Ապրիլյան պատերազմին մասնակցած մեր աշխատակիցները՝ պատերազմի մասին

Նկ. (5)

 2019թ. ապրիլի 4-ին հարցազրույց ունեցանք 2016թ. Ապրիլյան պատերազմին մասնակցած, այժմ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներ, գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանի ու Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանի հետ: 

Հարգելի՛ Վլադիմիր և Սլավիկ, որտե՞ղ էիք իրականացնում ձեր ծառայությունը, երբ սկսվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը:  

Վ.Պ. – Ես ծառայել եմ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության 4-րդ պաշտպանական շրջանում՝ Ասկերանի զորամասում: Հակառակորդը ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, սկսեց հրետակոծել ՊԲ չորրորդ պաշտպանական շրջանի պաշտպանական բնագծի մարտակարգերը: Պաշտպանական շրջանի ստորաբաժանումների ղեկավարումը պատշաճ մակարդակով կազմակերպելու, հակառակորդի կողմից սպասվող հարձակողական գործողություններին պատրաստ լինելու, նրան համարժեք պատասխան տալու նպատակով ղեկավարման մարմիններն անցան մարտական աշխատանքային ռեժիմի: Պաշտպանական շրջանի ուժերը, բերվելով լրիվ մարտական պատրաստականության աստիճանի, ապրիլի 2-ի երկրորդ կեսին անցան պաշտպանության:

Ռազմական մասնագիտությամբ օպտիկական հետախույզ եմ, և առավոտ կանուխ, մինչ ամբողջ զորամասը դուրս կբերվեր հիմնական մարտակարգեր, մեր ղեկավարման դասակը զբաղեցրեց իրեն վերապահված դիտակը՝ հակառակորդի ռազմական տեխնիկայի տեղաշարժը հետախուզելու նպատակով:

Ս.Ա. – Ես էլ ծառայել եմ Արցախի հյուսիսարևելյան հատվածում՝ Մարտակերտում: 2016թ. ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը, ես գտնվում էի զորամասում: Գիշերվա ժամը 3-ն էր, ես արթուն էի: Սկսեցի լսել արկերի պայթյունի ձայներ: Նախ մտածում էի, որ հերթական կարճատև հրետակոծությունն է, որպիսիք հաճախակի էին դարձել դեռ 2015թ. վերջից: Սակայն գնալով ձայներն ուժգնացան, և պարզ դարձավ, որ սա ուրիշ բան է: Բոլորին արթնացրինք և պատրաստվեցինք դիրքեր մեկնելու՝ նախորդ օրը դիրքեր մեկնած մեր ընկերներին օգնության: Որոշ ժամանակ ակտիվ հրետանակոծությունը թույլ չէր տալիս դա անել, և ժամեր անց միայն մենք զբաղեցրինք մեր դիրքերը և կատարեցինք մեր մարտական խնդիրը:

Ի դեպ, շատ է տարբեր հարթակներում շրջանառվում «քառօրյա» բառը, բայց այն տեղին չէ, քանի որ մարտական գործողությունները հետո վերսկսվել են, և պատերազմը տևել է շատ ավելի, քան 4 օր:

Ձեր կարծիքով, որո՞նք էին Ապրիլյան պատերազմի ծագման պատճառները, որքա՞ն այն տևեց իրականում և ինչպե՞ս ընթացավ:

Վ.Պ. – Ապրիլյան մարտական գործողությունների պատճառային հիմքերն ավելի խորքային են, քան պատկերացնում ենք: 1994թ. զինադադարից սկսած՝ իրավաքաղաքական առումով արցախյան հարցի շուրջ տեղի ունեցած զարգացումները չստեղծեցին նախապայմաններ՝ կառուցողական բանակցություններով տարածքային հարցերը կարգավորելու և միջազգային իրավունքի շրջանակներում, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա հիմնահարցին լուծում տալու համար: Իսկ շարունակվող հիբրիդային «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակը յուրօրինակ ձևով լիցքավորում էր երկու հակադիր հասարակությունների կրքերը, որի պարպումը, ադրբեջանական կողմի համոզմամբ, բլիցկրիգային (արագընթաց մարտ) ռազմական գործողությունն էր, որին էլ գնաց հակառակորդը:

Հատկապես ուշագրավ է, որ ապրիլի 2-ից սկսած՝ ադրբեջանական  զինված ուժերի զորամիավորումներն սկսում են նոր կուտակումներ ու վերախմբավորումներ իրականացնել և ըստ որոշ տվյալների` մարտադաշտ են բերվում հրետանային երեք բրիգադներ և այլ հրետանային ու համազորային ուժեր:  Չորրորդ պաշտպանական շրջանի պաշտպանության բնագծի ուղղությամբ նկատվում է նաև տանկային ստորաբաժանումների կայուն շարժ, որոնք ամբողջ օրը խուսավարում և նոր կրակային դիրքեր էին զբաղեցնում, որը մարտավարական հնարամտության մաս էր կազմում և նպատակ ուներ խուճապ առաջացնել հայկական առաջնագծի պաշտպանության ուժերի մեջ: Կարելի է փաստել, որ ճակատի կենտրոնական ուղղությամբ կուտակումներն իրենց գագաթնակետին հասան ապրիլի 4-ին: Այդ ընթացքում հակառակորդն անընհատ համալրում էր իրականացնում` դեպի ճակատ ուղարկելով լրացուցիչ ուժեր:

Ապրիլի 4-ի երեկոյան՝ ժամը 17:30-ի սահմաններում, մեր պաշտպանական շրջանի հրետանային ստորաբաժանման հետախույզների կողմից ավտոշարասյուներ, հրետանային մարտկոցներ են հայտնաբերվում Ակնայի առաջնագծի երկայնքով` Ադրբեջանի Բալլար-Սարիջալու-Չամանլու գյուղերի ուղղությամբ, առանձնացված տանկային շարասյուներ՝ Ղարադաղլու, Էվօղլու և Աֆաթլու գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև հրետանային մարտկոցների կրակային դիրքեր` Աֆաթլու, Էվօղլու, Ղարադաղլու, Մահրիզլու, Սարիջալու բնակավայրերի ծայրամասերում:  Ժամը 18:00-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային զորամասի և չորրորդ պաշտպանական շրջանի դիվիզիոնների համատեղ ուժերով համազարկային կրակ են բացել հակառակորդի այդ կուտակումների դեմ: Ընդհանուր, համատեղված համազարկով ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային ստորաբաժանումներին հաջողվեց ճնշել վերոնշյալ կուտակված բրիգադների ուժերը և ոչնչացնել բրիգադի հրամանատարական կետը:

Ս.Ա. – Պատերազմի հիմնական պատճառը, ըստ իս, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության չմարող ինքնախաբեությունն է, որ իրենք ունեն առավելություն մեր նկատմամբ, և պատմության խեղաթյուրումը՝ սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու և անհիմն նկրտումների գնով:

Ակտիվ գործողությունները տևել են ապրիլի 2-5-ը, որոշ տեղեր նաև ապրիլի 6-ին, իսկ այնուհետև ապրիլի 25-ի՝ լույս 26-ի գիշերը սկսվել է ակտիվ հրետանակոծության նոր փուլ, որը տևել է մի քանի օր: Անգնահատելի է հրետանավորների դերը:

Ես կպատմեմ իմ զորամասի անձնակազմի սխրանքները: Մեր ուղղությամբ կենտրոնացած էր ամենամեծ խմբավորումը, և առաջին գործողությունների՝ հակառակորդի համար հաջող ընթացքի դեպքում սպասվում էր աննախադեպ հարձակում: Մեր զորամասի դիրքերից մեկի պաշտպանության համար մղված մարտում ապրիլի 2-ի առավոտյան անձնվիրաբար զոհվեցին կապիտան Արմենակ Ուրֆանյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը, շարքայիններ Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը: Դրանից հետո թեժ մարտ է ընթացել դիրքը հակառակորդից մաքրելու և վերատիրելու համար: Զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանով դիրքին օգնության են շտապել 3 խմբեր. իրենց գործողություններով աչքի են ընկել փոխգնդապետ Արամ Հայրյանը, մայոր Էդիկ Մալոյանը և իր ենթակաները, հետախույզները, տանկիստները: Դիրքի պաշտպանության և վերատիրման ժամանակ մեր զինծառայողները դիմակայել են թվաքանակով շուրջ 20 անգամ գերազանցող հակառակորդին: Այդ դիրքի վերատիրման գործողությունը հօդս ցնդեցրեց մեր զորամասի ուղղությամբ նոր գրոհների կազմակերպումը, իսկ մեր հրետանու դիպուկ համազարկերը լռեցրին հակառակորդին:

– Ի՞նչ զգացումներ ունեցաք պատերազմի օրերին, և ի՞նչ փոխվեց ձեր մեջ պատերազմից հետո:

Վ.Պ. – Հավատ և վստահություն, անսահման վստահություն զինակից ընկերոջ և հրամանատարի նկատմամբ: Պատերազմը փոխեց ամեն մոտեցում, կոտրեց կարծրատիպը զինակցի, սպայի, հրամանատարի նկատմամբ:

Մի բռունցք դարձած, մոռանալով ամեն բացասական ու վատ երևույթ՝ մեր զինվորներն ու սպաները կարողացան լուծել իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Մարտական գործողությունները ոչ միայն համախմբեցին, այլև դարձան համազգային միասնական բանակի գոյության գրավականը, քանզի յուրաքանչյուր հայ, անկախ իր դիրքից, իր հնարավորություններից, ամեն ինչ անում էր խրամատում կանգնած զինվորին օգնելու համար:

Ս.Ա. – Զգացողությունները տարբեր էին և միախառնված. սկսած վախից և շփոթմունքից՝ մինչև արիություն և հպարտություն: Մեզնից շատերը հույս չունեին, որ ողջ կմնան, բայց պատրաստ էին ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Մենք շուրջ երկու ամիս գտնվում էինք շատ դժվարին պայմաններում՝ համակերպվելով տարբեր զրկանքների հետ՝ հանուն հայրենիքի և մեր ընտանիքների բարօրության: Մեզ բավականին ոգևորեցին, ինչ-որ առումով նաև զարմացրին ազգի այդչափ համախմբումը և ուղարկված օգնությունները:

Պատերազմից հետո սկսել եմ այլ կերպ նայել ինձ շրջապատողներին, մարդկային պարզ և բարդ փոխհարաբերություններին. չես իմանա, թե ով կլինի քո կողքին ամենադժվարին պահին և ինչպես կդրսևորի իրեն:

– Ի՞նչ դասեր կարելի է քաղել Ապրիլյան պատերազմից, և ի՞նչ կպատգամեք մեր երիտասարդներին (մասնավորապես՝ մեր ուսանողներին):

Վ.Պ. –  «Եղի՛ր ուժեղ, ավելի ուժեղ և միշտ ուժեղ, ուժն է  ծնում իրավունքը», ուստի խաղաղությունը պետք է օգտագործենք մեր ռազմական հնարավորություններն առավել ամրապնդելու համար: Պետք է միշտ պատրաստվել, որովհետև ապրելով մի տարածաշրջանում, որտեղ մահմեդական տարրը «տարածաշրջանն առանց հայերի» քաղաքականությունն է վարում, ուղղակի անհրաժեշտություն է ամեն օր, ամեն ժամ համալրել ու ամրացնել շարքերդ: Ես վստահ եմ, որ նման սերունդ ունեցող ազգն անպարտելի է: Սիրենք մեր երկիրը, մեր տունն ու այն ամենը, ինչ մերն է՝ ավելի, ավելի…

Ս.Ա. – Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի: Եթե մենք այնքան ուժեղ լինենք, որ միշտ պատրաստ լինենք պատերազմելու և հակահարված տալու, թշնամին չի հանդգնի հարձակվել:

Պատգամս հետևյալն է. «Չես իմանա, թե երբ կկտրվի քո կյանքի թելը. պետք է լիարժեք ապրես քեզ ընձեռված յուրաքանչյուր օրը և բարին կերտես»:

–  Շնորհակալ ենք ձեզ (ի դեմս ձեզ՝ մեր բոլոր հերոսներին, ազգի քաջ զավակներին), սիրելի՛ Վլադիմիր և Սլավիկ, հայրենիքն մատուցած ծառայության և իհարկե այս տպավորիչ հարցազրույցի համար:

 

 Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

20190404_142900

2019թ. ապրիլի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բադմինթոնի բաց առաջնություն, որին մասնակցում էին 36 մարզիկ-մարզուհիներ՝ ԵՊՀ ԻՄ-ից, Իջևանի վարժարանից, մարզադպրոցից, թիվ 1 հիմնական դպրոցից:

Բաց առաջնության կազմակերպման նպատակն էր ոգևորել մարզի երիտասարդներին՝ վարելու առողջ ապրելակերպ, բարձրացնել նրանց ֆիզիկական պատրաստությունը, մասսայականացնել սպորտը մարզում:     

Առաջնությունն անցկացվեց օլիմպիական կարգով. պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից:

Իրենց վարպետությամբ աչքի ընկան մարզադպրոցի սաները:

Գեղեցիկ խաղ և համառ պայքար ցուցաբերեց Ռուզաննա Սարուխանյանը:

Առաջին տեղը գրավեց Մոնիկա Խոջումյանը (Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց, 9-րդ դասարան):

Երկրորդ տեղը գրավեց Ռուզաննա Սարուխանյանը (Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց, 4-րդ դասարան):

Տղաների մրցապայքարում հաղթեց Դավիթ Բալինյանը (Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց, 7-րդ դասարան):

Երկրորդ տեղը գրավեց Արշավիր Թադևոսյանը (Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց, 5-րդ դասարան):

Հաղթողները ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով:

Կայացավ «Նրանք ապրում են» խորագրով հուշ-ցերեկույթը՝ նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

#ARstudio

 2019թ. ապրիլի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Նրանք ապրում են» խորագրով գրական-երաժշտական հուշ-ցերեկույթը՝ նվիրված Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների սուրբ հիշատակին:

Միջոցառումը կազմակերպվել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանի, «ՀԼԳ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Նինա Հարությունյանի և «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Շիրակ Գասպարյանի համատեղ ջանքերով:

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, Իջևանի զորամասի ներկայացուցիչներ՝ հրամանատարի տեղակալ Նվեր Մանգասարյանը, զորամասի գնդերեց Ռուբեն սարկավագ Արզումանյանը, մի շարք սպաներ, զինվորներ, մարզի հերոս, Ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքի անդամները, Մակարավանքի հոգևոր հովիվ Արշավիր քահանա Ասատրյանը, ուսանողներ, հյուրեր, քաղաքացիներ:

Գրական-երաժշտական միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների ուսանողներ (Լիանա Ներսիսյան, Արայիկ Շահնազարյան, Թագուհի Սահակյան, Զինա Ոսկանյան, Մերի Պետրոսյան, Նինա Հարությունյան, Գուրգեն Դալյան, Լիանա Ալավերդյան, Անի Մարտիրոսյան, Լիանա և Դիանա Յարալյաններ, Գոհար Մխիթարյան, Մարգարիտ Թամրազյան, Ասպրամ Վերանյան և ուրիշներ):

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր քաջ հերոսների հիշատակը, ապա սկսվեց միջոցառումը:

Լեփ-լեցուն դահլիճում հուզական մթնոլորտ էր տիրում:

Ներկայացվեցին պատերազմի թեմայով ոգեշունչ երգեր ու բանաստեղծություններ («Ախպերս ու ես», «Գոյամարտ», «Հայ զինվոր», «Հպարտ եմ ես», «Մարտում», «Դուք գնացիք կռիվ և ասացիք՝ կգա՛նք», «Կարմիր կակաչները», «Վերադարձի՛ր տուն», «Հայրենիք», «Բալլադ զինվորի մասին», «Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր»):

Ընտանիքի անդամների, շրջապատող մարդկանց ու ընկերների խոսքերի հիման վրա գծագրվեց մարզի հերոս, Ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Ալիխանյանի հերոսական կերպարը. շնորհանդեսի ուղեկցությամբ հանգամանորեն ներկայացվեց հերոսի անցած ուղին՝ նրա երազանքները, պատերազմի ընթացքում ունեցած ապրումներն ու հույսերը, պատգամը մեզ:    

Գրական-երաժշտական ցերեկույթի ընթացքում սրտառուչ ելույթ ունեցան 2016թ. Ապրիլյան պատերազմին մասնակցած, այժմ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներ, գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը՝ պատմելով թշնամու հանկարծակի հարձակման, այդ պահին իրենց ապրած զգացումների, արագ կողմնորոշվելու, ձեռնարկած գործողությունների, պատերազմի ընթացքի և դրանից արված հետևությունների մասին, այն, որ ծառայության, հայրենիքի պաշտպանության խորհուրդը պիտի լինի պատրաստ լինելով զոհվելու՝ ապրելն ու ապրեցնելը, հայրենիքը շենացնելը:

Վերջում ընթերցվեց Իջևանի զորամասի հրամանատարի ուղերձը, ելույթ ունեցան զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Նվեր Մանգասարյանը, զորամասի հոգեբան, մասնաճյուղի դասախոս Վ.Չոբանյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը:

Նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին բարձր մակարդակով իրականացված միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ընդգծելով, որ անպարտ է այն ազգը, որն ունի նման սերունդ, նման հայրենանվեր երիտասարդներ, ովքեր պատրաստ են իրենց կյանքի գնով պաշտպանելու հայրենի հողը, սաստելու ոսոխի ամեն մի ոտնձգություն, և անկոտրում է հատկապես այն զինվորի ոգին, որն ունի ամուր թիկունք՝ ի դեմս իրեն ամեն կերպ սատարող, սրտակցող ու քաջալերող ժողովրդի:   

Միջոցառումը եզրափակվեց Մակարավանքի հոգևոր հովիվ Արշավիր քահանա Ասատրյանի օրհնության խոսքով ու աղոթքով:

Միջոցառման բոլոր լուսանկարները տե՛ս  Պատկերասրահում:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից Իջևանում բեմադրվեց «Հայկական էսքիզներ» ներկայացումը

#ARstudio

 2019թ. ապրիլի 2-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից Իջևանի մշակույթի տանը բեմադրվեց «Հայկական էսքիզներ» ներկայացումը՝ վերածվելով իսկական մշակութային տոնի ամբողջ քաղաքի համար:

Ներկայացումը դիտելու էին եկել ոչ միայն ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները և ուսանողները, այլև մարզի տարբեր ոլորտների, թատերասեր հասարակության ներկայացուցիչներ, հյուրեր, քաղաքացիներ:

Ինչպես հայտնի է, ներկայացման հիմքում ընկած է Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» էսսե-վիպակը: Պիեսի համահեղինակներն են ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և «Անկախության սերնդի ձայնը» մրցույթ-փառատոնի գրական մրցույթում «Անդին»-ի մրցանակը շահած Անի Միքայելյանը, հագուստների ձևավորումն իրականացրել է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, կերպարները մարմնավորել են ԵՊՀ ուսանողները՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդայի սաները:

Վ.Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» ստեղծագործությունը պատմում է հայ ժողովրդի անցած ճանապարհի, նրա դժվարությունների, հեղափոխությունների ու պատերազմների, դրանց հետևանքների, աշխարհասփյուռ հայության և այդ ամենի մեջ իսկական հայի կերպարի մասին:

Անդրադառնալով այդ ամենին՝ ներկայացման հեղինակները ստեղծել են հայրենասիրական թեմատիկայով և նոր ձևաչափով ներկայացում, որը նպատակ ունի այսօրվա սերնդի մտածողության մեջ սերմանելու այնպիսի հայրենասիրական գաղափարներ, որոնցում կարևորություն է տրված ոչ թե ողբին ու կորուստներին, այլ սեփական երկրի համար պայքարող, արարող և նրա համար ապրող տեսակին:

Ներկայացման հեղինակների կողմից կատարվել են խմբագրական աշխատանքներ, ինչպես նաև ավելացումներ վերջին Արցախյան ու Ապրիլյան քառօրյա պատերազմների և նրանց հերոսների մասին:

Տիկին Դավթյանի խոսքով՝ ստեղծագործությունը գրվել է մի ժամանակաշրջանում, որից հետո հայ ժողովրդի կյանքում տեղի են ունեցել շատ կարևոր իրադարձություններ՝ Արցախյան հերոսամարտը, Ապրիլյան պատերազմը, որն իր վրա մեծ ազդեցություն է ունեցել: Նա իր հոգու պարտքն է համարել «Հայկական էսքիզներում» ավելացնել այդ երկու կարևոր դրվագները՝ իրենց հերոսներով:       

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ Մշակույթի կենտրոնի համագործակցությունը սկսվել է դեռևս նախորդ տարվանից, երբ բուհի տնօրենությունը կենտրոնին առաջարկել էր կազմակերպելու շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությունը: Եվ ահա մասնաճյուղի ղեկավարության առաջարկով 2019թ. ապրիլի 2-ին էլ Իջևանի մշակույթի տանը բեմադրվեց «Հայկական էսքիզներ» ներկայացումը՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսներին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ԵՊՀ մշակույթի կենտրոնի համագործակցությունը կշարունակվի. նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ևս Մշակույթի կենտրոն ստեղծելու մասին:

Միջոցառման բոլոր լուսանկարները տե՛ս  Պատկերասրահում