրառական արվեստ» մասնագիտության ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, ՀՀ ՆՄ և ՀՀ ԴՄ անդամ, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Մելիքյանը:

Պաշտպանությանը ներկա էին ոչ միայն ԵՊՀ ԻՄ-ի և Կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, այլև ծնողներ, հյուրեր, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ աշխատանքներն ունեին թեմատիկ, ժանրային և ոճական բազմազանություն:

Պաշտպանությունն անցավ հաճելի մթնոլորտում՝ մասնակիցներին պատճառելով գեղագիտական հաճույք:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը «գերազանց» գնահատեց Հովհաննես Չոբանյանի («Խոտհունձ», գեղանկար, ղեկավար՝ Համլետ Ասատրյան), Արփինե Շահնազարյանի (Հավաքածու, դեկորատիվ նկարչություն կտորի վրա, ղեկավար՝ Անուշ Չիբուխչյան), Աշխեն Մելքումյանի («Հայկական եկեղեցիներ», մանրանկարչություն, ղեկավար՝ Լիլիթ Ֆլջյան) աշխատանքները:

«Լավ» գնահատվեցին Կարեն Գոգինյանի («Ամբերդ», ասեղային գոբելեն, ղեկավար՝ Մհեր Ստեփանյան), Նարեկ Ղազարյանի (Ժամացույց, փայտի փորագրություն, ղեկավար՝ Սերգեյ Հովհաննիսյան), Մերի Եգանյանի («ԵՊՀ 100», կոլաժ, ղեկավար՝ Արևիկ Խաչատրյան) աշխատանքները:

Վերջում ֆակուլտետի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ շնորհավորեցին իրենց շրջանավարտներին՝ նրանց մաղթելով մասնագիտական ու անձնական մեծ հաջողություններ:

Պաշտպանության բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

«Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» կազմակերպության անդամները մասնաճյուղում հանդես եկան ակնարկային դասախոսությամբ

DSCN8533

 2019թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» կազմակերպության անդամների՝ Ջոս Միլինեղի,  Ֆիլիպ Դրոմզենի, Լորանս Դրոմզենի հետ հանդիպում, որը նախաձեռնել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնը:

Հանդիպման նպատակն էր Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների (Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի համաշխարհային արձագանքների, Ֆրանսիայում դեղին ժիլետավորների ցույցերի և այլնի) մասին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար ակնարկային դասախոսություն կարդալը:

Ներկա էին Տավուշի մարզպետի խորհրդական Նվարդ Անդրեասյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները, համապատասխան մասնագիտության ուսանողներ:

Նախ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Աիդա Մարդանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց հյուրերին, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին ժամանել «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ հաղորդակցվելու, տվյալ մասնագիտության վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին 2-րդ կիսամյակի կրթաթոշակները հանձնելու և ընդհանրապես ԵՊՀ ԻՄ-ի հետ հետագա համագործակցության խնդիրները քննարկելու նպատակով:

Դասախոսությունն ուղեկցվեց ակտիվ և անկաշկանդ քննարկմամբ:

Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Ֆրանսիայից ժամանած հյուրերին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

Հանդիպումից հետո հյուրերը նշեցին, որ հաճելիորեն զարմացած են ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների գեղեցիկ ֆրանսերեն խոսքից:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության II և III կուրսի ուսանողները կատարեցին ճանաչողական այցեր

SAM_2021a

 2019թ. մայիսի 20-ին 2018-2019 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության առկա ուսուցման II և III կուրսի ուսանողները կատարեցին ճանաչողական այցեր:

Ուսանողներին ուղեկցում էին պրակտիկայի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ա.Մկրտումյանը, «Պատմություն» կրթական ծրագրի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Ն.Գրիգորյանը, ասիստենտ Ա.Ազատյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը:

Նրանք այցելեցին Վայոց Ձորի մարզ՝ Սելիմի լեռնանցքում գտնվող Օրբելյանների իջևանատուն, Նորավանք վանական համալիր, Արարատի մարզ՝ Խոր Վիրապ եկեղեցական համալիր:

Ուսանողներին առանձնապես գրավեց Նորավանքը՝ իր գեղատեսիլ բնությամբ և եկեղեցով, Խոր Վիրապի փոսը, ուր տարիներ շարունակ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը:

Ճանաչողական այցերի ընթացքում ուսանողները ծանոթացան վերոնշյալ պատմամշակութային վայրերին, դրանց կառուցման և գործունեության պատմություններին, ճարտարապետական յուրահատկություններին:

 

Կայացավ տնօրենության հերթական նիստը

DSCN8402

 

 2019թ. մայիսի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Վ. Ցուցուլյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2018-19 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, 2018-19 ուստարվա  I կիսամյակի ուսանողական հարցումների արդյունքներին, 2019թ. հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

2018-19 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ մասնավորապես նշելով, որ կազմվել են ընթացիկ ստուգումների, ընթացիկ քննությունների և ամառային քննաշրջանի ժամանակացույցները, դրանք քննարկվել են դասախոսների և ուսանողների հետ, սահմանված ժամկետներում ներկայացվել ՈՒՄՎ, ծրարավորվել և կնքվել են ընթացիկ քննությունների տոմսերը, թեստերը և տարբերակները:

Նույն ուստարվա I կիսամյակի ուսանողական հարցումների արդյունքների վերաբերյալ դեկանները նշեցին, որ վերհանվել են խնդիրները, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր:

2019թ. հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկը (ընդունելության քննությունները, տեղերը և վարձավճարների չափը) տնօրենության անդամների քննարկմանը ներկայացրեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Այս հարցի կապակցությամբ նշվեց, որ շուրջ 5 տարի է «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ հեռակա ուսուցման համակարգում չի իրականացվել ընդունելություն: Աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության հիման վրա առաջարկվեց 2019թ. մասնագիտությունների ցանկում ներառել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունը, որը տնօրենության անդամների կողմից արժանացավ հավանության: