«Տավուշ» մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանի այցը մասնաճյուղ

1. գլխավոր (4)

 2022թ. ապրիլի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց «Տավուշ» մեդիայի խորհրդի նախագահ պարոն Նիկոլայ Գրիգորյանը:

Այցելության նպատակը ուսանողների ներգրավումն էր «Տավուշ» հեռուստաընկերության աշխատանքներում և հետագայում նրանց աշխատանքով ապահովումը:

Նախ՝ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ պարոն Գրիգորյանի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության բոլոր կուրսերի ուսանողների հետ Ն.Գրիգորյանի հանդիպումը, որին մասնակցեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հ.Վանյանը:      

Ուսանողության հետ հանդիպման ընթացքում պարոն Գրիգորյանը ներկայացերց իր այցի նպատակը, խնդիրները, ուսանողների բազայի վրա տեղական կադրերի պատրաստման իր ողջունելի ծրագրի մասին, սիրով պատասխանեց ուսանողներին հետաքրքող բոլոր հարցերին:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել հետաքրքրված ուսանողներից դեկանի ղեկավարությամբ ձևավորել խումբ, որն առաջիկայում ճանաչողական այցով կհյուրընկալվի «Տավուշ» հեռուստաընկերությունում, տեղում մոտիկից կծանոթանա հեռուստաընկերության գործունեությանը, ուղղություններին ու ոլորտներին, աշխատակիցների գործառույթներին ու աշխատանքի հիմնական սկզբունքներին:  

Մասնաճյուղի ուսանողները՝ Տավուշի մարզային փրկարարական վարչությունում

1. գլխավոր

2022թ. ապրիլի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կամավորական փրկարարական կազմավորման ուսանողական խումբը Քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ Գ.Գուլակյանի ղեկավարությամբ ճանաչողական այց կատարեց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն:

Այցելության ընթացքում վարչության աշխատակիցները՝ ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Սաղաթելյանը և նույն վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, ավագ լեյտենանտ Նարեկ Սաֆարյանը, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին ծանոթացրին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» տարածքային ահազանգման կենտրոնի գործունեությանը:

Խոսվեց հրշեջ-փրկարարական ջոկատում առկա տեխզինվածության՝ մարտական հագուստ-հանդերձանքի, հրշեջ փողրակային տնտեսության,  որոնողափրկարարական աշխատանքների համար նախատեսված գույք-սարքավորումների տեխնիկական հնարավորությունների մասին:

Կարևորվեց կամավորների դերն ու նշանակությունը արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ, և ներկայացվեց, որ Կամավորական փրկարարական կազմավորման խմբի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նախատեսվել է կազմակերպել համատեղ վարժանքներ:

Իջևանի ավագ դպրոցի աշակերտների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1. գլխավոր2022թ. ապրիլի 16-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էին Իջևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի մասնագետ Ն.Ղազարյանի ուղեկցությամբ:

Այցելության նպատակն էր աշակերտներին ծանոթացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործու­նեությանը, համալսարանական միջավայրին, աշակերտների հետաքրքրություններին համապատասխանող կրթական ծրագրերին, դասընթացներին, բուհում ընթացող գործընթացներին:

Շրջագայելով համալսարանում՝ նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու մասնաճյուղի գործուն­եությանը, մասնավորապես՝ Կիրառական արվեստի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետ­ներին: Դեկանների և դասախոսների հետ շփումների ընթաց­քում դպրոցականները ստացան գործնական խորհուրդներ ու տեղեկատվություն իրենց նախընտրելի մասնագիտությունների, մասնաճյուղի հնարավո­րությունների, ընդունելության գործընթացի, ինչպես նաև ուսանո­ղական առօրյայի վերաբերյալ:

Համալսարանի դասերին ունեցած մասնակցությունը ապագա ուսանողների համար հնարավորություն էր հասկանալու դպրոցում և համալսարանում կրթության կազմակերպման տարբերություններն ու առանձնահատկությունները:

Այցելության ծրագրի մաս էր կազմում դպրոցականներին ծանոթացնելը մասնաճյուղում գործող կենտրոնների գործունեությանը: Հանդիպում-քննարկումներ իրականացվեցին ԵՊՀ ԻՄում գործող Գիտելիքի նորարարական հաբում, «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում: Աշակերտները աշխատակիցներից ստացան անհրաժեշտ տեղեկատվություն կենտրոնների կողմից կազմակերպվող աշխատանքների, հասարակությանն առաջարկվող ծրագրերի մասին:

 

 

 

Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառումներ մասնաճյուղում

1. գլխավոր2022թ. ապրիլի 15-ին և 16-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացան Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպել էր Օտար լեզուների  ամբիոնը (ի դեմս ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանի և ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Կարապետյանի):

Միջոցառումների լեզուն անգլերեն էր:

Ապրիլի 15-ին «Հայոց լեզու և գրականություն» ու «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողները դասախոս Աննա Կարապետյանի հետ միասին անգլերենի դասը վերածեցին փոքրիկ դաս-միջոցառման՝ նվիրված Սուրբ Հարության տոնին: Միջոցառման ընթացքում ուսանողները գեղեցիկ ու բովանդակալից տեսասահիկների միջոցով ներկայացրին Զատկի տոնի ծագումը, խորհուրդը, տոնի հետ կապված՝ տարբեր քրիստոնյա երկրներին բնորոշ ավանդույթները, ինչպես նաև իրենց ձեռքով պատրաստված զատկական որոշ ուտելիքներ: Այդ ամենի միջոցով ավելի լավ պատկերացում կազմվեց տոնի մասին, և որոշակիորեն հարստացավ անգլերենի բառապաշարը:

Ապրիլի 16-ին Քրիստինե Հարությունյանի կազմակերպած համանուն միջոցառման ընթացքում «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները ներկայացրին տոնի պատմությունը, ավանդույթները և խորհրդանիշները ԱՄՆ-ում և Հայաստանում, նշեցին նմանություններն ու տարբերությունները:

Մասնավորապես ներկայացվեց, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահվանից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»: Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:  Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Զատկի տոնին հավատացյալները հավկիթ են ներկում: Ներկված հավկիթը  համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

Միջոցառումն անցավ հաճելի մթնոլորտում, ավարտվեց ավանդական հավկթախաղով և տոնական հյուրասիրությամբ:

 

Պրոֆեսոր Հ.Կարապետյանի անվան երկրաբանական շրջիկ թանգարանը մասնաճյուղում

1. գլխավոր 2022թ. ապրիլի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պրոֆ. Հ.Կարապետյանի անվան երկրաբանական շրջիկ թանգարանը՝ միներալների 100 բացառիկ ցուցանմուշներով:

Թանգարանն իր առջև խնդիր է դրել և իրականացնում է գիտակրթական և սոցիալ-մշակութային համատեղ ծրագրեր ՀՀ տարբեր բուհերի հետ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբոնի ասիստենտ Պավել Ասլիբեկյանը՝ նշելով հանդիպման կարևորության և անհրաժեշտության մասին:

Զեկուցումով հանդես եկավ թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը՝ անդրադառնալով թանգարանի գործունեությանը, բաժիններին, իրականացվող ծրագրերին  և առաջիկայում կայանալիք  երիտասարդական գիտաժողովին՝ նվիրված Արա Ցոլակի Դիլդիլյանի նվիրատվության հիման վրա թանգարանում ստեղծված «Աշխարհի քարերը…» միներալների սրահի բացման 10-ամյակին:

Ուսանողների և դասախոսների ուղղած բազմաթիվ հարցերին սիրով պատասխանեց Գ.Գրիգորյանը և հավաստիացրեց, որ մարզի վերաբերյալ երկրաբանության ինստիտուտի գիտական ուսումնասիրություններն ավելի կհարստացնեն ուսանողների գիտելիքները:

Թանգարանի աշխատակիցներ Նարինե Պողոսյանը և Ռուբեն Դավթյանը  հետաքրքիր կերպով ու հանգամանորեն ներկայացրին շրջիկ թանգարանի ցուցանմուշները:

Անդրադարձ կատարվեց ցուցանմուշների ձեռքբերման պատմությանը, եզակի երկրաբանական գոյացություններ հանդիսացող միներալների տեսակներին, գիտական դասակարգումներին, տարբերակելու մեթոդներին, ՀՀ գունագեղ քարերի հանքավայրերին, օգտագործման բնագավառներին:

Խոսվեց ժամանակակից թանգարանների դերի և նշանակության՝ որպես ուսանողների ուսումնասիրությունների և ապագայում ՀՀ-ում թանգարանային տուրիզմի զարգացումը խթանելու համար հզոր բազայի մասին:

Թանգարանի հետ կնքված հուշագրի շրջանակներում մեր ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան կանցկացնեն նաև ՀՀ ԳԱԱ ԵԳԻ պրոֆ. Հ.Կարապետյանի անվան՝ հանրապետական նշանակության միակ երկրաբանական թանգարանում:

Երկկողմ համագործակցության կարևորությանն անդրադարձավ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ, «Թանգարանագիտություն» դասընթացի վարող, պ.գ.թ. Լ.Բեգինյանը:

Շրջիկ թանգարանի ցուցանմուշներին ծանոթացան շուրջ 70 այցելուներ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Զբոսաշրջություն» և «Պատմություն» մասնագիտությունների ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ: