ԵՊՀ ԻՄ-ի և Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալության միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Հուշագրի նորութ. նկարը - 3. IMG_85942022թ. փետրվարի 25-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ ի դեմս տնօրեն Սյուզաննա Պետրոսյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:

Կնքված հուշագրի նպատակը ՀՀ Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելն է:

Համագործակցության շրջանակներում կողմերը համատեղ կիրականացնեն մի շարք աշխատանքներ՝ ելնելով հուշագրով ամրագրված իրենց իրավունքներից ու պարտավորություններից:

Մասնավորապես «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հուշագրի շրջանակում՝

  • ՀԿ-ին կտրամադրի ԵՊՀ ԻՄ-ի տարածքը և գույքը համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար,
  • ՀԿ-ի հետ համատեղ կիրականացնի զբսաշրջության ոլորտի գիտահետազոտական և կրթական նախագծեր:

«Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը՝

  • իր կարողությունների սահմաններում կաջակցի ուսանողների մասնագիտական (գործնական) ուսուցման կազմակերպմանը. կապահովի անհրաժեշտ պայմաններ (ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման, հմտությունների և կարողությունների ձեռքբերման և զարգացման համար), ԵՊՀ ԻՄ-ի հետ միասին կսահմանի  գործնական ուսուցման ընթացքում ուսանողի կողմից անցկացվող մասնագիտական պրակտիկայի բովանդակությունը,
  • կնպաստի ԵՊՀ ԻՄ-ի գործունեության լուսաբանմանը և ճանաչելիության բարձրացմանը,
  • կօժանդակի մարզային նշանակության զբոսաշրջության զարգացման ծրագրերի իրականացման ժամանակ ԵՊՀ ԻՄ-ի մասնակցության ապահովմանը,
  • զբոսաշրջային արդյունքների մշակման աշխատանքներում կներգրավի ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին (որպես կամավորներ) և պրոֆեսորադասխոսական անձնակազմին՝ ըստ անհրաժեշտության,
  • ԵՊՀ ԻՄ-ին կաջակցի մտավոր ներուժի կարողություններով:

Հանդիպումն ավարտվեց համագործակցության ծրագրերի իրականացման երկկողմ պատրաստակամության արտահայտմամբ:

 

 

«Աշխատանքային իրավահարաբերություններ, առկա խնդիրներ, աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով վերապատրաստման դասընթաց

1․ գլխավոր

2022թ. փետրվարի 22-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում կայացավ «Աշխատանքային իրավահարաբերություններ, առկա խնդիրներ, աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով 4 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպել էր Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:

Դասընթացը վարում էր Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Լևոն Սահակյանը, այն նախատեսված էր ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի ու հաշվապահության աշխատակիցների, ֆակուլտետների դեկանների համար:

Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին գործատուի ներքին իրավական ակտերը, որով սահմանվում են ՀՀ իրավական ակտերի տեսակները և ստորադասությունը, դրանց մշակման, փորձաքննության, ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, գործողության դադարեցման, մեկնաբանման, պարզաբանման ու համակարգման ընդհանուր կարգը:

Լ.Սահակյանն անդրադարձավ աշխատողների հետ կնքվող պայմանագրերի տեսակներին (անորոշ և որոշակի ժամկետներով), աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերություններին:

Մասնավորապես նշվեց, որ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

Տրվեց աշխատանքային հարաբերությունների սահմանումը. դրանք ներկայացվեցին որպես աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններ, ըստ որոնց` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

Դասընթացն անցավ ակտիվ հարց ու պատասխանների, քննարկումների միջոցով. մասնակիցները բանախոսից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Կարինե Պողոսյանի հետ

Կ․Պողոսյանի նկարը

Տիկի՛ն Պողոսյան, ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը:

Իմ համալսարանական գործունեությունն սկսվել է 1998 թվականին՝ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո:

Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել աշխատանքային Ձեր գործունեության ընթացքում:

Կարծում եմ՝ յուրաքանչյուր սկսնակի համար նոր միջավայրում իր տեղը գտնելը հեշտ չի տրվում և ժամանակ է պահանջում, սակայն լուրջ դժվարություններ չեն եղել՝ շնորհիվ փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի:

-Ո՞րն է եղել ամենադժվար ժամանակահատվածը:

Ամենադժվար ժամանակահատվածն աշխատանքային գործունեության սկիզբն է եղել, որովհետև հարկավոր էր հարմարվել նոր կարգավիճակին, ճիշտ փոխհարաբերություններ ձևավորել մի կողմից գործընկերների, մյուս կողմից՝ ուսանողության հետ, բացի այդ՝ կայանալ մասնագիտական առումով:

-Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:

Ինչ-որ առանձնահատուկ պատմություն չեմ հիշում, միայն նշեմ, որ բավական ժամանակ մեր գործընկերներից ոմանք ինձ շփոթում էին ուսանողի հետ:

Տիկի՛ն Պողոսյան, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:

Տարբեր տարիքներում առանձին նախասիրություններ են ընդգծվել, բայց երաժշտության նկատմամբ սերն ու ընթերցանությունը կայուն նախասիրություններ են:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

Սիրով: Ամուսինս բժիշկ է, սակայն երեխաներս համալսարանական ուղին ընտրեցին: Ես և եղբայրներս մեր ընտանիքում համալսարանականների երրորդ սերունդն ենք: Պապս և ծնողներս ԵՊՀ-ի դասախոսներ են եղել երկար տարիներ. պատմաբան, լեզվաբան և մաթեմատիկոս: Ես ընտրել եմ հորս ուղին, եղբայրներս՝ մորս: Հիմա էլ երեխաներս են ճշգրիտ գիտության ճանապարհն ընտրել: Մաթեմատիկական գենն ավելի ուժեղ գտնվեց:

-Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

Լավատեսությունը, համբերատար ու նպատակասլաց լինելը:

 –Իսկ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

Ընտանիքս:

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:

-Հնարավորինս ազնիվ լինել բոլոր փոխհարաբերություններում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են աշխատանքի անցնելու ԵՊՀ ԻՄ -ում:

Խորհուրդ կտամ սիրով և նվիրվածությամբ տրվել աշխատանքին, սեփական գործունեությամբ միշտ բարձր պահել մեր բուհի անունն ու պատիվը, արժանապատվորեն ու հպարտությամբ կրել համալսարանականի կոչումը:

Գիրք նվիրելու օրվան նվիրված ցուցահանդես-միջոցառում մասնաճյուղում

1. գլխավոր

 2022թ. փետրվարի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրվան նվիրված ցուցահանդեսմիջոցառում, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղի համատեղ ջանքերով:

Ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ և հյուրեր:

Գրքերի ցուցադրության առաջին պլանում ներկայացված ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների վերջին տարիների հրատարակությունները հույս էին ներշնչում, որ հետագայում ևս մեր գիտական ներուժը ոչ միայն լավագույնս կծառայի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, այլև կնպաստի հանրապետության գիտամշակութային կյանքի զարգացմանը:

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ մասնավորապես նշելով. «Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Գիրքը մեր առօրյայի անբաժան մասն է, և գիրք նվիրելը՝ ամենաանկեղծ ու նվիրական առաքելությունը: Գրքի մշակույթը մարդկային հասարակության զարգացման լավագույն ցուցիչն է, և յուրաքանչյուրս պետք է առնչվենք, արժևորենք գիրքն ու ընթերցողին: Եթե գիրքը մտավոր հիմնասյուն է, ապա ընթերցողն էլ այն իրականություն դարձնողն է»:

Գիրք նվիրելու օրվա առթիվ համալսարանականներին շնորհավորական ուղերձ հղեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ իր խոսքում ընդգծելով, որ մարդն ու գիրքն օրգանական միասնություն են, և գրքի դերը մեր հասարակության մեջ, համալսարանական միջավայրում անփոխարինելի է: Ուրախությամբ անդրադառնալով ցուցադրված երկերին, որոնք ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների հեղինակած գրքերն էին, արտահայտեց մասնաճյուղի ղեկավարության պատրաստակամությունը՝ աջակցելու նոր գրքերի ստեղծման, դրանց լույսընծայման գործում: Պարոն Մակարյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին աջակցություն ցուցաբերած, գրքեր նվիրաբերած բոլոր անհատներին, հիմնարկություններին ու աշխատակիցներին:

Տնօրենության անունից շնորհակալագրեր փոխանցվեցին մասնաճյուղի գրադարանին բազմաքանակ նվիրատվություն կատարած ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին՝ Ա.Սարհատյանին, Ա.Հասանյանին, Գ.Առուշանյանին, Վ.Ավագյանին, Ռ.Աղուզումցյանին, Ս.Դավթյանին, Ա.Հովհաննիսյանին:

ԵՊՀ ԻՄ-ի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ., Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղի ղեկավար Մ.Զուրաբյանը իր և կենտրոնի կողմից գրքեր նվիրեց ներկաներին ու գրադարանին և նշեց, որ կենտրոնի նվիրատվությունները մասնաճյուղի գրադարանին կկրեն շարունակական բնույթ:

Գրքերին ձոնված տաղի «Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր…»  չարենցյան տողով, գրքերի հանդեպ իր բուռն սիրով ներկաներին տոնի առթիվ շնորհավորեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը՝ ընդգծելով գրքերի անփոխարինելի դերն ու նշանակությունը սերունդների հոգևոր զարգացման գործում և միջոցառման մասնակիցներին գրադարանի ֆոնդից նվիրելով գրքեր:

Վերջում իրենց դասախոսների հեղինակած գրքերն ուսանողները ստացան նվեր:

Կայացավ «Աշխատի՛ր մարզում» խորագրով հանդիպում-քննարկումը

1. գլխավոր2022թ. փետրվարի 15-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի շրջանակում ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ «Աշխատի՛ր մարզում» խորագրով հանդիպումքննարկումը:

Ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք, երիտասարդներ և ուսանողներ:

Հանդիպումքննարկման նպատակն էր ծրագրի մասին իրազեկել Տավուշի մարզի երիտասարդներին և հեռանկարային գործատուներին, գնահատել առկա մասնագիտական պահանջը տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում:

Հյուրերին ու երիտասարդներին ողջունեցին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ խոսելով մարզում ծրագրի իրականացման կարևորության, նպատակի, խնդիրների ու ակնկալիքների մասին:

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) թիմը նախ ներկայացրեց ծրագրի մանրամասները, իրականացման ուղղությունները, ապա անդրադարձավ մարզում ապրելու և աշխատելու մարտահրավերներին ու հնարավորություններին:

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, դիմելով երիտասարդներին ու գործատուներին, համոզմունք արտահայտեց, որ կարևոր է հավատալ ու շատ ջանքեր ներդնել, և արդյունքը սպասեցնել չի տա: Ներկայացնելով ծրագրի նպատակը, ուղղություններն ու անելիքները՝ նա ընդգծեց մարզի առանձնահատկությունը ՀՕՖ-ի համար, որը 2013 թվականից Բերդի տարածաշրջանում իրականացնում է «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» բազմաբաղադրիչ ծրագիրը: «Տավուշը մեզ համար շատ հարազատ տարածաշրջան է, քանի որ ՀՕՖ-ը վերջին 9 տարիներին իր խոշոր ծրագրերից մեկն իրականացնում է հենց Տավուշում՝ Բերդի տարածաշրջանում, որն արդեն ընդլայնվել է նաև դեպի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան։ Ուզում եմ շեշտել, որ ՀՕՖ-ը ծրագրեր իրականացնելիս առաջնորդվում է «կա՛մ պետք է ոչինչ չանել, կա՛մ անել առավելագույնս լավ» սկզբունքով։ Սա երկարաժամկետ ծրագիր է՝ 5 տարվա, իրականացնում ենք մեր երեք գործընկերների՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Ագրարային համալսարանի և CIVITTA խորհրդատվական ընկերության հետ։ Երեք հիմնական ուղղություններով է աշխատելու՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն/հյուրընկալություն, գյուղատնտեսություն», – նշեց պարոն Սարգսյանը՝ ընդգծելով, որ արդեն իսկ տեղի պոտենցիալ գործատուների հետ են սկսել աշխատել՝ հասկանալու վերջիններիս աշխատանքային պահանջները:

Մասնավոր հատվածի ներգրավման աշխատանքների համակարգող Ամալյա Եղոյանը, խոսելով ծրագրում երիտասարդների ներգրավման ու աշխատանքային նոր հնարավորությունների մասին, նշեց. «Մենք թաքուն նպատակ ու երազանք ունենք. Տավուշի մարզը դարձնել երրորդ տեխնոլոգիական մարզը Հայաստանում։ Վստահ եմ, որ այս ծրագիրը, իրոք, փոփոխություններ կբերի մարզի երիտասարդների կյանքում, մենք էլ՝ մեր հերթին, կաջակցենք դրա իրականացմանը»:

ՀՕՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը ներկայացրեց ծրագրի գյուղատնտեսության բաղադրիչը՝ մասնավորապես նշելով, որ Տավուշի մարզը հայտնի է իր գյուղատնտեսությամբ, բնությամբ, պաշարներով, բայց մեր ժամանակներում գյուղատնտեսությունը պահանջում է խելացի լուծումներ, ճիշտ որոշումներ, որոնց մասին կներկայացվի դասընթացներին: 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում: Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և Civitta Հայաստանի հետ համատեղ: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: