«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Վլադիմիր Պողոսյանի հետ

9. Վլադիմիր Պողոսյան 2019թ. ապրիլի 22-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2012թ. շրջանավարտ, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Արմենի Պողոսյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1991 թվականին Իջևանում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:

– Ապրում եմ սովորական հայկական ընտանիքում: Այնպես է ստացվել, որ հումանիտար ուղղվածություն ընտանիքում միայն ես ունեմ: Հայրս մասնագիտությամբ տեխնիկ-շինարար է, մայրս՝  ճարտարագետ: Քույրերս ևս ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ են:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Այս պահին հիշողությամբ անցում կատարեմ մեկ այլ նմանատիպ առաջադրանքի, որ հանձնարարել էր ուսուցիչս 5-րդ դասարանում՝ շարադրություն «Ի՞նչ եմ ցանկանում դառնալ»: Այս հարցին 5-րդ դասարանում պատասխանել էի՝ քաղաքական գործիչ, թեև այդ տարիքում քաղաքականության և երազանքի համամասնության մասին երևի թույլ պատկերացում ունեի: Իսկ պատմության առաջին դասից հետո ինձ համար պարզ էր, որ ինչ էլ դառնամ, ուր էլ գնամ, այս առարկան ինձ ուղեկցելու է, և սկսեցի ֆանատիկորեն հետաքրքրվել պատմությամբ և մեծ, ստվարածավալ տետրերում (որոնք մինչև հիմա պահել եմ) գրում էի այն, ինչ դասագրքում չկար:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– Միջնակարգ կրթությունս ստացել եմ Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2008-2012 թվականներին սովորել եմ ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝ «Պատմություն» մասնագիտությամբ: Նեղ մասնագիտական կրթությունը շարունակել եմ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնում: Այժմ Համաշխարհային պատմության ամբիոնի հայցորդ եմ և աշխատում եմ «Սառը պատերազմը և գլոբալ հակամարտությունները՝ աֆղանական պատերազմի օրինակով» գիտական թեմայի շրջանակներում:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– Որպես մարդ և քաղաքացի դաստիարակելու համար շնորհակալ եմ ծնողներիս ու շրջապատիս, որպես պատմագետ՝ միանշանակ ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմին՝ դասախոսից մինչև գրադարանավար, ովքեր հսկայական դեր ունեն ոչ միայն իմ, այլև յուրաքանչյուր ուսանողի մասնագիտական կարողությունների զարգացման գործում: Ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, գաղափարակիրներ և մարդիկ, առանց որոնց իմ առօրյան մի քիչ այլ կերպ կընթանար:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 2016 թվականին ԵՊՀ ԻՄ-ում՝ նախ որպես դասախոս, ապա նաև գրադարանի վարիչ: Դասավանդում եմ «Ռուսաստանի պատմություն»՝ մեծ երկրի մեծ պատմությունը:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Աշխատելով և հիմնական ժամանակս անցկացնելով գրադարանում՝ ես, անկեղծ ասած, շատ չեմ կարդում և մեկ-մեկ երազում եմ բանակային առօրյաս, երբ ազատ ժամանակս հիմնականում ընթերցանությամբ էի անցկացնում: Սիրելի գրքերը շատ են, բայց կշեշտեմ երկուսը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպերը:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Վերջին կարդացած գիրքը ամերիկաբնակ գրող Վարդգես Դավթյանի «Կնքամայր» գիրքն էր, որտեղ մեկտեղված էր և՛ մշակույթների, և՛ ավանդականի, և՛ համամարդկայինի անտեսանելի բախումը:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Անսահմանորեն սիրում եմ դասական երաժշտություն՝ հատկապես Շոպենի «Դրախտի մեղեդին», Լեգրանի ստեծագործությունները: Բանակային շրջանում ինձ համար մեկ այլ նշանակություն ստացան խմբերգերը, քայլերգերը, որոնք մեծապես բարձրացնում եմ զորքի մարտական տրամադրությունը: Ազատ ժամանակ լսում եմ նաև փոփ և ջազ երաժշտություն:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

Մի քիչ դժվարանում եմ պատասխանել, երևի հիշատակեմ Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը», Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմերը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Սպորտով, ցավոք, չեմ զբաղվում, բայց հաճույքով հետևում եմ աշխարհի առաջնություններին ու Օլիմպիական խաղերին:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Սիրում եմ իմ ծննդավայր Իջևանը, սրբազան է Հայաստանի յուրաքանչյուր անկյուն, հիացած եմ Արցախի գեղատեսիլ բնությամբ ու արցախցու աննկուն խիզախութամբ ու կամքով: Արտերկրում կցանկանամ լինել միայն որպես զբոսաշրջիկ և ցանկություն ունեմ շրջագայել Եվրոպայում:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Խոնարհվում եմ սկզբունքային անհատների առջև, գնահատում եմ արդարամտությունը, ազնվությունը և պարզությունը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– «Այն, ինչ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ» և այնպես ապրել, որ հետդարձին խանգարող հանգամանքներ չթողնես:

Ի՞նչ երբեք չեք անի:

– Երբեքը հարաբերական հասկացություն է, այսօրվա երբեքը վաղը հնարավոր է:

Ինչի՞ց եք վախենում:

– Նախ ինձնից, հետո մնացյալից:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Ափսոսում եմ չարածի և վատնած ժամանակի համար, որը ճիշտ չեմ գնահատել ու օգտագործել:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Երևի հաստատակամությունս, իրավիճակը միշտ ոչ միանշանակ գնահատելը:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Ընտանիքս և ընկերներս են իմ ամենամեծ ձեռքբերումը: Կարծում եմ՝ դեռ կյանքը հնարավորություն կտա ունենալու բազմաթիվ ձեռքբերումներ:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Ձգտումը և նվիրվածությունը քո մասնագիտությանն ու գործին, անհնար ոչինչ չկա, հազարամղոն ճանապարհորդություններն սկսվում են մեկ հատիկ քայլից:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– «Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել: Փորձի՛ր նաև դու». չապլինյան այս ուղերձը յուրաքանչյուր քայլիս ուղեկցում է ինձ: Լինել մարդ և հումանիտար այդ առաքելությամբ փոխել շրջապատը ամեն մեկիս պարտքն է: Հասարակության երջանկությունը կախված է յուրաքանչյուր երջանիկ քաղաքացուց:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Ուսանողներին խորհուրդ կտամ, որ նախ սիրեն իրենց հայրենիքը, իրենց շրջապատը, ինչու չէ նաև իրենց համալսարանը: «Վարվի՛ր այնպես, որ կարողանաս ասել ամեն մեկին՝ վարվի՛ր ինձ պես: Եղի՛ր նպատակասլաց, քանզի նյութապաշտը դառնում է մարդ-մեքենա, կոկորդ  և ստամոքս միայն: Իսկ նմանը և՛ ապրում է, և՛ չի ապրում: Եղի՛ր ընդունակ ինքնանորոգումի ճամփով սատար հանդիսանալու բարոյական վերանորոգումին՝ խորապես գիտակցելով, թե միակ մարդը, որին կարող ես բարձրացնել, դա ինքդ ես: Սկսի՛ր քեզնից…». նժդեհյան այս պատգամը թո՛ղ ուղեկից լինի յուրաքանչյուրիս:

Շատ շնորհակալ ենք հետաքրքիր հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

 

 

Կայացավ հայկական հուշարձանների պահպանությանը վերաբերող դաս-քննարկում

DSCN7169

 2019թ. ապրիլի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հայկական հուշարձանների պահպանությանը վերաբերող դաս-քննարկում, որը վարեց հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը:

Դաս-քննարկման ընթացքում պարոն Կարապետյանը ներկայացրեց իր գործունեությունը, պատմեց հայկական հուշարձանների հաշվառման աշխատանքների, Հայաստանի՝ թշնամու հողում թողած պատմաճարտարապետական կոթողների նախկին և ներկայիս վիճակի,  դրանց վերաբերյալ իր ունեցած հիշողությունների մասին: Շեշտվեց, որ շինությունների մի մասը սկզբնական շրջանում որպես հարդանոց կամ գոմ է ծառայում, այնուհետև ավիրվում քրդերի կողմից, եկեղեցիները սեփականաշնորհված են, իսկ գերեզմանների տեղում կառուցված են դպրոցներ և այլ շինություններ:

Բանախոսն անդրադարձավ Ժան-Միշել Թիերիի գործունեությանը՝ նշելով, որ նա մեծ դեր է ունեցել հայ ճարտարապետական հիշողության փրկության հարցում:

Ներկայացվեց նաև Համբարձում Երամյանի հայանվեր գործունեության մասին, նշվեց, որ նույնիսկ կուրանալուց հետո նա շարունակեց կրթվել, զարգանալ և ամբողջությամբ նվիրվել հայ պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրության գործին, ինչպես նաև դպրոց հիմնադրեց:

Ս.Կարապետյանը խոսեց նաև «Հայաստանի պատմություն» գրքաշարի ստեղծման մասին՝ նշելով, որ շարքի առաջին գիրքը նվիրված է «Հայոց Ձոր» գավառին, որտեղ, համաձայն ավանդության, Հայկ Նահապետը Բելին հաղթելուց հետո իր տունը շինեց:

Քննարկման մասնակիցները նրան ուղղեցին հարցեր, որոնցից հատկանշական է ուսանողական պրակտիկայի ծրագրում Տավուշի պատմաճարտարապետական հուշարձանների ընդգրկման հնարավորություններին և դրա կարևորությանը վերաբերող հարցը:

Իբրև ամփոփում՝ պարոն Կարապետյանն անդրադարձավ ժամանակակից երիտասարդության մեջ մոտիվացիայի բացակայությանը կամ դրա պակասին, ընդգծեց, որ կյանքին իմաստ հաղորդելու համար մարդուն նպատակ է պետք:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Արդի լրագրության զարգացման միտումները և մարտահրավերները (ֆեյք, համացանց)» թեմայով դաս-քննարկումը

DSCN7133 2019թ. ապրիլի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Արդի լրագրության զարգացման միտումները և մարտահրավերները (ֆեյք, համացանց թեմայով դասքննարկումը, որը վարեց «Փաստարկ» մամուլի ակումբի ղեկավար, լրագրող Տիգրան Ռուբենի Սիմոնյանը:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Դաս-քննարկման առաջին հատվածում պարոն Սիմոնյանն անդրադարձավ ֆեյքերի խնդրին, երկրորդ հատվածում՝ լրագրության զարգացման միտումներին:

Նախ շնորհանդեսի ուղեկցությամբ բացատրվեց, թե ինչ է ֆեյքը, ներկայացվեցին դրա վերաբերյալ հակասական կարծիքները, ֆեյքերի տեսակները:

Մասնավորապես նշվեց, որ ֆեյքը (fake – կեղծ), որ նախկինում կոչվում էր “газетная утка”, “слив” (արտահոսք) 21-րդ դարի հախուռն դրսևորում է. արմատավորվել է վերջին 15 տարվա ընթացքում: «Ֆեյքերը մեր կյանք են մտել երկար ժամանակով: Ինչպես մուկը կարագում, այնպես էլ ֆեյքերը համացանցում, իրենց լավ են զգում: Ֆեյքերի կողքին ապրելու ենք՝ դրանք չեզոքացնելու մեթոդներ գտնելով», – ընդգծեց Տ.Սիմոնյանը:

Ֆեյքերն ի հայտ են գալիս 3 ճանապարհով՝ վիզուալ (լուսանկար, որը ենթարկվել է ձևափոխության ֆոտոշոփի կամ այլ գործիքակազմերի միջոցով), անանուն (չկա լուսանկար, չկան անձնական տվյալներ) և տեքստային: Այդտեղ կարևորվում են երեք գործոններ, որոնք առաջացնում են թյուրըմբռնում. նախ՝ վերնագիրը, ապա տեքստի վերջում ինչ-որ բառի կամ արտահայտության հավելումը (օրինակ՝ … և ոչ միայն) և անմեղության կանխավարկածը (արդյո՞ք հրապարակողները լիովին տիրապետում են իրենց նյութի բովանդակությանը):

Բովանդակային առումով կան ֆեյքեր, որոնք բացահայտ կամ մասամբ են հանդես գալիս, քարոզչական բնույթի են, օգտատիրոջ թափթփված խոսքի արդյունք են և այլն:

Շեշտվեց, որ Հայաստանում տակավին չկա ֆեյքերի մասին օրենք, և դրանց դեմ արդյունավետ կերպով պայքարելու համար անհրաժեշտ է, որ օրենքով կանխարգելիչ մեխանիզմներ մշակվեն:

Այնուհետև պարոն Սիմոնյանն անդրադարձավ հայ լրագրության արդի վիճակին, թե ինչ առաքելություն ունի այն. «Մեր լրագրությունը շատ է քաղաքականացված: Ես կարծում եմ՝ դրան չի կոչված հայ լրագրությունը: Ամեն փուլ հաղթահարելով՝ այն պետք է հասնի մեկ այլ մակարդակի»:

Լրագրողի գործունեության մասին խոսելիս բանախոսը մասնավորապես նշեց. «Մասնագիտություններից ամենալայն աշխարհայացք տվողը լրագրությունն է (մեծ շփումներ, թեմատիկ բազմազանություն, սեփական երկիրը ճանաչելու, քո հրապարակմամբ ուրիշների խնդիրները լուծելու հնարավորություններ և այլն): Լրագրողն ապրում է և՛ իր, և՛ ուրիշների հոգսերով: Լրագրողի համար ամեն ինչն է հետաքրքիր, նրա հայացքը նկատող, քննախույզ հայացք է…»:

Անդրադառնալով մարզում լրագրության պասիվ վիճակի վերաբերյալ ուսանողների դիտարկմանը՝ պարոն Սիմոնյանը պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ աջակցելու այն ուսանողներին, ովքեր ցանկություն ունեն լրագրության ուղին բռնելու: Նա ուսանողներին խորհուրդ տվեց սկսել ֆոտոլրագրությունից կամ գրավոր տեսակներից:

Ծավալվեց հետաքրքիր քննարկում. ուսանողները բանախոսից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:   

«Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների այցը ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն և թանգարաններ

   2

  2019թ. ապրիլի  16-ին և 17-ին 2018-2019 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված արտադրական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄի «Պատմություն» մասնագիտության առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողները իրենց պրակտիկայի ղեկավար, Պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ա.Մատինյանի գլխավորությամբ այցելեցին Դիլիջան:

Ապրիլի 16-ին նրանք եղան ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում և ծանոթացան կենտրոնի գործունեությանը, այցելեցին կենտրոնում գործող դրամի թանգարան, որտեղ ներկայացված էին Ալեքսանդր Մակեդոնացու, Արտաշեսյանների, Կիլիկիայի, հայկական և այլ թագավորությունների մետաղադրամներ, դրոշմակնիքներ, տարբեր տարիների, այդ թվում՝ 2018թ.  թողարկված երրորդ սերնդի թղթադրամներ:

Թանգարանում ծանոթացան նմուշների հավաքագրման պատմությանը, առկա ցուցանմուշներին և գիտաշխատողից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Նույն օրը նրանք այցելեցին Դիլիջանի երկրագիտական թանգարան և Հ.Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան: Նախ տեղեկացան թանգարանների ստեղծման պատմություններին, գործունեությանը, այնուհետև շրջեցին բաժիններով և ուսումնասիրեցին թանգարաններում տեղ գտած իրերն ու նկարները:

Ապրիլի 17-ին արտադրական պրակտիկայի շրջանակներում նույն կուրսի ուսանողները ՄԿՊԿ բաժնի վարիչ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Լ.Բեգինյանի ուղեկցությամբ այցելեցին Դիլիջանի Երկրագիտական թանգարան: Ուսանողները թանգարանում ուղղորդվեցին նախապես կազմված աշխատանքային պլանով: Թանգարանի տնօրենի և աշխատակիցների ուղեկցությամբ նրանք շրջեցին թանգարանում՝ ծանոթանալով  թանգարանային առարկաների հաշվառման գործընթացին, ֆոնդերին ու հավաքածուներին:

Երկրագիտական թանգարանում ուսանողներին ներկայացվեցին հավաքածուների ձևավորմանը, ստենդների պատրաստմանը, շենքային պայմաններին, անվտանգության ապահովմանը վերաբերող մանրամասներ:

Կիրառական արվեստի ֆակուլտետի ներկայացուցիչների այցը Ազատամուտ համայնք

IMG_5061 2019թ. ապրիլի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Շ. Մարգարյանը, Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, դոցենտ, ՀՆՄ վարչության անդամ Համլետ Ասատրյանը այցելեցին Ազատամուտ համայնք:

Այցելության նպատակն էր Ազատամուտ համայնքի գեղարվեստի ստուդիայի սաների համար վարպետաց դաս անցկացնելը և «Մաքուր պահենք մեր համայնքը» խորագրով նկարչության մրցույթին ժյուրիի կազմում մասնակցելը:

Նախ պարոն Ասատրյանը գեղարվեստի ստուդիայի սաների համար իրականացրեց վարպետաց դաս՝ նրանց տալով նկարելու կատարողական ու տեխնիկական հմտություններ, բացատրելով որոշ նրբություններ:

Այնուհետև Ազատամուտ համայնքի մշակույթի պալատում կայացավ «Մաքուր պահենք մեր համայնքը» խորագրով նկարչության մրցույթը, որը կազմակերպել էր գեղարվեստի ստուդիայի ուսուցիչ, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Անի Աղաջանյանը:

Այցի վերջում ելույթ ունեցավ Ազատամուտի համայնքապետի պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը՝ շնորհակալություն հայտնելով ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներին՝ իրենց նախաձեռնության համար և հույս հայտնեց, որ հետագայում կխորացնեն և կընդլայնեն փոխհամագործակցությունը: