ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և “Armenian Volunteer Network” կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Հուշագրի կնքման նկար                   2021թ. օգոստոսի 30-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի) և “Armenian Volunteer Network” ԱՄՆում տեղակայված կրթական միջազգային կազմակերպության (ի դեմս տնօրեն Ս.Տերյանի) միջև Եվրոպական համալսարանում կնքվեց համագործակցության հուշագիր:

Հուշագրի կնքմանը մասնակցեցին նաև “Armenian Volunteer Network” կազմակերպության ծրագրերի համակարգող Ք.Տերյանը, նույն կազմակերպության հայաստանյան գրասենյակի համակարգող Հ.Թորոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի կրթական ծրագրի պատասխանատու Է.Թեմրազյանը:

Հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանում կրթության խթանմանը և բարելավմանը, միջազգային ակադեմիական կապերի ընդլայնմանը, գաղափարների և գիտելիքների փոխանակմանը, կամավորության խթանմանը և զարգացմանը:

Ներկա պահին “Armenian Volunteer Network” կազմակերպության կամավորներն արդեն «աշխատում են» մեր կրթօջախում. մասնաճյուղի ուսանողների համար իրականացվում են հեռավար դասընթացներ իսպաներենից և ռուսերենից։

Կնքված հուշագրով կողմերը պայմանավորվեցին խորացնել համագործակցությունը, մասնավորապես՝

  • հնարավորություններ ստեղծել կամավորների և պրակտիկանտների առկա և առցանց փոխանակումների համար՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում,
  • ուղիներ փնտրել՝ կամավորներին և պրակտիկանտներին համագործակցային հնարավոր փոխշահավետ հետազոտական ծրագրերում ընդգրկելու,
  • միջմշակութային ուսումնառության և հետազոտության խթանման համար ուսումնասիրել ֆակուլտետային ու գիտահետազոտական փոխանակումներին ուղղված նախաձեռնությունների իրագործելիությունը,
  • խթանել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագրերը,
  • ուսումնասիրել միջազգային ֆինանսավորման և ակադեմիական միջոցառումների համատեղ առաջարկների իրագործելիությունը,
  • նախաձեռնել քննարկումներ դասընթացների, գիտաժողովների, համատեղ հրատարակությունների և ակադեմիական ծրագրերի զարգացման վերաբերյալ,
  • կազմակերպել լրացուցիչ անվճար դասընթացներ՝ բուհի կարիքներին համապատասխան:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և “Armenian Volunteer Network” կազմակերպության միջև կնքված հուշագիրը տե՛ս այստեղ

 

Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

1․ գլխավոր- IMG_4859 2021թ. օգոստոսի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին վարչական ստորաբաժանումների ղեկավարները։

Տնօրենության նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանի քննարկում և հաստատում (զեկուցող՝ Ա.Մակարյան):
  2. 2021-2022 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին (զեկուցող՝ Ա.Մակարյան, Ա.Դավթյան, ֆակուլտետների դեկաններ):
  3. 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման ընթացքի մասին (զեկուցողներ՝ Ա.Դավթյան, ֆակուլտետների դեկաններ):
  4. Ընթացիկ հարցեր։

Նիստը բացեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը` ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Նա նշեց, որ ինչպես Մայր բուհում, այնպես էլ մասնաճյուղում 2021-22 ուստարվա առկա ուսուցման դասերն իրականացվելու են առկա եղանակով, որը թե՛ ուրախալի է, և թե՛ պարտավորեցնող. ուրախալի է, որ վերջապես հանդիպելու ենք մեր գործընկերներին և ուսանողներին, բայց, մյուս կողմից, պետք է բուհում խստիվ հետևենք հակահամաճարակային կանոնների պահպանմանը (ջերմաչափում, դիմակի կրում, ախտահանիչ նյութերի օգտագործում, ձեռքերի հաճախակի լվացում, սոցիալական հեռավորության պահպանում և այլն): Հարկ է հետևողական լինել և խմբերն այնպես կազմել, որ լսարաններում յուրաքանչյուր նստարանի մեկական ուսանող նստի։  Ա.Մակարյանը հույս հայտնեց, որ առկա եղանակով ուսումնական պարապմունքների կազմակերպումը կբարձրացնի ուսումնական գործընթացի՝ դասավանդման և ուսումնառության արդյունավետությունը։

Պարոն Մակարյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց և հաջող ու արդյունավետ աշխատանքային գործունեություն մաղթեց ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մ.Օթարյանին, որի թեկնածությունը երաշխավորել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հ.Հովհաննիսյանը:  

Տնօրենության նիստում քննարկվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը, որտեղ նախանշված էին 2021-2022 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված հիմնական աշխատանքները՝ իրենց պատասխանատուներով, ժամկետներով, համագործակցող ստորաբաժանումներով։

Տարեկան աշխատանքային պլանը համալրվել էր մեկ նոր դրույթով՝ «Ստորաբաժանումների ընթացիկ հաշվետվությունների ներկայացում», որի համաձայն՝ ամիսը մեկ անգամ տնօրենության նիստում որևէ ստորաբաժանում հանդես է գալու իր ընթացիկ գործունեության վերաբերյալ զեկուցմամբ։

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը:

2021-2022 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ պատրաստ են բոլոր դասացուցակները, և դրանք կտեղադրվեն մասնաճյուղի կայքէջում: Ժամատախտակը ևս պատրաստ է և ուղարկվել է Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչին։  Ներկա պահին իրականացվում է ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հրամանագրման գործընթացը:

Որոշվեց՝ 2021-2022 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը համարել բավարար:

2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման ընթացքի մասին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ այն անցկացվելու է տեղում՝ առկա եղանակով։ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2020-21 ուստարվա 2-րդ կիսամյակի առաջին լուծարքային շրջանը կսկսվի ս.թ. օգոստոսի 30-ից և կտևի մինչև սեպտեմբերի 7-ը: Երկրորդ լուծարքային շրջանը կտևի սեպտեմբերի 14-21-ը: Արդեն հաստատված են առարկայական հանձնաժողովների կազմերը, կազմված են ժամանակացույցները, որոնց համաձայն՝ կիրականացվի լուծարքային շրջանը:

Որոշվեց՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման ընթացքի մասին Ա.Դավթյանի, ֆակուլտետների դեկանների զեկուցումներն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ հարցերը վերաբերում էին մասնաճյուղի աշխատակիցների աշխատանքային կարգապահությանը, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2026 թթ․ ռազմավարական ծրագրի մշակման ընթացքին, ուսումնական պարապմունքները առկա եղանակով կազմակերպելու պայմաններում հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

 

 

Մեր դասախոսն արժանացել է միջազգային մրցանակի

1. գլխավոր -  Levon_Lachikyan

 Ղազախստանի Ալմաթի քաղաքում վերջերս կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 18-րդ միջազգային մրցույթում Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել 10 անվանակարգերում՝ «Իմ երկիրը», «Համագործակցություն», «Մշակույթների երկխոսություն», «Գիտություն և կրթություն», «Նկարազարդման արվեստ» և այլն:

Ուրախալի է, որ մեր երկրի 3 հրատարակչությունների («Զանգակ-97», «Նահապետ» և «Էդիթ Պրինտ») ներկայացրած գրքերից ու ալբոմներից 8-ն արժանացել է մրցանակային պատվավոր տեղերի: Դրանց շարքում է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Լևոն Լաճիկյանի «Հայկական եկեղեցիներ» բացիկաշար-հավաքածուն, որը հաղթող է ճանաչվել «Գիտություն և կրթություն» անվանակարգում:

Բացիկաշարն ընդգրկում է Հայաստանում և արտերկրում (Իրան, Թուրքիա, Լիբանան, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն) դարեր առաջ ու մեր օրերում կառուցված հայկական պաշտամունքային կառույցների 24 գրաֆիկական թերթեր:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված հենց «Գիտություն և կրթություն» անվանակարգում ստացած մրցանակը, հեղինակն այսպես պատասխանեց. «Բանն այն է, որ բացի հայկական 24 եկեղեցիների գծանկարներից՝ յուրաքանչյուր բացիկի դարձերեսին կարելի է 2 լեզվով՝ հայերեն ու անգլերեն, գտնել տվյալ հուշարձանի ստեղծման պատմությունը, գեղարվեստական առանձնահատկությունները և այլ մանրամասներ, որոնք ունեն ճանաչողական նշանակություն»:

Հավելենք, որ «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի Հանրապետության մասնակցության աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցանակները կհանձնվեն այս սեպտեմբերին՝ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Սիրով շնորհավորում ենք մեր դասախոսին՝ նրան մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ:

ԵՊՀ ԻՄ-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

1․ գլխավոր -  image8

2021թ. օգոստոսի 13-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար ԱՄակարյանի, և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ ի դեմս գլխավոր քարտուղար ՎՊետրոսյանի, կնքեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրի կնքմանը, որը տեղի ունեցավ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, մասնակցում էին ՀՀ ԿԲ-ի և ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական Վահագն Գրիգորյանը, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանը, Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն, Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի անձնակազմի և կորպորատիվ մշակույթի վարչության պետ Նարինե Մալաքյանը, Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարի օգնական Սյուզան Մկրտչյանը։ Ներկա էին նաև մասնաճյուղում դասավանդող Մակրոտնտեսական դեպարտամենտի տնտեսական հետազոտությունների վարչության ֆինանսական կայունության հետազոտությունների բաժնի պետ Ալեքսանդր Շիրխանյանը, Մակրոտնտեսական դեպարտամենտի վիճակագրության վարչության դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժնի պետ Արթուր Ղալթախչյանը, Մակրոտնտեսական դեպարտամենտի վիճակագրության վարչության տնտեսագետ, վիճակագիր Կարեն Պողոսյանը, Մակրոտնտեսական դեպարտամենտի վիճակագրության վարչության դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժնի տնտեսագետ, վիճակագիր Շաքե Տիտանյանը, Մակրոտնտեսական դեպարտամենտի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժնի ֆինանսական վիճակագիր Արմինե Հարությունյանը։ ԵՊՀ ԻՄ-ը ներկայացնում էին տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գայանե Ավետիսյանը, «Ֆինանսներ» կրթական ծրագրի ղեկավար Անուշ Սարիբեկյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն, Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը՝ նշելով, որ արդեն մի քանի տարի է, ինչ համատեղ աշխատանքներն ընթանում են։ Փաստաթղթավորումն իրականացվում է հիմա, երբ վստահություն է ձեռք բերվել, որ մասնաճյուղն էլ նույն մոտեցումներն ունի կրթության բովանդակության, կազմակերպման և ակադեմիական ազնվության սկզբունքների պահպանման հարցերում։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր ելույթի խոսքում կարևորեց երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ունի մեծ սպասելիքներ․ քանի որ ծրագիրը կազմված է առաջավոր բուհերի օրինակով, ակնկալում է նոր որակի մասնագետների ձևավորում՝ մասնագիտական խորը գիտելիքներով և լայն աշխարհայացքով։ Կենտրոնական բանկի նախագահը նաև հավելեց, որ այն շրջանավարտները, ովքեր կհաղթահարեն ծրագիրը, պահանջված մասնագետներ կլինեն ոչ միայն բանկային համակարգի, այլև ցանկացած ֆինանսական կառույցի համար։

Ապա ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ կարևորելով մասնաճյուղի նախկին տնօրենի՝ երջանկահիշատակ ԱՑուցուլյանի ներդրումը, ով հիմք է դրել այս ծրագրի փոփոխությանը, և հիմա այն շարունակվում է։ Նա նշեց, որ ուսանողներն առանձնահատուկ բավարարված են ուսումնահետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից վարվող դասընթացների որակով և կիրառվող նորարարական մեթոդներով՝ ընդգծելով տրամադրվող պրակտիկ գիտելիքների կարևորությունը։ Պարոն Մակարյանը հավաստիացրեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ամեն ինչ կանի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պայմաններն ապահովելու և նախատեսված պարտականությունները կատարելու համար։

Այնուհետև կնքվեց համագործակցության հուշագիրը՝

  • կարևորելով ՀՀ-ում որակյալ, մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխան տնտեսագիտական կրթության ապահովումը,
  • հաշվի առնելով ուսումնական գործընթացում դասավանդման ժամանակակից մեթոդների, գործիքների և գրականության ներդրման անհրաժեշտությունը,
  • համոզված լինելով, որ նախաձեռնությունը կնպաստի ԵՊՀ ԻՄ-ի կողմից տրամադրվող կրթության և աշխատաշուկայի պահանջների միջև կապի ամրապնդմանը,
  • բարձր գնահատելով ՀՀ ԿԲ-ի մասնագիտական ներուժը և սոցիալական պատասխանատվությունը հասարակության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացման գործում։

Համագործակցության հուշագրով նախատեսվում է․

  • աջակցել ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի կրթական ծրագրերի բարելավմանը և համապատասխանեցմանը աշխարհում առաջատար կրթական հաստատությունների ծրագրերին,
  • նպաստել ԵՊՀ ԻՄ-ի գիտական ներուժի բարձրացմանը և ներառականության ապահովմանը,
  • հնարավորության դեպքում օգտագործել ՀՀ ԿԲ-ի աշխատակիցների կարողությունները և փորձը ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ուսումնական գործընթացում, այդ թվում՝ մասնագիտական դասընթացների վարման և ավարտական աշխատանքների ղեկավարման ձևով,
  • խրախուսել ուսանողների շրջանում գիտական նախագծերի մշակման և իրականացման հնարավորությունները,
  • ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում պարբերաբար կազմակերպել սեմինար-քնարկումներ արդի տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ,
  • աջակցել ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների մասնագիտական և լրացուցիչ պրակտիկաների կազմակերպանը,
  • հնարավորություն ընձեռել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին մասնակցել ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում պարբերաբար կազմակերպվող բաց դասերին և գիտաժողովներին։

Վերջում հյուրասիրության սեղանի շուրջ քննարկվեցին, ուսումնական ոլորտից բացի, համագործակցության այլ հնարավորություններ։

ԵՊՀ ԻՄ-ի և Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

1 - գլխավոր․ 312

2021թ. օգոստոսի 6-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և «Հայաստանի հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Վահագն Համբարձումյանի, կնքեցին համագործակցության հուշագիր։

Կնքված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու ուսանողների կրթության, մասնագիտացման ոլորտում և գործարար մակարդակում դրանց կիրառման գործընթացներում, մասնավորապես՝

  • Կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում Մասնաճյուղը ըստ նպատակահարմարության իր մասնագետների հետ համատեղ ներգրավում է նաև Կազմակերպության փորձառու աշխատողների և անդամների։
  • Մասնաճյուղի կողմից ուղեգրման դեպքում կրթական ծրագրով ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաները կազմակերպվում և անցկացվում են Կազմակերպությունում։
  • Մասնաճյուղը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմում ներգրավում է Կազմակերպության կողմից առաջադրված համապատասխան մասնագետների։
  • Մասնաճյուղը Կազմակերպության աշխատակիցներին և անդամներին հրավիրում է իր կողմից տարբեր հարթակներում և ակումբներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին և քննարկումներին։
  • Կազմակերպությունը Մասնաճյուղի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին հրավիրում է իր կողմից տարբեր հարթակներում և ակումբներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին և քննարկումներին։
  • Համատեղ կազմակերպում և անցկացնում են բաց դասեր, սեմինարներ և մասնագիտական քննարկումներ։
  • Համատեղ հրատարակում են ուսումնամեթոդական նյութեր։
  • Կազմակերպությունը ուսանողների համար կազմակերպում է հանդիպումներ բիզնեսի տարբեր ոլորտներում կայացած հաջողակ գործարարների հետ, իրենց անձնական փորձը ուսանողներին ներկայացնելու նպատակով։
  • Կազմակերպությունը թեստավորման և հարցազրույցների արդյունքում լավագույն ուսանողներին ապահովում է աշխատանքով՝ իր մոտ կամ իր աջակցությամբ՝ գործընկերների մոտ։
  • Կազմակերպությունը կարող է իր կամ գործընկերների միջոցով աջակցություն ցուցաբերել ուսանողներին` ուսման վարձի փոխհատուցման, կրթաթոշակների և այլ ձևերով։