2024 թ. սեպտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ տիկին Վերոնիկ Նուեի հետ հանդիպում, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ․ Օթարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Ա. Հովհաննիսյանը և Ռ. Միրզոյանը, Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մ. Գասպարյանը և ուսանողներ:
Նպատակը 2024-2025 ուստարում «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության հետ համագործակցությունը շարունակելու համաձայնագիր կնքելը և ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին կրթաթոշակներ հանձնելն էր:
2012 թվականից մասնաճյուղի և միության միջև սկսված համագործակցության հիման վրա ստորագրվեց համագործակցության համաձայնագիր 2024-2025 ուսումնական տարվա համար:
Հանդիպման սկզբում պարոն Մակարյանը ողջունեց ներկաներին, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը՝ ի դեմս նախագահ Պոլետ Կուտանի: Ա. Մակարյանն ընդգծեց, որ միությունը ջանք ու եռանդ չի խնայում աշխատելու մեր ուսանողների հետ, քաջալերելու նրանց, որ ֆրանսերենի ուսումնասիրության մեջ հասնեն հաջողությունների:
Իր հերթին «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Վերոնիկ Նուեն նշեց, որ մեր ուսանողներն աշխատում են մեծ նվիրումով և երախտագիտության զգացումով: Այնուհետև տիկին Նուեն կրթաթոշակներ հանձնեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգում սովորող 6 ուսանողուհիների՝ Կ․ Սաքանյանին, Ս․ Գասպարյանին, Ա․ Միսկարյանին, Դ. Մելիքյանին, Հ. Ջանինյանին, Մ․ Խաչինյանին, անվճար ուսուցման համակարգում սովորող 3 ուսանողուհիների՝ Ա․ Շահնազարյանին, Վ․ Մկրտչյանին, Ա․ Ղալթախչյանին, ովքեր շարունակում են ակտիվորեն աշխատել Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում, նպաստել մարզում ֆրանսերենի զարգացմանը և տարածմանը:
Ներկաները շնորհավորեցին կրթաթոշակ ստացած ուսանողներին և կարևորեցին նրանց դերն ու աջակցությունը՝ մյուս ուսանողներին ևս այդ ծրագրում ընդգրկելու հարցում:
Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկան ուսանողները և պատրաստակամություն հայտնեցին ստանձնելու այդ պատասխանատվությունը՝ մեծ նվիրվածությամբ շարունակելով աշխատել: