ՀՀ պետական և ոչ պետական բուհերի՝ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլի սկզբունքները

ԵՊՀ-ԻՄ-նկար

2021-2022 ուսումնական տարում դիմորդն ընդունելության քննությունը կարող է հանձնել միայն մեկ անգամ՝ երկու փուլով:

Երկրորդ փուլը 2021թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն ու տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննությունների հանձնումն է:

Երկրորդ փուլի դիմումհայտում փոփոխություններ կարող են կատարել մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը` ժամը 17:00-ն:

Դիմորդներն ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) տվյալները մինչև 2021թ. հուլիսի 12-ը առցանց եղանակով լրացնում են ԳԹԿ-ի իրենց ընդունելության դիմում-հայտում:

Դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝  յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը կցելով:

Դիմորդներն ընդունելության դիմումհայտում լրացնում են բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը:

Նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերի լրացման գործընթացին օժանդակում և ԳԹԿ անձնական համար է տրամադրում նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը:

ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երկրորդ փուլում: Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում:

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմումհայտ

Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար կամ վճարովի) հայտագրմամբ:

Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:

Դիմորդներն անվճար և վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել և՛ միասնական քննությունների արդյունքներով, և՛ միասնական քննության արդյունքով ու բուհերի ընդունելության քննությունների ցանկում երկու աստղանիշով (**) նշված մասնագիտությունների առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում հայտագրած միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի՝ պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննությունների գնահատականների բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականով:

Ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

  • բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,
  • ներբուհական քննություններ հանձնած արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան մասնագիտություն հայտագրելու դեպքում,
  • հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12-րդ դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
  • ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ ՀՀ բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,
  • դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
  • տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

Ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:

Աղբյուրը՝ https://escs.am/am:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչը մասնակցեց «Նորարար գրադարաններ 2021» աշխատաժողովին

FB_IMG_1624390213685

 

2021թ. հունիսի 16-18-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ 2021» աշխատաժողովը, որին իր մասնակցությունն ունեցավ նաև ԵՊՀ ԻՄ գրադարանը՝ ի դեմս վարիչ Վ.Պողոսյանի:

Այս ամենամյա գրադարանային ֆորում-աշխատաժողովներն անցկացվում են՝ սկսած 2017 թվականից, և դրանց հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի հանրային և համալսարանական գրադարաններում աշխատանքի նորարար մեթոդների ներդրմանը, գրադարանների պաշարների թվայնացմանը, գրադարանային հանրության հետ կապերի և սոցիալական հարթակներում գրադարանային իմիջի ձևավորմանը:

Մասնակիցներին ողջունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության ամերիկյան կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը: Նա նշեց, որ դեսպանությունը մեծ պատրաստակամությամբ է հովանավորել այս միջոցառումը, որի նպատակն է ունենալ ավելի առաջադեմ և ինֆորմատիվ գրադարանային միջավայր, նպաստել համաշխարհային փորձի ներդրմանն ու տեղային պայմաններում հարմարեցմանը:

Հերթական աշխատաժողովի շրջանակներում հիմնական շեշտադրումը նորագույն տեխնոլոգիաների՝ մասնավորապես եռաչափ տպագրության և մոդելավորման, գրադարանային ստեղծարար տեխնոլոգիաների օգտագործման և ներդրման, էլեկտրոնային ընթերցող սարքերի և թվայնացման խնդիրներն էին, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից, մոբիլ գրադարանը:

Գրադարանային ոլորտում առկա խնդիրների ու զարգացման հեռանկարների վերաբերյալ աշխատաժողովում ելույթ ունեցավ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:

Քննարկումների ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վ.Պողոսյանն ընդգծեց, որ ակադեմիական գրադարանները, որոնք ավանդաբար հանդես են եկել որպես հասարակության տեղեկատվական հիմնական աղբյուր, սպառել են իրենց ռեսուրսները՝ իրենց տեղը զիջելով գրադարանային նոր մոդելներին, որտեղ տարածքը և գրքային հարուստ պաշարների առկայությունը կարևոր է, բայց ոչ ամբողջացնող: «Հատկապես համալսարանական գրադարանների պարագայում, -նշեց Վ.Պողոսյանը, – սա նկատելի իրողություն է, քանի որ արհեստական բանականության և թվային դարաշրջանում ուսանողի նախընտրությունը ոչ թե անաղմուկ, խիստ ակադեմիական միջավայրն է, այլ արագ կերպափոխվող, բազմագործառույթ գրադարանային տարածքը, որտեղ ոչ միայն ընթերցում և աշխատում է, այլև կարողանում է զբաղվել այլ, ոչ ավանդական տեխնոլոգիական միջոցներով՝ կիրառելով լսարանային գիտելիքներն ու համաշխարհային փորձը»:

Աշխատաժողովում ձեռք բերված գիտելիքներն ու գործնական հնարավորություններին ծանոթացումը կնպաստեն գրադարանային գործառույթների ընդլայնմանն ու ԵՊՀ ԻՄ-ի տարածքում գրադարանային նոր, իննովացիոն միջավայրի ձևավորմանը:

 

2021թ. մեր շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ հանձնաժողովների նախագահների գնահատմամբ

1. գլխավոր

2021թ. մայիսի 15-29-ը կայացել է 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 9 մասնագիտության գծով ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ ԻՄ-ը, ելնելով համավարակի տարածման կանխարգելումից և հետևելով Մայր բուհի օրինակին, 2021թ. ավարտական աշխատանքների պաշտպանությունները կազմակերպել է առկա (հակահամաճարակային կանոնները պահպանելով) և առցանց ձևերի համադրությամբ: Ստեղծվել է նաև առկա եղանակով կազմակերպվող պաշտպանությանը մասնակցելու հնարավորություն շահակիցների համար՝ միասնական Zoom հարթակի միջոցով: Պաշտպանություններն անցկացվել են հաստատված ժամանակացույցների համաձայն, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները, ուսանողները և ավարտական աշխատանքների ղեկավարները դրանց մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ:

Նախորդ տարիների պես, 2021 թվականին ևս ՄԿՈԱ բաժինը կազմակերպել է շրջանավարտների և հանձնաժողովների նախագահների հարցումներ, որոնց արդյունքներն արդեն հավաքագրվել են՝ որակավորման շնորհման գործընթացի կազմակերպման և իրականացման հետագա բարելավման ուղղությամբ դրանք կիրառելու նպատակով:

2021թ. մայիսի 15-ին կայացել է «Պատմություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմ. գիտ. դոկտոր Սամվել Անդրանիկի Պողոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 8 շրջանավարտ. 4-ը ստացավ «գերազանց», 1-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ համավարակի պայմաններում ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունն ու մասնագիտական ամբիոնը պատշաճ ձևով և բարձր մակարդակով էին կազմակերպել ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Պահպանված էին ավարտական աշխատանքների համար նախատեսված չափորոշիչները: Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավ­ման ուղղութ­յամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ ավարտական աշխատանքներում շրջանառվի առավել մեծ մասնագիտական գրականություն:

Մայիսի 18-ին տեղի է ունեցել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Եվա Ժորայի Մնացականյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 10 շրջանավարտ. 7-ը ստացավ «գերազանց», 3-ը՝ «լավ»:

Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է՝

  1. Առավել մեծ տեղ հատկացնել հետազոտական բաղադրիչին՝ ապահովելով ինքնուրույնությունը:
  2. Եզրակացությունները ձևակերպել ավելի սեղմ և որոշակի:
  3. Եզրակացությունները համապատասխանեցնել առաջադրված խնդիրներին:
  4. Գրականության ցանկը հարստացնել վերջին շրջանում հրատարակված համապատասխան նյութերով:

Մայիսի 20-21-ին կայացել է «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Լուիզա Խորենի Միլիտոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 41 շրջանավարտ. 9-ը ստացավ «գերազանց», 30-ը՝ «լավ», 2-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ համալսարանը և ամբիոնը մանրակրկիտ նախապատրաստել  էին ամփոփիչ ատեստավորման գործընթացը: Աշխատանքների թեմաներն արդիական էին և ներառում էին իրենց մասնագիտական ոլորտը: Աշխատանքնեն ընդգրկում էին տեսական և գործնական հետազոտություններ: Հետագա բարելավման նպատակով առաջարկվել է ակտիվացնել կապը դպրոցների հետ՝ հնարավորություն տալով ուսանողներին  ավելի երկարատև իրականացնել իրենց գործնական հետազոտությունները: Ցանկալի կլիներ, որպեսզի վերանայվեին ուսանողների կողմից իրականացված  փորձարարական դասերի նպատակները՝ դրանք չափելի և իրատեսական վերաձևակերպելով:

Մայիսի 22-ին տեղի են ունեցել «Օտար լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտությունների պաշտպանությունները:

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի վարիչ, պրոֆեսորի պաշտոնակատար, մ.գ.թ. Անահիտ Բաղդասարի Լալաբեգյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 24 շրջանավարտ. 16-ը ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ», 2-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ քննության ընթացքը դրական էր: Ավարտական աշխատանքները կատարվել էին բարձր մակարդակով: Փաստական նյութի վերլուծության արդյունքում ստացված եզրակացությունները համոզիչ էին: Հարցադրումներին շրջանավարտները պատասխանում էին վստահ: Բողոքարկման դեպքեր չեն եղել:

«Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Զայլինքս Արմենիա» ՍՊԸ-ում ծրագրավորման ավագ ինժեներ, ֆ.մ.գ.թ. Գարեգին    Վրեժի   Սարգսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 20 շրջանավարտ. 7-ը ստացավ «գերազանց», 5-ը՝ «լավ», 8-ը՝ «բավարար»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ բարելավման ենթակա հիմնական ուղղություններից մեկն այն է, որ հարկավոր է պահել կրթության ուղղությունների և պրակտիկայի միջև կապը: Այսօրվա մարտահավերները պահանջում են համընթաց շարժվել գործող խնդիրների ու պահանջների հետ:

 

Մայիսի 29-ին տեղի են ունեցել «Աշխարհագրություն», «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն» և «Դիզայն» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները: 

«Աշխարհագրություն» մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության բաժնի պետ, տեխն. գ. թ. Մկրտիչ Շուրայի Մկրտչյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 5 շրջանավարտ. 5-ն էլ ստացավ «գերազանց»:

Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ ավարտական աշխատանքների թեմաները կազմվեն որևէ համայնքի օրինակով: Աշխատանքները կատարելիս հաշվարկային մասերը կատարվեն ինչ-որ տարբերակով, և ներկայացվեն արդյունքներ:

«Ֆինանսներ» մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ՄՔՄ բաժնի առաջատար մասնագետ, տ.գ.թ. Քնարիկ Ավագի Այվազյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 17 շրջանավարտ. 4-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ», 4-ը՝ «բավարար»:

Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է գիտական հետազոտական աշխատանք կատարելիս անպայման հղումներ տալ գիտական աշխատանքներին, ոչ թե հիմնավոր համարել լրատվական, տեղեկատվական աղբյուրները:

«Զբոսաշրջություն» մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության (GIZ) «Եվրոմիությունը Սևանի համար» ծրագրի «Կայուն հողօգտագործման» խորհրդատու, աշխ. գ. դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Յախշիբեկի Սայադյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 6 շրջանավարտ. 4-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ»:

Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է՝

  1. Ցանկալի է ավարտական աշխատանքների թեմաները լինեն շատ ավելի առարկայական, ունենան ավելի կոնկրետ կիրառական նշանակություն:
  2. Ուսանողները հնարավորություն ունենան ծանոթանալու ժամանակակից մասնագիտական գրականությանը, ձեռք բերեն գործնական համակարգչային քարտեզագրական գիտելիքներ:
  3. Ցանկալի է նաև բարելավել ներկայացվող աշխատանքների պատրաստման և ներկայացման որակը:

«Դիզայն» մասնագիտության շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի դիզայնի ամբիոնի դոցենտ, ՀՀ ԴՄ անդամ, ԴՄԱ անդամ Վահագն Լյովայի Պողոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 շրջանավարտ. 10-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել «Գծագրական երկրաչափություն» առարկային, կարևորել շրիֆտի դերը գրաֆիկական աշխատանքներ կատարելիս, նախագծային տարբեր գունային առաջարկներ ունենալ, կարևորել թեմաների ընտրության ժամանակ կիրառելիության հնարավորությունը, նորարարական միտումները, ժամանակակից եռաչափ համակարգչային ծրագրերի օգտագործումը ավարտական աշխատանքների կատարման ընթացքում: Հարկ է ավելի շատ ուշադրություն դարձնել տեսական նյութի և գործնականի համադրմանը:

Բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ ԵՊՀ ԻՄի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր շրջանավարտներին, նրանց մաղթում անձնական  և մասնագիտական մեծ ձեռքբերումներ, նպատակների իրականացումամենայն բարիք:

 

ԵՊՀ ԻՄ-ը կիրականացնի ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ

Ուս. վերապ. նյութի նկար

Սիրելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

Դասընթացները կիրականացվեն համակցված (առկա, առցանց) եղանակով, ԵՊՀ ԻՄ-ի, ինչպես նաև հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներով և նորարարական արդյունավետ մեթոդներով դասավանդման հմտությունները:

Նախատեսված է, որ վերապատրաստումները կանցկացվեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, փող.՝ Ուսանողական 3)՝  ժամանակակից տեխնիկական ու նյութական միջոցներով հագեցած սրահներում ու լսարաններում: Սակայն, համապատասխան խմբերի ձևավորման դեպքում, մեր մասնագետները կգործուղվեն Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներ՝ տեղում դասընթացները կազմակերպելու նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի բոլոր բաղադրիչներով հետևյալ առարկաների համար.

  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսերեն,
  • պատմություն,
  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • տեխնոլոգիա,
  • նախնական զինվորական պատրաստականություն,
  • տարրական դասարաններ,
  • կերպարվեստ,
  • անգլերեն,
  • ֆրանսերեն,
  • հասարակագիտություն,
  • ֆիզիկական կուլտուրա,
  • ինֆորմատիկա:

ԿԶՆԱԿ-ը ներկայումս մշակում է վերապատրաստումների իրականացման աշխատակարգը, իսկ մեր մասնագետները՝ վերապատրաստման դասընթացների մոդուլների ծրագրերը:

Վերապատրաստվող ուսուցիչների գրանցման և դասընթացների կազմակերպման ժամկետների մասին մենք կտեղեկացնենք լրացուցիչ:

Հետևեք մասնաճյուղի պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջի նորություններին:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝ https://cutt.ly/LnGroDi

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 45 55 64 կամ 093 93 71 11:

ԵՊՀ ԻՄ-ում բացվել է մասնաճյուղի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Շիրակ Գասպարյանի անվան լսարան

1 - գլխավոր

2021թ. հունիսի 5-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացան ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս Շիրակ Գասպարյանի հիշատակին նվիրված միջոցառումներ՝ հուշցերեկույթ, գրքի շնորհանդեսի և նրա անվամբ լսարանի բացում:

Հիշատակի և մեծարման միջոցառումներին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ և շրջանավարտներ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, Իջևանի քաղաքապետի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը, այլ պաշտոնատար անձինք, պատվավոր հյուրեր՝ «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնոյանը, հայ ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը Շիրակ Գասպարյանի ընտանիքի անդամներ, ընկերներ և ուրիշներ:

Նախ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ Շիրակ Գասպարյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ելույթ ունեցան նրա դասախոսները, ուսուցիչները, հարազատները:

Գնահատանքի, հիշատակի և օրհնության խոսքով հանդես եկան մասնավորապես ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ, Շիրակ Գասպարյանի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, Շիրակի գրքի խմբագիր բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի հարազատ դպրոցի վարչական և ուսուցչական կազմի ներկայացուցիչները, «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնոյանը, Շիրակի քույրը:

Ապա տեղի ունեցավ Շիրակ Գասպարյանի՝ ԵՊՀ ԻՄ-ի նախաձեռնությամբ լույս տեսած «Ցիրուցան իղձեր» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում Շիրակի ոգեշնչող ու հուզիչ բանաստեղծություններից ներկայացրին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները:

Շիրակը ստեղծագործել է նույնիսկ կռվի թեժ պահին: Ահա այդ ընթացքում գրված մի բանաստեղծություն, որից էլ ժողովածուն ստացել է իր անվանումը.

Ցիրուցան եղան իղձերս, մայրի՜կ,
Արկերի ձայնից հօդս ցնդեցին:
Արյան գետեր են հոսում սարերից,
Սարսափ ներշնչում մատաղ իմ սրտին:
Արհավիրք է, մա՜մ, կոտորած անգութ,
Ու կարծես սրտիս զարկերն են մարում:
Մա՜մ, դու ինձ ներիր,
Թե տուն չդառնամ,
Թե քեզ չգրկեմ, համբույր չստանաս:
Չարտասվես, մա՜յր իմ, հերոս է որդիդ,
Ու քեզ պահապան կլինի վերից՝
Որպես հրեշտակ, որպես լույս-ճրագ երկնի կամարից:

Շիրակ Գասպարյանի գրքի շնորհանդեսին հաջորդեց նրա անվամբ լսարանի բացման արարողությունը: ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության՝ 2021թ. հունիսի 1-ի նիստում որոշվել էր ԵՊՀ ԻՄ-ի զոհված շրջանավարտ Շիրակ Գասպարյանի անվան լսարանի բացումն իրականացնել Շիրակի ծննդյան տարեդարձի նախօրեին՝ հունիսի 5-ին: Լսարանի ընտրությունը պատահական չէր. ընտրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 52 լսարանը, որտեղ Շիրակն անցկացրել էր իր ուսումնառության 4 տարիները: Ուսանողական տարիներին զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ, նախագահել ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, ապա եղել է կառույցի փոխնախագահը։ Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և բարձր պատվով ներկայացրել համալսարանը։

ԵՊՀ ԻՄ-ում ստանալով «Պատմություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում՝ Շիրակ Գասպարյանը 2020թ. հուլիսի 29-ին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության: Վիճակահանության արդյունքում ծառայության է անցել ԼՂՀ-ում: Ելնելով համաճարակային պայմաններից՝ մինչև օգոստոսի 18-ը ծառայությունն անցկացրել է Մարտունի 2-ում, ապա տեղափոխվել է հիմնական ծառայության զորամաս՝ Ջրական: Ծառայել է 5-րդ ուսումնական գումարտակում՝ «Առանձիններում», ականանետի վրա (D1-D2): Պատասխանատու ծառայության շնորհիվ մեկ ամիս անց ամբողջությամբ տիրապետել է զենքին: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել է հենց առաջին օրից՝ լինելով առաջնագծում: Մինչև հոկտեմբերի 5-ը հրետանավոր ընկերների հետ պաշտպանել է Ջրականի դիրքերը, ապա նահանջել է Հադրութ: Հոկտեմբերի 8-ին, ստանալով հատուկ առաջադրանք, «Առանձինները» տեղափոխվել են Ահար լեռան լանջ, որպեսզի օգնեն զինակիցներին՝ ծուղակից դուրս գալու: Հոկտեմբերի 9-ին հակառակորդի վարձկան-ահաբեկիչների բազմահազարանոց զորքի հարձակումից հետո, կրելով մեծ թվով կորուստներ, Թաղասեռ գյուղում ընկել է շրջափակման մեջ: Մնալով առանց հրամանատար՝ ստանձնել է հրամանատարի պարտականությունները: Կապի դուրս գալով հրամկազմի հետ՝ օգնություն են խնդրել, սակայն թշնամու զորքը ճեղքել չի հաջողվել: Թշնամու համար աննկատ մնալու համար հրամկազմի ցուցումով բաժանվել են 5-6 հոգանոց խմբերի և անընդհատ փոխել են թաքստոցները՝ տեղափոխվելով Վանք գյուղ, հարակից անտառ, բնակելի տների նկուղներ։ Խմբերն անընդհատ միացել և բաժանվել են: Տղաները, երբ վերջին անգամ կապի են դուրս եկել, տեղեկացրել են, որ հակառակորդից թաքնվելու համար անտառ են մտնում: Հակառակորդը շուտով հայտնաբերել է տղաներին՝ փորձելով գերեվարել: Հակառակորդի պահանջներին չենթարկվելով և հրաժարվելով գերության մտքից՝ ստացել է հրազենի կրակոց և տեղում մահացել: 2021 թվականի ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Շ.Գասպարյանի կենսագրական տվյալներին և ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի նորաստեղծ «Մեր քաջ զինվորականները» էջում հետևյալ հղումով՝ http://old-ijevan.ysu.am/shirakgasparyan/:

Շիրակ Գասպարյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթի, գրքի շնորհանդեսի և նրա անվամբ ԵՊՀ ԻՄում լսարանի բացման մասին տեսանյութը հասանելի է Տավուշ հեռուստաընկերության էջում հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/watch/live/?v=804762493358934&ref=watch_permalink: