Տնօրենության նիստ

1. գլխավոր 

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2023թ. մարտի 4-ին Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության նիստ:

Նիստում քննարկվեցին 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծությանը, բակալավրի ավարտական աշխատանքների կատարման ընթացքին, 2023թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, հեռակա ուսուցման` 2022-2023 ուստարվա մագիստրոսական թեզերի պաշտպանությանը, 2022-23 ուստարվա հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանի (առանց լուծարքային շրջանի) ամփոփմանը և 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող օրակարգային հարցերը:

Ընթացիկ հարցերը վերաբերում էին հեռակա ուսուցման ուսանողների իրավունքների վերականգնման ընթացքին, մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպմանը:

Առաջին հարցի մասին նշվեց, որ հեռակա ուսուցման համակարգում 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը 19 է (18-ը՝ եզրափակիչ գնահատումով, իսկ 1-ը՝ առանց եզրափակիչ գնահատման): Առանց եզրափակիչ գնահատման դասընթացների աշխատանքների ընդհանուր թիվը 11 է, եզրափակիչ գնահատումովը՝ 277:

Աշխատանքների ընդհանուր թիվը պետք է 288 լիներ, որից չի ներկայացվել 34 աշխատանք, 0 է գնահատվել` 71 աշխատանք, 1 միավոր՝ 6 աշխատանք, 2 միավոր՝ 52 աշխատանք, 3 միավոր գնահատվել է 41 աշխատանք, 4 միավոր՝ 50 աշխատանք, 5 միավոր՝ 30 աշխատանք, 1-ական ուսանողի աշխատանք՝ 6 և 7, 8 միավոր՝ 2 աշխատանք, 9 և 10 միավորներ չեն եղել:

Բակալավրի ավարտական աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Ներկայացնելով աշխատանքների կատարման ընթացքը ըստ կուրսերի՝ նրանք նշեցին, որ առկա ուսուցման համակարգում աշխատանքները պատշաճ կերպով իրականացվում են, և ընթացքը կարելի է գնահատել բավարար՝ ի տարբերություն հեռակա ուսուցման համակարգի, որտեղ աշխատանքների իրականացման վիճակը բավարարի հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել, մասնավորապես՝ ժամկետների վերաբերյալ ևս մեկ անգամ ծանուցել ուսանողներին, որ հանդիպեն ղեկավարների հետ՝ համապատասխան ցուցումների, խորհրդատվության և շտկումների համար:

Հաջորդ հարցի կապակցությամբ քննարկվեցին դեկանների կողմից ըստ մասնագիտությունների ներկայացված 2023թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Տնօրենը դեկաններին հանձնարարեց առաջադրված թեկնածուների հետ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի սեղմ ժամկետներում հաստատվեն նրանց թեկնածությունները:

Հեռակա ուսուցման` 2022-2023 ուստարվա մագիստրոսական թեզերի պաշտպանության վերաբերյալ նշվեց, որ ս.թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել է «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը: Պաշտպանությանը մասնակցում էր 13 ուսանող (1 ուսանող նախորդ տարվանից): 7 ուսանող ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ», գերազանցության դիպլոմ կստանա 6 շրջանավարտ:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գոհունակություն է հայտնել շրջանավարտների պատրաստվածության մակարդակի վերաբերյալ: Աշխատանքների թեմաներն արդիական էին և նվիրված էին մանկավարժության ժամանակակից մեթոդներին վերաբերող խնդիրներին: Դրանց բնորոշ էին հետազոտական և փորձարարական տարրերի առկայությունն ու վերհանված խնդիրների համակողմանի ուսումնասիրությունը, շրջանավարտների կողմից մասնագիտական գրականության հմուտ շրջանառումը:

Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն առաջարկել է թեզերի թեմաները ձևակերպել ոչ ընդհանրական, այլ կոնկրետ և հստակ, ներկայացման ժամանակ համառոտ անդրադառնալ բոլոր բաժինների բովանդակությանը: Նաև առաջարկվել է մագիստրոսական թեզերը ղեկավարող պրոֆեսորադասախոսական աձնակազմի հետ իրականացնել վերապատրաստում:

Տվյալ հարցի մասին նշվեց նաև, որ ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրայի հեռակա ուսուցման «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության՝ 2023թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը տեղի կունենա ս.թ. մարտի 11-ին:

2022-23 ուստարվա հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանի (առանց լուծարքային շրջանի) ամփոփման և 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ քննաշրջանին մասնակցել է 473 ուսանող: Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ դրական գնահատականներ են ստացել 176, առարկայական պարտքեր ունեն 297 ուսանողներ: Ուսանողների առաջադիմությունը կազմում է 37.2%: Քննաշրջանին չի ներկայացել 27 ուսանող:

2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացը 2023թ. մարտի 7-ից սկսելու համար իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ կապված դասացուցակների, դասամատյանների, ըստ կուրսերի և խմբերի՝ լսարանային ֆոնդի բաշխման և այլնի հետ:

Ընթացիկ հարցերի կապակցությամբ որոշվեց, որ ելնելով քննաշրջանի արդյունքներից՝ 11 ուսանող դասընթաց է կրկնելու, 2 ուսանող հեռացվում է մասնաճյուղից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով:

Քննարկվեց նաև 8 նախկին ուսանողների ուսանողական իրավունքները ԵՊՀ ԻՄ-ի բակալավրատի հեռակա ուսուցման համակարգում վերականգնելու հարցը:

Հոգեբանական առցանց դաս-քննարկումներ

1. գլխավոր ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Մ․Ազիզյանը 2023թ. հունվար-փետրվար ամիսներին կազմակերպել է մի շարք հոգեբանական առցանց սեմինարներ և դասախոսություններ «Հոգեբանություն» կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման ուսանողների համար:

Առաջին՝ «Երազների վերլուծությունը վերլուծական հոգեբանության շրջանակում» թեմայով սեմինարի բանախոսն էր Վերլուծական հոգեբանության հայկական ասոցացիայի հիմնադիր-անդամ, կլինիկական հոգեբան, երազներում առկա սիմվոլների վերլուծության մասնագետ Անի Պապիկյանը։ Սեմինարի ընթացքում քննարկվեց, թե յուրաքանչյուր տարիքային խմբում ինչպես են երազներում դրևսորվում կոլեկտիվ անգիտակցականում առկա արխետիպերը, ինչ նշանակություն ունեն այդ սիմվոլները, թե ինչպես կարող է այդ սիմվոլների հետ աշխատել հոգեթերապևտը։

Երկրորդ հանդիպման բանախոսն էր Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հոգեբան, գեշտալտ թերապևտ, օժտված անձանց հետ աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող մասնագետ Վիկտորյա Ծատուրյանը, ով ներկայացրեց Հայաստանի համար շատ արդիական և քիչ ուսումնասիրված թեմա՝ «Օժտվածության  էությունը։ Ինչպե՞ս աշխատել օժտված անձանց հետ»։ Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան օժտված մարդկանց էությանը, բնութագրիչներին, տեսակներին, թե ինչպիսի դժվարություններ են ունենում օժտված դեռահասները դպրոցում, հասարակության մեջ, ինչպես կարող է իրենց աջակցել դպրոցի, կրթության հոգեբանը։

Երրորդ՝ «Աուտիզմի սպեկտորի խանգարման էությունը, հիմնական մոտեցումները» թեմայով դասախոսությունը վարեց հ․գ․թ․, դոցենտ, կիրառական վարքի վերլուծության մագիստրոս (ԱՄՆ-ում) Լիլիթ Գարգրցյանը: Դասախոսության ընթացքում ուսանողները ծանոթացան աուտիզմի սպեկտրի խանգարման էությանը, դրևսորումներին, ախտորոշմանը, ինչպես նաև հոգեբանական աշխատանքներ կատարելու մոտեցումներին։

Չորրորդ սեմինարի թեման («Ծնողների հետ աշխատանքի մեթոդական մոտեցումները») ուղղված էր ծնողավարությանը, այցելու երեխաների ծնողների հետ տարվող հոգեբանական աշխատանքին, և այն վարում էր անալիտիկ հոգեբան, թերապևտիկ աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող հոգեթերապևտ Լիլիթ Մանուկյանը: Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան մանկան թերապիայում ծնողների դերին, կարևորությանը, իմացան, թե ինչպես կարող են ներգրավել ծնողներին այցելու երեխայի խնդրի լուծման մեջ, և որոնք են ծնողի ներգրավման մեթոդական մոտեցումները:

Հինգերորդ՝ «Ոչ վերբալ վարքի հոգեբանություն» թեմայով սեմինարը վարեց հոգեբան, պրոֆայլինգի մասնագետ, ռազմական հոգեբանության, ոչ վերբալ հաղորդակցման մասնագետ Գրիգորի Բադալյանը: Սեմինարի շրջանակում նա խոսեց ոչ վերբալ հաղորդակցման, ժեստերի, տեմբրի, ձայնի էության, նշանակության, փոփոխության մասին, թե ինչպես կարող ենք դրանք «կարդալ», որոնք են հույզերի դրսևորման ձևերը և այդ դրսևորումների փոփոխման պատճառները: Սեմինարի ընթացքում ուսանողները փորձեցին վերլուծել մի շարք քաղաքական գործիչների ոչ վերբալ ազդակները:

Այս արտալսարանային առցանց դասերի շնորհիվ ուսանողները կարողացան ընդլայնել իրենց մասնագիտական գիտելիքները և զարգացնել պրակտիկ որոշ հմտություններ:

ԵՊՀ ԻՄ-ում շարունակվում են «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը աշխատանքային գործընթացում» թեմայով վերապատրաստումները

1. գլխավոր Ելնելով ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի 1.1.4 խնդրի (Բարձրորակ մարդկային ռեսուրսներ) 3-րդ գործողության պահանջներից՝ 2023թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 7-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը աշխատանքային գործընթացում» թեմայով՝ 10 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստումը:

 Դասընթացը վարում է Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի աշխատակից Աննա Մանուչարյանը:
ԵՊՀ ԻՄ-ի վարչական անձնակազմի և գրադարանի աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստմանը մասնակցում են շուրջ 2 տասնյակ աշխատողներ:
Վերապատրաստման առաջին օրը տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը և փոխտնօրեն Մ.Օթարյանը իրենց խոսքում ընդգծեցին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գրագետ և արդյունավետ կիրառման կարևորությունը աշխատանքային գործընթացներում:

 Պարոն Մակարյանը մասնավորապես նշեց. «Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման սահմանները գնալով ավելի ու ավելի են ընդլայնվում: Եվ այս համատեքստում պատահական չէ այն փաստը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը համարվում է կրթական գործընթացի կատարելագործման և բարեփոխման անհրաժեշտ գործոններից մեկը: Մասնավորապես՝ համակարգչային աջակցությունն ուսումնական և աշխատանքային գործընթացին հնարավորություն է տալիս բարձրացնելու կրթության հասանելիության մակարդակը, որն էլ իր հերթին նպաստում է անձնային և մասնագիտական կոմպետենցիաների զարգացմանը, աշխատանքների կատարման որակի բարելավմանը»:

 Շեշտվեց, որ ուսումնական գործընթացներում տեղի ունեցող արմատական փոփոխություններն ինքնին ստիպում են նպատակաուղղված բարեփոխումներ իրականացնել վարչական և օժանդակ անձնակազմի աշխատանքներում, մշակել աշխատակիցների վերապատրաստման նոր ծրագրեր, արդյունավետ ուղիներ և մեթոդներ, որոնցից մեկն էլ տվյալ վերապատրաստման ծրագիրն է:

Ամփոփվեցին Վերոնիկ Նուեի՝ մասնաճյուղ կատարած այցի արդյունքները

1. գլխավոր

 Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի և փոխտնօրեն Մհեր Օթարյանի հետ 2023թ. մարտի 3-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ամփոփվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ Վերոնիկ Նուեի կատարած երեքշաբաթյա այցի արդյունքները: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մարդանյանը:

Ս.թ. փետրվարի 10-ից Փարիզի Ստեֆան Մալարմեի անվան քոլեջի դասախոս Վ.Նուեն ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների համար վարում էր ֆրանսերենի բանավոր հաղորդակցման հմտությունները զարգացնող դասընթաց:

Տիկին Նուեն հանդիպման ընթացքում խոսեց ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների՝ ֆրանսերենով հաղորդակցվելու հմտությունների բարձր մակարդակի մասին, որպես ուրախալի փաստ՝ նշեց, որ «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներն էլ ազատ հաղորդակցվում են ֆրանսերենով և սիրում են այդ լեզուն:

Վերոնիկ Նուեն անչափ տպավորվել էր ոչ միայն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի  ղեկավարության, դասախոսական անձնակազմի և ուսանողների կողմից իր հանդեպ ցուցաբերված ջերմ վերաբերմունքով և ընդունելությամբ, այլև Տավուշի գողտրիկ բնությամբ, մարդկանց հյուրընկալությամբ ու տեսարժան վայրերով: Նշենք, որ մասնաճյուղ կատարած այցի ընթացքում ֆրանսիացի հյուրի համար իրականացվել է էքսկուրսիա դեպի Գոշավանք, Հաղարծնի վանական համալիր, Մակարավանք, Ենոքավան (Լաստիվեր), Ակնաղբյուր (Վարդան Մամիկոնյանի կաղնին), որտեղ կազմակերպվել է նաև գյուղական հյուրասիրություն: Այդ ամենի համար ԵՊՀ ԻՄ-ի տնօրենությանը իր գոհունակությունն ու շնորհակալությունն արտահայտեց Վ.Նուեն և հույս հայտնեց՝ կրկին այցելելու մասնաճյուղ:

Պարոն Մակարյանը ևս շնորհակալություն հայտնեց տիկին Նուեին արդյունավետ փոխգործակցության համար՝ ակնկալելով, որ համագործակցությունը կշարունակվի առկա կամ առցանց դասընթացների ձևաչափով՝ ֆրանսիացի այլ գործընկերների ևս ներգրավելու հնարավորությամբ:

Հանդիպման վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը մասնաճյուղի անունից Վերոնիկ Նուեին նվիրեց «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Իննա Եգանյանի «Գարուն» վերնագրով աշխատանքը (ղեկ.՝ Ա.Չիբուխչյան):

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական կազմակերպության ներկայացուցիչները մասնաճյուղում

1. գլխավոր 2023թ. մարտի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները՝ ՀԿ նախագահ Արշակ Շահենյանը, որակյալ բովանդակության պատասխանատու Մհեր Բեքարյանը, միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը և դասընթացների պատասխանատու Արտաշես Թադևոսյանը:

Հյուրերը հանդիպեցին տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի և փոխտնօրեն Մ.Օթարյանի հետ, քննարկեցին երկկողմ համագործակցության մոտակա ծրագրերը:

2023թ. փետրվար ամսից ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկած «Պատմություն» և «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողների մասնագիտական պրակտիկաները, որոնք ղեկավարում են Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ Ն.Գրիգորյանը և Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դեցենտ Վ.Աղաբաբյանը, իրականացվել են «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ համագործակցության հուշագրի շրջանակներում: Վերջինիս նպատակն է զարգացնել Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու ուսանողների հմտությունները, բարելավել հայերենով պատմության և գրականության թեմաներով համացանցում առկա հոդվածները և ստեղծել նորերը:

Իրականացվող մասնագիտական պրակտիկաների շնորհիվ ուսանողները ներգրավվում են խմբային աշխատանքներում, հավաքագրում և համակարգում են Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մասին տեղեկությունները, իրականացնում են սկզբնաղբյուրների հետ աշխատանքներ:

ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները կարևորեցին մեր ուսանողների և դասախոսների կողմից կատարվող աշխատանքները, վերլուծեցին նրանց պատրաստած նյութերը և հեղինակներին տրամադրեցին անհրաժեշտ խորհրդատվություն: