Լույս է տեսել մեր դասախոսի եռալեզու պատկերագիրքը Պոլսի մասին

5

Օրերս Կ.Պոլիս-Ստամբուլում տեղի հայոց Պատրիարքարանի հովանավորությամբ լույս տեսավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի) «Պոլիսը՝ հին և նոր» եռալեզու պատկերագիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ Մարմարա ծովում գտնվող պոլսամերձ Իշխանաց կղզիներից Գնալը հայահոծ կղզու Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պարտեզում՝ օրհնաբեր մասնակցությամբ Ն.Ա.Պ. Պոլսո հայոց Պատրիարք Սահակ Բ. Մաշալյանի և ներկայությամբ պոլսահայ համայնքի նշանավոր ներկայացուցիչների:

Գիրքն ամփոփում է հեղինակի շուրջ տասնամյա աշխատանքի արդյունքը՝ պարունակելով Պոլիսն ու մերձակա կղզիներն արտացոլող 100-ից ավել գծանկար: Այդտեղ 128 էջերից յուրաքանչյուրի վրա կարելի է նաև Սփյուռքի ու Հայաստանի ծանոթ մտավորականների կարծիքները կարդալ Լևոն Լաճիկյանի արվեստի մասին:

«Թե ինչու Պոլիսը» հարցին արվեստագետն ունի հստակ պատասխան. «Բոսֆորի ափին փռված այդ զմայլելի քաղաքը եղել է ոչ միայն Բյուզանդական ու Օսմանյան կայսրությունների, այլև հայ մշակույթի երևելի մայրաքաղաքը: Այդտեղ այսօր ևս, թեկուզ անհամեմատելիորեն նվազ, շարունակում է լսվել հայ կյանքի բաբախը: Այն ոչ միայն արևմտահայ մշակույթի, այլև արևմտահայերենի միջնաբերդն է, ուստի հարկ է մշտական ուշադրության ներքո պահել այն»:

Այդ ուշադրությունն ու պատմության լավիմացությունը մղեցին Լևոն Լաճիկյանին ստեղծելու այս պատկերագիրքը, որը մասնագետների միահամուռ բնորոշմամբ այլ բան չէ, քան «Պտոյտ մը Պոլսոյ թաղերուն մէջ՝ գծանկարներու ընդմէջէն»: «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, հիշատակելով Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի ու Մկրտիչ Ջիվանյանի անունները, գրում է. «Լեւոն Լաճիկեանի այս հարիւր ստեղծագործութիւնները եւս կ՛ունենան իրենց վկայութեան բաժինը Պոլսոյ պատմութեան մէջ եւ ուրոյն դրոշմը՝ այս պատմական քաղաքի վրայ»:

Ուշագրավ է, որ մեծադիր այս հատորին ամբողջական էջեր են նվիրել Պոլսո հայկական («Ժամանակ», «Ակօս», «Մարմարա») և ոչ հայկական թերթերը: Այն որպես նվեր է տրվում հայոց Պատրիարքարան այցելող պատվարժան հյուրերին ու օտարերկրյա դիվանագետներին՝ հետաքրքրություն առաջ բերելով նաև օտար շրջանակներում:

Շնորհավորում ենք մեր դասախոսին և հայտնում, որ առաջիկայում նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կկայանա «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագրքի շնորհանդեսը: