Դպրոցականների այցելությունները մասնաճյուղ

1. գլխավոր

2022թ. մայիսի 31-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կրկին հյուր­ընկալվել էին Իջևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալ­սարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանի և Իջևանի ավագ դպրոցի ուսուցիչ Ս.Տերտերյանի ուղեկցությամբ:

Այցելության նպատակն էր ավագ դպրոցի սաներին ծանոթացնել համալսարանական միջավայրին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործու­նեությանը, կրթական ծրագրերին, բուհում ընթացող գործընթացներին և կենտրոնների կողմից իրականացվող աշխատանքներին:

Աշակերտները Լ.Բեգինյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին մասնաճյուղում, ծանոթացան համալսարանի պատմությանը, ֆակուլտետների գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին և հնարավորություններին:

ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում և «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում դպրոցականները ստացան տեղեկատվություն կենտրոնների գործունեության, հասարակությանն առաջարկվող ծրագրերի և հնարավորությունների մասին:

2022թ. մայիսի  14-ին ճանաչողական այցով մասնաճյուղ էին այցելել Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները դպրոցի հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Մ.Խառատյանի ուղեկցությամբ:

Աշակերտների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր բնական գիտությունների ոլորտը: Դպրոցականները տեղեկատվական տեխնո­լոգիա­ների վերաբերյալ մասնաճյուղում կարճ դասախո­սություններ են լսել Բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահում, Բնագիտության և համակարգչային տեխնի­կայի ուսումնական լաբորատորիայում, հանդիպումներ են ունեցել Ծրագրավոր­ման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխ. գ. թ., դոցենտ Ա.Հովա­կիմ­յանի և տեխ. գ. թ., դոցենտ Ռ.Յոլչյանի հետ: Համալսարանի դասախոսները դպրոցականների հետ խոսել են ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից նախագծերի, զարգացման հեռանկար­ների և աշխատաշուկայի պահանջարկի մասին:

Աշակերտները, մեծ հետաքրքրությամբ լսելով բուհի ներկայացուցիչներին, ուղղել են իրենց հարցերը, ստացել խորհուրդներ, որոնք վերաբերել են ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում ուսումնառելու համար կարևոր համարվող հանրակրթական առարկաներին:

Այս այցելությունները կրում են պարբերական բնույթ և դպրոցականներին հնարավորություն են տալիս համապարփակ պատկերացում կազմել համալսարանական կրթության և ուսանողական առօրյայի մասին:

 

 

 

«Զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ աշխատանքի մեթոդները և ուղղություններ» թեմայով բաց դաս-քննարկում

1. գլխավոր

 2022թ. մայիսի 31-ին մասնագիտական պրակտիկայի շրջանակում «Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկությունները և նրանց հետ աշխատանքի ուղղությունները» թեմայով բաց դասքննարկում, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:

Դաս-քննարկմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ա.Ներսիսյանը և «Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները:

Քննարկման նպատակն էր ներկայացնել մասնագիտական պրակտիկայի շրջանակում իրականացված աշխատանքները,  հետազոտություններն ու արդյունքների վերլուծությունը:

Դաս-քննարկման ընթացքում ուսանողները ներկայացրին զարգացման տարբեր խնդիրներ (աուտիզմ, մանկական ուղեղային կաթված, մուտիզմ, ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշ, ինտելեկտուալ ոլորտի խնդիրներ, Դաունի համախտանիշ) ունեցող երեխաների առանձնահատկությունների, նրանց հետ աշխատանքի ուղղությունների և մեթոդների վերաբերյալ զեկուցումներ:

Մասնագիտական պրակտիկայի ղեկավար Ա.Մարտիրոսյանը ներկայացրեց պրակտիկայի ընթացքում իրականացված գործողությունները:

Վերջում ելույթ ունեցան Լ.Բեգինյանը և Ա.Ներսիսյանը՝ ընդգծելով մասնագիտական պրակտիկայի կարևորությունը ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու գործընթացում:

«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ա.Ներսիսյանը ուսանողներին նվիրեց քննարկման թեմային վերաբերող մասնագիտական գրականություն:

Իջևան-Սբ.Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի-Տեղերի վանք-Ամբերդ-Սևանավանք երթուղով այցելություններ ուսումնական պրակտիկայի ընթացքում

1. գլխավոր

 2022թ. մայիսի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ (առկա) և 3-րդ (հեռակա) կուրսերի ուսանողները ուսումնական պրակտիկայի ղեկավարների՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, մ.գ.թ. Հ. Ազիզյանի, ասիստենտ Պ.Ասիլբեկյանի և դասախոս Ս.Սաֆարյանի գլխավորությամբ ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան-Սբ. Մեսրոպ Մաշտոցի եկեղեցիՏեղերի վանքԱմբերդՍևանավանք երթուղով:

Ուսանողները ներկայացրին զբոսաշրջային օբյեկտների մասին տեղեկություններ՝ ընդգծելով նրանց առանձնահատկությունները և զբոսաշրջային երթուղիներում ունեցած դերն ու նշանակությունը:

Երթուղու առանցքային կետն Ամբերդ ամրոցն էր իր հարակից տարածքներով: Ամրոցն իր զբոսաշրջային գրավչությամբ կարևոր դերակատարում ունի ՀՀ զբոսաշրջության մեջ: Այն Հայաստանի կարևորագույն ռազմապաշտպանական անառիկ հենակետերից մեկն է եղել:

Ուսանողները ծանոթացան Սևանավանքին և հարակից տարածքի զբոսաշրջային ենթակառուցվածքներին: Դրանք հայտնի են որպես հաջողված զբոսաշրջային ռեսուրս, որի վկայությունն էր նաև զբոսաշրջիկների մեծ հոսքը:

Ուղևորության ընթացքում պրակտիկայի ղեկավարներն ուսանողներին ներկայացրին Արագածոտնի մարզի բնառեկրեացիոն ներուժը, պոտենցիալը և հնարավորությունները, ենթակառուցվածքների առկայությունը, բացակայությունը: Ուսանողները նաև իրականացրին ենթակառուցվածքների իրավիճակային գնահատում, այս կամ այն ռեսուրսի արդյունավետ օգտագործման գաղափարների քննարկում:

Ուսումնական պրակտիկան շարունակվում է, և ծրագրով նախատեսված երթուղիների  իրականացման ընթացքում ուսանողների գործնական գիտելիքներն ու հմտություններն ավելի կխորանան:

 

Բոլոնիայի համալսարանի մասնագետները ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի համար իրականացրին վերապատրաստման առցանց դասընթաց

1. գլխավոր

 2022թ. մայիսի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Ս.Մինասյանի աջակցությամբ կազմակերպել էր «Moodle էլեկտրոնային ուսուցման համակարգի կիրառման միջազգային փորձը» վերապատրաստման առցանց դասընթացը:

Վերապատրաստումը վարում էին Բոլոնիայի համալսարանի մասնագետները՝ Բոլոնիայի համալսարանի CLA լեզվաբանական կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Վանիո Պրետին, դասախոսներ Սիմոնա Բերարդին և Լյուդմիլա Բուգլագովան:

Դասընթացին, որի աշխատանքային լեզուն ռուսերենն էր, մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, ԿԲԴՎ բաժնի աշխատակիցները, մասնաճյուղի ավելի քան 2 տասնյակ դասախոսներ և աշխատակիցներ:

Վերապատրաստման դասընթացի սկզբում Վանիո Պրետին անդրադարձավ Բոլոնիայի համալսարանում Moodle համակարգի ներդրման գործընթացին: Նա նշեց, որ դեռևս 2006 թվականից դասախոսներն իրենց ուսումնական նյութերը ձևավորել և սկսել էին տեղադրել Moodle-ում: Սակայն համակարգն առավել լայն կիրառություն ստացավ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ ուսուցումն անցկացվում էր առցանց:

Այնուհետև դասախոսներ Սիմոնա Բերարդին և Լյուդմիլա Բուգլագովան դասընթացի մասնակիցներին ներկայացրին իրենց փորձը, առցանց համակարգի  առավելություններն ու թերությունները:

Շեշտվեց, որ համակարգը հնարավորություն է տալիս դասընթացի առցանց տիրույթում ներմուծել անհրաժեշտ դասախոսությունների ուսուցման նյութեր (ppt, pdf, text, html, video, audio, doc և այլ ֆորմատներով), նախագծել հարցաշար, ստեղծել ֆորում, ավելացնել քննարկումներ, ստեղծել զրուցարան, վերահսկել ուսանողների աշխատանքները: Այն թույլ է տալիս ուսանողին ստեղծել ֆորումի թեմա իրեն հետաքրքրող հարցի վերաբերյալ, ստեղծած թեմայի շուրջ գրել իր կարծիքը, կազմակերպել արագ քվեարկություն «Հարցում» բաժնում՝ թեմայի ընտրությունը կամ դասընթացի  ուղղությունը որոշելու համար: Չնայած թվարկված հնարավորություններին՝ համակարգը շարունակաբար զարգացվող նախագիծ է, մշտապես թարմացվում և կատարելագործվում է:

ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների և Բոլոնիայի համալսարանի դասընթացավարների միջև հարցուպատասխանի միջոցով տեղի ունեցավ քննարկում:

Դասընթացի վերջում Ա.Մակարյանը ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և աշխատակիցների կողմից շնորհակալություն հայտնեց դասընթացը կազմակերպելու և իրականացնելու համար: Նա հավելեց, որ ս.թ. սեպտեմբերից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ևս պարտադիր կիրառելու է Moodle համակարգը, և հույս հայտնեց, որ հետագայում էլ կկազմակերպվեն նմանատիպ արդյունավետ հանդիպումներ Բոլոնիայի համալսարանի գործընկերների հետ:

Մասնաճյուղում ընթանում է 2021-2022 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

1. գլխավոր

 2022թ. մայիսի 21-29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 8 կրթական ծրագրերով ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Ս.թ. մայիսի 21-ին հաջողությամբ կայացել են «Պատմություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Զբոսաշրջություն» և «Դիզայն» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

«Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Արման Ռաֆիկի Մարտիրոսյանը: «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («ԱԼԳ» և «ՖԼԳ» կրթական ծրագրերի) ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Ասատուրի Բադալյանը, «Զբոսաշրջություն» մասնագիտությանը՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը, «Դիզայն» մասնագիտությանը՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի դիզայնի ամբիոնի դոցենտ, ՀՀ ԴՄ անդամ Տիգրան Միհրանի Սոսոյանը:

Մայիսի 26-ին, 27-ին և 29-ին տեղի կունենան համապատասխանաբար «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆինանսներ (ըստ ոլորտի, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Բուհի վարչական համապատասխան ստորաբաժանումների՝ Ուսումնամեթոդական վարչության և ֆակուլտետների ղեկավարների հավաստմամբ՝ պաշտպանություններն անցկացվում են համաձայն գործող կարգի և հաստատված ժամանակացույցների, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները, ուսանողները և ավարտական աշխատանքների ղեկավարները պաշտպանություններին մոտենում են մեծ պատասխանատվությամբ:

Բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք իրենց ավարտական աշխատանքներն արդեն պաշտպանած այս տարվա մեր շրջանավարտներին՝ նրանց ցանկանալով նորանոր ձեռքբերումներ կյանքում և մասնագիտական ոլորտում, իսկ մյուս շրջանավարտներին մաղթում ենք ավարտական աշխատանքների բարեհաջող պաշտպանություն: