ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՀԱՆԳՈՒՅՑԻ (ՀԱԲ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ ԻՄ-ում աշխատանքի հայտ. նկար

Աշխատանքի նկարագրություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղն աշխատանքի է հրավիրում մինչև 29 տարեկան իգական սեռի ներկայացուցչի՝ Նորարարական Գիտելիքի Հանգույցի (ՀԱԲ) աշխատանքները համակարգողի պաշտոնը զբաղեցնելու համար:

 

Աշխատանքային պարտականություններ.

  • կազմակերպել և համակարգել ՀԱԲ-ի աշխատանքները,
  • համակարգել իրականացվելիք դասընթացները և դրանց կազմակերպչական աշխատանքները,
  • կազմել ՀԱԲ-ի գործունեության աշխատանքային պլան և հետևել դրանով նախատեսված գործողությունների իրականացմանը սահմանված ժամկետում,
  • իրականացնել ՀԱԲ-ի փաստաթղթաշրջանառությունը,
  • կազմակերպել ՀԱԲ-ի զարգացմանը միտված տարատեսակ միջոցառումներ,
  • կապեր հաստատել գործընկեր կազմակերպությունների և հանրապետությունում գործող այլ ՀԱԲ-երի հետ,
  • ապահովել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության, հանդիպումների կազմակերպման, բանակցությունների վարման, համաձայնագրերի նախագծերի պատրաստման, ընթացիկ նամակագրության ապահովման աշխատանքները։

Անհրաժեշտ հմտություններ և կարողություններ.

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (նախընտրելի է հասարակական աշխատանքի ոլորտում),
  • թիմում աշխատելու կարողություն,
  • սահմանված ժամկետները պահպանելու ունակություն,
  • ժամանակի կառավարման հմտություն,
  • պատասխանատվության բարձր զգացում,
  • համակարգչային տեխնիկայի, հեռահաղորդակցման և կապի միջոցների շահագործման կանոնների իմացություն,
  • MS office ծրագրային փաթեթի իմացություն,
  • հայերենի գերազանց իմացություն,
  • օտար լեզուների իմացություն:

Լրացուցիչ տեղեկություն

Դիմել կարելի է մինչև ս.թ. մարտի 5-ը ijevan@ysu.am էլեկտրոնային հասցեին Ձեր համառոտ ինքնակենսագրությունը (CV) ուղարկելու միջոցով՝ վերնագրում նշելով՝ «Համակարգող»: Նշված ժամկետից ուշ կամ առանց վերնագրի ուղարկված նամակները չեն դիտարկվելու:

 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները:

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» (AMERICAN STUDIES) ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՈՂ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետազոտողի մրցույթի հայտ. նկար

Երևանի պետական համալսարանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» (American Studies) դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հետազոտողների մրցույթ:

 

Մրցույթի նպատակներն են՝

  • Համախմբել ամերիկագիտության կամ հարակից բնագավառների գիտահետազոտական ներուժը,
  • Ձևավորել ու զարգացնել համապատասխան գիտական միջավայր և խթանել ամերիկագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը:

Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառում գիտահետազոտական հետաքրքրություններ և փորձ ունեցող անձինք:

 

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներն են.

  • Առնվազն հինգ տարվա գիտահետազոտական փորձառություն՝ ամերիկագիտության կամ հարակից բնագավառներում,
  • Գիտական աստիճան՝ հասարակական գիտությունների ոլորտում,
  • Միջազգային ակադեմիական հետազոտական փորձառությունը կդիտվի որպես առավելություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`      

  • ինքնակենսագրական (CV),
  • գիտական հետաքրքրությունների շրջանակի (Statement of Interests) նկարագրություն՝ 2-3 էջի սահմանում,
  • ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառին վերաբերող գիտական մեկ հոդվածի (կամ համապատասխան տեքստային հատվածի) օրինակ,
  • հետազոտական առաջարկ (Research Proposal)` առավելագույնը 1500 բառի սահմաններում`առաջարկված թեմատիկաներից որևէ մեկի վերաբերյալ (անգլերեն լեզվով).
  1. ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականությունը և գործընթացները/ U.S. Regional Policies and Processes/
  2. ՀՀ-ԱՄՆ. hամագործակցության ռազմավարությունները, ձևաչափերը և հայկական սփյուռքի դերը / United States and Armenia: Cooperation Frameworks, Strategies and the Role of Armenian Diaspora/
  3. ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում / U.S. Policies in the South Caucasus/
  4. Թուրքիա – ԱՄՆ հարաբերություններ / United States -Turkey Relations/
  5. ԱՄՆ էներգետիկ քաղաքականությունը. տարածաշրջանային մոտեցումներ /U.S. Energy Policies: Regional Dimensions/
  6. ԱՄՆ միգրացիոն քաղաքականությունը. Միտումներ և առանձնահատկություններ /U.S. Immigration Policy: Policy Trends and Specifics/:

ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի թեմատիկ հետազոտողներից ակնկալվող աշխատանքային արդյունքները, ի թիվս այլնի, ներառելու է գրախոսվող ակադեմիական հրապարակում՝ հոդվածներ միջազգային պարբերականներում և «Բանբեր Երևանի Համալսարանի» գիտական հանդեսում: Միաժամանակ հետազոտողները պայմանագրի գործողության ժամկետում հանդես կգան սեմինար-ներկայացումների շարքով:

 

Մրցութային ընտրությունն իրականացվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում: Ըստ անհրաժեշտության՝ կարող է անցկացվել նաև հարցազրույց:

 

Մրցույթի արդյունքում ընտրված դիմորդների հետ կնքվելու է պայմանագիր` վեց ամիս ժամկետով (երկարաձգման հնարավորությամբ):

 

Մրցույթին մասնակցելու դիմում-հայտերն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի ղեկավար, պրոֆ. Ալ. Մարգարովի՝ amarkarov@ysu.am, և «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համակարգող, ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Վ.Ագլյանի՝ aglyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեներին:

 

 Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ. մարտի 22-ն է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մեկամյա սպայական դասընթացներ 2021թ. համար

1. հայտ. նկար

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում կազմակերպում է մեկամյա սպայական դասընթացներ:

 

Դասընթացներին կարող են մասնակցել բուհում ուսանող՝ պարտադիր զինվորական ծառայության 2021թ. ամառային զորակոչին ենթակա, ինչպես նաև ավարտական կուրսի իգական սեռի քաղաքացիները:  

 

Դասընթացները կազմակերպվելու են հետևյալ կրթական ծրագրերով.

 

  1. ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝

մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում,

հրետանային ստորաբաժանումների կառավարում:

 

  1. ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում՝

– Ռազմական կապի տեխնիկա,

– ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ,

– ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ,

– ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ:

 

Դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած՝ 2021թ. ամառային զորակոչին ենթակա քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ, իսկ իգական սեռի քաղաքացիները՝ համապատասխան ռազմաուսումնական հաստատություններ:

 

Զորակոչիկները 2021թ. ամառային զորակոչի ընթացքում սահմանված կարգով կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների միջոցով կներկայացվեն հանրապետական հավաքակայան: Առողջական վիճակի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում համապատասխան մասնագետները հարցազրույցի միջոցով կստուգեն նրանց մասնագիտական գիտելիքները: Դրական որոշման դեպքում նրանք կուղարկվեն վերոնշյալ՝ համապատասխան Համալսարաններ:

 

Իգական սեռի քաղաքացիները մինչև 2021թ. հուլիսի 25-ը պետք է ներկայանան համապատասխան ՌՈՒՀ-եր՝ բժշկական հետազոտություն անցնելու, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակով հարցազրույցի մասնակցելու համար:  Դրական որոշման դեպքում, իրենց դիմումի համաձայն, նրանք կընդունվեն պայմանագրային զինվորական ծառայության՝ կնքելով «Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագիր: 

 

Համալսարաններում զորակոչիկների և իգական սեռի քաղաքացիների հետ կանցկացվի «Նորակոչիկների պատրաստության ծրագրով» դասընթաց, որի ավարտից հետո կկայանա զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Նրանց հետ կկնքվի «Սպայական դասընթացին մասնակցելու մասին» պայմանագիր:

 

Դասընթացներին մասնակցելու ժամանակահատվածում նրանք համարվելու են համալսարանների կուրսանտներ (Զինծառայող):  

 

Իր զեկուցագրի համաձայն՝ ուսումնառությունից հրաժարվելու, կա՛մ անբավարար առաջադիմության, կա՛մ անկարգապահության պատճառով դասընթացից հեռացվելու դեպքում դասընթացում ուսումնառության ժամանակահատվածը չի հաշվարկվում  Զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, և վերջիններս՝ բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, սահմանված կարգով ուղարկվում են շարունակելու հետագա պարտադիր զինվորական ծառայությունը:

 

Դասընթացն ավարտելուց հետո Պաշտպանության նախարարության հետ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքելուց կամ հետուսումնական երկու տարվա ընթացքում իր զեկուցագրի համաձայն պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքերում ևս դասընթացին մասնակցության և պայմանագրային զինվորական ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում Զինծառայողների՝ բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, պարտադիր զինվորական ծառայության ժամկետում:

 

Ուսումնառության և հետուսումնական ծառայության ընթացքում Զինծառայողները կօգտվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սոցիալական բոլոր արտոնություններից և դրամական բավարարումներից:

 

Ուսումնառությունն ավարտելուց հետո զինծառայողներին կշնորհվի առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում, և վիճակահանության կարգով նրանք կնշանակվեն դասակի հրամանատարի պաշտոններում՝ երկու տարի ժամկետով զինծառայություն անցնելու համար:

 

Վիճակահանության ընթացքում արտոնություն կտրվի բուհը և ռուհը գերազանցությամբ ավարտածներին, զոհված և պատերազմի ժամանակ վիրավորված ու հետագայում ստացած վերքերից մահացած ազատամարտիկների զավակներին:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝  010-29-45-84,  094-19-90-60,  098-77-18-03:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթի հրավեր

Տավուշ կենտրոնի լոգո

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» հետազոտական կենտրոնը գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով կազմակերպում է Տավուշի մարզի զարգացման ուղղությամբ (ագրոարդյունաբերություն, բնապահպանություն, զբոսաշրջություն) գիտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթ:

 

Մրցույթին կարող են ներկայացվել կոլեկտիվ կամ անհատական հայտեր, որոնք պատրաստվել են ԵՊՀ ԻՄ-ի հաստիքային աշխատակիցների կողմից` պայմանով, որ ղեկավարը և նախագծի ենթադրվող բոլոր կատարողների առնվազն 50 տոկոսը ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները կամ ուսանողներն են:

 

Կից ներկայացնում ենք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը, որը կարող եք ներբեռնել՝ սեղմելով այստեղ:

 

Մրցույթին մասնակցելու հայտը սոսնձված և ստորագրված ծրարով ներկայացվում է «Տավուշ» հետազոտական կենտրոն աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-12:00-ն կամ փոստով՝ մինչև 2021թ. ­­­­­­­­­­­­­­­­­­­­­մարտի 10-ը ներառյալ:  

 

Մրցույթի հրավերի ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ:

 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ «Տավուշ» հետազոտական կենտրոնի քարտուղարությունից՝ զանգահարելով 099-148-199 և 093-455-564 հեռախոսահամարներով:

 

Ուշադրություն. խնդրում ենք հայտերը լրացնելիս նախօրոք ծանոթանալ կարգին ու հրավերի պայմաններին՝  հաշվի առնելով, որ թերի կամ ոչ լիարժեք փաստաթղթեր պարունակող, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվելու:

«Web of Science 2021 փետրվար» վեբինարներին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

Հարգելի՛ դասախոսներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու ռուսերենով կազմակերպվող “Web of  Science”  2021թ. փետրվարյան վեբինարների շարքին:

 

Ձեզ ենք ներկայացնում 2021 թվականի փետրվարի ժամանակացույցը:

 

«Ինչպե՞ս պատրաստել հրապարակում միջազգային գիտական ամսագրի համար»

Այս շարքի վեբինարները կվարի Վալերիա Կուրմակաևան:

 

  1. Միջազգային ամսագրերում հրապարակումների հիմնական պահանջները.

Խմբագրի ակնկալիքները: Հրապարակումը մերժելու հիմնական պատճառները: Գրախոսների խմբագրումների հետ աշխատանքը: Գիտական հոդվածի կառուցվածքը: Գործնական խորհուրդներ հիմնական բաժինները գրելու համար: Ակադեմիական անգլերենի տարբերակիչ առանձնահատկությունները: Անոտացիաների կազմումը: Վերնագրումը: Հիմնաբառերի ընտրությունը:

 

– 15 փետրվարի, երկուշաբթի 09:00

– 16 փետրվարի, երեքշաբթի 12:00

– 17 փետրվարի, չորեքշաբթի 15:00

 

Ընդհանուր գրանցման էջ

 

  1. Մատենագիտության հետ աշխատելու EndNote-ի հնարավորությունները.

EndNote Online-ի միջոցով սեփական մատենագիտական տվյալների բազայի ստեղծումը: Գրառումների տեսակավորումը, խմբերի ստեղծումը և դրանց հասանելիության վերահսկումը: Մատենագիտության ձևավորման ձևանմուշների օգտագործումը: Cite-while-You-Writing մոդուլի օգտագործումը Microsoft Word-ի համար և մատենագիտական ցանկի կազմումը անմիջապես տեքստը գրելիս:

 

– 15 փետրվարի, երկուշաբթի 12:00

– 16 փետրվարի, երեքշաբթի 15:00

– 17 փետրվարի, չորեքշաբթի 09:00

 

Ընդհանուր գրանցման էջ 

 

  1. Հրապարակման պատրաստում. տեքստի կազմում և խմբագրում, խմբագրի աշխատանք.

Գիտական հոդվածի տեքստի կազմակերպման հիմնական սկզբունքները: Փաստարկ անգլախոս ավանդույթի մեջ: Ինչպես խմբագրել տեքստը նրա կազմման բոլոր մակարդակներում: Ավտոմատ խմբագրման սկզբունքները: Որն է խմբագրի աշխատանքը:

 

– 15 փետրվարի, երկուշաբթի 15:00

– 16 փետրվարի, երեքշաբթի 09:00

– 17 փետրվարի, չորեքշաբթի 12:00

 

Ընդհանուր գրանցման էջ 

 

Վեբինարների 2-րդ շարքի թեման է «Գիտական վերլուծություն. Web of  Science և InCites», որը կվարի կ.գ.թ. Իրինա Տիխոնկովան:

 

Վեբինարների 3-րդ շարքը «Web of Science-ի հետ աշխատելու հիմունքները» թեմայով է, որը կվարի Վարվառա Սոսեդովան: 

 

«Web of Science 2021 փետրվար» վեբինարների շարքի մասին ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: