Կոմանդոսի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2015թ. հոկտեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան ազատամարտի մասնակից, ռազմական գործիչ, ԼՂՀ Ազգային հերոս, ՀՀ «Մարտական խաչ» առաջին շքանշանի դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) հետ: 

Կոմանդոսի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հանդիպմանը ներկա էին Արցախյան ազատամարտի մասնակից, «Սոսե Մայրիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Մարիամ (Դերվիշ) Ստեփանյանը, Տավուշի մարզի կրթական, ռազմական և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ, «ՍՕՍ-մանկական գյուղեր»-«Իջևան» մասնաճյուղի սաներ, Երկրապահ կամավորական միության շարքերում ընդգրկված պատանիներ, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներ, ուսանողներ, հյուրեր:

Կոմանդոսի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ներկայացրեց իր կյանքից հետաքրքիր դրվագներ, անցյալից դասեր քաղելու նպատակով աղերսներ անցկացրեց պատմության և ժամանակակից կյանքի իրադարձությունների միջև, մատաղ սերնդի առջև մեկնեց «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն» պատգամն ավանդող կենաց և մահու կռվի` Վարդանանց պատերազմի խորհուրդը:

Հանդիպման ժամանակ մեծարանքի և երախտիքի խոսքով հանդես եկավ Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սահակյանը` ընդգծելով, որ մեծ պատիվ է գտնվել այդպիսի մեծության կողքին, ականջալուր լինել և հետևել նրա խորհուրդ-խրատներին, ընդհանոր գծերով ներկայացրեց Կոմանդոսի սխրանքը, Շուշիի ազատագրման պլանի կազմումը բնորոշեց որպես «ժամանակակից մարտարվեստի գլուխգործոց»:

Կոմանդոսի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ելույթ ունեցավ և Արցախյան ազատամարտի մասնակից, «Սոսե Մայրիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Մարիամ (Դերվիշ) Ստեփանյանը` գծագրելով Արկադի Տեր-Թադևոսյանի մարդկային և հերոսական բարձր կերպարը, շեշտելով, որ այսօր էլ նա մեծ ներդրում ունի զինվորական պատրաստվածություն անցնելու գործում:

 Կոմանդոսի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հանդիպման մասնակիցները լեգենդար հերոսին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին նրա կյանքի հերոսական ուղուն, Շուշիի ազատագրմանը, Խոջալուի դեպքերին:

 Կոմանդոսի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղԱրկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939թ. մայիսի 22-ին Թբիլիսիում։ Ավարտել է զինվորական ուսումնարան Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, 1987 թվականից` Հայաստանում։

1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։

1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1991թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան)։

1992թ. մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիավորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը, և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։ Պարգևատրվել է ՀՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

Այժմ Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերության (ԴՕՍԱԱՖ) կենտրոնական խորհրդի նախագահն է:

 

 

 

Հանդիպում Դիլիջանի միջազգային դպրոցի սաների հետ

2015թ. հոկտեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Դիլիջանի միջազգային դպրոցի (Dilijan International School) սաների հետ:

Հանդիպում Դիլիջանի միջազգային դպրոցի սաների հետ

Հանդիպումը կազմակերպվել էր Դիլիջանի միջազգային դպրոցի նախաձեռնությամբ և նպատակ ուներ աշխարհի 12 երկրներից դպրոցում ուսանող աշակերտներին մոտիկից, տեղում ծանոթացնելու երկրի մշակույթին, պատմությանն ու մարդկանց:

Հանդիպման ընթացքում մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը ողջունեց Դիլիջանի միջազգային դպրոցի նման նախաձեռնությունը, աշակերտներին ընդհանուր գծերով ներկայացրեց ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանում կրթական և գիտամշակութային գործունեություն իրականացնող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առաքելությունը, հիմնարար արժեքներն ու ռազմավարական նպատակները:

Տնօրենը պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մասնաճյուղում գործող ֆակուլտետներին ու մասնագիտություններին, ընդունելության կարգին, այլ երկրներից մասնաճյուղում ուսանելու հնարավորությանը:

Մասնակիցների հարցերի ու պատասխանների միջոցով ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Հանդիպում Դիլիջանի միջազգային դպրոցի սաների հետ

Դպրոց-համալսարան կապն ու համագործակցությունը սերտացնելու նպատակով Ս.Առաքելյանը առաջարկեց հետագայում անգլերեն լեզվով կազմակերպել կլոր սեղան-քննարկում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Դիլիջանի միջազգային դպրոցի սաների մասնակցությամբ, նա պատրաստակամություն հայտնեց հանդես գալու ակնարկային դասախոսություններով:

Հանդիպման վերջում մասնաճյուղի տնօրենը Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտներին մաղթեց, որ Հայաստանում ստացած գիտելիքները նպատակային օգտագործեն իրենց երկրներում:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

2015թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ, որին մասնակցում էին ֆակուլտետի գիտական խորհրդի անդամները` ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Վ.Ալեքսանյանի նախագահությամբ:

Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում քննարկվեցին 2016 թվականին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կառուցվածքում ներդրվող «Սոցիալական աշխատանք» և «Տարրական մանկավարժություն» կրթական ծրագրերի ուսումնական պլաններին, 2015-2016 ուստարվա 1-ին միջանկյալ քննությունների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

2016-2017 ուստարում Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կառուցվածքում ներդրվող «Սոցիալական աշխատանք» և «Տարրական մանկավարժություն» կրթական ծրագրերի վերաբերյալ նշվեց, որ այդ երկու նոր մասնագիտությունները ԵՊՀ ԻՄ-ում ներդնելիս հաշվի են առնվել մասնագետների, արտաքին շահակիցների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների կարծիքները ՀՀ-ի և հատկապես տարածաշրջանի աշխատաշուկայում դրանց ունեցած մեծ պահանջարկի վերաբերյալ:

«Տարրական մանկավարժություն» մասնագիտության հետ կապված` մասնավորապես նշվեց, որ մարզի տարրական դասարաններում առկա է դասավանդողների խիստ պակաս:

«Սոցիալական աշխատանք» մասնագիտության կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի արտաքին շահակից, «ՍՕՍ» մանկական գյուղ «Իջևան» ծրագրի տնօրեն Սպարտակ Սարգսյանը նշեց, որ այսօր նկատելի է սոցիալական աշխատողի դերի բարձրացում: Իջևանում և հարակից գյուղերում ներկայումս կա 388 երեխա, 151 ընտանիք, որոնց հետ կատարվում է սոցիալական աշխատանք:

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզին անհրաժեշտ են բազային կրթություն ունեցող որակյալ կադրեր սոցիալական աշխատանքի ոլորտում:

Նշվեց նաև, որ «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագիրը կիրականացվի տեղի և ԵՊՀ-ից հրավիրված մասնագետների ուժերով:

Այսպիսով` նիստի ընթացքում հաստատվեցին 2016թ. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կառուցվածքում ներդրվող «Սոցիալական աշխատանք» և «Տարրական մանկավարժություն» կրթական ծրագրերի ուսումնական պլանները:

2015-2016 ուստարվա 1-ին միջանկյալ քննությունների ընթացքը գնահատվեց բավարար:

 

Քարվաճառում համալսարանականները մասնակցեցին խաչքարի օծման արարողությանը

2015թ. հոկտեմբերի 18-ին ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության նախագահ Ռ.Դավթյանի և փոխնախագահ, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանի անմիջական նախաձեռնությամբ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստյանի, Հաղարծնի վանքի լուսարարապետ հայր Սամվել աբեղա Մխիթարյանի ձեռամբ, մի խումբ երկրապահ կամավորականների և համալսարանականների մասնակցությամբ Քարվաճառում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն:

Համալսարանականները մասնակցեցին խաչքարի օծման արարողությանը

Այն կերտված էր Նոր Ջուղայի խաչքարերի ճարտարապետական ոճով և նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին: Օծման արարղության ժամանակ Մեծ եղեռնը նորովի հառնեց ներկաների առաջ: Նոր Ջուղան և բովանդակ կորուստները հիշատակող խաչքարը տեղադրված էր նվիրական հայորդիների արյամբ ազատագրված հայրենի հողի վրա:

Համալսարանականները մասնակցեցին խաչքարի օծման արարողությանը

Սուրբ Էջմիածնից բերված մեռոնի հենց առաջին կաթիլներով սրբազանը օծեց խաչքարը: Տերունական աղոթքն առ Աստված հղող ներկաները ջինջ երկնքում նկատեցին արծվի թռիչքը: Քիչ այն կողմ լսելի էին պատշարի մուրճի համաչափ թրխկոցն ու նույն բակում կանգնած փոքրիկի աշխույժ արտասանությունը: Այս ամենը հսկում էր Մռավ լեռան գագաթին խրոխտ կանգնած զինվորը:

ՀԵՀ-ը փոխհատուցեց մասնաճյուղի 19 ուսանողի ուսման վարձը

2015թ. հոկտեմբերի 13-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում ՀԵՀ-ի կազմակերպած ուսման վարձի փոխհատուցման համար մասնաճյուղից ընտրված ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր:

ՀԵՀ-ը փոխհատուցեց մասնաճյուղի 19 ուսանողի ուսման վարձը

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, ուսանողներ:

ՀԵՀ-ը փոխհատուցեց մասնաճյուղի 19 ուսանողի ուսման վարձը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության ու կրթության և գիտության նախարարության աջակցությամբ փոխհատուցել է ՀՀ սահմանամերձ որոշ համայնքների (Արարատի մարզ՝ Երասխ, Գեղարքունիքի մարզ՝ Վահան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզ՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Տավուշի մարզ՝ Ն.Կ. Աղբյուր, Ոսկևան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վ.Կ. Աղբյուր) պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող ուսանողների 2015-2016 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձը։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ՀԵՀ-ի կազմակերպած ուսման վարձի փոխհատուցում են ստացել հետևյալ ուսանողները.

1. Չոբանյան Աստղիկ («Հայոց լեզու և գրականություն», 1-ին կուրս),

2. Առուստամյան Վահե («Հայոց լեզու և գրականություն», 1-ին կուրս),

3. Ավագյան Մոնիկա («Հայոց լեզու և գրականություն», 1-ին կուրս),

4. Ծովանյան Լիանա («Հայոց լեզու և գրականություն», 1-ին կուրս),

5. Հովսեփյան Լուսինե («Պատմություն», 1-ին կուրս),

6. Բաբուռյան Փառանձեմ («Պատմություն», 1-ին կուրս),

7. Քոչարյան Մարիամ («Պատմություն», 1-ին կուրս),

8. Միքայելյան Իրինա («Անգլերեն լեզու և գրականություն», 1-ին կուրս),

9. Շահնազարյան Նարա («Անգլերեն լեզու և գրականություն», 1-ին կուրս),

10. Մարկոսյան Նարե («Անգլերեն լեզու և գրականություն», 1-ին կուրս),

11. Ճաղարյան Լիաննա («ֆրանսերեն լեզու և գրականություն», 1-ին կուրս),

12. Շահնազարյան Էմմա («ֆրանսերեն լեզու և գրականություն», 1-ին կուրս),

13. Չոբանյան Մելինե («Մանկավարժություն և հոգեբանություն», 1-ին կուրս),

14. Օհանջանյան Ռաիսա («Մանկավարժ. և հոգեբ.», 1-ին կուրս),

15. Եգանյան Լուսինե («Սերվիս», 1-ին կուրս),

16. Սարհատյան Կոլյա(«Ինֆորմ. և կիրառական մաթեմ.», 1-ին կուրս),

17. Մելքումյան Աշխեն («Կիրառական արվեստ», 1-ին կուրս),

18. Հարությունյան Արեն («Կիրառական արվեստ», 1-ին կուրս),

19. Ավագյան Աննա («Դիզայն», 1-ին կուրս):

Հանդիպման ընթացքում պարոն Առաքելյանը ողջունեց ուսանողներին, նրանց կոչ արեց լինել նախաձեռնող, ուսումնատենչ, մասնակցել տարբեր ծրագրերի ու մրցույթների, այնուհետև նրանց հանձնեց հավաստագրերը: